ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Պողոս Առաքյալի նամակը Եփեսացիներին, 1. 15 – 2. 3
Ուստի ես էլ, երբ լսեցի ձեր հաւատի մասին, որ ունէք ի Տէր Յիսուս, եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, չեմ դադարում գոհութիւն յայտնել ձեզ համար՝ յիշելով ձեզ իմ աղօթքներում, որպէսզի մեր Տէր Յիսուս Քրիստոսի Աստուածը՝ Հայրը փառքի, ձեզ տայ իմաստութեան եւ յայտնութեան հոգի իրեն ճանաչելու համար։ Նա լուսաւոր պիտի դարձնի ձեր սրտի աչքերը, որպէսզի մենք հասկանանք, թէ ի՛նչ է նրա կոչման յոյսը, ի՛նչ է նրա ժառանգութեան փառքի մեծութիւնը սրբերի մէջ եւ ի՛նչ է նրա զօրութեան գերազանց մեծութիւնը։ Նա իր ամենակարող զօրութիւնը ցոյց տուեց Քրիստոսով, երբ նրան յարութիւն տուեց մեռելներից եւ նստեցրեց իր աջ կողմում, երկնքի մէջ՝ ամէն իշխանութեան, պետութեան, զօրութեան ու տէրութեան վրայ, այլեւ ամէն անուան վրայ, որ տրւում է ոչ միայն այս աշխարհում, այլ նաեւ հանդերձեալում։ Նա ամէն ինչ հնազանդեցրեց Յիսուսի ոտքերի տակ եւ նրան հաստատեց, իբրեւ գլուխ եկեղեցու, բոլոր բաների վրայ, եկեղեցի, որ նրա մարմինն է, լրումը նրա, ով ամէն ինչ լցնում է ամէն բանի մէջ։
Եւ դուք մեռած էիք ձեր մեղքերի ու յանցանքների մէջ, որոնցում մի ժամանակ ընթանում էիք ըստ այս աշխարհի սովորութեան՝ հնազանդուելով օդում տիրող իշխանի այն ոգուն, որ այժմ ներգործում է ապստամբող մարդկանց մէջ։ Նրանց թւում եւ մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնի կրքերով եւ կատարում մարմնի ու մտքի ցանկութիւնները. եւ իսկապէս Աստծու բարկութեան արժանի մարդիկ էինք ուրիշների նման։
Ավետարան ըստ Ղուկասի, 8. 22-25
Մի օր ինքը նաւակ նստեց իր աշակերտների հետ եւ նրանց ասաց. «Եկէ՛ք ծովակի միւս կողմն անցնենք»։ Եւ գնացին։ Մինչ նաւարկում էին, նա քուն մտաւ։ Եւ ծովակի վրայ քամու մի մրրիկ իջաւ. ծովը ուռչում էր, նաւակը ջրով լցնում. եւ նրանք տագնապի էին մատնուել։ Մօտեցան արթնացրին նրան եւ ասացին. «Վարդապե՛տ, Վարդապե՛տ, ահա կորչում ենք»։ Եւ նա վեր կենալով՝ սաստեց քամուն ու աղմկայոյզ կոհակներին, եւ նրանք հանդարտուեցին, եւ խաղաղութիւն տիրեց։ Եւ նրանց ասաց. «Ո՞ւր է ձեր հաւատը»։ Եւ նրանք սարսափած՝ զարմացան եւ ասում էին միմեանց. «Ո՞վ է արդեօք սա, որ հողմերին ու ջրերին անգամ հրաման է տալիս, եւ դրանք հնազանդւում են սրան»։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԱՁ. Պահք։
Օրհ. Ապշ. աձ. Հայր բազումողորմ: Հրց. Ապշ. դձ. Բ. Հարցն մերոց Աստուած, որ ի նեղութեան: Մնկ. աձ. Զառաւօտու զօրհներգութիւնս: Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Փառաբանութիւն։ Հմբ. աձ. Ինձ օգնութիւն և Համբարձի:
0 կարծիք