Ամուսնությունը քեզ համար չի…

Սեթ Ադամ Սմիթ

Ամուսնությունը քեզ համար չի…

 

Կիմը և ես

Կիմը և ես

Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ ամուսնացած եմ, բայց եկել եմ այն եզրակացության, որ ամուսնությունն ինձ համար չի:

Մինչ կհասցնեք ենթադրություններ անել, շարունակե՛ք կարդալ:

Ես իմ կնոջը հանդիպել եմ բարձր դասարաններում սովորելիս, երբ երկուսս էլ 15 տարեկան էինք: Մենք արդեն 10 տարվա ընկերներ էինք, երբ որոշեցինք… որոշեցինք, որ էլ չենք ուզում ուղղակի ընկերներ լինել: Ես ի սրտե կողմ եմ, որ լավագույն ընկերները սիրող զույգ դառնան: Բոլորն են շահում դրանից:

Ամեն դեպքում, նույնիսկ ամենամտերիմ ընկերոջս սիրահարվելն ինձ զերծ չպահեց վախերից ու անհանգստություններից, որոնք լինում են ամուսնությունից առաջ: Ինչքան մոտենում էր ամուսնանալու որոշում կայացնելու պահը, այնքան երկմտանքս ավելի էր սարսափեցնում ինձ՝ արդյոք ես պատրա՞ստ եմ, արդյոք ճի՞շտ ընտրություն եմ կատարում, արդյոք Կի՞մն է այն միակը, որի հետ պիտի ամուսնանամ, արդյոք նա ինձ կերջանկացնի՞:

Այսպես, մի ճակատագրական օր ես իմ վախերի ու մտածմունքների մասին խոսեցի հորս հետ:

Հնարավոր է՝ յուրաքանչյուրիս կյանքում լինում են պահեր, երբ թվում է՝ ժամանակը դանդաղում է, կամ օդը՝ սառում, ու այն ամենն, ինչ շրջապատում է մեզ, անշարժանում է՝ անմոռաց դարձնելով պահը:

Հորս արձագանքն ինձ համար այդպիսի մի պահ դարձավ: Իմաստուն ժպիտով նա նայեց ինձ ու ասաց. «Սե՛թ, հիմա քո մեջ միայն եսասիրությունն է խոսում: Փորձեմ ավելի պարզ ասել. ամուսնությունը քե՛զ համար չի: Դու ամուսնանում ես ոչ թե ինքդ քեզ երջանկացնելու, այլ ուրիշին երջանկություն պարգևելու համար: Դու ամուսնանում ես ոչ թե ուղղակի ամուսնանալու համար, այլ՝ ընտանիք կազմելու: Եվ այդ ամենն անում ես, ոչ թե որ հարգես օրենքները կամ հանուն կնոջդ տնեցիների. դա հիմարություն կլիներ: Դու դա անում ես քո ապագա երեխաների համար: Ո՞ւմ ես ուզում տեսնել կողքիդ, որ օգնի քեզ մեծացնել ու դաստիարակել նրանց: Ումի՞ց ես ուզում, որ նրանք օրինակ վերցնեն, ազդեցություն կրեն: Ամուսնության մեջ կարևորը դու չես, այլ նա, ում միանում ես»:

Հենց այդ պահին ես հասկացա, որ Կիմն է այն միակ ու ճշմարիտ անձը, որի հետ արժեր կյանք կապել: Ես հասկացա, որ ուզում էի նրան երջանկացնել, ամեն օր տեսնել նրա ժպիտն ու այնպես անել, որ ամեն Աստծու օր նա ծիծաղի: Ես ուզում էի լինել նրա մեծ ընտանիքի մասը, ինչպես որ իմ հարազատներն էին ուզում, որ նա դառնա մեր ընտանիքի անդամը: Հիշեցի նաև այն բոլոր պահերը, երբ նայում էի՝ ինչպես էր Կիմը խաղում քրոջս երեխաների հետ, ու հասկացա, որ նա միակն է, որի հետ կուզեի կառուցել իմ նոր ընտանիքը:

Խորհուրդները, որ հայրս տվեց, միաժամանակ և՛ խորհրդածությունների մղեցին, և՛ մտքի փայլատակումների հանգեցրին, ու եղան բացահայտումներ: Դրանք հակասում էին ժամանակակից սպառողի արմատավորված փիլիսոփայությանը, ըստ որի՝ եթե մի բան քեզ արդեն դուր չի գալիս, կարող ես դեն գցել ու նորը վերցնել: Ո՛չ, իսկական ամուսնությունը (ինչպես և իսկական սերը) քե՛զ համար չի: Դրանում կարևորը զուգընկերդ է, նրա ցանկությունները, հույսերն ու երազանքները: Եսասիրությունն ասում է. «Ինձ ի՞նչ օգուտ դրանից», մինչդեռ Սերը հարցնում է. «Ես ի՞նչ կարող եմ տալ»:

Որոշ ժամանակ առաջ էր, որ կինս ինձ ցույց տվեց, թե ինչ է նշանակում ինքնամոռաց սիրել: Ամիսներ շարունակ իմ սիրտը քարացել էր անհանգստության ու զայրույթի պատճառով: Ու երբ լարվածությունը հասավ իր գագաթնակետին, և իրավիճակը երկուսիս համար էլ անտանելի դարձավ, զգացմունքային պոռթկումով արտահայտվեցինք: Ես կոպիտ էի ու շատ եսասեր: Իսկ Կիմը, փոխանակ ինձ հետ նույն կերպ վարվելու, զարմանալիորեն իր առատ սիրով պարուրեց ինձ: Անտեսելով իմ պատճառած ցավն ու տառապանքը՝ նա ինձ իր ձեռքերի մեջ առավ և խաղաղեցրեց հոգիս:

Ես հանկարծ հասկացա, որ մոռացել եմ հորս տված խորհուրդը: Կիմի համար ամուսնության մեջ կարևորը ինձ սիրելն էր, մինչդեռ իմ դեպքում ամուսնությունը կենտրոնացել էր անձիս շուրջը: Այս ամենը գիտակցելիս աչքերս արցունքով լցվեցին, և ես ակամա խոստացա կնոջս, որ այդուհետ կփորձեմ ավելի լավը լինել:

Դուք, որ կարդում եք այս հոդվածը, արդեն ամուսնացած, ամուսնության պատրաստվող, նշանված, միայնակ, հաստատակամ ամուրիներ կամ պարզապես ամուրիներ, ուզում եմ ձեզ բոլորիդ նորից ասել, որ ամուսնությունը ձե՛զ համար չէ: Ոչ մի ճշմարիտ հարաբերություն, որ կառուցվում է սիրո վրա, ձե՛զ համար չէ: Սիրո մեջ կարևորը ոչ թե դու ես, այլ նա, ում սիրում ես: Սիրելիս սիրում ես դիմացինիդ:

Եվ գուցե հակասական թվա, որքան շատ ես սիրում, այնքան շատ սեր ես ստանում: Եվ ստանում ես ոչ միայն քո սիրեցյալից, այլև նրա ընկերներից, հարազատներից, նրանց ընտանիքներից ու շատ շատերից, որոնց գուցե երբեք էլ չհանդիպեիր, եթե քո սերը մնար եսակենտրոն ու միայն քեզ համար:

Եվ ուրեմն իմացե՛ք, որ սերն ու ամուսնությունը ձե՛զ համար չեն, այլ ուրիշների…

Թարգմանությունը՝

Արևիկ Ավանեսյանի

Սկզբնաղբյուրը՝ Marriage Isn’t For You

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ