Անտիոքիայի Մելիտոս հայրապետի, Մինաս Եգիպտացու և մյուս Մելիտոս եպիսկոպոսի, Բուրաս քահանայի և Շինու սարկավագի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Մելիտոս,

Սուրբ Մինաս Եգիպտացի,

Սուրբ Մինաս Եգիպտացու մասին Հայսմավուրքից,

Սուրբ Մելիտոս եպիսկոպոսը, Բուրաս քահանան և Շինու սարկավագը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 4. 7-15

Իսկ արդարը, եթէ ժամանակից շուտ էլ վախճանուի, հանգիստ կը գտնի։ Պատուաբեր ծերութիւնը ո՛չ երկարակեցութեամբ է չափւում եւ ո՛չ էլ ապրած տարիների թուով, այլ մարդու համար իմաստութի՛ւնն է նրա ալեհերութիւնը, եւ անարատ կեա՛նքն է նրա ծերութեան հասակը։ Կար մի արդար մարդ, որ հաճելի եղաւ Աստծուն, Աստուած սիրեց նրան, եւ նրան՝ իր կենդանութեան ժամանակ՝ մեղաւորների միջից փոխադրեց երկինք։ Նա յափշտակուեց, որպէսզի չարութիւնը չայլափոխի նրա իմաստութիւնը, կամ նենգութիւնը չխաբի նրա հոգին։ Անզգամութեան չար նախանձը շեղում է բարուց, եւ ցանկասիրութեան կիրքը խուճապի է մատնում անմեղների միտքը։ Այդ արդարը կատարելութեան հասաւ կարճ ժամանակում, եւ որովհետեւ նրա հոգին ցանկալի էր Տիրոջը, ուստի նա տագնապեց չարերի մէջ։ Իսկ մարդիկ տեսան դա եւ չհասկացան,ոչ էլ նոյնիսկ մտածեցին, թէ Աստծու արդարութիւնը իր սրբերի վրայ է, եւ նրա ձեռքն անպակաս է իր ընտրեալների վրայից։

Եսայի մարգարե, 12. 1-6

Այն օրը պիտի ասես. «Օրհներգում եմ քեզ, Տէ՜ր, որ բարկացար ինձ վրայ, բայց քո զայրոյթը հեռացրիր ինձնից եւ ողորմեցիր ինձ։ Ահա Աստուածն իմ եւ փրկիչ Տէրն իմ. ես յոյսս դրեցի նրա վրայ եւ երկիւղ չեմ կրելու, քանզի Տէրն իմ փառքն է ու իմ օրհնութիւնը, եւ փրկութիւն եղաւ ինձ համար»։ Ուրախութեան ջո՛ւր առէք փրկութեան աղբիւրներից։ Եւ այն օրը պիտի ասես. «Օրհներգեցէ՛ք Տիրոջը, հնչեցրէ՛ք նրա անունը, նրա փառքը տարածեցէ՛ք հեթանոսների մէջ, յիշեցէ՛ք, որ բարձր է նրա անունը։ Օրհնեցէ՛ք Տիրոջ անունը, քանզի նա մեծամեծ գործեր կատարեց, պատմեցէ՛ք այդ մասին արար աշխարհում։ Ցնծացէ՛ք եւ ուրա՛խ եղէք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայէլի սուրբը վեր բարձրացաւ նրա մէջ»։

Հովհաննես Առաքյալի առաջին ընդհանրական նամակ, 5. 1-6

Ամէն ոք, ով հաւատում է, թէ Յիսուսն է Քրիստոսը, Աստծուց է ծնուած. եւ ամէն ոք, ով սիրում է ծնունդ տուողին, սիրում է նաեւ նրանից ծնուածին։ Սրանո՛վ ենք ճանաչում, թէ սիրում ենք Աստծու Որդուն, երբ սիրենք Աստծուն եւ կատարենք նրա պատուիրանները. քանզի ա՛յս է Աստծու հանդէպ մեր սէրը. որ պահենք նրա պատուիրանները։ Եւ նրա պատուիրանները ծանր չեն, քանի որ ամէն ոք, որ Աստծուց է ծնուած, յաղթում է աշխարհին։ Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը։ Եւ ո՞վ է, որ յաղթում է աշխարհին, եթէ ոչ նա, ով հաւատում է, որ Յիսուսն է Աստծու Որդին։ Սա է, որ եկաւ ջրով, Հոգով եւ արեամբ՝ Յիսուս Քրիստոսը. ոչ միայն ջրով, այլեւ արեամբ եւ ջրով։

Ավետարան ըստ Ղուկասի, 9. 23-27

Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԳԿ. Սրբոցն Մելիտոսի Անտիոքայ հայրապետին, Մինասայ Եգիպտացւոյն, միւս Մելիտոսի եպիսկոպոսին, Բուրայ քահանային եւ Շինու սարկաւագին։

Օրհ. Մրտ. գկ. Այսօր հրեշտակաց: Հրց. Մրտ. գկ. Զինւորութիւնք: Մնկ. գկ. Ընդ զուարթունս։ Ժմտ. Զհայրապետականն։ Ճշ. շրկ. գձ. Զառաջնորդս։ Հմբ. գկ. Այսօր մարտիրոսաց։

, , , , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ