Սուրբ Ղունկիանոս հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արեմաթացու, Քրիստոսի բարեկամ Ղազարոսի և նրա քույրերի՝ Մարթայի և Մարիամի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Ղունկիանոս հարյուրապետ,

Հովսեփ Աստվածահայր,

Ս. Հովսեփ Արիմաթացի,

Ս. Ղազարոսը, Մարթան և Մարիամը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 15. 27-32

Կաշառակերը սպանում է իր հոգին, բայց կաշառք ատողը պիտի ապրի: Ողորմութեամբ ու հաւատով մաքրւում է մեղքը, եւ Տիրոջ երկիւղով ամէն ոք խորշում է չարից: Արդարների սրտերը խորհում են հաւատիմասին, բայց ամբարշտի բերանը իբրեւ պատասխան ունի չարիքը: Տիրոջը հաճելի են արդար մարդկանց ճանապարհները. նրանց շնորհիւ թշնամիները դառնում են բարեկամներ: Աստուած հեռու է ամբարիշտներից, բայց նա լսում է արդարների աղօթքը: Լաւ է քիչ վերցնել՝ արդարութեամբ, քան թէ շատ արդիւնք ստանալ՝ առանց երկիւղածութեան: Մարդուս սիրտը պիտի խորհի իրաւունքի մասին, որպէսզի Աստուած ուղղի նրա ընթացքը: Բարին տեսնող աչքը ուրախացնում է սիրտը, իսկ բարի լուրը պարարում է ոսկորները:

Խրատ մերժողն ատում է իր հոգին, բայց յանդիմանութիւն լսողը խոհեմութիւն պիտի ստանայ:

Հովել մարգարե, 2. 12-13

«Եւ արդ, եւ ասում է ձեր Տէր Աստուածը, եւ դարձէ՛ք ինձ ձեր ամբողջ սրտով, ծոմապահութեամբ, լալով ու կոծելով: Ձեր սրտե՛րը պատռեցէք եւ ոչ թէ ձեր հագուստները»: Այո՛, դարձէ՛ք ձեր Տէր Աստծուն, որովհետեւ նա ողորմած է եւ գթասիրտ, համբերատար եւ բազումողորմ եւ ափսոսում է մարդկանց չարիքների համար:

Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 1. 12-17

Շնորհակալութիւն նրան, որ զօրացրեց ինձ մեր Տէր Քրիստոս Յիսուսի միջոցով, որը վստահելի համարեց ինձ այս սպասաւորութեանը կարգելու, ինձ, որ նախապէս հայհոյիչ էի, հալածիչ եւ անարգող. բայց ես ողորմութիւն գտայ, որովհետեւ այդ բանն անում էի անգիտութեան եւ անհնազանդութեան մէջ գտնուելով. եւ մեր Տիրոջ շնորհը շատացաւ ինձ համար այն հաւատով եւ սիրով, որ է ի Քրիստոս Յիսուս: Վստահելի եւ ամենայն ընդունելութեան արժանի է այս խօսքը, թէ՝ Քրիստոս Յիսուս աշխարհ եկաւ՝ փրկելու մեղաւորներին, որոնց գլուխը ես եմ: Եւ ողորմութիւն գտայ նրա համար, որ Յիսուս Քրիստոս նախ իմ մէջ ցոյց տուեց իր ամբողջ համբերութիւնը, որպէս օրինակ նրանց, որ պիտի հաւատան իրեն յաւիտենական կեանքի համար. նաեւ յաւիտենութեան Թագաւորին, որ անեղծ եւ աներեւոյթ է, միա՛կ Աստծուն փա՜ռք եւ պատի՜ւ յաւիտեանս յաւիտենից: Ամէն:

Ավետարան ըստ Մատթեոսի, 27. 50-61

Եւ Յիսուս դարձեալ բարձր ձայնով աղաղակեց եւ հոգին աւանդեց: Եւ ահա տաճարի վարագոյրը վերեւից մինչեւ ներքեւ երկուսի պատռուեց, եւ երկիրը շարժուեց, եւ ժայռեր ճեղքուեցին, եւ գերեզմանները բացուեցին, եւ ննջեցեալ սրբերի բազում մարմիններ յարութիւն առան ու նրա յարութիւնից յետոյ գերեզմաններից ելնելով մտան սուրբ քաղաքը եւ շատերին երեւացին: Իսկ հարիւրապետը եւ նրանք, որ իր հետ Յիսուսին պահպանում էին, երբ տեսան երկրաշարժը եւ պատահածները, սաստիկ վախեցան ու ասացին. «Արդարեւ, Աստծու Որդի էր սա»: Այնտեղ շատ կանայք կային, որոնք կանգնած հեռուից նայում էին եւ որոնք Գալիլիայից եկել էին Յիսուսի յետեւից՝ նրան ծառայելու համար. նրանց մէջ էին Մարիամ Մագդաղենացին, Յակոբի եւ Յովսէի մայր Մարիամը եւ Զեբեդէոսի որդիների մայրը: Երբ երեկոյ եղաւ, եկաւ Յովսէփ անունով արիմաթիացի մի մեծահարուստ մարդ, որ Յիսուսին աշակերտել էր: Սա Պիղատոսի մօտ գնալով՝ Յիսուսի մարմինը խնդրեց: Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց, որ մարմինը տրուի: Եւ Յովսէփը, մարմինն առնելով, պատեց մաքուր կտաւով եւ դրեց նոր գերեզմանի մէջ, որ փորել էր տուել ժայռի մէջ: Եւ մի մեծ քար, որպէս կափարիչ, գերեզմանի դռան առաջ գլորեց ու գնաց: Այնտեղ էր Մարիամ Մագդաղենացին եւ միւս Մարիամը. նրանք նստած էին գերեզմանի դիմաց:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳԿ. Սրբոցն Ղունկիանոսի հարիւրապետին, որ հաւատաց ի խաչելութիւնն Քրիստոսի եւ Յովսեփայ Աստուածահօրն, Յովսեփայ Արեմաթացւոյն եւ բարեկամին Քրիստոսի Ղազարու եւ քերցն նորա Մարթայի եւ Մարիամու։

Օրհ. դկ. Իմաստութիւն երկնային, իւր սարօքն։ Մնկ. ստղ. դկ. Յովսէփ քեզ հաւատացեալ (տե՛ս. ի Ձայնքաղ շրկ., 1888 թ., յերես 201)։ Ժմտ. Առաքեալք եւ վկայք։ Ճշ. շրկ. գձ. Յովսէփ ճշմարիտ։ Հմբ. դկ. Իւղաբերից կանանցն։ (Անփոփոխ)

, , , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ