Վերջին շրջանում, երբ Լուսամուտում հրատարակում էինք
Ազգապատումից Ներսես Մեծի գահակալության շրջանի նյութերը, տեսնում էինք, որ
Ներսես Մեծ կաթողիկոսը շատ հաճախ է մասնակցել Հայոց թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքական խնդիրներին։ Օրինակ․ այն ժամանակ հունամետության կամ պարսկամետության խնդրում նա ընդգծված պաշտպանում էր հունամետ կողմնորոշումը։ Այսօր էլ այս խնդիրը կա, սակայն ռուսամետության և արևմտամետության տեսքով։
Ազգի համար ճակատագրական պահերին հռոմեական կայսրություն մեկնած Ներսես Մեծը Հայոց պատգամավորների ղեկավարն էր։ Հայոց պատգամավորներ էին Հովհան Օձնեցին, Ներսես Շնորհալին և այլոք։ Դարեր հետո Խրիմյան Հայրիկը արևմուտք կմեկներ, սակայն, ցավոք, «թղթե շերեփով»։ Գործառույթը կրկին քաղաքական էր։
Ներքաղաքական հարցերում՝ Արշակավանի կառուցման նախաձեռնության ժամանակ կաթողիկոսը պախարակեց արքային։
Եվ այսպես բազում օրինակներ։
Ինչպես որ այսօր հաճախ հաստավիզները բռի ուժով հաշվեհարդար են տեսնում ու փակում խոսող «հարիֆների» բերանները, այն ժամանակ էլ խոսելու համար մահակներով
սպանեցին Հուսիկ կաթողիկոսին,
Դանիել Ասորուն,
Գրիգորիսին։
Վերջին շրջանում էլ Խրիմյան Հայրիկը համարձակություն ունեցավ արհամարհելու և դեմ դուրս գալու ցարի որոշման դեմ։
Մեծ մարդիկ են ի վիճակի եղել դեմ դուրս գալ և խոսել ուժեղների դեմ։Վազգեն կաթողիկոսը իր գահակալության շրջանում անընդհատ հորդորում էր հոգևորականներին, որ չխառնվեն քաղաքականությանը, որպեզի չպառակտեն ժողովրդին։ Սովետմիության շրջանում քաղաքականությունից խոսելը կյանքի խնդիր էր հոգևորականների համար։ Այսպես, Վազգեն կաթողիկոսի թյուր կողմնորոշմամբ Եկեղեցին կորցրեց իր դերն ու դիրքը՝ մոռանալով իր պատմական անցյալից դասեր քաղելը։ Չէ՞ որ այն ժամանակ, երբ քրիստոնեությունը և քրիստոնյաները հալածվում էին ու նահատակվում, չէին վախենում խոսելուց, և այդ քաջությունն էր, որ հաղթանակ պարգևեց քրիստոնեությանը։
Լավ։ Սովետական վախի շրջանը անցել է։ Ժամանակն է, որ քաղաքական քննարկումներում, հասարակական հնչեղություն ունեցող հարցերի շուրջ եկեղեցականը կարողանա ցույց տալ մարդկանց Աստուծո կամքը, աստվածային, բայց ինչու չէ նաև հասարակական ճշմարտություն տանող ուղին, խոսի ո՛չ միայն կրոնական, այլև տարբեր երևույթների ճիշտ և սխալ կողմերի մասին, ո՛չ միայն պաշտպանվի տարբեր տեսակետներից, այլ հատկապես քննադատի որոշ երևույթներ, որ առկա են, որպեսզի մարդիկ տեսնեն, որ պայքարում է։
Հ․ գ․
Ժամանակը նույնիսկ անցել է, և ի պաշտոնե եկեղեցականությունը շատ հաճախ ժողովրդի առջև շարունակում է կորցնել իր դերն ու դիրքը։