Ս. Ակիփսիմոս եպիսկոպոսի, Հովսեփ քահանայի, Այիթալա սարկավագի և Պլատոն վկայի հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Ակիփսիմոս եպիսոկոպոսը, Հովսեփ քահանան և Այիթալա սարկավագը։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առակներ, 8. 12-21

Ես՝ իմաստութիւնս, բնակուեցի խորագիտութեան մէջ, եւ միշտ ինձ հետ են խորհուրդն ու գիտութիւնը։ Տիրոջ հանդէպ զգացուած երկիւղն ատում է անիրաւութիւնը, թշնամանքն ու հպարտութիւնը եւ չարի ճանապարհը։ Իմն է խորհուրդը, իմն է զգուշութիւնը, իմն են հանճարը եւ զօրութիւնը։ Թագաւորներն ինձնով են թագաւորում, եւ հզօրները՝ օրինադրում արդարութիւնը։ Ինձնով են բարձրանում մեծամեծները, եւ տիրակալներն ինձնով են տիրում երկրին։ Ես սիրում եմ նրանց, ովքեր սիրում են ինձ, եւ ով փնտռում է ինձ, շնորհ կը գտնի։ Իմն են հարստութիւնն ու փառքը, կայուն ունեցուածքն ու արդարութիւնը։ Լաւ է ի՛նձ ունենալ, քան ոսկի եւ անգին քարեր, ունենալ ի՛մ արդիւնքը, քան ոսկի եւ ընտիր արծաթ։ Ես քայլում եմ արդարութեան ճանապարհներով եւ շրջում արդարութեան շաւիղներով, որ բարիք բաշխեմ իմ սիրելիներին եւ նրանց գանձարանները լցնեմ բարիքներով։ Սակայն որպէսզի ես ձեզ պատմեմ, թէ ինչ է լինելու ամէն օր, ապա պիտի յիշեցնեմ նաեւ, թէ ինչ է եղել յաւիտենութեան սկզբից։

Նավում, 2. 1-7

Ելաւ նա, ով փչում է քո դէմքին եւ քեզ փրկում նեղութիւնից. հսկի՛ր ճանապարհը, պնդացրո՛ւ մէջքդ, զօրացի՛ր մեծ ուժով, քանզի Տէրը վերադարձրեց Յակոբի հպարտութիւնը Իսրայէլի հպարտութեան նման, քանի որ բոլորովին թօթափեցին նրանց եւ նրա ճիւղերը ապականեցին։ Նրա զօրեղ մարդկանց զէնքը հզօր մարդիկ են, որոնք խաղում էին կրակի հետ. նրանց կառքերի սանձերը կը փայլեն պատերազմի նախօրեակին. հեծեալները իրար կ՚անցնեն ճանապարհներին եւ հրապարակներում կը խառնուեն իրար։ Նրանց տեսքը կրակէ լամպերի նման է, եւ նրանք փայլակի պէս այս ու այն կողմ են գնում։ Նրա մեծամեծները կը յիշեն եւ ցերեկը կը փախչեն, կը տկարանան իրենց ճանապարհներին, կը շտապեն դէպի պարիսպները եւ կը պատրաստեն իրենց առաջապահներին։ Քաղաքների դռները բացուեցին, արքունիքները կործանուեցին, եւ նրանց հարստութիւնը յայտնի դարձաւ։ Ինքը ելնում էր, նաժիշտները գալիս էին նրա առաջ եւ, ինչպէս աղաւնիներ, հառաչում էին իրենց սրտերում։

Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 5. 17-21

Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով. քանզի Սուրբ Գիրքն ասում է. «Կալ անող եզան դունչը մի՛ կապիր» եւ՝ «Մշակն արժանի է իր վարձին»։ Երէցի մասին ամբաստանութիւն մի՛ ընդունիր, բացի այն դէպքից, երբ դա երկու կամ երեք վկաներով լինի։ Իսկ մեղանչողներին յանդիմանի՛ր բոլորի առաջ, որպէսզի միւսներն էլ վախենան։ Պարտաւորեցնում եմ քեզ Աստծու եւ Յիսուս Քրիստոսի ու ընտրեալ հրեշտակների առաջ, որ այս բոլորը պահես առանց նախապաշարումի՝ աչառութեամբ ոչինչ չանելով։

Ավետարան ըստ Ղուկասի, 9. 23-27

Եւ ամենքին ասում էր. «Եթէ մէկը կամենում է իմ յետեւից գալ, թող ուրանայ իր անձը եւ իր խաչը մշտապէս վերցնի եւ գայ իմ յետեւից. որովհետեւ, ով որ կամենայ իր անձը փրկել, այն պիտի կորցնի, իսկ ով որ իր անձը ինձ համար կորցնի, այն պիտի փրկի։ Ի՞նչ օգուտ է մարդուն, եթէ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի ու տուժի. որովհետեւ, ով որ ինձ եւ իմ խօսքերը ամօթ կը համարի, նրան մարդու Որդին էլ ամօթահար պիտի անի, երբ գայ իր եւ Հօր եւ սուրբ հրեշտակների փառքով։ Բայց, արդարեւ, ասում եմ ձեզ, թէ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահ չպիտի ճաշակեն, մինչեւ որ չտեսնեն Աստծու արքայութիւնը»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴԿ. Սրբոցն Ակիփսիմեայ եպիսկոպոսին, Յովսեփայ քահանային, Այիթալայ սարկաւագին եւ Պղատոնի վկային։

Օրհ. Մրտ. դկ. Ի յիշատակս։ Հրց. Մրտ. գձ. Բ. Որ զանչափ: Մնկ. դկ. Որք եկեալ եմք։ Ժմտ. Ի տաճարի։ Ճշ. շրկ. դկ. Այսօր եկեղեցի։ Հմբ. դկ. Երրորդութեանն սիրօղ:

, , , , , , , , , , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ