Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։

ԿԱՅՍՐԻՆԸ՝ ԿԱՅՍՐԻՆ, ԱՍՏԾՈՒՆԸ՝ ԱՍՏԾՈՒՆ։

– Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին շարունակ ձգտում է բարձրագույնին, կատարյալին, վեհին, սակայն առօրյայում գրեթե բոլոր փոխհարաբերությունների մեջ չափազանց շատ են այն իրավիճակները, երբ երկրային չգրված օրենքներն են առաջնահերթությունը զավթում. հաճախ կեղծում ենք, ստում…

Ձեր գործունեության մեջ, բնականաբար, առաջնահերթ նպատակ ունեք առավելագույն շահույթ ստանալը։ Ի՞նչ եք կարծում, երկրային բարիքներ ստեղծելը օգնո՞ւմ, թե՞ խանգարում է աստվածադիր բարոյականության սկզբունքներին հավատարիմ լինելու։

– Ավետարանում հիշատակված է, երբ Հիսուսին հարց են տալիս կայսրին հարկ վճարելու վերաբերյալ, պատասխանում է. «Գնացե՛ք, տվե՛ք կայսրինը՝ կայսեր և Աստծունը՝ Աստծուն», այսինքն մարդ պետք է կարողանա հավասարակշռությունը գտնել և պահպանել։ Այն, ինչ պահանջվում է աշխատանքի համար, նյութական պայմանների վրա է հիմնված և պետք է կատարել, մյուս կողմից էլ չպետք է մոռանալ, որ կան Աստված, հավատք, երկինք… Որևէ գործունեության մեջ պետք է ձգտել և փորձել հասնել ավելիին, որպեսզի հաջողակ գործունեություն կարողանաս ապահովել, բայց մյուս կողմից գործը մարդու օրվա 24 ժամը չի զբաղեցնում, գործից դուրս ժամերը մնում են մարդկային հարաբերություններին, գաղափարների փոխանակումներին, անդրադառնալու մեր անցյալին, մեր ստեղծողին, այն հարցերին, թե երկրագունդն ինչպես է շարժվում և այլն։ Յուրաքանչյուրս տարբեր կերպ ենք մտածում այդ ամենի մասին, բայց վատ չի լինի, որ երկնային արժեքները, տրանսֆորմացված մարդկային արժեքների, կիրառենք աշխատանքում, օրինակ՝ հարգալից լինել մյուս գործավորների նկատմամբ, պարզ ու համեստորեն մոտենալ որևէ հարցի, լինել անկեղծ ու թափանցիկ՝ ո՛չ կեղծավոր, ո՛չ էլ ստախոս։ Իբրև մարդ՝ մեծ ու փոքր չկա, որովհետև յուրաքանչյուրս Աստծու առջև հավասար ենք, ապրում ենք նույն հողի վրա, շնչում ենք նույն օդը։ Մեր միջև միակ տարբերությունը պաշտոնն է, որը որոշ արհեստական պայմաններ է մտցնում, տարբերում է, օրինակ, գլխավոր տնօրենին հավաքարարից կամ վարորդից։ Մարդ ինչքան բարի մտքեր ունենա, այդքան հույսով լի կլինի նույնիսկ ամենադժվար օրերին, որովհետև գիտակցությունն ունի, որ որևէ խոչընդոտ արհեստական է, ժամանակավոր, իսկ բարի լինելը, հավատք ունենալը կամ երկնային արժեքները հավերժական են։

Աշխարհում միշտ պայքար է եղել։ Այսօր էլ մեծ պետություններն իրար դեմ որ պայքարում են, խորքի մեջ նայելիս, շատ պարզ բացատրություն ենք տեսնում. չարի ու բարու հավերժական պայքարն է։ Չարն ուզում է կուլ տալ ամեն ինչ, բարին ձգտում է ապրել պարզ, համեստ, բարձր արժեքների վրա հիմնված։ Եթե բարու կողմից միշտ զիջում լիներ, այսօր աշխարհում բարի մոտեցումներ չէինք տեսնի։ Հետևաբար, գործունեության մեջ ղեկավարները պետք է արթուն, զգույշ լինեն ու փորձեն միշտ բարյացակամ պատգամներ ուղղել աշխատակազմին, որպեսզի բարի արժեքների վրա հիմնված մոտեցումները կիրառվեն աշխատանքի մեջ, որ կարողանան գոնե իրենց միջավայրում ստեղծել ու կիրառել որոշ երկնային արժեքների վրա հիմնված աշխատանքային ոճ։

– Արծաթասիրությունը համարվում է ամենավատ ստրկությունը։ Այսօր մեր իրականության մեջ ստրկացման այդ վտանգը տարբեր նրբերանգներով սպառնում է ե՛ւ օրական, ասենք, 2000 դրամ եկամուտ ունեցողին, ե՛ւ՝ 20 000 դրամ։ Կարո՞ղ ենք համարել, որ սա արդյունք է այն բանի, որ Աստծու արարչագործության պսակը ստացած մարդն այսօրվա մեր հասարակության գլխավոր արժեքը չի դիտվում։ Գրեթե բոլոր ոլորտներում դրամն է դարձել եթե ոչ բացարձակ, ապա առաջնահերթ արժեք։

– Աշխարհում, որ պատերազմներ են տեղի ունենում, ամենակարևոր պատճառներից մեկը միշտ լինում է տնտեսական բաղադրիչը։ Տնտեսական իրավիճակը շատ է ազդում մարդու առօրյա կյանքի վրա։ Այնքան պահանջներ են պարտադրվում մարդուն, որ նա պիտի կարողանա հասցնել համակերպվել անընդհատ փոփոխվող փուլերին, պիտի կարողանա ինչ-որ կերպով հավասարություն գտնել, բայց չի ստացվում, որովհետև զարգացումները շատ արագ են տեղի ունենում, հետևաբար՝ մարդիկ միշտ ճնշված և անապահով են զգում։ Մարդու ուղեղը սկսում է աշխատել միայն մեկ ուղղությամբ՝ ինչպե՞ս ապահովել իր և ընտանիքի բարօրությունը։ Հարյուրավոր տարիներ առաջ այսօրվա տնտեսական պահանջները չկային, մարդիկ ավելի պարզ ու հեշտ էին ապրում։ Հիմա կենցաղային պայմանները բոլորովին տարբեր են, հետևաբար մարդիկ գիտակցությամբ կամ անգիտակցաբար մոռանում են մյուս արժեքների մասին, որոնք անբաժանելի մաս են կազմում մարդկային էությունից և ընկնում են իրենց մտածելակերպով ավելի կարևոր նպատակների հետևից, որ կարող է իրենց կյանքի միայն մեկ՝ կենցաղային, տնտեսական կողմն ապահովել, բայց դա չի նշանակում, թե դա արդար պատճառ է, որ մարդիկ մոռանան շատ կարևոր հարցերի մասին, որոնց հիմքում մարդկային արժեքներն են։ Ինչպես մեր տատերն ու պապերն են ասել, մարդ մահանալուց հետո իր հետ ոչինչ չի տանելու՝ կամ վատ անունը կմնա, կամ՝ լավ անունն ու հիշատակը, այդ էլ՝ իր գործերով, մարդկային մոտեցումներով, հասկանալով ուրիշ մարդու, փորձելով ուրիշի հետ շփվել անշահախնդիր կերպով։ Այսօր ապրելու աշխարհային պայմաններն այնպիսին են դարձել, որ ո՛չ զգացմունքներ կան, ո՛չ՝ բարություն, անպայման ինչ-որ նպատակ, օգուտ պետք է լինի, որ մարդ կարողանա մյուս մարդուն «բարև» ասել։ Իմ կարծիքով, ինչպես համակարգիչը «restart» են անում, երբ ծրագիրը «կախվում է», այդպես էլ մարդիկ ժամանակ առ ժամանակ պետք է իրենց մտածելակերպի այդ «կոճակը սեղմեն» և անդրադառնան, որ կյանքում ամեն ինչ նյութական չէ, կյանքում կա մարդկային հարաբերություն, հարգանք, և եթե մարդ բարևում է մարդուն, իրենից ոչինչ չի պակասելու… Այսօր կյանքը դարձել է մի տեսակ մեխանիկական. առավոտյան արթնանում ես՝ ժամանակդ արդեն հաշվարկված։ Այս հոգեբանական ճնշումը մտածելակերպի վրա բավականին ազդում է, հետևաբար մարդ ինքն իրեն, կարծես, բանտարկում է ինչ-որ փակուղու մեջ՝ արհեստական աշխարհում, ու դա հեռացնում է բարոյական արժեքների վրա հիմնված աշխարհից, որոնք օրեցօր նվազում են, որովհետև ճնշող բաղադրիչներն են շատանում։

– Գործարարության ոլորտում գրված և չգրված կանոնների պայմաններում արդյո՞ք հնարավոր է ազնիվ լինել բոլոր փոխհարաբերություններում։

– Իհարկե։ Միանշանա՛կ։ Ազնիվ լինելու ձգտումը, բարի կամքը կա յուրաքանչյուրի՝ անգամ ամենավատ մարդու սրտում։ Պետք է լինի ցանկություն, ուշադրություն։ Միտքը բաց պիտի լինի, որ մարդ անդրադառնա իր սխալ ընթացքին։ Դա էլ է կապված գիտակցության հետ, բայց երբեմն մարդ ճանապարհից այնքան հեռացած է լինում, որ այդ գիտակցությունը կորցնում է կամ գիտակցության վրա այնքան շերտեր են կուտակվում, որ այլևս չի տեսնում, հետևաբար մի քիչ աշխատանք պիտի տարվի այդ մարդկանց հետ։

– Ինչպիսի՞ աշխատանք։

– Քարոզը, խոսակցությունը, օրինակով ցույց տալը։ Օրինակ՝ մեր գործունեության մեջ բավարար չէ, որ գլխավոր տնօրենը մի բան ասի, նա պետք է ինքն իր առօրյա աշխատանքով օրինակ դառնա, ապացուցի, որ մարդիկ սկսեն կապել նրա ասածը իրենց տեսածի և աշխատանքի հետ։ Արդյունքում՝ ինքը կամաց-կամաց տեղ կզբաղեցնի նրանց մտքում։ Այդ պահին կարող է մտածեն կամ ոչ, հաջորդ օրը նույնպես գուցե կմտածեն կամ ոչ, բայց սեփական օրինակն արդեն կսկսի հետաքրքրություն առաջացնել, տպավորություն ստեղծել, և օրեցօր մարդկանց գիտակցությունը կարթնացնի, ու կսկսենք փոփոխություններ տեսնել։ Իհարկե, դա չակնկալենք մեկ օրվա, ամսվա կամ տարվա ընթացքում։ Գուցե երկար ժամանակ տևի՝ մինչև որ մարդիկ այնքան կամք ունենան, որ կարողանան իրենց մտածելակերպը փոխել, աշխատանքային և կենցաղային կյանքին սկսեն մոտենալ այլ տեսանկյուններից՝ հիմնված այն արժեքների վրա, որոնց ճշմարտացիությունն իրենց համար փորձով ապացուցվեց։

– Ձեր գործունեությունը հիանալի օրինակ է, այն բանի, որ ստեղծվող նյութական բարիքները կարելի է ծառայեցնել բարոյական արժեքներին։ Ի՞նչ եք կարծում, մեր հասարակության մեջ դա ավելի հաճախ ծնում է նույնարժեք երևույթնե՞ր, թե՞ նախանձ է գրգռում։ Առհասարակ գոյություն ունի սոցիալական վարակ հասկացությունը, օրինակ՝ վրեժխնդրությունը ծնում է վրեժխնդրություն, գթասրտությունը՝ գթասրտություն և այլն։

– Այդ հարցը պետք է որ Ձեզ ուղղեմ… Բայց կարող եմ ասել՝ միշտ կա ձգտումը, կամքը և ուժը, որ այս հավասարակշռությունը պահպանվի՝ հօգուտ գործունեության, մարդկային արժեքների, բարօրության։ Կա նաև ցանկություն սովորեցնելու, թե ինչպես պահպանել դա, և ուրիշներին էլ մասնակից դարձնելու այդ աշխատանքին։ Թե այսպիսի մոտեցումն ինչպես է դիտվում, արժևորվում ուրիշներից, չեմ կարող օբյեկտիվորեն ասել։ Դրսից ավելին է երևում, քան մենք ենք տեսնում կամ դուք լսում եք, ինչ որ մենք չենք լսում, ու կարողանում եք հետազոտել, քննադատել կամ գնահատել և հանգել ինչ-որ եզրակացության։ Թեև մենք համոզված ենք, որ, իբր, գործունեություն՝ այն, ինչ անում ենք՝ ճիշտ է, ուզում ենք դառնալ օրինակելի մեր երկրում, մեր ժողովրդի, մեր ազգի համար։

– Ի՞նչն է Ձեզ համար գերագույն արժեք։

– Համեստ լինելը՝ հասարակ, պարզ։ Իհարկե, այդ ամենի խորքում կա հարգանքը։ Երբ մարդ այս ամենը կիրառի գործնական և անձնական կյանքում, կարծեմ, ինքը միշտ հանգիստ կլինի և հաջողությունների կհասնի։

– Որտե՞ղ է վերջանում խորագիտությունը՝ տեղը զիջելով խորամանկությանը. հնարավո՞ր է գտնել սահմանը։

– Ինչը համեստություն է մի մարդու համար, ուրիշի համար կարող է թվալ խորամանկություն, բայց դա էական չէ։ Էական է, եթե մարդ գիտակցում է, որ բարի գործ է անում կամ գիտակցում է, որ չար գործ է և ձգտում է հեռու մնալ, բայց երբ որ գիտակցություն չունի, ինքն առանց զգալու արդեն իսկ մաս է կազմում ինչ-որ վատ գործի։ Այս ամենը կախված է մարդու մտածելակերպից, կյանքում ունեցած փորձից, հասկացողությունից…

– Որոշ սփյուռքահայ գործարարների շրջանում կա մտայնություն, թե Հայաստանում ազնիվ գործունեություն ծավալելը եթե ոչ անհնարին, ապա դժվարին խնդիր է, չի կարող շահավետ լինել երկուստեք։ Ի՞նչ առաջարկ կամ խորհուրդ ունեք այս առումով։

– Այդպիսի հայտարարությունների հետ համաձայն չեմ։ Եթե Հայաստանում բարդ է, թող ինձ բացատրեն՝ Միացյալ Նահանգներում, Միացյալ Թագավորությունում, Սիրիայում, Լիբանանում բարդ չէ՞։ Բավականին բարդ է։ Դարձյալ վերադառնում ենք մարդկային արժեքներին։ Շատերը նախընտրում են բամբասել, քննադատել… Միացյալ Նահանգների հարկային համակարգն այնքան դաժան է, որ մարդ աշխատում է, բայց ամսվա վերջում իրեն գրեթե գումար չի մնում։ Լիբանանում որպեսզի մարդ կարողանա ինչ-որ գործ իրականացնել, համարյա իր հոգին դուրս է գալիս։ Հայաստանում ավելի պարզ ու հեշտ է, բայց եթե մարդ ուզում է գործ ստեղծել՝ առանց տիրապետելու օրենսդրական դաշտին, առանց ունենալու լավ իրավաբան, հաշվապահ և առանց ֆիզիկապես ներկա գտնվելու իր աշխատանքի հսկողության վրա, իհարկե, գործը կձախողվի, հետևաբար տվյալ մարդն իրավունք չունի ասելու, թե Հայաստանում գործ հիմնել չի ստացվի, որովհետև առկա է բարդ համակարգ։ Մարդ միշտ հակված է անմիջապես քարկոծելու, քննադատելու կամ պատճառաբանություններ գտնելու, բայց եթե գիտակցի, որ ինքն իր մտածելակերպը պետք է հիմնի կարևոր արժեքների վրա, ապա կտեսնի իր սխալները, կշտկի դրանք, նորից կփորձի քայլ կատարել և գիտակցությունը կունենա չբաղդատելու այլ պետությունների ավելի բարդ համակարգերի հետ, որովհետև ինքը սկզբից ճիշտ չէր մոտեցել աշխատանքի կազմակերպմանը։

– Որքանո՞վ են համատեղելի գթասրտությունը և անաչառությունը։

– Երբեմն պահերը շատ ծանր ու դժվարին են լինում, բայց մարդկային արժեքները պիտի կարևոր դեր խաղան և, միևնույն ժամանակ, մարդկային զգացումները պիտի չչարաշահենք։ Եթե մի աշխատող ինչ-որ գումար գողանա, ուրեմն պետք է պատժվի։ Գուցե այդ մարդն ընտանիքի տեր լինի, բայց չէ՞ որ այդ մարդուն բոլոր հնարավորությունները, հարմարությունները և վստահությունը տրված են եղել, ուրեմն ի՛նքը պետք է գիտակցությունն ունենար, որ այդ քայլին չգնար, որովհետև սկզբից գիտեր ընկերության օրենքները, բայց խախտեց, դավաճանեց ընկերությանը, աշխատակազմին և այլն։ Եթե մեկը լավ մասնագետ չէ և սխալ թույլ տա աշխատանքում, ոչի՛նչ, մարդիկ իրենց սխալներից սովորում են, և այդ սխալը պատճառ պիտի հանդիսանա, որ ղեկավարը նրան սովորեցնի ու հաջորդ անգամ ավելի ուշադիր լինի… Մարդ պիտի կարողանա այստեղ էլ հավասարակշռությունը պահել։ Ամենադժվար պահերից է, երբ ղեկավարը պետք է որոշում կայացնի…

– Առաջին և ամենամեծ մեղքը՝ բոլոր մյուս մեղքերի ակունքը, համարվում է հպարտությունը, բայց որպես անձ և որպես գործիչ՝ արդյո՞ք չունեք հպարտանալու առիթներ։

– Չասեմ հպարտություն, այլ կարող եմ ասել՝ լավ զգալ։ Աշխատանքի մեջ նվաճումները, հաջողությունները, որ աշխատակազմի հետ միասին ձեռք բերեցինք, որպես ընկերություն, լավ զգալու առիթներից մեկն է։ Հպարտությունը ուրախությունից մի քիչ այլ զգացում է, որ երբեմն մարդ ապրում է։ Որոշ միջոցառումների ժամանակ ասում եմ՝ մենք հայ աշխատակազմ ենք, և հպարտ հայ ենք, որովհետև ինչ–որ անում ենք կապի ոլորտում և դրանից դուրս, կարողացել ենք դարձնել օրինակելի գործունեություն ուրիշ ոլորտների, ուրիշ մարդկանց համար։ Այստեղ արդեն զգում ենք, որ ուրախ լինելուց մի քիչ տարբերվող զգացողություն ունենք՝ հպարտ ենք…[divider]

Հարցազրույցը վարեց Աննա ԱԼՈՅԱՆԸ

Նույն թեմայի շուրջ զրուցել ենք նաև Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Ամուսնությունը քեզ համար չի…

Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:

Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:

Երեք արտասովոր հյուրերը և բարի աստղը

Սուրբ Ծննդյան տոնին առնչվող բարոյախրատական պատում։

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ [box...