Դարձը

ԴԱՐՁԸ

Ապաշխարանքը կորած դրախտը վերագտնելու նախապայման է

«Եթե չապաշխարեք, ամենքդ էլ նույնպես կկորչեք»

(Ղուկաս, ԺԳ. 3):

Մեծ պահքի 3-րդ կիրակիից սկսած` դուրս ենք գալիս Հին Կտակարանի շրջանակից ու մտնում Նոր Կտակարանի մթնոլորտ: Այս կիրակին և հաջորդող երկուսը իրենց անունները վերցնում են օրվա ավետարանական ընթերցվածի գլխավոր առակից: Ուրեմն հետևում է, որ Գ կիրակի կարդացվող գլխավոր հատվածը Անառակ որդու առակն է:

Նոր Կտակարանի ամենաթանկագին գոհարներից է այս առակը: Եթե ասենք, որ այն իր մեջ խտացնում է Ավետարանի հիմնական ուսուցումները, չափազանցություն արած չենք լինի: Հիսուսի ուսուցման հիմնական կորիզը Աստծո հայրությունը և Նրա անսահման սերն են, որոնք այնքան սրտագրավ եղանակով են պատկերված այս առակում:

Սրանից զատ, ոչ միայն Հովհաննես Մկրտիչը, այլ նաև Հիսուսն Իր քարոզությունն սկսեց մարդկանց ապաշխարանքի կանչելով: Գաղափար, որն այս առակի կորիզն է: «Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին` ապաշխարության» (Ղուկաս, Ե. 32),- Իր քարոզության սկզբում ասել է Հիսուսը:

Մեծ պահքի կենտրոնական նպատակը, մինչև իսկ գոյության պատճառը այս կիրակիի իմաստի և նրանից եկող թելադրանքի մեջ է: Նկատելի է, որ նախորդ երկու կիրակիներով հիշատակված երկու վիճակները` երջանկությունը և նրա կորուստը, կրկնվում են նաև այս առակում: Այս կիրակիի գաղափարը անկումից վերելքը, ընկած վիճակից վերականգնումը, կորստի գյուտն է:

ԱՆԿՈՒՄԸ

Առակի հերոսը երջանիկ ընտանիքի երջանիկ կրտսեր որդին է: Երջանկության բոլոր պայմանները նրա տրամադրության տակ են: Հարուստ ու պատվավոր հոր զավակ է, գեղեցիկ, համակրելի մի երիտասարդ` ուրախ, զվարթ, առողջ ու բարեսիրտ: Գյուղում ծանոթ է ամենքին և բարեկամ` գրեթե բոլորին: Գյուղի տոնական բոլոր առիթներից անպակաս է: Հատկապես հարսանիքներում փնտրվող երիտասարդ է, ով առողջ զվարթություն է ստեղծում իր շուրջ և ամենուրեք: Հայրը հպարտ և երջանիկ է նրանով: Ասում են` առանց փուշի վարդ չի լինում, բայց ամեն վարդի փուշն էլ անպատճառ խոցող չի լինում, կան նաև անվնաս ու փափուկ փշերով վարդեր: Այս տղան էլ մի տկարություն ուներ, որը, սակայն, մեծահարուստ այս տանը զգալի չէր` աշխատելու ախորժակ և հակում չուներ: Իր մեծ եղբոր մշտակա և գործոն հսկողության ներքո ծառաները տան ներսում և տնից դուրս բոլոր գործերն անում էին: Սրանից զատ, նաև փոքր-ինչ շփացած էր:

Այս տղայի «դրախտային» կյանքն էլ երկար չտևեց: «Փորձիչը», դարավոր «օձը», նրա ականջին էլ մի օր փսփսաց. «Քո կյանքը կյա՞նք է` այս գեղջկական սեղմ շրջանակում: Ի՞նչ է քեզ պակասում կյանքը լիովին վայելելու համար: Ազատագրիր քեզ հոր, եղբոր և տգետ գյուղի կաշկանդումներից, գնա մի հեռավոր քաղաք, կյանքն ապրիր իր բոլոր հաճույքների մեջ, երկրորդ անգամ աշխարհ չես գալու…»: Որքան քաղցր էին հնչում այս խոսքերը նրա ականջին, կաշկանդումներից ազատագրվելու հեռանկարն անգամ նրան հաճույք էր պատճառում: Բայց ինչպե՞ս ասեր հորը, ում հանդեպ անկեղծ սեր ուներ, գիտեր, որ նման գաղափարը խորապես կխոցի ծերունի հոր սիրտը:

Այն օրից, երբ տնից հեռանալու միտքը տեղ գտավ նրա ուղեղում, տղան կորցրեց իր հանգիստը, քունը և զվարթությունը: Հայրը նկատել էր տղայի մեջ առաջ եկած փոփոխությունը, նրա մտախոհ և ցրված վիճակը: Եվ մի օր էլ հարցրեց նրան. «Տղաս, ի՞նչ է եղել, ինչո՞ւ է մարել դեմքիդ պայծառությունը, արդյոք հիվա՞նդ ես»: «Այո, հայր, ներաշխարհս է հիվանդ, ու եթե ավելի երկար մնամ սահմանափակ այս շրջանակում, բոլորովին կխամրեմ ու կխեղդվեմ. արդ, տուր քո հարստությունից ինձ հասանելիք բաժինը, ես ուզում եմ հեռանալ այստեղից»: Հայրը հասկացավ, որ հակաճառելն ավելորդ կլինի: Առանձնացավ` ծածկելու համար իր արցունքները: Ի վերջո, զգացմունքների վրա քար դրած, ունեցվածքը բաժանեց երկու զավակների միջև: Եվ կրտսերն իր բաժինն ամբողջությամբ դրամի վերածեց ու մի առավոտ էլ գյուղից անհայտացավ` առանց ոչ մեկին, նույնիսկ հորը, «մնաք բարով» ասելու:

Հաստատվեց մի մեծ քաղաքի «լյուքս» պանդոկներից մեկում և սկսեց կյանքը «վայելել»: Նրա դրամը, երիտասարդությունը և ուրախ ու առատաձեռն բնավորությունը «բարեկամների» ու «բարեկամուհիների» մի հսկա փաղանգ հավաքեցին շուրջը: Գիշերները մինչև լուսաբաց զվարճանում, իսկ ցերեկները մինչև երեկո քնում էր: Եվ նրա օրերն անցնում էին հազարումեկ գիշերների էջերից պոկված հեքիաթների պես:

Հարստությունը, սակայն, լեռ էլ լինի, սահմանված է սպառվելու, եթե պակասածի տեղը նորը չդրվի: Եվ երիտասարդը մի օր էլ ուշքի եկավ, որ գրպանում դրամի կտոր իսկ չի մնացել: Անմիջապես անհայտացան «բարեկամներն» ու «բարեկամուհիները»: Պանդոկապետը մի քանի օրից դուրս նետեց նրան` նրա հագուստները և մնացորդ ինչքը պարտքերի փոխարեն գրավելով: Նրա չար բախտից այդ օրերին սով էլ էր սկսվել երկրում: Ընկավ հետին չքավորության մեջ: Ոչ ոք երեսին չէր նայում, նախկին «բարեկամները» ձևացնում էին, որ չեն ճանաչում նրան: Ոչ իսկ գիշերելու տեղ ուներ:

Մոտակա ագարակից մի մարդ քաղաք էր եկել խոզարած փնտրելու: Հակառակ սովին ու գործազրկությանը, ոչ ոք այդ ստորին և գարշահոտ գործը կատարել չհամաձայնեց: Երբ ագարակապանը դա առաջարկեց այս դատարկապորտ ու հյուծված երիտասարդին, վերջինը սիրահոժար պատրաստակամություն հայտնեց, և գյուղացին հրամայեց նրան հետևել իր իշուկին:

Թշվառ տղան խորհում էր, որ առնվազն գլուխը դնելու տեղ կունենա և աղիքների գալարումն ու բողոքը լռեցնելու չափ ուտելիք: Պոռնիկների ընկերակցությունը երբեմնի այս բախտավոր ու հարուստ երիտասարդին առաջնորդել էր դեպի խոզերի ընկերակցություն: Մենակ էր մնացել ամբողջ աշխարհում, նա, ով ժամանակին ամեն ինչ ուներ:

Օրերի շղթան դժվար էր քանդվում, միշտ տխուր և կիսասոված էր, տրվող հացը բավարար չէր, խոզերի առջև նետվող եղջերենու փայտացած ու վատորակ պտուղներից երբեմն փորձում էր ուտել, ստամոքսը կարծես բզկտվում էր, և վա՛յ, որ տերը տեսներ. ապտակն էլ հետն էր ուտում: Նրա պառկելու տեղը խոզանոցում գետնից փոքր-ինչ բարձր մի տախտակամած էր, որի վրա չոր խոտ էր նետված: Գիշերները քունը մշտապես ընդհատվում էր խոզերի խռնչյուններով, որոնք նրան հրեշների ցնորական երազներով էին գալիս: Իսկ գարշահոտությունը… դրան արդեն վարժվել էր:

ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ

Երբեմն անձնասպանության կամ տունդարձի մտածումներն ակամա խուժում էին նրա հիվանդ ուղեղը:

Դրանք վանում էր իբրև անկարելի մտքեր: Տունդարձի միտքը, սակայն, կամաց-կամաց, համառ և հարատևորեն ռմբակոծում էր ուղեղը: Նրա անոթությունը սնունդ էր հայթայթում այդ մտածումի համար: Հիշում էր իր մանկությունը, գյուղը, երջանկությունը և մանավանդ իր տան ծառաներին ու նա խանձում նրանց, ում վիճակն արքայական էր իր հետ համեմատած: Այս բոլոր երևակայությունների մեջ, սակայն, կար մի պատկեր, որը տառացիորեն հալածում էր նրան: Վերջին անգամ տեսած հոր պատկերն էր` իր վրա լայնլայն բացված տամուկ աչքերով: Դա հայրական խանդաղատանքով օծուն և որդուն կորցնելու երկյուղով լեցուն դեմք էր, որ հայրն ընդունել էր այն օրը, երբ որդին նրան հայտնել էր իր աղետաբեր որոշումը: Այս պատկերը ցնորական այցելությամբ շփոթմունքի էր մատնում նրան, խռովում ամբողջ էությունը և արցունքով ողողում հյուծված ու աղտոտված դեմքը: Այդ պատկերը թեև ծանր տառապանք էր պատճառում նրան, բայց միաժամանակ նրա միակ լույսն էր, միակ փրկագոտին, որը նրան արգելում էր ալեկոծ ծովում ընկղմվել և իսպառ կորչել, ուր ընկել էր իր կյանքի նավաբեկությունից հետո:

Վերադառնա՜լ տուն, հոր մոտ: Մտածումն անգամ նրան երջանկություն էր պատճառում: Բայց ինչպե՞ս, ի՞նչ երեսով նայեր իր գյուղացիներին, ինչպե՞ս հանդուրժեր եղբոր հեգնանքը… Վանում էր աներես ճանճերի նմանվող այս մտածումները, որոնք, սակայն, վերստին թառում էին նրա գլխին:

Կյանքը, սակայն, գլորվում էր թշվառությունից թշվառություն: Ի վերջո, մտքում հաստատ ձև ստացան երկու մտածումներ, որոնք ստվեր գցեցին մյուս բոլոր նկատառումների վրա: Նախ ներաշխարհում զգում էր, որ հայրը դեռևս սիրում է իրեն և սպասում իր դարձին: Մյուս կողմից սրտի խորքում զգում և ընդունում էր, որ իր հերթին անկեղծորեն սիրում է հորը: Նրա կյանքում ամեն բան թառամել էր, բացի հոր հանդեպ ունեցած իր սիրուց, և այդ սերն այժմ վերածվել էր աղեկեզ մի կարոտի: Նրա համար ամեն ինչ աղարտված էր` աշխարհը, իր կյանքը, հոգին և մարմինը: Բայց հոր կերպարն անաղարտ էր մնացել: Արդ, այս երկու սերերը` իրենը և հորը, նրա ներաշխարհի առագաստում միացան իրար և ահավոր երկունքով ծնեցին զղջումը: Ամբողջ գիշեր լաց եղավ մի անդիմադրելի լացով, լաց եղավ կորցրած անմեղության, վատնած երիտասարդության, մանավանդ իր գերագույն ոճրի` հոր սերը կոխոտած լինելու սրբապղծության համար: Այս սպառող լացից խոնջացած և թեթևացած` առաջին անգամ քնել էր խոր ու հանգիստ քնով: Լուսաբացին արդեն արձակել էր իր երկրորդ և այս անգամ` փրկարար ու նույնքան անդառնալի վճիռը. «Պետք է գնամ հորս մոտ և ասեմ նրան. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունիր ինձ` իբրև քո ծառաներից մեկը»: Իջավ մոտակա գետակը, հագուստներն ու իրեն նետեց ջուրը` խոզերի գարշահոտությունից գեթ մասամբ մաքրվելու համար:

Արևի տակ չորացրեց իրեն և հագուստները: Ապա, ցուպը ձեռքին, ճակատն ուղղեց դեպի տուն: Արյան և սիրո կապերով զոդված հոգիներն իրար հետ հաղորդակցության մեջ մտնելու անտեսանելի և անբացատրելի կերպեր ունեն, որոնք այսօրվա գիտությունը համադրում է «հեռակրություն» բառում, և որը հաճախ ավելի ծանոթ է «տելեպատիա» միջազգային բառով: Հայրը զգաց, որ այսօր իրեն մի բարի լուր է սպասում իր կորած զավակից: Իր ապարանքի վերնատան պատուհանի առջև նստած` աչքը գամել էր այն ճանապարհին, որտեղից մեկնել էր կրտսեր որդին: Քիչ հետո հորիզոնի վրա մարդկային մի ուրվագիծ ձև առավ: Քանի ճամփորդը մոտենում էր, այնքան հոր սիրտն ուժգին էր տրոփում: Վատ տեսնող աչքերին օգնության հասած հայրական բնազդը նրան ասում էր, որ եկողն իր տղան է: Դողդոջ քայլերով ցած իջավ: Ճամփորդը դեպի նրա տունն էր ուղղվել:

Հազիվ բակից դուրս էր եկել, երբ եկվորն արդեն ընկել էր նրա ոտքերը և մեկիկ-մեկիկ լալահառաչ բառերն էր հեգում. «Հայր, մեղանչեցի երկնքի դեմ և քո առջև, այլևս արժանի չեմ որդիդ կոչվելու, ընդունիր ինձ` իբրև քո ծառաներից մեկը»:

Հակառակ արևից և աղտից սևացած նրա դեմքին, հակառակ մուրացիկի կերպարանքին, հայրը գտել էր իր հարազատ որդուն: Բարձրացրեց նրան, գրկեց, ընկավ պարանոցը, և երկուսն էլ լաց եղան իրենց կյանքի ամենաանուշ արցունքն երով: Հայրը, հազիվ կարոտն առած, հրաման արձակեց ծառաներին. «Որդուս տարեք տան իշխանական բաղնիքը, լողացրեք նրան ամենաթանկագին օճառով, հագցրեք նրա նախկին թանկարժեք զգեստները, որոնք պահել եմ սնդուկներումս, նրա ուսերին իշխանական պատմուճանը գցեք, մատին ադամանդով մատանին անցկացրեք: Մյուսները թող մորթեն պարարտ եզը, կանչեք գյուղի երգիչներին և նվագահարներին, ճաշկերույթի հրավիրեք ամբողջ գյուղը, ուտենք, խմենք և ուրախանանք, քանզի իմ այս որդին կորած էր` գտնվեց, մեռած էր` հարություն առավ»: «Անառակի» դարձի լուրը պայթեց գյուղում. հավաքվեցին գյուղի նահապետի տանը, բոլորի երեսներին ծաղկել էր հին օրերի մտերմական ժպիտը, բոլորն էլ համբուրեցին վերստին որդիական պատվին բարձրացած իրենց երբեմնի բարեկամին, շատերը լաց եղան, բոլորն ուրախացան:

Եվ Ավետարանն իբրև եզրակացություն ավելացնում է. «Այսպես ուրախություն կլինի երկնքում, Աստծո հրեշտակների առաջ, երբ որևէ մեղավոր ապաշխարի»(23): Ի՜նչ լավ կլիներ, եթե առակն այստեղ ավարտվեր, այս երջանիկ վախճանն ունենար` «հեփի էնդինգը»: Բայց այդ դեպքում այս առակը մի վեպ, հեքիաթ կլիներ և ոչ կյանք:

Դժբախտաբար, կյանքում որքան էլ մարդիկ երբեմն-երբեմն երջանիկ պահեր ունենան, դրանց հանկարծ հաջորդում են եղերական երևույթներ, որոնք ստվեր են ձգում ուրախ տրամադրությունների վրա: Եվ կյանքն այսպես շարունակում է իր` ժպիտի և լացի քաղցր ու դառը հաջորդականություններով ելևէջվող ընթացքը: Այսպես է նաև Անառակի առակում, որն իրական կյանքի հետ կապ ունի և ոչ երևակայական:

Մենք, սակայն, ցանկանում ենք այստեղ մի պահ կանգառնել` նախքան առակի երկրորդ մասին անցնելը, որն ինքնին մի ուրիշ առակ է: Մենք ցանկանում ենք կանգ առնել` պարզապես անդրադառնալու, ընդլայնելու, արձանագրելու համար այն հիմնական մեղքը, որն Անառակին կործանման ու այլասերման առաջնորդեց. ո՞րն էր Անառակի գլխավոր և մահացու մեղքը: Մեր հաջորդ խորհրդածությունն այս հարցին պատասխանելու ճիգ կլինի:

—————————————————————————————-
(23) Ղուկաս, ԺԵ. 10: Այս համարը նախորդում է «Անառակ որդու» առակին, սակայն բնագրում այսպես է:
Հատկորոշիչներ՝ Անառակ, դարձ, որդի

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շարական անառակի կիրակիի

ՇԱՐԱԿԱՆ ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻԻ (Բ. պատկեր) Լոյս ի...

Ավագ անառակը

ԱՎԱԳ ԱՆԱՌԱԿԸ Չկամությունը և նախանձը մարդուն...

Վատնում

ՎԱՏՆՈՒՄ Վատնումը մեծագույն չարիք է անհատի եւ...