Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։

Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն… Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել դրանք։

– Տե՛ր հայր, նյութական բարիքներ ստեղծող անձի համար, որպես ելակետ, ի՞նչը պետք է լինի գերագույն արժեք, որպեսզի տարբեր մակարդակների փոխհարաբերություններում պահպանվեն քրիստոնեական բարոյականության սկզբունքները։ Ամփոփ ձևակերպմամբ՝ երկրայինն ինչպե՞ս մոտեցնել երկնայինին՝ աստվածայինին, երբ երկրայինի ձգողականությունն առավել ուժգին է, չգրված օրենքներն էլ՝ պարտադրվող։

– Եթե խոսում ենք արժեքների մասին, ապա մարդը նյութական բարիքներ ստեղծող է, թե պետական ապարատի աշխատակից, հոգևորական է, տնային տնտեսուհի, թե ուսանող, յուրաքանչյուրի համար գերագույն արժեքը պետք է լինի հոգևորը՝ Աստծու նմանությունն ու պատկերը լինելը, գերագույն նպատակն էլ՝ այդ նմանությունն ու պատկերը հնարավորինս իրագործելը սեփական անձի մեջ, մնացածն ածանցյալ է։ Չէ՞ որ մեր Տերն Ավետարանում ասում է՝ նախ խնդրեք երկնքի արքայությունը, որովհետև, հասկանալի է, հավիտենականն անհամեմատ արժեքավոր է ժամանակավորից։ Շատերը կարծում են, թե նյութական, երկրային արժեքներն ավելի գերակա են մարդու կյանքում, բայց այդպես չէ քրիստոնյայի համար։

– Գործարարը նախ մտածում է շահույթի մասին։

– Դա մեր իրականությունն է, բայց գիտեմ գործարարների՝ կոնկրետ անձանց (անունները չեմ ուզում նշել), ում համար ոչ թե շահույթն է առաջնային, այլ իր գործի ընթացքը, ստեղծագործելն իրենց հետաքրքիր է։ Այդ մարդիկ շահույթն, անշուշտ, օգտագործում են իրենց ընտանիքի կարիքների համար, բայց շատ դեպքերում՝ նաև ողորմություն տալու համար՝ առանց սեփական անունը հրապարակելու. «Ողորմած եղեք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է ողորմած»։ Որևէ գործարար, եթե շահույթ ունի, դրա համար Աստծուն է պարտական նախևառաջ, որովհետև եթե օգտագործել է Աստծուց իրեն տրված մտավոր, ֆիզիկական կարողությունները, ապա դրանք իր սեփականությունը չեն, Աստծունն են. անգամ մեր կյանքը մեր սեփականությունը չէ։ Եվ եթե Աստծու տվածը նա օգտագործել է իր համար բարիքներ ստեղծելու նպատակով, ուրեմն նա պարտավոր է օգնել աղքատ մարդկանց։ Եկեղեցու հայրերի արտահայտությամբ՝ ոչինչ այդքան չի նմանեցնում Աստծուն, որքան ողորմած լինելը։ Ուրեմն, խոսում ենք արժեքային համակարգի մասին, որն այսօր շատ խառնիճաղանջ է մեր ժողովրդի մեջ, քանի որ հեռացել ենք մեր ակունքներից, Տիրոջ փրկարար լույսից։ Հովհաննու Ավետարանում ասված է. «Լույսը աշխարհի մեջ էր, բայց մարդիկ խավարը սիրեցին, որովհետև իրենց գործերը չար էին», իսկ չարը չի ձգտում լույսին, որովհետև իր գործերը կհանդիմանվեն։ Լայն է այն ճանապարհը, որ տանում է կործանման, և շատերն են դրանով քայլում, իսկ քրիստոնյայի ընթացքը պատերազմ է, ի վերջո, որը հեշտ լինել չի կարող. պատերազմ է սեփական ես-ի դեմ, որն ապօրինաբար զավթել է մեր Տիրոջը պատկանող գահը՝ մեր սրտերը, պատերազմ է չարի դեմ, որն ամեն ջանք գործադրում է մեզ շեղելու, կործանելու համար, պատերազմ է մեր մեղքերի դեմ։

 Մեր իրականության մեջ գործարարներից շատերը, թվում է, թե ողորմություն են անում, բայց… Ասված է՝ եթե աղոթք, ծոմապահություն կամ ողորմություն ես անում, գաղտնի պետք է լինի։ Եթե դա անում ես մարդկանցից փառավորվելու համար, Աստծուց ոչինչ չես կարող սպասել։ Ոմանք անգամ եկեղեցի են կառուցում։ Այստեղ նախ պետք է սահման գծենք. ի՞նչ գումարներով՝ օրինական, ազնիվ վաստակա՞ծ, թե՞ ուղղակի ժողովրդից կողոպտված։ Կառուցված եկեղեցին մի օր կօծվի, կծառայի մարդկանց, բայց այն կառուցողը ոչինչ չունի դրանից։ Անիրավ մամոնայից այդպես զոհողություն անելն Աստծու համար արժեք չունի։ Եկեղեցի կառուցողներ կան նաև սնահավատության դրսևորումներից… Ուրեմն, զանազանեցինք. քրիստոնյա մարդու համար մի կողմից բարգավաճելու ցանկությունը կա, մյուս կողմից՝ զսպող տարրը՝ հավատքը։ Այդ պայքարը չի կարող չլինել, քանի դեռ այս մարմնի մեջ ապրում ենք, բայց Աստված մեզ հորդորում է բավարարվել քչով, սա չի նշանակում աղքատ լինել։ Այսօր մարդկությունը շատ ավելին է սպառում, քան իրեն պետք է։ Իհարկե, բարեկեցիկությունը մեղք չէ, եթե ձեռք է բերված արդար ճանապարհով, և եթե մարդը միշտ իր առջև որպես նպատակակետ ունի երկնքի արքայությունը, հավիտենական կյանքը, փրկությունը, որի ճանապարհը եկեղեցին է, անշուշտ։ Նույնիսկ մարդը կարող է արդար քրտինքով վաստակել, օր ու գիշեր աշխատելով հարստանալ, բայց՝ բոլոր հոգևոր արժեքները մի կողմ թողած։ Կրկնում եմ՝ ի՞նչ օգուտ ունի… Սաղմոսում ասվում է՝ իզուր տեղն է մարդը տագնապում, գանձ դիզում, առանց իմանալու՝ ում համար։

– Բարձր եկամուտ ունենալու ձգտումը բնորոշ է յուրաքանչյուրիս, քանի որ այլ կերպ հնարավոր չէ կեցության խնդիրները լուծել, մինչդեռ հայտնի է ավետարանական պատվիրանը. «…Ինչ որ ունես, վաճառի՛ր և տո՛ւր աղքատներին և երկնքում գանձեր կունենաս, և արի՛ իմ ետևից»։ Այսօր դժվար է պատկերացնել մեկին, ով պատրաստ է նման ինքնամոռացման։ Որևէ մեկն այսօր չի ապրում անապատական կյանքով, ամեն մարդ ինչքի կարիք ունի (ախորժակներն են տարբեր)… Հարուստ երիտասարդի համար էլ հեշտ չէր ամբողջ ունեցվածքից հրաժարվելը։

– Երբ հարուստ երիտասարդին Հիսուս ասաց, որ երկնքի արքայությունը ժառանգելու ճանապարհը պատվիրանները պահելն է, երիտասարդն ասաց, որ մանկուց պահում է, և նա ազնիվ էր, բայց Աստված սրտերը քննող է (մեր Տերն այդպես էլ ասում է՝ դուք աչքերի տեսածով եք դատում, իսկ ես սրտերն եմ քննում), և այդ երիտասարդի սիրտը կապված էր իր հարստությանը. սա է խնդիրը։ Բայց կան հարուստ մարդիկ, ում համար հարստությունն առանձնապես մեծ արժեք չէ։ Այս երիտասարդի համար այդպես չէր, դրա համար Տերը հորդորեց վաճառել ամեն ինչ, իրեն հետևել և ավելացրեց՝ ավելի հեշտ է պարանը ասեղի ծակով անցնի, քան հարուստը երկնքի արքայություն մտնի։ Եվ աշակերտները հարց տվեցին՝ էլ ո՞վ կփրկվի։

Միայն նյութականը չէ. գիտելիքները, բարի անունը, պատկերացումները, կրթությունը. այս ամենը մարդու համար կարող են հարստություն դառնալ, որից ինքը պատրաստ չէ բաժանվելու՝ հանուն Տիրոջ։ Իմ համայնքում գիտեմ շատ սուղ միջոցներով ապրող մարդկանց, ովքեր ուրախ են ու երջանիկ։ Ագահությունը, որ յոթ մահացու մեղքերից է, սահման ունի՞. դրա համար էլ Տերը հորդորում է քչով բավարարվել, և ով բավարարվում է՝ երջանիկ է։

– Մեր օրերում պահանջներն օրեցօր աճում են…

– Դրան միտված է գովազդային քարոզչությունն ամբողջ աշխարհում, մարդն էլ գայթակղվում է։ Հիմա գործարաններն արտադրում են ոչ թե որակյալ ապրանք, այլ որ այն ծառայի 4-5 տարի, որպեսզի հետո մարդը նորը գնի, և սա մարդկությանը դարձնում է սպառող, ով վերցնում է՝ տեղը ոչինչ չդնելով։ Սպառող հասարակությունը շատ վտանգավոր է, քանի որ սպառողը հակառակն է տեր լինելու, ով տնօրինում է՝ տիրություն անում. սա պետք է դաստիարակվի ընտանիքում, դպրոցում։ Տեր չլինելով՝ կորցնում ենք մեր երկիրը, և որպես ժողովուրդ՝ ուղղակի կարող ենք վերանալ։

– Ինչպե՞ս անիրավ մամոնայից բարեկամ ձեռք բերել և չդառնալ երկու տիրոջ ծառա։

– Խոսքը ողորմության, բարեգործության մասին է։ Չէ՞ որ աղքատի աղոթքն ավելի շուտ է հասնում Աստծուն, հետևաբար ողորմած լինելով՝ բարեկամներ ձեռք կբերեմ, ովքեր դատաստանի օրն ինձ համար բարեխոս կլինեն, և շատ մեղքեր կծածկվեն։ Ողորմած լինելը մարդկա՛նց նկատմամբ սիրո արտահայտություն է, ոչ թե՝ սեփական անձի։ Ավետարանից մի օրինակ բերեմ անարդար կերպով բարեկեցություն ձեռք բերած մեկի մասին՝ մաքսապետ Զաքեոսի։ Շատ զարմանալի կերպար է։ Ընդհանրապես մաքսապետը ծառայում էր Հռոմեական կայսրությանը՝ իր ժողովրդից հարկեր հավաքելով, անշուշտ, նաև իր գրպանի մասին չէր մոռանում։ Զաքեոսը լսել էր Հիսուսի հրաշագործությունների, բժշկությունների մասին, բայց ի՞նչն էր մղել, որ վազելով եկել էր Հիսուսին տեսնելու։ Կարճահասակ մարդ էր, ժողովուրդն էլ հավաքված էր, ինքը ոչինչ չէր տեսնում ու ծառն է բարձրանում՝ Հիսուսին տեսնելու։ Սրտերը քննող Հիսուսը նրան ասում է՝ իջի՛ր, այսօր ձեր տանն եմ գիշերելու։ Զաքեոսը վազում է տուն, հյուրասիրության պատրաստվում։ Տերը գալիս է, և Զաքեոսի առաջին խոսքը լինում է՝ թե ունեցվածքիս կեսը պիտի բաժանեմ աղքատներին, իսկ ում զրկել եմ՝ կաշառք եմ վերցրել, հարստահարել եմ, քառապատիկ պիտի հատուցեմ։ Նշանակում է, որ նա հոժար էր աղքատանալու, չէ՞ որ իր ամբողջ ունեցվածքն անիրավ էր. հոժար էր, որովհետև Հիսուսին՝ Տիրոջն էր գտել։ Եվ Հիսուս ասում է՝ այսօր այս տանը փրկություն եղավ։ Սա է անիրավությունից դուրս գալու ճանապարհը։

…Չեմ կարող չմտածել այն մասին, որ այսօր այդքան շատ են հազիվ ծայրը ծայրին հասցնող մարդիկ, մինչդեռ մարդիկ էլ կան, որ միլիոնավոր դոլարներ են ծախսում հարսանիքների վրա։ Մրցակցություն է, որ վկայում է հպարտության, նախանձի մասին…

– Ադամի ու Եվայի անհնազանդությանը հաջորդեց Աստծու զայրույթը, մասնավորապես, Ադամին ուղղված խոսքն էր. «Տանջանքով հայթայթես քո սնունդը… Քո երեսի քրտինքով ուտես հացդ…»։ Ըստ էության, սա ոչ թե պատիժ էր, այլ՝ աշխատելու պատվիրան. արդար վաստակով ձեռք բերված հացն օրհնված է։ Այդպե՞ս է։

– Աստված եդեմի պարտեզը ստեղծեց, տվեց մարդուն, ասաց՝ մշակիր ու պահիր, այսինքն՝ մարդը մասնակից է արարչությանը։ Այստեղ արդեն իսկ կար աշխատելու պատվիրանը։ Մարդը ստեղծագործող է, արարիչ։ Չաշխատելով՝ նա կորցնում է Աստծու պատկերը լինելու որոշակի բան։ Մարդը պիտի աշխատեր, սակայն ոչ թե չարչարանքով ու տառապանքով հացը վաստակեր, այլ ստեղծագործ և գերագույն հաճույք պատճառող աշխատանքով։ Մեղքից հետո երեսի քրտինքով մի կտոր հացը վաստակելու պահանջն անեծք էր՝ պատիժ, բայց այս անեծքի մեջ օրհնություն էլ կար, քանի որ, այնուամենայնիվ, երկիրն իր պտուղը պիտի տար։ Եվային ասաց՝ երկունքիդ ցավերը պիտի շատացնեմ, բայց չասաց անպտուղ պիտի լինես, մինչդեռ Կայենին այլ կերպ անիծեց. ասաց՝ ինչ էլ անես, երկիրն իր պտուղը չի տալու քեզ։

– Տե՛ր հայր, ուրեմն ինչպե՞ս պահպանել հոգու վեհ ձգտումները, չհայտնվել հոգևոր ճգնաժամի մեջ, երբ ֆինանսատնտեսական ճգնաժամի ճնշման տակ, օրինակ, ընտանիքի նեցուկ-անդամը կորցնում է աշխատանքը, կամ եթե չի կորցնում, ապա նվազագույն վարձատրությունը, մեղմ ասած, չի համապատասխանում «ճակատի քրտինքին» և իրականության պահանջներին։

– Գործազրկություն հասկացությունն աշխարհով մեկ ունի օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Հարուստ հասարակություններն իրենց գործազուրկների համար հոգ են տանում, թեև եթե անդրադառնանք ԱՄՆ-ի ժողովրդին, ապա այնտեղ մեծագույն ողբերգություն է աշխատանք կորցնելը, որովհետև մարդն իր ամբողջ ունեցվածքից է զրկվում, քանի որ, պարզվում է՝ պարտք է բանկային համակարգին… Մեր խնդիրն այլ է։ Մեր իրականության մեջ տնտեսության թուլացումը, անշուշտ, թելադրված էր օբյեկտիվ պատճառներով, ուրիշ հարց է, թե որքանով խելացի գործեցինք՝ անկախացման գործընթացներում ինչ-որ ասպարեզներ զարգացնելով… Որպես ժողովուրդ հսկայական ներուժ ունենք՝ համոզված եմ։ Եթե մեր ժողովուրդն աստվածամերժ ընթացքից դադարի, որի սկիզբը տեսնում եմ, նորից վերադառնա զուլալ ակունքներին, ապաշխարի, և ազգովի զղջանք մեր մեղքերի համար, որոնք շատ են և շարունակվում են, մտածում եմ, որ այս վիճակը կտրուկ կարող է փոխվել։ Խոսում ենք գործազրկության մասին. պետք է խելացի, հեռատես, ազգասեր, նվիրյալ մարդիկ լինեն դրա մասին մտածողները։ Այստեղ մեծ ներդրումներ պետք չեն, այլ՝ կամք և վճռականություն։ Իսկ աշխատող, բայց ցածր վարձատրվող մարդկանց պետք է հորդորել, որ չհուսահատվեն, որովհետև Աստված ողորմած է։ Դավիթ թագավորն ասում է՝ շատ եմ ապրել, շատ բան եմ տեսել, բայց չեմ տեսել, որ արդարը, արդարի զավակը հաց մուրա։ Ամեն ինչի հիմքում հոգևորն է՝ նախևառաջ։

– Հնարավո՞ր է մնալ ճշմարտասեր, ուղղախոս, չտրվել մարդահաճությանը և միաժամանակ լինել հաջողակ՝ հասարակական սանդուղքներով վեր բարձրացող…

– Մարդահաճությունը մեղք է՝ հպարտության տարատեսակներից, սնափառության դրսևորում, բայց համոզված եմ, որ մեր պայմաններում հնարավոր է ազնիվ, օրինական ճանապարհով հաջողության հասնել, գուցե՝ ոչ միլիոնների կամ միլիարդների, բայց միջին, բարեկեցիկ, ապահով կյանքով ապրել՝ առանց նախանձի, ավելորդ ձգտումների։ Երբ բարեկեցիկությունը կուռք է դառնում, կուռքն էլ զոհեր է պահանջում, այդ զոհն էլ քո հոգին է…

– Ձեր ամփոփումը, տե՛ր հայր։

– Ծիլերը տեսնում եմ, բայց կուզեի, որ մեր ամբողջ հասարակությունը վերանայեր իր արժեքները, ծառայեր Աստծուն և ոչ թե մամոնային։ Աստծուն ծառայելով՝ Աստված այդ մամոնայից անհրաժեշտ չափով ամեն մեկիս կտա, որովհետև Աստծու նպատակը մեր սովամահ լինելը կամ աղքատ, անտուն մնալը չէ, այլ՝ մեր փրկությունը։ Այո՛, նեղ ու դժվար է այդ ճանապարհը, և պետք է հոժարենք դրան, որովհետև Նոր Կտակարանում, եկեղեցու հայրերի գրվածքներում չկա այդպիսի բան, որ եթե Տիրոջն ես ծառայում, հավատում ու սիրում, ուրեմն կապրես բարեկեցիկ կյանքով, այլ՝ ճիշտ հակառակը…[divider]

Հարցազրույցը վարեց Աննա ԱԼՈՅԱՆԸ

Նույն թեմայի շուրջ զրուցել ենք նաև Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ամուսնությունը քեզ համար չի…

Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:

Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:

Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը

Սուրբ Ծննդյան տոնին առնչվող բարոյախրատական պատում։