Հիսնակաց պահքի Ա. օր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Պողոս Առաքյալի նամակը կողոսացիներին, 1. 1-12

Պօղոսը՝ առաքեալը Յիսուս Քրիստոսի՝ Աստծու կամքով, եւ Տիմոթէոս եղբայրը՝ Կողոսիայում եղող սրբերին եւ հաւատացեալ եղբայրներին ի Քրիստոս։ Շնո՜րհ ձեզ եւ խաղաղութի՜ւն մեր Հայր Աստծուց եւ Տէր Յիսուս Քրիստոսից։ Գոհութիւն ենք յայտնում Աստծուն եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօրը՝ միշտ ձեզ համար աղօթք անելով, լսելով ձեր հաւատի մասին ի Տէր Քրիստոս Յիսուս եւ սիրոյ մասին, որ ունէք բոլոր սրբերի հանդէպ, այն յոյսի համար, որ պահուած է ձեզ երկնքում։ Այդ յոյսի մասին նախապէս լսել էք Աւետարանի ճշմարտութեան խօսքով, որ հասաւ մինչեւ ձեզ. եւ թէ ինչպէս այն աճում ու պտղաբերում է ամբողջ աշխարհում, ինչպէս եւ ձեր մէջ, այն օրից, երբ լսեցիք ու ճշմարտութեամբ ճանաչեցիք Աստծու շնորհը եւ ինչպէս ուսանեցիք մեր սիրելի ծառայակից Եպափրասից, որը Յիսուսի հաւատարիմ ծառան է ձեզ համար եւ որը պատմեց մեզ այն սէրը՝ որ Հոգին տուեց ձեզ։ Դրա համար մենք էլ՝ այն օրուանից, երբ լսեցինք այդ, չենք դադարում ձեզ համար աղօթելուց եւ Աստծուն աղաչանքներ մատուցելուց, որպէսզի լցուէք նրա կամքի գիտութեամբ՝ ունենալով կատարեալ իմաստութիւն եւ հոգեւոր իմացութիւն՝ ապրելու համար Տիրոջն արժանի եւ ամէն ինչում նրան հաճելի ձեւով, բոլոր բարի գործերում պտղաբեր լինելու եւ Աստծու գիտութեամբ աճելու համար՝ զօրացած նրա ամբողջ ուժով, նրա փառքի զօրութեամբ, կատարեալ համբերութեամբ եւ յարատեւութեամբ։

Ավետարան ըստ Ղուկասի, 1. 14-23

Նա քեզ համար ուրախութիւն եւ ցնծութիւն կը լինի, եւ շատերը կ՚ուրախանան իր ծննդով, որովհետեւ նա Տիրոջ առաջ մեծ կը լինի, գինի եւ օղի չի խմի եւ մօր որովայնից սկսած Սուրբ Հոգով կը լցուի եւ Իսրայէլի որդիներից շատերին կը դարձնի դէպի իրենց Տէր Աստուածը։ Նա Եղիայի հոգով եւ զօրութեամբ պիտի գնայ նրա առաջից, որպէսզի հայրերի սրտերը որդիներին դարձնի ու անհնազանդներին՝ արդարների իմաստութեանը՝ Տիրոջ համար պատրաստ մի ժողովուրդ կազմելու»։ Եւ Զաքարիան ասաց հրեշտակին. «Ես ի՞նչ կերպ կ՚իմանամ այդ, քանի որ ես ծեր եմ, եւ կինս էլ առաջացած տարիքում է»։ Հրեշտակը նրան պատասխանեց եւ ասաց. «Ես Գաբրիէլն եմ, որ կանգնում եմ Աստծու առաջ. ես ուղարկուեցի խօսելու քեզ հետ եւ այդ բանը քեզ աւետելու։ Եւ ահա՛, դու համր կը լինես եւ չես կարողանայ խօսել մինչեւ այն օրը, երբ այդ կատարուի, քանի որ դու չհաւատացիր իմ խօսքերին, որ կ՚իրականան իրենց ժամանակին»։ Իսկ ժողովուրդը սպասում էր Զաքարիային. զարմանում էին, որ տաճարում նա ուշանում է։ Եւ երբ նա դուրս եկաւ, չէր կարողանում խօսել նրանց հետ։ Եւ նրանք իմացան, թէ տաճարում տեսիլք էր տեսել. եւ նա նշանացի էր խօսում նրանց հետ ու մնում էր պապանձուած։ Եւ երբ պաշտամունքի իր օրերը լրացան, գնաց իր տունը։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԲԿ. Ա. օր Յիսնակի պահոց:

, , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ