Գինդ Սլկունու ճգնակեցությունն ու քարոզչական գործունեությունը

Վարուժան ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Մանկավարժ. գիտ. թեկնածու

 [divider]

ԳԻՆԴ ՍԼԿՈՒՆՈՒ ՃԳՆԱԿԵՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

Քրիստոնեությունը պետական կրոն հռչակելուց հետո Հայաստանում լարված պայքար էր ընթանում նոր հավատի ինքնահաստատման, հասարակության մեջ նրա բարոյական սկզբունքների արմատավորման ուղղությամբ, ինչպես նաև շրջակա երկրներում այն տարածելու, հետևաբար նաև քրիստոնեական հոգևոր-մշակութային միասնական տարածք ձևավորելու համար։ Այդ դժվարին խնդիրների լուծումը պահանջում էր լուրջ ջանքեր, եկեղեցական ամուր կառույց և նվիրյալ հոգևորականներ։ Գիտակցելով իրենց դերը քրիստոնեության հիմքերի ամրապնդման գործում՝ Հայ Եկեղեցու պաշտոնյաները մեծ նվիրումով լծվել էին քարոզչական գործունեությանը և հոգևոր ասպարեզի այլ կարևոր խնդիրների լուծմանը՝ թե՛ երկրի ներսում և թե՛ տարածաշրջանում։ Հոգևոր նվիրումի և բարոյական կատարելության համար նրանց ինքնազոհողությունը դրսևորվել է ամենատարբեր ձևերով, այդ թվում՝ անապատական կյանքին ու ճգնակեցությանն անձնատուր լինելով։

Քրիստոնեական իրականության մեջ, արդեն երրորդ դարում, անապատական շարժումը որոշակի տեսք էր ստացել։ Խույս տալով աշխարհից ու նրա գայթակղություններից՝ միայնակյացները «անապատների խաղաղ անդորրության մեջ նվիրվում էին խստակեցության»։

Առաջին հայ անապատականը Գրիգոր Լուսավորիչն էր։

Անապատական շարժումն այնուհետև ավելի մեծ թափ ստացավ, առաջացան միաբանություններ, որոնք ժամանակի ընթացքում դարձան եկեղեցական հաստատություններ՝ ամրապնդելով Հայ Եկեղեցու նվիրապետական կառույցը։ Այդ գործում մեծ էր Գինդ անապատականի դերը, որը Սլկունիների նախարարական տոհմից էր։ Վերջիններիս տոհմական կալվածքը Տարոն գավառն էր, սակայն Սղուկ նահապետի ապստամբությունից հետո Ողական ամրոցի հետ միասին այն անցավ Մամիկոնյաններին, իսկ Սլկունիներից շատերն էլ բնաջնջվեցին։

Գինդ Սլկունու գործունեության մասին վկայում են Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին։ Բուզանդը պատմում է, որ նա Տարոն գավառից էր և աշակերտել էր «Մեծ Դանիելին»։ Վերջինս եղել է Գր. Լուսավորչի սանը և նրա կողմից նշանակվել «վերակացու և գլխավոր՝ Տարոն նահանգի եկեղեցիների…. և այդ կողմի մեծ դատավորական իշխանության գործակալ»։ Դանիելը նաև «վերակացու, կարգադրիչ, տեսուչ և հոգաբարձու էր Մեծ Հայքի բոլոր եկեղեցիների…. Նա նույնիսկ Պարսկաստանի կողմերում՝ օտար վայրերում, քրիստոնեություն քարոզեց ու անթիվ մարդիկ մոլորությունից դարձրեց»։ Վաղ տարիքից աշակերտելով Դանիելին՝ Գինդը, բնականաբար, մասնակից դարձավ ուսուցչի ձեռնարկումներին, իմաստնացավ փորձառությամբ և քրիստոնեական հավատի նկատմամբ լցվեց անհուն սիրով ու նվիրումով։ Այս ամենով լավագույն նախադրյալներ ստեղծվեցին, որ Դանիելից հետո Գինդը փոխարինի նրան, իսկ այնուհետև իր գործուն մասնակցությամբ նպաստի Ներսես Մեծի եկեղեցական բարենորոգումներին։ Ինչպես հայտնի է, մեծանուն հայրապետը 4-րդ դարի կեսերին բարեկարգում էր Եկեղեցին, հիմնում բարեգործական հաստատություններ, ամրապնդում քրիստոնեական կարգերը։ Նրա համալիր քաղաքականության բաղկացուցիչ օղակներից էր անապատական շարժմանը կազմակերպական տեսք հաղորդելը։ Մ. Խորենացին գրում է, որ Ներսեսը «շինում է նաև անապատ և անմարդաբնակ տեղերում եղբայրանոցներ և մենաստաններ և մենակների (ճգնողների) համար խրճիթներ։ Սրանց վրա հայր և վերատեսուչ է նշանակում Շաղիտային, Եպիփանին և Գինդին Սլկունյաց ցեղից»։

Գինդ Սլկունու գործունեության մասին առավել հանգամանորեն պատմում է Փ. Բուզանդը՝ ասելով, որ նա իր ուսուցիչ Դանիելից հետո դարձել էր «աբեղաների գլխավոր, միայնակյացների վարդապետ և առաջնորդ, վանքերի վերակացու, բոլոր անապատականների ուսուցիչ և առհասարակ տեսուչ այն բոլոր մարդկանց, որոնք Աստծո սիրո համար հրաժարվել էին աշխարհից և բնակվում էին անապատներում՝ հաստատվելով քարայրներում, այրերում և երկրի քարածերպերում»։ Նրանք ասկետական կյանք էին վարում. շրջում էին ոտաբոբիկ, կերակրվում խոտեղեն սննդով, տառապում, չարչարվում, ենթարկվում ցրտի ու տոթի, քաղցի ու ծարավի, «իրենց անձերի մասին ամենևին չէին հոգում»։ Ահա այդ նվիրյալների ղեկավարն էր Գինդ անապատականը, որին Հայոց աշխարհում վարդապետ էին կոչում։ Ուներ բազմաթիվ հետևորդներ ու աշակերտներ, որոնք «նմանվում էին իրենց վարդապետին և նրա ձեռնասուններն էին»։ Պատմիչը նրանցից հիշում է Վաչակ, Արտույտ, Մարախ, Տրդատ անապատականներին, ինչպես նաև Գինդի ձեռնասուն աշակերտ «մանուկ Մուշեին», որին վարժեցնում էր ճգնակեցության՝ հաղորդակից դարձնելով «իր վարքին»։

Գինդն ու իր աշակերտները հասարկությունից մեկուսացած և աշխարհից անտեղյակ մարդիկ չէին։ Նրանց ճգնակեցությունը զուգակցվում էր մարդկանց կրթելու, ազնվացնելու և քրիստոնեավայել կանոններով ապրել սովորեցնելու ջանքերի հետ։ Ուստի շրջում էին տարբեր վայրերում, հիմնում անապատներ ու վանքեր՝ դրանք համալրելով միայնակյացներով։ Գինդը, գրում է պատմիչը. «Աշխարհում մարդկային կյանքի ուղիղ կարգեր էր սահմանում ըստ աստվածային կրոնի»։ Առաջնորդվելով մարդկանց բարիք պարգևելու ազնվագույն մղումով՝ նրանք «կատարում էին մեծամեծ հրաշքներ և շատ սքանչելիքներ, հիվանդներ էին բժշկում Հիսուս Քրիստոսի անունով»։

Գինդն իր աշակերտների հետ միասին շրջում էր նաև հարևան երկրներում, կատարում քարոզչի աստվածահաճո պարտականությունը՝ բազմաթիվ մարդկանց դարձնելով քրիստոնեական հավատին։ Փ. Բուզանդն այդ մասին գրում է. «Եվ շատ հեռավոր աշխարհներ էին շրջում, հեթանոսների գավառներում, ու շատ-շատերին դարձնում էին մոլորությունից, սովորեցնում էին նրանց (հոգևոր) կյանքի գիտությունը և ճշմարտության ճանապարհը»։

Անշուշտ, Գինդի ու նաև հայ ուրիշ հոգևորականների կողմից իրականացվող քարոզչությունը մասնավոր ձեռնարկում չէր, այլ նպատակային քաղաքականության դրսևորում, քանզի լինելով տարածաշրջանի ամենաազդեցիկ հոգևոր կառույցը՝ Հայոց Եկեղեցին, բնականաբար, իր վրա էր կրում այս կողմերում քրիստոնեության տարածման և նոր հավատի հոգևոր-բարոյական արժեքներին ավելի մեծ թվով մարդկանց հաղորդակից դարձնելու քաղաքակրթիչ դերը։

Հետագա ժամանակներում Գինդը քաշվում է Եփրատի ակունքների շրջանը, բնակվում Գր. Լուսավորչի նախկին կացարանում, որը Փ. Բուզանդն անվանում է «Ոսկիք», և շարունակում այստեղից ղեկավարել շարժումը։ «Սուրբ Մուշեն,- գրում է պատմիչը,- շարունակ նրա մոտ էր լինում, իսկ մյուսները շրջում էին այլ գավառներում իրենց գլխավորի՝ Գինդի հրամանով»։

Այսպիսով, 4-րդ դարի կեսերին անապատական շարժումը, որը դարձել էր ժամանակի հասարակական, հոգևոր կյանքի ուշագրավ երևույթներից, ասպարեզ բերեց բազմաթիվ գործիչների, որոնց ջանքերով լուրջ քայլեր կատարվեցին քրիստոնեությունը Հայաստանում ամրապնդելու, ինչպես նաև հարևան երկրներում տարածելու գործում։

[hr]
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ գինդ, հոգևոր, քրիստոնեական

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

ՍՈՒՐՄԱԿ ԵՒ ԲՐՔԻՇՈՅ (213)

Այդ կացութեան ներքեւ Սուրմակ եւ ոչ իսկ իր...

ՍԱՀԱԿԻ ԱՔՍՈՐԸ (212)

Երբոր Սուրմակ եւ նախարարները Տիզբոն հասնելով...

ՍԱՀԱԿԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆԸ (211)

Այս եղելութիւնները կը կատարուէին 427-է 428...