ԱՎԱԳ ԱՆԱՌԱԿԸ
Չկամությունը և նախանձը մարդուն զրկում են կյանքի կոչումից
«Բարկացավ և չէր կամենում մտնել»
(Ղուկաս, ԺԵ. 28):
Անառակի առակը զույգ անառակների մասին է: Այն երկու անառակ եղբայրների պատմությունն է: Կրտսերի ելևէջող կյանքի դրվագի գրավչությունը, սակայն, ստվերի տակ է թողել ավագի վարքը, որը կրտսերի վարքի չափ եղերական, սակայն առանց նրա երջանիկ վախճանի է: Մեր ակնարկն այժմ կենտրոնացնենք երկրորդ անառակի վրա:
Ավագ եղբայրը կրտսերի հակապատկերն է: Նա լուրջ մարդ է` հորը հլուհնազանդ և աշխատանքին կապված: Նրա կյանքը մշտական մաքոք է տան և ագարակի միջև:
Առավոտյան` արտ, երեկոյան` տուն: Ուրիշ ճանապարհով չի շեղվել, որովհետև ուրիշ ճանապարհ չի ճանաչում: Ոչ ոք չի տեսել նրա ժպտալը կամ ծիծաղելը, սակավախոս է, գրեթե լռակյաց: Բերանը բացում է լոկ անցորդներին «շալոմ» (բարև) ասելու համար: Բարեկամներ քիչ ունի, թշնամիներ` բնավ: Ամեն ոք առանց սիրո հարգանք ունի այս հասուն երիտասարդի հանդեպ, իսկ ծառաները` վախ, քանզի խիստ և կծու է նրանց հանդեպ: Ոչ ոք նրան չէր տեսել հարսանիքներին կամ տոնական ուրախություններին, բայց անպակաս էր հուղարկ ավորություններից: Այս վերջին առիթներին էր, որ նրա մարդկայնությունը փոքր-ինչ հայտնվում էր, երբ իր հերթին անսեր հարգանքով իր ցավն էր հայտնում ննջեցյալի տիրոջը:
Բծախնդրորեն օրինապահ էր: Շաբաթ օրերին անխափան սինագոգ էր գնում, այդ օրը ձեռքը ոչ մի գործի չէր գցում: Աստծո պաշտոնյաների հանդեպ հարգալից էր: Չէր թերանում իր կրոնական պարտականությունների մեջ, տասանորդը սինագոգին լրիվ վճարում էր: Խղճմտորեն պահում էր բոլոր պատվիրանները, որոնք «մի՛»-ով էին սկսվում` մի՛ գողացիր, մի՛ սպանիր, մի՛ շնացիր և այլն: Լուրջ մարդիկ նրան գյուղի մանուկներին իբրև օրինակ էին մատնանշում, ովքեր, սակայն, միայն իրենց հասկանալի պատճառներով, շատ էլ խանդավառված չէին նրանով: Ինչ-որ անսիրելիություն և արհամարհանք ուներ կրտսեր եղբոր հանդեպ` պարզապես նրա ծուլության ու զվարթ թեթևամտության համար. գոնե ինքն այդպես էր կարծում: Զարմանում և հաճախ զայրանում էր, թե հայրն ինչո՞ւ էր շփացնում անպետք տղային` նրա վրա շռայլելով իր խանդաղատանքը:
ԱՎԱԳ ՈՐԴՈՒ ԱՆԿՈՒՄԸ
Անառակի վերադարձի օրը ավագ որդին, ըստ սովորության, ագարակում էր: Երեկոյան, գործից հետո երբ մոտեցավ իրենց տանը, թմբուկի և երգերի ձայներ լսեց: Ատում էր աղմուկը, երգից հաճույք չէր ստանում: Կանչեց ծառաներից մեկին և հարցրեց, թե ի՛նչ էր պատահել: «Եղբայրդ եկավ, հայրդ պարարտ եզը մորթել տվեց և հրամայեց ուրախություն սարքել, քանի որ նրան ողջ-առողջ վերադարձած տեսավ»:
Ավետարանը մի քանի ժուժկալ բառերով պատկերացում է տալիս այդ պահին ավագի հոգեվիճակի մասին. «Բարկացավ և չուզեց ներս մտնել»:
Եղբոր վերադարձի լուրը սահմռկեցրեց նրան, խանգարեց նրա եսասեր հանգիստը, որ գտել էր եղբոր հեռացումով, իրեն բոլորովին ազատված էր կարծում նրա ներկայության տաղտուկից, նա իր համար անդարձ կորած ու մեռած էր… Մի անդիմադրելի խռովք պատեց նրա էությունը: Գլուխը ձեռքերի մեջ` անխոս նստեց դռան առջևի քարին: Ծառան տեսավ նրա այս վիճակը, վախեցավ փոթորկից, որ կարող էր իր գլխին պայթել, ներս սպրդեց և տիրոջ ականջին ինչ-որ բաներ փսփսաց: Եվ հայրը, առանց խրախճանքը դադարեցնելու, դուրս եկավ ու «նրան աղաչում էր», որ ներս մտնի: Կյանքում առաջին անգամ ավագ որդին հոր ներկայությամբ ոտքի չկանգնեց ու գրեթե անպատկառորեն գոռաց նրա երեսին. «Այսքան տարի է` ծառայում եմ քեզ և երբեք խոսքիցդ դուրս չեմ եկել: Մի օր ինձ չասացիր` տղաս, գնա՛, մի ուլիկ մորթիր ու քեֆ արա բարեկամներիդ հետ: Իսկ երբ քո այդ որդին վերադարձավ, որ ունեցվածքդ պոռնիկների հետ կերավփչացրեց, նրա համար պարարտ եզը մորթեցիր»:
«Օձն» այս անգամ նախանձի լեզվով է խոսում ավագ որդու հետ: Նույն պահին ավագն իր հորից այնքան էր հեռացել, որչափ կրտսերը չէր հեռացել իր «հեռու աշխարհ» գնացած ժամանակ: Դիմակը հանեց նաև ավագ որդին: Հոր երեսին խփեց իր հավատարիմ ծառայությունը, «քո այդ որդին» կոչեց վերադարձողին` ասելու համար, որ ինքը նրան իբրև եղբայր չի ընդունում: «Եղբայրական սեր» ասվածը քիչ անգամներ է այնքան չորացել, որքան ավագ եղբոր մեջ: Նախանձը հազվադեպորեն այնքան տեսանելիորեն էր մարմնավորված, որքան այդ պահին ավագ որդու մեջ էր, ու չկամությունը քիչ անգամներ է այնքան բիրտ կերպով հեռու մղել սրբությունները, ինչպիսիք հոր սերը և եղբորը ներելու մարդկայնությունն են: Եթե ավագի արարքն անառակություն չէր, ապա գոնե չարություն էր, որն ավելի կարճ ճանապարհով է առաջնորդում (եթե ոչ ֆիզիկապես, գոնե հոգեպես) այնտեղ, ուր կրտսերն իր անկումից հետո էր հասել: Երկուսի մեղքի պտուղն էլ երջանկության կորուստն էր: Երկուսն էլ հեռացան իրենց հոր տնից: Երկուսն էլ իրենց զրկեցին հոր սիրուց ու սեղանից: Երկուսի կյանքն էլ վատնում արձանագրեց. առաջինը` կրտսերը, վատնել էր հոր ունեցվածքն ու իր անմեղությունը, երկրորդը` ավագը, վատնեց պատվիրանապահությամբ և հնազանդությամբ շահած արժանիքները:
Հայրը, սակայն, ինչպես ներել էր կրտսերի անառակությունը, ներեց նաև ավագի անպատկառությունը. «Որդյակ, դու շարունակ ինձ հետ էիր», ամենօրյա հացի նման վայելում էիր իմ սերը, բացի այդ, «ինչ, որ ունեմ, քոնն է», ո՞վ քեզ կարգելեր մորթել քո ուզած ոչխարը, «բայց ուրախ լինել և հրճվել պետք էր, որովհետև քո այս եղբայրը մեռած էր, վերստին կյանք վերադարձավ, կորած էր և գտնվեց»:
Առակն այստեղ վերջանում է: Չգիտենք, թե ավագ անառակն էլ մտա՞վ խրախճանքի սրահ, թե՞ ոչ:
Ո՛Վ Է ԿՐՏՍԵՐ, Ո՛Վ Է ԱՎԱԳ ԱՆԱՌԱԿԸ
Հիսուսի առակների մեծ մասը երկու մեկնաբանություն ունի: Մեկը ժամանակակից կամ «ավետարանական» կոչվածն է, իսկ մյուսը` հավերժական: Որևէ առակի «ավետարանական» իմաստը կապ ունի մի կողմից «Աստծո ընտրյալ ժողովուրդ» կոչված հրեա հավաքականության հետ, որի ծոցում ծնվեց Հիսուսը, որտեղ գործեց ու քարոզեց և ում կողմից, ի վերջո, սպանվեց ու մերժվեց, և մյուս կողմից` «հեթանոս» կոչված հավաքականության հետ, որտեղ, ի վերջո, Ավետարանը քարոզվեց, և որտեղ արմատավորվեց ու հաստատվեց քրիստոնեական Եկեղեցին: Իսկ առակի «հավերժական» կոչված իմաստը պատշաճում է բոլոր դարերին, բոլոր ժողովուր դներին և բոլոր մարդկանց` անհատաբար կամ հավաքաբար:
«Ավետարանական» իմաստով Անառակի առակի ավագ որդին հրեա ժողովուրդն է` դարերով Աստծուն «ծառայող» և Նրա պատվիրաններն իբրև օրենք ընդունող: Սակայն ինչպես առակում ավագ որդուն տեսնում ենք կյանքը գրեթե բրածոյի վերածած, սիրուց և մարդկայնությունից զրկված, այնպես էլ հին Իսրայելը քարացած էր օրինապահության և ծիսապաշտության մեջ, իրեն զրկել էր օրենքի ոգուց և կառչել նրա տառից: Նրա Աստվածը վրեժխնդիր էր, նրա օրենքը` «ակն ընդ ականը» (32), նրա ընկերային բարոյականը` գողություն կամ շնություն չանելը, իր կրոնակցին սիրելը և իր թշնամուն ու բոլոր հեթանոսներին ատելը: Իսկ կրտսեր որդին ներկայացնում էր հեթանոսությունը, որն իրեն Աստծո «տնից» ու օրենքից դուրս էր նետել և վատնվում էր հեթանոսական խորդուբորդ կյանքի ճանապարհներին: Ավետարանը, սակայն, մի նոր կոչ էր, մի նոր բարի լուր` ուղղված ողջ մարդկությանը` թե՛ հրեաներին, թե՛ հեթանոսներին: Հիսուսի հասկացողությամբ երկուսն էլ` թե՛ հրեաները և թե՛ հեթանոսները, կորստի էին դատապարտված, եթե շարունակեին իրենց բռնած ճանապարհները: Երկուսն էլ Նրա բերած փրկարար պատգամի պետքն ունեին, հետևաբար, Ավետարանը երկուսին էլ հավասարապես քարոզվեց:
Առավելաբար հեթանոսներն ունկն դրեցին այդ կոչին, ապաշխարեցին և «իրենց հոր տունը» վերադարձան: Իսկ միշտ Աստծո տանը գտնվող «պատվիրանապահ» հրեա ժողովուրդն ի վերջո «չցանկացավ» հեթանոսների հետ միասն աբար Աստծո տունը մտնել և քրիստոնեական եկեղեցուց դուրս մնաց: «Բայց ասում եմ ձեզ,- մի օր արդարև ասաց Հիսուսը` խոսքն ուղղելով հրեա ժողովրդին,- որ արևելքից ու արևմուտքից շատերը պիտի գան ու երկնքի արքայության մեջ [ուրախության] սեղան պիտի նստեն Աբրահամի, Իսահակի ու Հակոբի հետ, իսկ արքայության որդիները [հրեաները] պիտի ելնեն արտաքին խավարը. այնտեղ պիտի լինի լաց և ատամների կրճտում» (Մատթեոս Ը. 11-12):
Սակայն մեզ շահագրգռողն առակի բարոյական և հավերժ ական իմաստն է: Երկու որդիները ներկայացնում են ողջ մարդկությունը` իր երկու հիմնական բարոյական տեսակների մեջ: Մեկը սանձարձակ է, բայց իսպառ պարպված չէ սիրելու կարելիությունից, իսկ մյուսը մաքրակրոն է, բայց` աններող: Մեկն անիշխանական է, բայց զգաստանալու ընդունակ, մյուսն օրինապահ է, բայց` փարիսեցի: Մեկը հեղափոխական է, ամեն ինչ քանդող, բայց օժտված նորը և ավելի լավը շինելու բարեմտությամբ, մյուսը ցանկանում է պահել հին կարգերը, որովհետև դա շահավետ է իրեն: Հնարավոր է, որ մեր ժամանակների նոր սերունդը կրտսեր անառակի մարմնացումը լինի, իսկ ավագ սերունդը` ավագ որդու: Արդյոք նոր սերնդի ներկա վատնումը և գալիք սովը` բարոյական ու ֆիզիկական, կզգաստացնի՞ նրան: Արդյոք ավագ սերունդը կկարողանա՞ հրաժարվել իր փարիսեցիությունից, իր նախանձից և իր չարաշահություններից, երբ տեսնի, որ ամբողջ նոր աճող մարդկությունը` նոր սերունդը, հարգանք չունի նրա, այսպես ասած, «բարոյական» չափանիշների հանդեպ, քանի որ ավագ սերնդի խոսքը և կյանքը հակասում ու հերքում են միմյանց:
Նոր սերնդին լավ-լավ խրատներ են տալիս, բայց իրենք դրանք չեն գործադրում: Հներից քանի՞ մարդ է ինքն իրեն ներքնապես հարգում` արիություն ու առաքինություն մշակելով, որպեսզի նորերն էլ հարգանք ունենան իրենց հանդեպ: Քանիսի՞ այոն է այո և ոչը` ոչ: Քանի՞ մարդ է, որ իմացական, բարոյական ու ֆիզիկական շնություն, գողություն և սպանություն չի անում: Տարակույս չկա, որ նոր սերնդի մեծ մասն անառակ է, բայց հին սերնդից քանի՞ մարդ է զերծ նախանձից, ատելությունից, բամբասանքից, զրպարտությունից ու ստախոսությունից, որոնք ավելի ծանր և այլասերիչ մեղքեր են թե՛ ենթակայի և թե՛, մանավանդ, ընկերության համար:
Եկեղեցականությանը երբեմն չի՞ կարելի նույնացնել ավագ որդու հետ: Ո՞ր եկեղեցականը կարող է ասել, որ իր քարոզածը և ժողովրդի համար կարդացածը ինքը գործադրում է: Ինչո՞ւ գանգատվել եկեղեցիների դատարկությունից (եթե օրը հանդիսավոր կամ տոնական չէ), երբ եկեղեցականն ինքն է խուսափում ամենօրյա ժամերգություն կատարելու իր տարրական պարտականությունից, երբ եկեղեցում գտնված միջոցին անգամ «հոգով և ճշմարտությամբ» այնտեղ չէ, ինչը փաստվում է նրա անիմաստ ու խանգարիչ շարժուձևերով, անպատկառ խոսակցությամբ և անհոգի աղոթքով: Իր եկեղեցին սիրելու և հարգելու հավակնություն սնուցող քանի՞ ծնողներ կցանկանան իրենց զավակներին եկեղեցուն տալ, որպեսզի զարգացած հոգևորական դառնա: Ոչ միայն իրենք չեն ցանկանում տալ, այլ հաճախ փափագ ու կոչում ունեցող իրենց զավակներին արգելք են հանդիսանում:
Կյանքում նման անհատնում երևույթներ կան, ուր բացորոշ երևան են գալիս տարբերությունը և հակասականությունը, որոնք առկա են մեր գործնական կյանքում ու ձևական հավատքում, և այս հակասականությունը ավագ որդու հիմնական հատկանիշն է: Կրտսերը, հակառակ իր գրեթե ամբողջական քայքայման, ուշքի եկավ և զղջումով ու ապաշխարանքով, փյունիկի նման, մոխիրներից վերստին կյանքին տիրեց ու որդիական իր պատվին բարձրացավ: Ավագ որդու առակում հակառակ ընթացքն ենք նշմարում:
Առակի երկրորդ մասի եզրակացությունը խորհրդավոր ու ահավոր կերպով բաց է թողնված, և սրանում են Ավետարանի գերագույն իմաստությունն ու իրապաշտությունը: Հաջորդ քայլը թողնված է մարդու կամեցողությանը. եթե ցանկանա, կմտնի ու կմասնակցի խրախճանքին, և եթե չցանկանա, իրեն կզրկի այդ ուրախությունից: Արտաքին արգելող պատճառներ չկան, ընդհակառակը` կա հոր հրավերը և «աղաչանքը»:
Արգելող պատճառները ներքին, ենթակայական ու, մանավանդ, եսասիրական են: Ավագին նեղություն տվող ու զայրացնող պատճառը նախ այն մտահոգությունն էր, որ կրտսերն իրեն բաժին ընկած ժառանգությունը փչացնելուց հետո տուն էր եկել մասնակցելու նրա` ավագին մնացած բաժնին: Ենթադրում ենք, որ շատ-շատերը կարդարացնեն ավագին:
Ուրիշ խոսքով` եթե շատ-շատերն ավագ որդու տեղում լինեին, ամենայն հավանականությամբ, նրանից տարբեր ձևով չէին շարժվի: Բայց այստեղ է, որ երևան է գալիս Ավետարանի և մարդկանց չափանիշների տարբերությունը. «Պիտի սիրես քո եղբորը կամ ընկերոջը ինչպես քո անձը»: Ո՞վ ունեցածը կխնայի իր անձի համար. եթե եղբորդ պիտի սիրես «ինչպես քո անձը», ինչպե՞ս կարող ես ունեցածդ խնայել նաև եղբորդ համար: Ավագն ափսոսում է մինչև իսկ պարարտ եզը, որը մորթվել էր կրտսեր եղբոր վերադարձը տոնելու համար: Ավագի սրտում արմատ էր բռնել բարոյական ահավոր մի ախտ, որից, ինչպես քաղցկեղից, դժվար է բուժել:
Այդ ախտը եսասիրությունն է, որից անբաժան և միասին են աճում հպարտությունն ու սրա տարատեսակները, նախանձը, բարկությունը, ագահությունը և սրանց տարատեսակները` բոլորն էլ մահացու մեղքեր: Վա՜յ նրանց, ովքեր սրանց ճանկը կընկնեն, ու ավագը, դժբախտաբար, բռնվել էր սրանց թակարդում, և դա է պատճառը, որ առակը չի կարողանում ասել` ի վերջո, նա տեսավ հոր խոսքերի ողջամտությունն ու մարդկայնությունը, համբույրով հաշտվեց եղբոր հետ և մասնակից դարձավ խրախճանքին:
Սակայն մոռանանք ավագին` առակի ժխտական կողմը, ու մեր մտքում, հատկապես ապաշխարության այս օրերին, կրտսերին պահենք: Նա վերադարձել էր հոր տուն` վերագտած իր նախկին երջանկությունը, ավելի հասունացած և իմաստն ացած: Ինչպե՞ս պետք էր պահել ու մշտնջենավորել այդ վիճակը: Հաջորդ երկու կիրակիները կպատասխանեն այս հարցին:
———————————————————- (32) «Աչքի դիմաց` աչք» (Ելք ԻԱ. 24):
0 կարծիք