Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Վիրապի մեջ մտնելու հիշատակի տոնի առիթով,
Գովեստի խոսք՝ ուղղված սուրբ Գրիգոր Լուսավորչին (Վարդան Արևելցի),
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ,
Տ. Ս. ԳՐԻԳՈՐ Ա. ԼՈՒՍԱՒՈՐԻՉ (44-81) (Ազգապատումից),
Գրիգոր Լուսավորչի աջը,
Գրիգոր Ա Լուսավորիչ (303/305-326),
Մշակութային արժեքների ոչնչացում կամ հոգիների փրկություն։
ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Սողոմոնի իմաստությունը, 1. 16 – 2. 22
Իսկ ամբարիշտները ձեռքով ու խօսքով իրենց մօտ կանչեցին մահը, նրան իրենց բարեկամ համարեցին, հալումաշ եղան եւ դաշինք կնքեցին նրա հետ. եւ իսկապէս արժանի են բաժնեկից լինելու նրան:
Անուղղայ մարդիկ այսպէս խորհեցին իրենց սրտի մէջ՝ ասելով. «Մեր կեանքը կարճ է եւ ցաւերով լի. եւ երբ մարդ հասնի իր վախճանին, ոչ մի փրկութիւն չկայ, եւ չկայ մէկը, որ վերադարձած լինի մահուան գերեզմանից: Մենք պատահաբար ենք ծնուել եւ սրանից յետոյ էլ չեղածների պէս ենք լինելու, որովհետեւ մեր ռունգերի շունչը ծուխ է ասես, իսկ մեր խօսքը՝ կայծ, որ ծնուել է մեր սրտի տրոփից: Կայծի մարումով մարմինը մոխիր է դառնում, իսկ հոգին սփռւում է ինչպէս թոյլ օդ: Մեր անունը պիտի մոռացուի ժամանակի ընթացքում, եւ ոչ ոք չի յիշելու մեր գործերը: Եւ, ինչպէս ամպի հետք, պիտի անցնի մեր կեանքը եւ պիտի ցրուի շամանդաղի նման՝ արեգակի ճառագայթներից հալածուած ու քշուած նրա տապից: Արդարեւ, մեր կեանքը սահող ստուեր է, եւ ոչինչ չի կարող արգելել մարդուս վախճանը, քանզի երբ վախճանը կնքուի, այլեւս ոչ ոք չի կարող վերադարձնել: Արդ, եկէ՛ք վայելենք այն բարիքները, որ կան, եւ, ինչպէս մանկութեան օրերին, ըմբոշխնենք այն, ինչ ստեղծուած է: Եկէ՛ք յագենանք պէս-պէս գինիներով եւ անուշ իւղերով, եւ թող գարնան ծաղիկը չանցնի մեր կողքով: Կոկոն վարդերից պսակներ կրենք, քանի դրանք չեն թառամել: Թող մեծաշուք մեր այս ուրախութիւնից ոչ ոք ամենեւին անմասն չմնայ, ամէն տեղ ուրախութեան մի նշան թողնենք, որովհետեւ դա է մեր բաժինը, դա է մեզ վիճակուել: Եկէ՛ք անիրաւութեամբ բռնադատենք տնանկին, չխնայենք որբեւայրուն, չխորշենք ծերի բազմամեայ ալեհերութիւնից: Թող մեր ուժը դառնայ արդարութեան օրէնքը, որովհետեւ տկարութիւնը պիտանի չէ եւ ոչ մի բանի: Դարանակալ լինենք արդարին, որովհետեւ դժկամ է նա մեր հանդէպ եւ հակառակ մեր գործերին, նախատինք է տալիս մեզ՝ օրէնքների դէմ մեղանչելու համար, եւ պարսաւում է մեզ՝ մեր երիտասարդական մեղքերի համար: Նախ խոստովանում է, թէ աստուածգիտութիւն ունի, եւ իր անձը Տիրոջ որդի է անուանում: Մեր առջեւ՝ մեր խորհուրդների յանդիմանութիւնն է նա: Ծանր է մեզ համար նաեւ նրան տեսնելը, որովհետեւ նրա կեանքը նման չէ ուրիշների կեանքին, եւ այլազան են նրա վարքի շաւիղները: Նա մեզ գարշանք է համարում եւ խորշում է մեր ճանապարհներից, ինչպէս պղծութիւնից. երանի է տալիս արդարների վախճանին եւ հպարտանալով Աստծուն հայր է կոչում: Տեսնենք արդեօք ճշմարի՞տ են նրա խօսքերը եւ փորձենք իմանալ, թէ ի՛նչ է լինելու նրա վախճանը: Եթէ, արդարեւ, Աստծու որդի է, ապա թող Աստուած պաշտպանի եւ ազատի նրան հակառակորդների ձեռքից: Թշնամանքով եւ ծեծով խոշտանգենք նրան, որպէսզի տեսնենք նրա հեզութեան չափը եւ խելամուտ լինենք նրա համբերատարութեանը: Խայտառակ մահուան դատապարտենք նրան. արդեօք Աստուած օգնական կը լինի՞ նրան»: Այսպէս խորհեցին եւ խաբուեցին ամբարիշտները, որովհետեւ նրանց կուրացրել էր իրենց չարութիւնը: Չճանաչեցին Աստծու խորհուրդները եւ չակնկալեցին ո՛չ սրբութեան վարձը եւ ո՛չ էլ ընտրեցին անարատ հոգիների պատիւը:
Միքիա մարգարե, 7. 7-10
Սակայն ես Տիրոջը կը սպասեմ, կը սպասեմ իմ փրկիչ Աստծուն, եւ իմ Տէր Աստուածը կը լսի ինձ: Մի՛ ոտնահարիր ինձ, ո՛վ իմ թշնամի. թէ գլորուեցի, նորի՛ց կը կանգնեմ, քանի որ, եթէ խաւարում նստեմ, Տէրն է իմ լոյսը: Քանի որ մեղանչեցի Տիրոջ դէմ, համբերութեամբ կը տանեմ նրա բարկութիւնը, մինչեւ որ նա արդարացնի իմ դատաստանը, իրաւունք տայ ինձ, ինձ հանի դէպի լոյսը, եւ ես տեսնեմ նրա արդարութիւնը: Ինձ կը տեսնի իմ թշնամին, եւ ամօթը կը պատի նրան, որ ասում էր ինձ. «Ո՞ւր է քո Տէր Աստուածը»: Իմ աչքերը կը տեսնեն նրան: Արդ, նա ոտքի կոխան կը դառնայ, ինչպէս ճանապարհի կաւը:
Պողոս Առաքյալի նամակը փիլիպեցիներին, 1. 12-21
Ուզում եմ, որ գիտենաք, եղբայրնե՛ր, թէ ինչ որ ինձ պատահեց, աւելի շուտ Աւետարանի առաջընթացին ծառայեց. նոյնիսկ իմ կապանքները, որ Քրիստոսի համար են, յայտնի եղան պալատի ամբողջ անձնակազմին եւ միւս բոլոր տեղերում, ինչպէս նաեւ Տիրոջը միացած շատ եղբայրներին, որոնք, քաջալերուած իմ կապանքներով, առաւել եւս համարձակ գտնուեցին՝ առանց երկիւղի քարոզելու Աստծու խօսքը: Ոմանք՝ նախանձից եւ հակառակութիւնից դրդուած, իսկ ոմանք բարի մտադրութեամբ է, որ Քրիստոս են քարոզում. ոմանք էլ՝ սիրուց մղուած, քանզի գիտեն, որ կանգնած եմ Աւետարանի պաշտպանութեան համար. իսկ ոմանք Քրիստոսի մասին պատմում են հակառակութեան համար եւ ոչ թէ մաքուր սրտով, կարծելով, թէ նեղութիւններ են աւելացնում իմ կապանքների վրայ: Բայց ինչ փոյթ. ինչ ձեւով էլ լինի, թէ՛ միտումնաւոր եւ թէ՛ ճշմարտութեամբ, Քրիստոսն է քարոզւում. եւ սրա համար ուրախ եմ ես, այլեւ պիտի շարունակեմ ուրա խանալ. որովհետեւ գիտեմ, որ դա ծառայելու է իմ փրկութեանը՝ ձեր աղաչանքներով եւ Յիսուս Քրիստոսի Հոգու օգնութեամբ, ըստ իմ ակնկալութեան եւ յոյսի, որպէսզի ոչնչով ամօթով չմնամ, այլ լինեմ կատարելապէս համարձակ, եւ ինչպէս միշտ, նաեւ այժմ, մեծարուի Քրիստոս իմ մարմնի մէջ թէ՛ իմ ապրելով եւ թէ՛ մեռնելով. քանի որ ինձ համար կեանքը Քրիստոսն է, իսկ մեռնելը՝ շահ:
Ավետարան ըստ Մատթեոսի, 16. 24-28
Այն ժամանակ Յիսուս իր աշակերտներին ասաց. «Եթէ մէկը կամենում է հետեւել ինձ, թող ուրանայ իր անձը, վերցնի իր խաչը եւ գայ իմ յետեւից, որովհետեւ ով կամենայ իր անձը փրկել, այն կը կորցնի. եւ ով ինձ համար իր անձը կորցնի, կը գտնի այն: Ի՛նչ օգուտ կ՚ունենայ մարդ, եթէ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կործանի: Կամ՝ մարդ իր անձի փոխարէն ի՞նչ փրկանք պիտի տայ, քանի որ մարդու Որդին գալու է իր Հօր փառքով՝ իր հրեշտակների հետ միասին. եւ այն ժամանակ իւրաքանչիւրին կը հատուցի ըստ իր գործերի: Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այստեղ գտնուողների մէջ կան ոմանք, որոնք մահը չեն ճաշակի, մինչեւ որ չտեսնեն մարդու Որդուն՝ եկած իր արքայութեամբ»:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԼԴ. օր Մեծի Պահոց։ Տօն է Սրբոյն Գրիգորի Լուսաւորչին մերոյ սոսկալի չարչարանացն եւ մտին ի Վիրապն։
Ի տեղի Հանգստեան շարականի՝ Օրհ. Ապշ.։ Աւտրն., Մղթ. Հոգւոցն։ Օրհ. գկ. Այսօր զուարճացեալ։ Թագ. յաւիտ.՝ Այսօր դասք։ Հրց. դկ. Որ ի Հօրէ։ Մեծ. դկ. Նահապետացն։ Մնկ. գձ. Այսօր տօնէ եկեղեցի։ Զկնի Տէրն յետ ստեղծմանին երգ՝ Հաւատարիմ եւ իմաստուն (Ձայնքաղ շարական տպ. 1888, յերես 428)։ Ժմտ. Ցնծայ այսօր եւ Գրիգոր սուրբ քահանայապետ։ Ճշ. շրկ. գկ. Լերինք ամենայն։ Սրբ. Ամենակալ։
Ի պատարագին, յորժամ երգեսցեն զԼցաք ի բարութեանցն, ծածկեսցեն զՍեղանն եւ այլ եւս մի բացցեն մինչեւ ի Ծաղկազարդն։
Յերեկոյին՝ Լոյս զուարթ (ի թիւ ասել)։ Մեսդ. Ետուր երկիղածաց։ Ս. Աստուած, որ խաչեցար։ Հմբ. բձ. Որ զխորհուրդ։ Քրզ. Ս. Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։
0 կարծիք