Գրիգոր եպիսկոպոսը Գերմանիայում

 

Վարուժան ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Մանկավարժ. գիտ. թեկնածու

 ————————————————

Միջին դարերում բազմաթիվ հայ հոգևորականներ ուխտագնացության, քարոզչության, ճամփորդելու և զանազան այլ պատճառներով այցելել են եվրոպական երկրներ։ Նրանցից ոմանց ներկայությունն այդ հեռավոր երկրներում անհետք չի մնացել, քանզի պատմական աղբյուրներում պահպանվել են հիշատակություններ, որոնք վկայում են օտարության մեջ հայ կրոնավորների ծավալած գործունեության մասին։ Նման մի տեղեկություն արձանագրված է Բավարիայի Պասսաու քաղաքի ժամանակագրության մեջ, ուր ասվում է, որ 1093 թվականի սեպտեմբերի 23-ին այդտեղ վախճանվել է Գրիգոր անունով մի հայ եպիսկոպոս և թաղվել մոտակայքում գտնվող Նիդեռնբուրգ վանական համալիրի Սբ. Խաչ եկեղեցում։ Այդ անձնավորության շուրջ ժամանակին ստեղծվել է մի ավանդություն, որի համաձայն՝ նրա թաղման օրը՝ կեսօրին մոտ, տեղի է ունեցել արևի խավարում։

Ո՞վ էր այդ եպիսկոպոսը և ինչո՞ւ էր արժանացել գերմանական աղբյուրներում հիշատակվելու պատվին։ Մինչև վերջին տասնամյակները նրա մասին պատմագիտությանը հայտնի էին միայն վերը հիշատակված տեղեկությունները, որոնց առանձնապես մեծ ուշադրություն չի դարձվել։ Սակայն 1978-1980 թվականներին Սբ. Խաչ եկեղեցում գերմանացի հնագետների պեղումների ապշեցուցիչ արդյունքները առիթ տվեցին պատմաբաններին խորհելու Գրիգոր եպիսկոպոսի անձի, գործունեության շուրջ։ Եկեղեցին կառուցվել է 11-րդ դարի սկզբներին՝ Գիզելա մայրապետի օրոք, որը եղել է Գերմանիայի թագավոր Հենրիխ Բ-ի քույրը և Հունգարիայի Իշտվան Ա թագավորի այրին։ Մեր օրերում, երբ այնտեղ սկսեցին կատարել վերանորոգման աշխատանքներ, հայտնաբերվեցին մի քանի գերեզմաններ։ Հուշարձանների պահպանության պետական գրասենյակի պատասխանատու դոկտոր Ռեյնր Կրիստլայնի տեղեկության համաձայն՝ դրանցից ամենախոշորը, որն անմիջապես գտնվում էր մայր խորանի առջև, եղել է հայազգի Գրիգոր եպիսկոպոսի դամբարանը։ Հանգուցյալը թաղված է եղել հոգևորականի հագուստով, գլուխը՝ դեպի արևելք։ Նրա կրծքին դրված էր բրոնզե խաչ՝ Քրիստոսի պատկերով։ Դամբարանում գտնվել են նաև գոտու ճարմանդ և կապարե տախտակ՝ լատիներեն արձանագրությամբ։ Գիրը վատ է պահպանվել, սակայն հաջողվել է ընթերցել որոշ բառեր, որից պարզվում է, որ հանգուցյալը եղել է հայ, շատ է տառապել ու իր «հայրենակիցների» հետ ապաստանել է Պասսաու քաղաքում։

Հայտնագործությունը հետաքրքրեց նաև մարդաբաններին ու աստղագետներին։ Մյունխենի մարդաբանական ինստիտուտի մասնագետների անցկացրած հետազոտությունը ցույց տվեց, որ Գրիգոր եպիսկոպոսը եղել է բարձրահասակ, ամուր կազմվածքով անձնավորություն և վախճանվել երիտասարդ հասակում՝ 40 տարեկանում։ Էլ ավելի ուշագրավ էր հանգուցյալի թաղման օրը արևի խավարման մասին ավանդության ուսումնասիրության արդյունքը։ Աստղագիտական հաշվումներով պարզվեց, որ իրոք 1093 թվականի սեպտեմբերի 23-ին՝ մոտավորապես ժամը 11-ին, Բավարիայում դիտվել է արևի խավարում։

Միշտ չէ, որ աղբյուրներում վաղ անցյալին վերաբերող հիշատակությունները դարեր հետո հաստատվում են առարկայական անառարկելի փաստերով։ Դամբարանի հայտնագործումը այդ եզակի դեպքերից էր, որը ոչ միայն ցրեց թերահավատների կասկածները, այլև անհերքելիորեն ապացուցեց, որ աղբյուրներում Գրիգոր եպիսկոպոսի մասին ասվածը պատմական ճշմարտություն է, և որ նա այն բազմաթիվ հայ հոգևորականներից մեկն էր, ովքեր միջին դարերում առնչվել են եվրոպական իրականության հետ։

Սակայն անհայտ են մնում Եվրոպա այցելելու իրական պատճառները։ Նկատի ունենալով 11-րդ դարի երկրորդ կեսի Հայաստանի քաղաքական իրավիճակը, արձանագրության մեջ՝ օտար երկրներում ապաստան գտնելու մասին ակնարկը, և մանավանդ Բավարիայի Պասսաու քաղաքում հայտնվելու փաստը՝ կարծիք է հայտնվել, որ Գրիգոր եպիսկոպոսը և իր մյուս «հայրենակիցները» Գերմանիա էին եկել հատուկ նպատակով՝ «խաչակրության նախապատրաստական ժողովներուն մասնակցելու համար»։ Իրոք, հատկապես 1071 թվականի Մանազկերտի բախտորոշ ճակատամարտից հետո սելջուկ-թուրքերի կողմից քրիստոնյա աշխարհին սպառնացող վտանգն ավելի իրական կերպարանք էր ստացել, հետևաբար, հասունացել էր միասնական ուժերով արհավիրքին դիմագրավելու գիտակցումը։ Հիշենք, որ այդ սպառնալիքների մասին դեռևս տասնամյակներ առաջ զգուշացնում էր Անտիոքի հայոց եպիսկոպոս Մակարը, որը շրջելով եվրոպական երկրներում, այդ թվում և Գերմանիայում, համաքրիստոնեական համերաշխության կոչ էր հղում Արևմուտքին։ Պետք է ենթադրել, որ Գրիգոր եպիսկոպոսը նույնպես այդ գաղափարի կողմնակիցներից ու եվրոպացիներին պայքարի կոչողներից էր։ Հարկադրված լինելով հեռանալ հայրենիքից՝ նա և իր համախոհները՝ իբրև ականատեսներ, տեղացիներին ներկայացնում էին Արևելքում տիրող իրական վիճակը, զգուշացնում սելջուկներից սպասվող վտանգի մասին։ Այդ ամենը դրական արձագանք էր գտնում հակասություններով լեցուն և միաժամանակ հարստությունների ծարավ արևմտյան հասարակության մեջ, ուստի Գրիգորը և բազմաթիվ ուրիշ քարոզիչներ մեծարվել են, նույնիսկ սրբացվել՝ իբրև քրիստոնեության ջերմեռանդ պաշտպաններ։ Պասսաու քաղաքի ընտրությունն էլ պատահական չէր, քանզի այդ քաղաքը խաչակրության կենտրոններից էր։ Հայտնի է, որ Խաչակրաց երրորդ արշավանքի գլխավոր ղեկավարներից մեկը՝ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 1-ին Բարբարոսը, և իր «խաչակիր ընկերները», սուրբ Երկիր մեկնելուց առաջ, Պասսաուի «մայր տաճարին մեջ… ստացան կրոնական վերջին օրհնությունը»։

Գրիգոր եպիսկոպոսին ճանաչում բերող մյուս կարևոր գործոնը հավանաբար նրա սրբակրոն վարքն էր, որը Կլյունի հայտնի ժողովից հետո մեծապես գնահատվում էր Եվրոպայում, քանզի փորձ էր արվում բարենորոգել Կաթոլիկ Եկեղեցին։ Նաև դրանով է բացատրվում այն իրողությունը, որ հայազգի հոգևորականի անունը տեղ է գտել գերմանական աղբյուրներում, նրա շուրջ ստեղծվել է ավանդություն, իսկ մահվանից հետո թաղվել Սբ. Խաչ եկեղեցում։ Ուշագրավ է այն փաստը, որ Գրիգորի թաղումը կատարվել է հատուկ պատիվներով, քանզի եկեղեցում եղած մյուս գերեզմաններում, ի տարբերություն հայ եպիսկոպոսի գերեզմանի, արձանագրություններ և խորհրդանշական այլ իրեր չեն հայտնաբերվել։

Այդ ամենին ավելանում է թաղման օրը տեղի ունեցած արևի խավարումը։ Թեպետ այսօր արդեն հայտնի է, որ այն ընդամենը զուգադիպություն էր, այնուհանդերձ, կրոնական առումով նման զուգադիպությունները պատահական չեն լինում։

Այսպիսով, օրինակը մեկ անգամ ևս վկայում է, որ միջին դարերում հայ հոգևորականությունը լայն շփումներ է ունեցել քրիստոնյա աշխարհի հետ և դրական դեր կատարել համաքրիստոնեական համերաշխության զարգացման գործում։

————————————————
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

 

Հատկորոշիչներ՝ Գերմանիա, Գրիգոր, եպիսկոպոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

ՍՈՒՐՄԱԿ ԵՒ ԲՐՔԻՇՈՅ (213)

Այդ կացութեան ներքեւ Սուրմակ եւ ոչ իսկ իր...

ՍԱՀԱԿԻ ԱՔՍՈՐԸ (212)

Երբոր Սուրմակ եւ նախարարները Տիզբոն հասնելով...

ՍԱՀԱԿԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆԸ (211)

Այս եղելութիւնները կը կատարուէին 427-է 428...