Սուրբ Ծննդյան տոնի Գ. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.
Տնօրհնեք,
Մկրտության Խորհուրդը:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ավետարան ըստ Մատթեոսի, 3. 1 – 4. 11

Այն օրերին Յովհաննէս Մկրտիչը գալիս է քարոզելու Հրէաստանի անապատում եւ ասում. «Ապաշխարեցէ՛ք, որովհետեւ երկնքի արքայութիւնը մօտեցել է»։ Սա՛ է այն մարդը, որի մասին Եսայի մարգարէի բերանով ասուեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցէ՛ք Տիրոջ ճանապարհը եւ հարթեցէ՛ք նրա շաւիղները»։ Եւ ինքը՝ Յովհաննէսը, ուղտի մազից զգեստ ունէր եւ կաշուէ գօտի՝ իր մէջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր։ Այն ժամանակ նրա մօտ էին գնում բոլոր երուսաղէմացիները, ամբողջ Հրէաստանն ու Յորդանանի շրջակայքի ժողովուրդը, մկրտւում էին նրանից Յորդանան գետում եւ խոստովանում էին իրենց մեղքերը։ Եւ նա տեսնելով սադուկեցիներից եւ փարիսեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտութեանը, ասաց նրանց. «Իժերի՛ ծնունդներ, ո՞վ ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկութիւնից։ Այսուհետեւ ապաշխարութեան արժանի գործեր կատարեցէ՛ք. եւ մի՛ յաւակնէք ասել դուք ձեզ, թէ՝ Աբրահամը մեր հայրն է. ասում եմ ձեզ, որ Աստուած կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել, որովհետեւ կացինն ահա ծառերի արմատին է դրուած։ Ամէն ծառ, որ բարի պտուղ չի տայ, կտրւում եւ կրակն է գցւում։ Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարութեան համար, բայց ով գալիս է ինձնից յետոյ, ինձնից աւելի հզօր է, եւ ես արժանի չեմ հանելու նրա կօշիկները. նա կը մկրտի ձեզ Սուրբ Հոգով եւ հրով. նա, որի քամհարը իր ձեռքում է, եւ կը մաքրի իր կալը, ցորենը կը հաւաքի իր շտեմարանում եւ յարդը կ՚այրի անշէջ կրակով»։ Այն ժամանակ Յիսուս Գալիլիայից Յորդանան եկաւ, Յովհաննէսի մօտ՝ նրանից մկրտուելու։ Իսկ Յովհաննէսն ընդդիմացաւ նրան ու ասաց. «Ի՛նձ պէտք է, որ քեզնից մկրտուեմ, եւ դու ի՞նձ մօտ ես գալիս»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Թո՛յլ տուր հիմա, որովհետեւ այսպէս վայել է, որ մենք կատարենք Աստծու ամէն արդարութիւն»։ Եւ ապա նրան թոյլ տուեց։ Եւ երբ Յիսուս մկրտուեց, իսկոյն ջրից դուրս ելաւ. եւ ահա երկինքը բացուեց նրան, եւ նա տեսաւ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպէս աղաւնի եւ գալիս էր իր վրայ։ Եւ ահա՝ մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա՛ է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճութիւնը»։

Դրանից յետոյ Յիսուս անապատ տարուեց Հոգուց՝ սատանայից փորձուելու։ Եւ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ Եւ փորձիչը՝ սատանան, մօտենալով նրան՝ ասաց. «Եթէ Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն»։ Նա պատասխանեց եւ ասաց. «Գրուած է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»։ Ապա սատանան նրան տարաւ սուրբ քաղաքը եւ կանգնեցրեց նրան տաճարի աշտարակի վրայ ու ասաց նրան. «Եթէ Աստծու Որդին ես, քեզ այստեղից ցա՛ծ գցիր, որովհետեւ գրուած է՝ իր հրեշտակներին պատուիրուած է քո մասին, եւ ձեռքերի վրայ պիտի վերցնեն քեզ, որպէսզի երբեք քո ոտքը քարին չխփես»։ Յիսուս դարձեալ նրան ասաց. «Գրուած է՝ քո Տէր Աստծուն պիտի չփորձես»։ Սատանան նորից նրան առաւ տարաւ մի շատ բարձր լերան վրայ եւ ցոյց տուեց նրան աշխարհի բոլոր թագաւորութիւններն ու դրանց փառքը եւ նրան ասաց. «Այս բոլորը քեզ կը տամ, եթէ գետին ընկնելով ինձ պաշտես»։ Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Ետե՛ւս գնա, սատանա՛, որովհետեւ գրուած է՝ պիտի երկրպագես քո Տէր Աստծո՛ւն եւ միայն նրա՛ն պիտի պաշտես»։ Ապա սատանան նրան թողեց. եւ ահա հրեշտակներ մօտեցան ու ծառայում էին նրան։

Պողոս Առաքյալի նամակը եբրայեցիներին, 1. 1-12

Աստուած բազմապիսի ձեւերով եւ այլազան օրինակներով նախապէս խօսեց մեր հայրերի հետ մարգարէների միջոցով. այս վերջին օրերին մեզ հետ խօսեց իր Որդու միջոցով, որին ժառանգ նշանակեց ամէն ինչի, եւ որի միջոցով ստեղծեց տիեզերքը: Նա, որ լոյսն է նրա փառքի եւ բուն պատկերը նրա էութեան, որ իր խօսքի զօրութեամբ հաստատ է պահում տիեզերքը: Նա մեր մեղքերի մաքրումը կատարելուց յետոյ, նստեց Աստծու մեծութեան աջ կողմում՝ բարձունքներում: Նա այնչափ գերազանց եղաւ հրեշտակներից, որ նրանցից շատ աւելի անուն ժառանգեց: Արդարեւ, հրեշտակներից որի՞ն երբեւէ ասաց. Դու ես իմ որդին, ես այսօր ծնեցի քեզ: Եւ դարձեալ. Ես նրան հայր կը լինեմ, իսկ նա ինձ որդի կը լինի: Եւ դարձեալ, երբ անդրանկին աշխարհ է մտցնում, ասում է. Թող երկրպագեն նրան Աստծու բոլոր հրեշտակները: Իսկ հրեշտակների մասին էլ ասում է. Նա իր հրեշտակներին հոգիներ դարձրեց եւ իր ծառաներին՝ կրակի բոց: Իսկ Որդու մասին ասում է. Աստուա՛ծ, քո աթոռը յաւիտեանս յաւիտենից է. քո արքայութեան գաւազանը՝ ուղղութեան գաւազան: Դու սիրեցիր արդարութիւնը եւ ատեցիր անօրէնութիւնը. դրա համար, Աստուա՛ծ, քո Աստուածը քեզ օծեց ուրախութեան իւղով՝ աւելի քան քո ընկերներին: Նաեւ՝ Դո՛ւ, Տէ՛ր, սկզբից երկիրը հիմնեցիր, եւ քո ձեռքերի գործն են երկինքները: Նրանք կորստեան պիտի մատնուեն, բայց դու կաս եւ մնում ես: Բոլորը պիտի մաշուեն որպէս ձորձեր եւ որպէս վերարկու. պիտի ոլորես դրանք հագուստի պէս. եւ նրանք պիտի ոլորուեն: Բայց դու միշտ նոյնն ես, եւ քո տարիները չեն պակասելու:

Ավետարան ըստ Մատթեոսի, 2. 13-23

Եւ երազի մէջ Աստծուց հրաման առնելով չվերադառնալ Հերովդէսի մօտ, այլ ճանապարհով գնացին իրենց երկիրը։ Եւ երբ նրանք այնտեղից գնացին, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին ու ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանը եւ նրա մօրը ու փախի՛ր Եգիպտոս. եւ այնտեղ մնա՛ մինչեւ որ քեզ ասեմ. քանի որ Հերովդէսը փնտռում է այդ մանկանը կորստեան մատնելու համար»։ Եւ նա վեր կացաւ, առաւ մանկանն ու նրա մօրը, գիշերով, եւ գնաց Եգիպտոս ու այնտեղ մնաց մինչեւ Հերովդէսի մահը, որպէսզի կատարուի մարգարէի բերանով Տիրոջ կողմից ասուածը, թէ՝ Եգիպտոսի՛ց պիտի կանչեմ իմ Որդուն։ Այն ժամանակ, երբ Հերովդէսը տեսաւ, որ մոգերից խաբուեց, սաստիկ բարկացաւ եւ մարդ ուղարկեց ու կոտորեց այն բոլոր մանուկներին, որ Բեթղեհէմում եւ նրա սահմաններում էին գտնւում եւ երկու տարեկան ու դրանից ցած էին՝ ըստ այն ժամանակի, որն ստուգել էր մոգերից։ Այն ժամանակ կատարուեց Երեմիա մարգարէի բերանով ասուածը, թէ՝ Ռամայում մի ձայն գուժեց. ողբ ու լաց ու սաստիկ կոծ. Ռաքէլը լալիս էր իր զաւակների վրայ եւ չէր ուզում մխիթարուել, քանի որ նրանք այլեւս չկային։ Երբ Հերովդէսը վախճանուեց, ահա Տիրոջ հրեշտակը երազի մէջ երեւաց Յովսէփին Եգիպտոսում եւ ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ այդ մանկանն ու իր մօրը եւ վերադարձի՛ր Իսրայէլի երկիրը, որովհետեւ մեռան նրանք, որ այդ մանկան մահն էին ուզում»։ Եւ Յովսէփը վեր կացաւ, առաւ մանկանն ու մօրը եւ եկաւ Իսրայէլի երկիրը։ Իսկ երբ լսեց, թէ Արքեղայոսը թագաւորել է Հրէաստանի վրայ իր հօր՝ Հերովդէսի փոխարէն, վախեցաւ այնտեղ գնալ. եւ երազի մէջ հրաման առնելով՝ գնաց Գալիլիայի կողմերը եւ եկաւ բնակուեց Նազարէթ կոչուող քաղաքում, որպէսզի կատարուի մարգարէների խօսքը, թէ՝ Նազովրեցի պիտի կոչուի։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Գ. օր Ծննդեան։ 0րհ. գկ. Էակից Հօր, իւր սարօքն։ Ժմտ. Աստուածածին անհարսնացեալ։ Ճշ. շրկ. գձ. Անսկըզբնական։ Հմբ. գձ. Այսօր Գաբրիէլ։ Նախատօնակ։ Հարցի շրկ. դկ. Որ ի ծոցոյ Հօր։ Ս. զԱստ., Կեցո, Ընկալ Տէր։

(Անփոփոխ)։

, , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ