Վատնում

ՎԱՏՆՈՒՄ

Վատնումը մեծագույն չարիք է անհատի եւ ընկերության համար

«Եվ վատնեց իր ունեցվածքը, որովհետև անառակ կյանքով էր ապրում»

(Ղուկաս, ԺԵ. 13 ):

Ո՞րն էր անառակ որդու հիմնական մեղքը: Ավետարանում դա հիշված է բացորոշ: Զարմանալին, սակայն, այն է, որ Ավետարանի մատնանշած այդ մեղքը չի անցել մեղքերի այն ցանկ, որը մեր Ժամագրքի առաջին էջերում է (24): Մեղքերի այդ ցուցակում են, օրինակ, անզգամությունը, հանդգնությունը, շռայլությունը, զեխությունը և նմաններ, որոնք ուրիշ մեղքերի կարգում գործել էր Անառակը, և որոնք, սակայն, Ավետարանում իրենց անուններով չեն հիշվում: Իր անունով հիշվում է լոկ ՎԱՏՆՈՒՄԸ. «Եվ վատնեց իր ունեցվածքը»:

Բայի արմատը վատն է, որը հայերենում ամենատգեղ իմաստ ունեցող բառերից մեկն է: Որևէ մեկի մասին ասել «վատ մարդ է», նշանակում է գործածել ամենաստորացնող իմաստ ունեցող բացատրությունը: Արդարև, «վատ մարդուց» ավելի անպետք մարդ աշխարհում չկա: Եթե արմատի իմաստը սա է, տարբեր չպետք է լինի նաև բայի նշանակությունը:

Վատնել բայն ունի իմաստի զանազան երանգներ` գույնով մեկը մյուսից մութ: Նախ նշանակում է իր կամ ուրիշի ունեցածը անհոգությամբ կամ դիտավորյալ անօգուտ և իզուր սպառել ու փչացնել, օրինակ, ծորակը բաց թողնելը, որ ջուրն իզուր գնա, գազը բաց թողնելը, որ ցնդի, թույլ տալը, որ զինվորական կամ հանրային մթերքը փտի և անգործածելի դառնա` վատնումներ են բառի մեղմագույն իմաստով: Նաև նշանակում է սահմանվածից տարբեր և ավելի ստորին նպատակների համար գործածել, օրինակ, եկեղեցական կարգը սին փառքի համար գործածել, կառավարական դիրքը շահի համար կիրարկել: Սակայն բայի սովորական իմաստը ունեցվածքը կամ կարողությունը վատ բանի համար և վատ միջոցն երով գործածելն է. թանկագին հարստությունը շվայտության սեղանների վրա մսխել, առողջությունը` գինարբուքի պանդոկներում, կենսական ուժը` շնացողների և պոռնիկների ընկերակցությամբ:

Վատնումը մեծ մեղք է Արդարև նյութական հարստությունը փչացնելը մեծ մեղք է, որի ետևում առկա է մեր կամ մեր նմանների ֆիզիկական սպառիչ աշխատանքը: Տանջանքով մեջտեղ եկած արդյունքը նվիրական մի բան ունի իր մեջ, որի հանդեպ հարգանք և հոգածություն է պետք ցույց տալ և ոչ թե վատնել: Արդարև, ինչ մեր ձեռքում ունենք, սկսած տներից մինչև թևերին անցկացրած ապարանջանները, ինչ գործածում ենք մեր մերկությունը ծածկելու համար` գլխարկից մինչև կոշիկներ, և, վերջապես, ինչ սպառում ենք մեր կյանքը պահելու համար` հանապազօրյա հացից մինչև տանտիկինների քրտնաջան աշխատանքով պատրաստված համադամ կերակուրները, մինչև մեր սպառած ածուխը, գազը, էլեկտրականությունը և ջուրը, ամենի ետևում առկա է սրբազան աշխատանքի տանջանքը:

Մեզ նման հազարավորներ իրենց ֆիզիկական և իմացական ուժերը սպառել են դրանք մեր վայելքին մատչելի դարձնելու համար: Իրողության այս լույսի ներքո պետք չէ արհամարհելի նախապաշարում նկատել բնազդական այն հարգանքը, որ մեր մեծերն ունեին հացի հանդեպ: Նրանից մինչև իսկ փշրանք վատնել հարկավոր չէր: Մեր Տերն էլ երբ հազարավոր մարդկանց հացով ու ձկով կերակրեց, Իր աշակերտներին հրահանգեց հավաքել «մնացած կտորները, որպեսզի ոչ մի բան չկորչի» (Հովհաննես, Զ. 12):

Երբ հացի փշրանք էր գետնին ընկած, պետք էր վերցնել, համբուրել և այնպիսի տեղ դնել, ուր մարդկային աղտոտ ոտքը չի հասնում: Հացը մարմնավորում է կյանքի բոլոր այն բարիքները, որոնք ճակատի քրտինքով են ձեռք բերվում:

Հացը բոլոր բարիքների խորհրդանշանն է նախ` իր կենսական անհրաժեշտությամբ և երկրորդ` իր ետևում հավաքական աշխատանքների ամենաերկար շարքն ունենալու պատճառով: Այսինքն` դաշտի տաժանագին հերկից ու ցանքից մինչև հունձքի և կալի քրտնաթոր տքնություններ, աղացքից մինչև փռի առջև հացի հետ միասին եփվելը: Հացը նետելը կամ վատնելը նշանակում է նաև արհամարհել այս բոլոր աշխատավորներին: Այդ վատնումը ոճրի է վերածվում, երբ հիշում ենք, որ մեր երկրագնդի վրա մեզ նման միլիոնավորներ կան, ովքեր հացի պակասից տառացիորեն տվայտում են սովի ճիրաններում:

Չենք ուզում ասել, որ ավելացած կամ չորացած հացի փշրանքները նետես չունեցողի առջև: Ոչ: Այլ ուզում ենք ասել, որ ավելացած հացդ պետք է բաժանես չունեցողի հետ, երբ այդ հացը զամբյուղում տակավին թարմ է: Կրոնական և սրբազան իմաստ հագած մի բառով` պետք է հացդ բեկանես (26) նմանիդ հետ, ով այս կամ այն պատճառով զուրկ է մնացել նրանից: Եվ եթե շուրջդ չունես մարդիկ, ում հետ պետք է հացդ բեկանեիր, գնիր գոնե քեզ պետք եղող կես հացը միայն, և վատնվելիք մնացյալ կեսի դրամն ուղարկիր այնտեղ, ուր հացը պակասում է: Հացը, արդեն ասացինք, Աստծո բոլոր բարիքների պարզագույն խորհրդանշական պատկերն է… Ոչ ոք իրավունք չունի իրեն պետք եղածից ավելին ունենալու, դիզելու կամ վատնելու: «Տիրոջն է երկիրն իր ամբողջությամբ, աշխարհն իր բոլոր բնակիչներով» (Սաղմոս, ԻԳ. 1): Աշխարհի բոլոր բարիքները, հոգ չէ` իմ ձեռքում են գտնվում, թե քո կամ մայր երկրի ընդերքում, ամբողջ մարդկության սեփականությունն են` Աստծուց տրված. «Ահա ձեզ տվեցի երկրի արտադրած բոլոր բերքերը» (Հմմտ. Ծննդ. Ա. 29),- նախամարդուն ասում է Աստված: «Ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է» (Հակոբոս Ա. 17),- ասվում է Նոր Կտակարանում: Աշխատանքը մեր սրբազան պարտքն է, բայց դիզելը մեր իրավունքը չէ, երբ բյուրավորներ կան, ովքեր այս կամ այն պատճառով մեր սեղանի պետքն ունեն: Եթե դիզելը ծանր մեղք է (Ավետարանն այս մասին զանազան առակներով ու բացահայտ հավաստումներով տարակույսի նշույլ անգամ չի թողնում մեր մտքերում), հապա ի՞նչ պիտի լինի վատնելը, մեր կամ այլոց ձեռքի սրբազան պտուղները վատ նպատակների համար գործածելը:

Ստույգ է` դրամի վերածած այն հարստությունը, որն Անառակն իր հետ «հեռու աշխարհ» էր տանում, մարդկային ժառանգական օրենքով իրեն էր պատկանում: Բայց Աստծո և բնության օրենքով իրեն չէր պատկանում: Ինքը չէր շահել այն, դրանում ինքը քըրտինքի ոչ մի կաթիլ չուներ: Ուրիշների ճակատի քրտինքով ստեղծված հարստությունը վերցնելը և պոռնիկների ու դատարկապորտների հետ մսխելը, մոխրի վերածելը համազոր է գողության, ավազակության և հափշտակության, քրեական ոճրի, քանի որ ստոր և վնասակար կերպերով փչանում էր մի հարստություն, որն, աշխատանքի հետ միանալով, կարող էր շահաբեր լինել և շատերի կյանքը փրկել: Այնպես որ, Անառակն ավելի քան արժանի էր այն վիճակին, որին մատնվեց իր ունեցվածքը վատնելուց հետո:

Միայն ունեցվածքը չէր, որ նա վատնեց. նաև իր ֆիզիկական ու հոգեկան հարստությունները: Ինչպես ոչ ոք իրավունք չունի իր ունեցվածքը վատնելու, այնպես էլ ոչ ոք, ոչ ոք արտոնություն չունի վատնելու (գիտությամբ, թե անգիտությամբ) իր կարողություններն ու կարելիությունները: Թե՛ մեր նյութական ունեցվածքը, թե՛ մեր բարոյական կարողությունները «տաղանդներ» են, որոնք կյանքի և ամեն բանի Տիրոջից տրված են, Ավետարանի այնքան իմաստալից բառով` «շահարկվելու» համար: Դրանք տրված են մեծացնելու, շահ բերելու մեզ և ընկերությանը: Այլապես ամեն բարիք պարգևող Տիրոջ սաստին ու պատժին կենթարկվենք:

Տերը «չար ծառա» է կոչում նրան, ով չէր շահարկել իրեն տրված տաղանդը, և հրահանգում է. «Նրանից վերցրեք նաև իրեն տրվածը (որը պահել էր թաշկինակի մեջ կամ թաղել հողում), և նրան նետեք արտաքին խավարը, ուր նրան ափսոսանք ու լաց է սպասում» (Տե՛ս Մատթեոս. ԻԵ. 14-30, Ղուկաս ԺԹ. 11-27): Անառակը վատնեց նաև իր երիտասարդությունը` պարգևներից ամենացանկալին, իր անմեղությունը` հատկություններից ամենահամակրելին, և, վերջապես, իր ընտանեկան երջանկությունը` փափագելի բարիքներից գերագույնը:

Անառակին, սակայն, թողնենք իր լուռ, բայց միշտ խոսուն հավերժական պատվանդանի վրա, Ավետարանի էջերում, իսկ մենք դառնանք մեր ժամանակների անառակներին և նրանց վատնումներին:

ՎԱՏՆՈՒՄԸ ՄԵՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Ոչ մի դարում այնքան հսկայական դրամագլուխ չի կուտակվել, որքան 20-րդ դարում: Եվ սա` բոլոր մարզերում` նյութական և իմացական, գիտական ու տեխնիկական, ինժեներական ու ճարտարապետական: Սակայն, միաժամանակ, քիչ դարեր են այնքան անխնա մսխել իրենց կտակված և իրենց ստեղծած «ունեցվածքները», որքան մեր դարը: Երկու համաշխարհային և բազմաթիվ տեղային հիմար պատերազմների ընթացքում կատարված վատնումները հիշելը միայն բավական կլիներ մեր հավաստումն արդարացնելու համար: Միլիոնավոր կյանքերի մսխումը` ամենապիտանիների և ամենաաշխատունակների, այսինքն` մեծամասամբ երիտասարդության: Անհաշիվ հարստության, տների և մթերքի վատնումը, որոնք բավական էին պատսպարելու միլիոնավոր անտունների և կերակրելու բյուրավոր սովահարների:

Այսօր աշխարհի պետությունների բյուջեներին, պատերազմի աստծուն պարարտացնելու համար, տառացիորեն աստղաբաշխական գումարներ են հատկացվում` ոտքի հանելով հսկայական բանակներ, որոնք երկիրը միանգամայն զրկում են աշխատունակ բազուկներից և ընտանիքները` դրանք պահող նեցուկներից: Ընդունենք, թե ոչ, սրանք վերջին հաշվով վատնումներ են, առնվազն արգելքն եր` ավելի կենսական ու շինարար պահանջներին գոհացում տալու համար: Ավելի անհետաձգելի պահանջներ կան նոր վարժարանների, հիվանդանոցների, և, վերջապես, մեր երկրագունդը մշակման արդիական գործիքներով օժտելու:

Եվ տակավին ատոմական փորձերի և լուսնից քար բերելու սարսափելի վատնումները, երբ միլիոնավորները հաց են աղաղակում: Չէ՞ր կարելի մսխված այդ գումարները գործածել տառացիորեն երկրի քարերը հացի վերածելու հրաշքի համար: Թող ուրիշները շարունակեն վերհիշել ու լրացնել անհատնում այն վատնումները, որոնք մեր օրերի «անառակներն» են անում` հավաքաբար ու անհատաբար և ի վնաս համայն մարդկության, իսկ մենք մեր ակնարկը կկենտրոնացնենք հայ իրականության վրա` այնտեղ էլ վատնումի մեղքերը մատնանշելու:

Վատնումը հայ իրականության մեջ Մեծ Աղետից հետո, երբ տառացիորեն արյունաքամ էինք եղել, գրեթե ամեն բան կորցրած` պետք ունեինք ծայրահեղ բծախնդրությամբ գուրգուրելու մեր բարոյական ու նյութական ունեցվածքների վերջին փշրանքը և վերջին կաթիլը: Փառք հասարակ ժողովրդին. իր հրաշագործ ջանասիրությամբ և մրջնային խնայողությամբ ու ի գին անասելի զրկանքների, գեթ նյութապես վերաշահեց այն (և ավելին), ինչ կորցրել էր: Սակայն այս ժողովրդին առաջնորդող տարրը` հոգևորականը, մտավորականն ու հասարակական գործիչ-վարիչը, վատնեցին մեր մնացած կարողությունները և օր օրի հասունացող կարելիությունները: Կուսակցական և կղերական ամուլ պայքարները (միշտ գլուխներում հորինված) վատնեցին այս ժողովրդի ժամանակը, նյութական ու բարոյական կարելիությունները, մամուլը, միտքը: Նույն վատնումն է շարունակվում այսօր: Վերականգնումի ու ինքնապահպանության սրբազան սկզբունքների շուրջ տարտղնված և ճակատների ենք բաժանված, որոնց նպատակը, կարծես, ավելի դիմացինի գործունեությունը չեզոքացնելն է, քան գրական ու կառուցողական աշխատանք կատարելը:

Երբ գրեթե բոլոր կողմերից հոգևորականների այնքան աղաղակող պահանջը կա, Մարսելի պես սահմանափակ շրջանում երկու եպիսկոպոս ենք պահում, պարզապես որպեսզի գոհացում գտնեն մեկ ժողովրդին հոգեպես երկուսի բաժանող համայնքային վարիչները, որպեսզի մանր մի կաթողիկոսի շուքը հասնի նրա իրավասության սահմաններից դուրս ընկնող այս թեմ: Նույն վատնումն է նաև Ամերիկայում, ուր ունենք մեկ թեմ և նույն թեմի համար` երկու առաջնորդ (31), դիվանական երկու կազմ, երկու պաշտոնաթերթ, երբ մեկով կարող էին այդ բոլորը լիովին բավարարել, և տակավին բազում այլ երկվություններ:

Սփյուռքում, կարելի է ասել, մեկ միլիոն հայ չունենք, բայց բաժանված ենք չորս կրոնական անջատ խմբակների` էջմիածնական, անթիլիասական, բողոքական, հռոմեական` յուրաքանչյուրն իր եկեղեցական ուրույն կազմակերպությամբ, վարչությամբ, մամուլով և կրթական ու կրոնական հաստատություններով: Փառք Աստծո, ներկայումս թեև կրոնական մարզում այնքան էլ ոխերիմ հակառակորդներ չենք իրար, որքան էինք թերևս տասնյակ տարիներ առաջ, բայց, դժբախտաբար, չենք կարողանում գործակցել` առաջն առնելու համար այն վատնումների, որոնք կատարվում են կրթական ու նյութական մարզերում, մանավանդ` մարդկային ուժի դրամագլխի տեսակետից: Եթե մեկ միացյալ հավաքականություն լինեինք, արժեքավոր որևէ անձ, լինի հոգևորական, մտավորական կամ հասարակական գործիչ, օրինակ, կարող էր նույն ծախսով ավելի լայն շրջանակի ծառայել: Քիչ ջրերով փոքր ջրաղացքարեր են պտտվում` փոքր արդյունքներով:

Չենք ուզում կուսակցական վատնումների մանրամասնությունների մեջ մտնել, որոնք այնքան բացահայտ են:

Երեք-չորս խմբակներ, որոնք քաղաքական վարդապետությունների խողովակով իրենց ազգին ծառայելու բարի առաջադրանքով են ծնունդ առել, այսօր դարձել են արտաքին քաղաքական ուժերի կամ իրենց վարչական շահամետ խմբակների ծառաները և ծառայում են լոկ իրենց ճղճիմ գոյությունն ու մի շարք «գործիչների» պահպանելու անփառունակ նպատակին:

Պատկերը համեմատաբար մխիթարական է, երբ մեր ակնարկը կենտրոնացնում ենք լոկ ստամբուլահայության վրա:

Այս մեծ ու կենտրոնական օջախում, որը ժամանակին ինքն էլ համայնքային ուժերի վատնումի հանդիսավայր էր (սահմանադրական ու հակասահմանադրական բյուզանդական վեճերով և պայքարներով, պատրիարքների հրաժարումով և հրաժարեցումներով, հեղափոխական ամուլ գործունեությամբ), այսօր բարոյական ու նյութական մսխումը իջել է նվազագույնի: Երկու մարզերում, սակայն, վատնումի այդ մեղքն ինքն իրեն զգալ է տալիս նաև ստամբուլահայ կյանքում:

Առաջինը պարահանդեսներն են: Հաստատված իրողություն է, որ մեր գրեթե բոլոր պարահանդեսներից դուրս ենք գալիս նյութական, բարոյական և համայնքային վնասով:

Ստույգ է, մեր համայնքային որոշ հաստատություններ նպաստավորվում են դրանցից, բայց նույնքան ստույգ է, որ ամեն պարահանդեսից ամբողջ համայնքով փոքր-ինչ ավելի աղքատացած ենք դուրս գալիս: Բարեսիրական, կրթասիրական ու այլ նվիրատվությունների ժամանակ միշտ հարստանում են թե՛ տվողը և թե՛ ընդունողը:

Պարահանդեսները, որոնք ևս տալիս ենք ի նպաստ որևէ բարենպատակ հաստատության, բացառություն են. այստեղ տալով` աղքատանում ենք: Նախ, որովհետև խնդրո առարկա համայնքային հաստատության համար ապահոված գումարից ավելի ծախսում ենք հանդեսի կազմակերպման, ուտել-խմելու և, մանավանդ, հագուստ-կապուստի վրա: Նմանվում ենք մի վաճառականի, ով հինգ ոսկի շահելու համար տասը ոսկի է ծախսում` թափված աշխատանքն ու թանկագին ժամանակն էլ վրադիր: Կարող են ասել, որ մեզ ընկերային հաճույքն է շահ մնում: Ի՞նչն է, սակայն, այդ «ընկերային հաճույքի» նկարագիրը: Խճողված ու ապականված մթնոլորտում շնչե՞լը, ականջ պատռող «մյուզիք» ունկնդրե՞լը կամ աչք պատռող և այլասերող արևելյան մենապարեր դիտե՞լը…

Մեր առողջ ու տոհմիկ մշակույթից (պար կամ երգ) ի՞նչ է այնտեղ տրվում: Քաղքենի, հաճոյապաշտ «մշակույթն» է, որ մատուցվում է իբրև վայելք, և որն, ի վերջո, մարդուն դարձնում է ավելի քիչ մարդ և հային` ավելի քիչ հայ: Էլ չենք հիշում եռանդի, աշխատանքի, վազվզուքի, ժողովների, կազմակերպությունների և թանկագին ժամանակի վատնումները, որոնց, եթե ոչ ամբողջ, գեթ մի կարևոր մասը եթե ի սպաս դրվեր պարզ նվիրահավաքության, արդյունքը համայնքային հաստատության համար ավելի քիչ չէր լինի պարահանդեսի արդյունքից` խնայելով նաև համայնքի նյութական ու բարոյական կորուստները:

Մյուս վատնումն ընտանեկան ու անհատական մարզում է և կատարվում է տներում, խաղաթղթի սեղանների շուրջ: Օրվա ծանր տաղտուկներից ու հոգնությունից հետո, համեղ ու հանգիստ ճաշի վերջում ժամանցի զվարթ խոսակցությունները կամ անմեղ խաղերը յուրաքանչյուր մարդու արդար իրավունքն են, հատկապես նրանց, ովքեր հանգստի են գնացել ամառանոց: Սակայն մարդը պետք է առողջ դաստիարակության որոշ մակարդակի հասած լինի` որոնելու և գտնելու համար խաղեր ու խոսքեր, որոնք որքան զվարճացնող, գեթ նույնքան էլ անվնաս լինեն: Չխաթարված փոքրիկներն ու պատանիները, երբեմն էլ որոշ երիտասարդներ (եթե այդպիսիք կան) այս կետում ավելի իմաստուն են: Իսկ ավագները` այլևս հասուն մարդիկ, նստած խաղ են պահանջում: Եվ այս մարզում ամենից դյուրինը, ամենից հրապուրիչը և, հետևաբար, ամենից սատանայականը խաղաթուղթն է` իր անհատնում այլազանություններով և անսահման անակնկալներով, ու խաղաթղթի մյուս ընկերը` «նարդին»: Սրանք էլ եթե լոկ ժամանցի, «նյարդերը թուլացնելու» կամ առօրյա տաղտուկները վանելու համար լինեն, կարող են անմեղ նկատվել: Սակայն այս երկուսն էլ, մոլություն կազմող բոլոր տարրերն իրենց մեջ ունենալով (սիգարետի, գինու նման), գրեթե անկարելի է, որ երկար ժամանակ իրենց անմեղությունը պահեն` ինչպես Ադամը: Անշունչ այս խաղերն օրեցօր ավելի պահանջկոտ են դառնում դրանք գործածողների հանդեպ, և փոխարեն հլուհպատակ գործիք` հաճելի ժամանց դառնալու, մի օր էլ վերածվում են գործածողների բռնակալ տերերի: Անվնաս հաղթանակ տանելու հաճույքը այլասերվում և վերածվում է շահելու մոլուցքի, հանրածանոթ ժողովրդական բառով` «ղումարի», դրամով խաղալու սովորության: Ապա մարդիկ ձեռք են բերում երկար ժամերով, երբեմն ամբողջ գիշեր, սեղանների շուրջ նստելու վատ սովորությունը: Այդ ժամանակ խաղը վերածվում է հարյուր տոկոսով վատնումի ու վնասի: Նախ` ժամանակի վատնում, որը կարող էին առնվազն հանգստի հատկացնել, դրամի վատնում, որը կարող էին առնվազն իրենց գրպաններում պահել, առողջության վատնում, որը կարող էին առնվազն նույնությամբ պահել, և, վերջապես, մարդկային արժանապատվության վատնում, քանզի այդ թղթի կտորներին կամ մանրիկ ոսկորների վեցերես բեկորներին գերի լինել ու չկարողանալ ժամանակին խաղասեղանի մոտից վեր կենալ, նշանակում է իրեն զրկել կամքի զորությունից, որը մարդկային արժանապատվության ջիղն է:

Վատնելը վատ բան է, վատնելն անառակ և անկարգ մարդկանց գործն է: Դա մեծագույն չարիք է անհատի և ընկերության համար: Եվ եթե Ավետարանի Անառակը, սեփական դառը փորձառությունից ելնելով, մեզ ուղղելիք բարեկամական թելադրանք ունենար, ենթադրում ենք, որ դա հետևյալ բառերով պիտի լիներ. «Հնարավոր է, որ դուք իմ չափ չեք ապականված. երանի ձեզ: Հնարավոր է, որ մեղքերի մեջ իմ չափ չեք մխրճված. վա՛յ նրանց, ովքեր ընկղմված են այդ տիղմի մեջ: Շատ դժվար կլինի նրանց վերականգնումը, մանավանդ ձեր դարում, նրանց մեծագույն մասը անդառնալիորեն կկորչի: Խոստովանում եմ, որ մեծագույն ցավս, որ մինչև կյանքիս վերջ ինձ նեղեց, հորս հարստության վատնումն էր, որը թափված կաթի նման այլևս անկարելի էր ձեռք բերել, և ժամանակս, որն այլևս անվերադարձ կորած էր:

Հորս սերն ու ընտանեկան երջանկությունս ինձ պարգևեցին բարոյական, կրոնական և ընտանեկան արժեքների վերագյուտը և իմ երկրորդ կյանքը` տառացիորեն կորած, բայց վերագտնված, մեռած, բայց վերստին հարություն առած կյանքը: Իմ երկրորդ կյանքում ամբողջ սրտով ու կամքով ջանացի օգտակար լինել նախ տանս, որի ամենաանարժեք նկատված ունեցվածքի և իրի վրա գուրգուրացի, որ չլինի թե որևէ ձևով վատնվեն: Եվ ապա` գյուղիս, որին ի սպաս դրեցի իմ պարապ ժամերը` մասնակցելով նրա համայնքային բոլոր ձեռնարկումներին, ճիշտ այն ոգով և զվարթությամբ, ինչպես ժամանակին նրա հարսանեկան ու տոնական ուրախություններին էի մասնակցում: Եվ սա կրկնապատկեց ու ամրապնդեց իմ ընտանեկան երջանկությունը, որը դարձիցս հետո այլևս դրված էր ավելի իմաստուն ու ավելի հաստատ հիմքերի վրա»:

————————————————————
(24) Խոսքը «Մեղայ Ամենասուրբ Երրորդութեանն» բառերով սկսվող ընդհանրական խոստովանության աղոթքի մասին է:
(26) Բեկանել (գրաբ.)` ձեռքով կտրել, մասնատել, բրդել:
(31) Այժմ Ամերիկայում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Ամենայն Հայոց կաթողիկոսությանը ենթակա երկու թեմ կա` Արևելյան և Արևմտյան:
Հատկորոշիչներ՝ վատնում

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շարական անառակի կիրակիի

ՇԱՐԱԿԱՆ ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻԻ (Բ. պատկեր) Լոյս ի...

Ավագ անառակը

ԱՎԱԳ ԱՆԱՌԱԿԸ Չկամությունը և նախանձը մարդուն...

Դարձը

ԴԱՐՁԸ Ապաշխարանքը կորած դրախտը վերագտնելու...