Սուրբ Խաչի տոնին հաջորդող 10-րդ կիրակի

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

«Աստծու ներկայությունը» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից)։


 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 25. 9 – 26. 7

Ու այն օրը պիտի ասեն. «Ահա մեր Տէր Աստուածը, որի վրայ յոյս էինք դրել մենք, նա փրկեց մեզ, քանզի նա է Տէրը, որին սպասում էինք. եկէ՛ք ցնծանք եւ ուրախանանք մեր փրկութեամբ»։ Աստուած մեզ հանգիստ է պարգեւելու այս լեռներում, իսկ մովաբացին ոտքի կոխան պիտի լինի, ինչպէս որ օրանն է ճզմւում կամնասայլի տակ։ Տէրն իր ձեռքերը պիտի երկարի այնտեղեւ այդպէս նրան պիտի թշուառացնի ու կործանի, հողին պիտի հաւասարեցնի նրա հպարտութիւնը՝ նրա վրայ տարածելով իր ձեռքերը։ Քո բարձր պարիսպների ամրութիւնը պիտի խոնարհեցնի՝ գետնին հաւասարեցնելով այն։

Այն օրը Հրէաստան երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զօրաւոր քաղաքը եւ մեր փրկութիւնը, որ կանգնելու է ինչպէս պարիսպ ու պատուար։ Բացէ՛ք ձեր դռները. թող մտնի ժողովուրդը, որ յարգում է արդարութիւնը, պահպանում ճշմարտութիւնը, որ հոգում է ճշմարտութեան մասին եւ ապահովում խաղաղութիւնը։ Յոյսով ապաւինեցինք քեզ յաւիտենապէս, ո՛վ Տէր։ Դու, որ խոնարհեցրիր եւ ներքեւ իջեցրիր բարձունքների բնակիչներին, հզօր քաղաքներն ես կործանում եւ գետնին հաւասարեցնում դրանք։ Հեզ ու խոնարհ մարդիկ՝ կոխոտում,եւ աղքատները ոտքի տակ են տալիս դրանք»։ Բարեպաշտների ճանապարհներն ուղիղ են, հարթ ու դիւրին են աստուածապաշտների ճանապարհները։

Պողոս Առաքյալի նամակը Փիլիպեցիներին, 1. 1-11

Պօղոսը եւ Տիմոթէոսը՝ ծառաները Յիսուս Քրիստոսի, բոլոր սրբերին ի Քրիստոս Յիսուս, որ Փիլիպէի կողմերում են՝ եպիսկոպոսներով եւ սարկաւագներով հանդերձ։ Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Գոհութիւն եմ յայտնում իմ Աստծուն ամէն անգամ, երբ ձեզ յիշում եմ իմ բոլոր աղաչանքներում. ձեզ բոլորիդ համար աղօթում եմ խնդութեամբ՝ առաջին օրուանից մինչեւ այժմ Աւետարանին ձեր ունեցած մասնակցութեան համար։ Վստահ եմ այն բանում, թէ ով որ ձեր մէջ սկսեց բարի գործերը, աւարտին կը հասցնի մինչեւ Յիսուս Քրիստոսի օրը։ Ինչպէս որ ճշմարիտ է թւում ինձ այդպէս խորհել ձեր բոլորի մասին, քանի որ ես ձեզ ունեմ իմ սրտում, դուք, որ իմ կապանքների եւ Աւետարանի պաշտպանութեան ու հաստատման մէջ բոլորդ ինձ եղած շնորհին բաժնեկից եղաք։ Վկայ է ինձ Աստուած, թէ ինչպէ՜ս եմ կարօտել ձեզ բոլորիդ Քրիստոս Յիսուսի գորովով։ Եւ ահա այս աղօթքն եմ անում. թող ձեր սէրը աւելի եւ աւելի առատանայ գիտութեան եւ ամենայն իմաստութեան մէջ, որպէսզի դուք լաւն ընտրէք, հաստատուն մնաք եւ առանց գայթակղութեան լինէք Քրիստոսի օրուայ համար՝ լցուած արդարութեան պտուղներով, Յիսուս Քրիստոսի միջոցով, ի փառս եւ ի գովութիւն Աստծու։

Ավետարան ըստ Ղուկասի, 9. 44-50

Եւ ամէնքը զարմանում էին Աստծու մեծագործութիւնների վրայ։ Եւ մինչդեռ բոլորը զարմանում էին այն ամենի վրայ, որ նա կատարում էր, նա իր աշակերտներին ասաց. «Ձեր ականջների մէջ պահեցէ՛ք դուք այս խօսքերը. որ մարդու Որդին մատնուելու է մարդկանց ձեռքը»։ Սակայն նրանք չէին ըմբռնում այս խօսքը, եւ դա ծածկուած էր նրանցից, որ չիմանան. եւ վախենում էին այդ խօսքի մասին հարց տալ նրան։ Աշակերտների մէջ մի վէճ առաջ եկաւ, թէ արդեօք իրենցից ո՛վ է մեծ։ Երբ Յիսուս իմացաւ նրանց սրտի խորհուրդները, վերցրեց մի մանուկ, կանգնեցրեց նրանց մէջ իր մօտ եւ ասաց նրանց. «Ով որ այս մանկանը ընդունի իմ անունով, ինձ է ընդունում. իսկ ով որ ինձ ընդունի, ընդունում է ինձ ուղարկողին. որովհետեւ, ով որ ձեր մէջ փոքրագոյնն է, նա՛ է մեծ»։ Յովհաննէսը պատասխանեց եւ ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մէկին, որ քո անունով դեւեր էր հանում, եւ արգելեցինք նրան, որովհետեւ մեզ հետ չի շրջում»։ Յիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելէք նրան, որովհետեւ, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲԿ. Ժ. կիր. զկնի Ս. Խաչի։

Օրհ. բկ. Փարաւոն: Հրց. Յար. աձ. Որ եկիր ի փրկութիւն։ Ժմտ. Միածին Որդի։ Ճշ. շրկ. բկ. Օրհնութիւն ի բμարձունս։ Հմբ. բկ. Առաւօտեան (ցվերջն)։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ