Այսօր առաջարկում ենք ընթերցել.
«Երանի հեզերին» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից)։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Եսայի մարգարե, 22. 15-25
Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Դու գնա՛, մտի՛ր դիւան, Սոմնաս հանդերձապետի մօտ, եւ ասա՛ նրան. «Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է բերել քեզ այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մէջ քեզ համար օթեւան ես շինել»։ Ահաւասիկ Զօրութիւնների Տէրը դուրս պիտի հանի ու սպանի քեզ, ո՛վ մարդ, պիտի մերկացնի քեզ քո պատմուճանից եւ փառապսակից։ Քեզ պիտի նետի մեծ ու անսահման երկիրը, եւ այնտեղ դու պիտի մեռնես. քո շքեղ կառքերը անարգանքի առարկայ պիտի դարձնի, քո իշխանական տունը ոտնատակ պիտի տայ։ Քո դիրքից ու աստիճանից պիտի զրկուես։ Այն օրը պիտի կանչեմ իմ ծառայ Եղիակիմին՝ Քեղկիայի որդուն, նրան պիտի հագցնեմ քո պատմուճանը, պիտի տամ նրան քո պսակն իր ճոխութեամբ, քո հազարապետութիւնը նրա ձեռքը պիտի տամ, եւ թող նա հայր դառնայ Երուսաղէմի ու Յուդայի երկրի բնակիչների համար։ Դաւթի բանալիները պիտի տամ նրան. նա պիտի իշխի, եւ ոչ ոք չի կարողանալու նրան հակառակ կանգնել։ Նրան իշխան պիտի կարգեմ հաստատուն մի տեղ, եւ թող նա բազմի իր հօր տան փառքի աթոռին։ Թող նրան ապաւինեն իր հօր տան բոլոր պատուաւոր մարդիկ՝ փոքրից մինչեւ մեծը։ Բոլոր անօթները, մանր թէ մեծ, մինչեւ կարասները, նա պիտի բացի, եւ ոչ ոք չի կարողանալու փակել, պիտի փակի, եւ ոչ ոք չի կարողանալու բացել։ Այն ժամանակ ամէն ինչ կախուած է լինելու նրանից։ Այսպէս է ասում Զօրութիւնների Տէրը. «Աներեր մարդը պիտի շարժուի իր հաստատուն տեղից, պիտի ընկնի ու կործանուի, եւ նրա փառքը պիտի վերանայ նրանից», – քանզի Տէ՛րը խօսեց։
Պողոս Առաքյալի նամակը եփեսացիներին, 1. 1-14
Պօղոսը՝ Յիսուս Քրիստոսի առաքեալը Աստծու կամքով, Եփեսոսում եղած սրբերին եւ հաւատացեալներին ի Քրիստոս. շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Օրհնեալ է Աստուած եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հայրը, որ օրհնեց մեզ ի Քրիստոս ամենայն հոգեւոր օրհնութեամբ, երկնային աշխարհում. նա ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը, որպէսզի մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջ սիրով։ Նախասահմանեց մեզ որդեգրութեան Յիսուս Քրիստոսի միջոցով, ըստ իր կամքի հաճութեան։ Գովենք նրան այն փառքի համար, որով երջանկացրեց մեզ իր Սիրելիով։ Նրանո՛վ է, որ ունենք փրկութիւն, նրա արեան միջոցով՝ մեղքերի թողութիւն, ըստ իր շնորհի մեծութեան չափի, որ եւ առատացաւ մեր մէջ ամենայն իմաստութեամբ եւ գիտութեամբ։ Ճանաչեցրեց մեզ, ինչպէս հաճելի էր իրեն, իր կամքի խորհուրդները. նա դրանք նախապէս սահմանած էր Նրանով, որպէսզի, ժամանակների լրումին, ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրայ, ամէն ինչ Քրիստոսով բովանդակուի։ Նրանով է, որ ժառանգեցինք մեզ վիճակուած բաժինը, ըստ առաջադրութեան Աստծու, որ ամէն ինչ յաջողեցնում է իր կամքի խորհուրդների համաձայն. մենք՝ նախապէս Քրիստոսին յուսացողներս, նախասահմանուած եղանք գովելու նրա փառքը։ Նրանով է, որ դուք էլ լսեցիք ճշմարտութեան խօսքը՝ ձեր փրկութեան Աւետարանը, որին հաւատալով կնքուեցիք խոստացուած Սուրբ Հոգով, որ մեր ժառանգութեան առհաւատչեան է մինչեւ այն օրը, երբ կատարելապէս կը տիրանանք փրկութեանը՝ ի գովութիւն նրա փառքի։
Ավետարան ըստ Ղուկասի, 8. 17-21
Ծածուկ ոչինչ չկայ, որ չյայտնուի, ոչ էլ գաղտնի բան, որ չիմացուի եւ ի յայտ չգայ։ Այսուհետեւ զգո՛յշ եղէք, թէ ինչպէս էք դուք լսում. որովհետեւ ով որ ունի, նրան կը տրուի, իսկ ով որ չունի, եւ այն, ինչ որ նա կարծում է, թէ ունի, կը վերցուի նրանից» Նրա մօտ եկան իր մայրն ու եղբայրները եւ չէին կարողանում նրան մօտենալ բազմութեան պատճառով։ Իմաց տուին նրան եւ ասացին. «Քո մայրը եւ քո եղբայրները դրսում կանգնել են եւ ուզում են քեզ տեսնել»։ Եւ նրանց ասաց. «Իմ մայրը եւ եղբայրները սրանք են, որ Աստծու խօսքը լսում են եւ կատարում»։
ՏՈՆԱՑՈՒՅՑ
† ԳԿ. Ը. կիր. զկնի Ս. Խաչի։
Օրհ. գկ. Երգեցէք Տեառն։ Հրց. Յար. դկ. Ա. Որ զամենազօր։ Մեծ. դկ. Աստուածածին Մայր եւ Կոյս։ Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. գկ. Լուսով աստուածութեան։ Հմբ. գկ. Զքո յարութիւնդ:
0 կարծիք