Հայաստանի առաքյալները

ԲԱԲԿԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

ԹԱԴԵՈՍ ԵՎ ԲԱՐԹՈՂԻՄԵՈՍ ԱՌԱՔՅԱԼՆԵՐԻ

ՔԱՐՈԶՉՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՆԱՀԱՏԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Հայ մեծ երախտավոր Մովսես Խորենացու օգտագործած աշխատությունների հեղինակների ընդարձակ ցանկում հանդիպում է Ափշադար դպրի որդի Ղեբուբնայի (իմա՛ Լաբուբնայի) անունը: Պատմահոր հաղորդման համաձայն՝ սա ազգությամբ ասորի էր և հայոց Աբգար թագավորի դիվանադպիրը, որը գրի էր առել Աբգար և Սանատրուկ թագավորների օրոք տեղի ունեցած իրադարձություններն ու անցքերը և դրել Եդեսիայի դիվանում: Պատմիչը հավաստում է, որ դեռևս հինգերորդ դարում Լաբուբնայի գործը պահպանվել էր Եդեսիայի դիվանում: Սակայն հիշյալ ասորի հեղինակը, բացառությամբ Խորենացու, չի հիշատակվում ո՛չ հայ և ո՛չ էլ օտարազգի հեղինակների կողմից՝ ժամանակին պատճառ դառնալով, որ որոշ ուսումնասիրողներ մեկ անգամ ևս կասկածի տակ առնեն հայոց պատմահոր երկի արժանահավատությունը: Սակայն XIX դարի 60-ական թվականներին Սբ. Էջմիածնի «Ճառընտիր»-ներից մեկում հայտնաբերվեց մի փոքրիկ աշխատանք, որը կրում էր «Թուղթ Աբգարու թագավորին Եդեսեայ քաղաքի, որ թարգմանի յԱսորի լեզու Ուռհայ, որդւոյ Մանովայ»: Նշված ձեռագիրը մեկ անգամ ևս ցույց տվեց Մովսես Խորենացու՝ որպես պատմիչի, բարեխղճությունը, ինչպես նաև աներկբայելի դարձրեց Լաբուբնա պատմիչի և արքունի դպիրի գոյության փաստը:

Լաբուբնայի գրվածքի համաձայն՝ Հունաց, այսինքն՝ Սելևկյան տոմարի 343 և մեր թվականության 32 թվականին, երբ Ասորվոց Միջագետքում թագավորում էր Մանովայի որդի Աբգարը, նա 32 տարի թագավորելուց հետո՝ տրե ամսի 12-ին, արքունի գործերով իր թագավորության գլխավորներից և պատվականներից Ռաբիհաբին (իմա՛ Մարիհաբ, ինչպես երևում է հետագա շարադրանքից) և Շամշագրամին, ինչպես նաև հավատարիմ (վասալ) Անանին նամակներով ուղարկում է Ելևթրոպոլիս քաղաքը (ասորերեն՝ Բեթքուբրի)՝ Տիբերիոս կայսեր հազարապետ և Ասորիքի, Փյունիկիայի ու Պաղեստինի կառավարիչ Սաբինոս Եվստորգիոսի մոտ: Վերջինս նրանց ընդունում է խնդությամբ և մեծ պատիվներով ու համապատասխան նամակներով ետ ճամփում: Աբգարի բանագնացները գալիս են Երուսաղեմ, այստեղ տեսնում Քրիստոսին ու մեծապես ուրախանում՝ իրենց ուղեկիցների հետ միասին: Նրանք միաժամանակ ականատես են լինում այն բանին, թե ինչպես հրեաները կամենում էին վնասել Նրան, իսկ բազմությունը հետևում էր Քրիստոսին և հավատում Նրա վարդապետությանը: Այն ամենը, ինչ թագավորի բանագնացները տեսնում են Քրիստոսի գործունեության հետ կապված, Անանը գրի է առնում, որից հետո պատվիրակությունը վերադառնում է Ուռհա քաղաք, ներկայանում թագավորին և նրան մատուցում թղթի պատճենը՝ պատմելով Երուսաղեմում Քրիստոսի կատարած գործերի մասին:

Լսելով իր բանագնացներին՝ Աբգարը մեծապես զարմանում է և ասում իր իշխանավորներին. «Այս զօրութիւնք ոչ են մարդկան, այլ Աստուծոյ. քանզի չիք ոք ի մարդկանէ, որ կարէ յարուցանել զմեռեալս, բայց միայն Աստուած»: Նա կամենում է անձամբ գնալ Պաղեստին և սեփական աչքերով տեսնել Քրիստոսին ու Նրա հրաշագործությունները, սակայն, քանի որ իր իշխանության ներքո չէր այդ երկիրը, և նրա գալուստը կարող էր թշնամության պատճառ լինել, հրաժարվում է իր ուղևորությունից և Անանի ձեռքով նամակ է ուղարկում Քրիստոսին: Անանն արեգ ամսի 14-ին Ուռհայից մեկնում է և Երուսաղեմ է ժամանում ահեկի ամսի 12-ին՝ չորեքշաբթի օրը: Նա գտնում է Քրիստոսին հրեից քահանայապետ Գամաղիելի տանը և Նրան ընթերցում Աբգարի նամակը, որով նա հայտնում էր, թե ինքը, լսելով Հիսուսի հրաշագործությունները, բուժումները, հավատում է, որ Նա Աստված է և Աստծո որդի՝ երկնքից իջած երկիր: Միաժամանակ Աբգարն աղերսանքով խնդրում էր, որ Քրիստոսը գա Ուռհա՝ բուժելու նրան ցավերից և հիվանդությունից: Իմանալով նաև, որ հրեաները տրտնջում են Նրանից ու հալածում, կամենում են Նրան ոչնչացնել՝ առաջարկում էր գալ իր փոքրիկ և վայելուչ քաղաքը, որտեղ նրանք կարող էին միասին խաղաղությամբ բնակվել:

Հիսուս Քրիստոսն ընդունում է նամակը և ասում Անանին, որ նա տեղյակ պահի Աբգարին, թե՝ «Երանի է քեզ, զի հաւատացէր յիս մինչև տեսեալ քո զիս. զի այսպէս գրեալ է վասն իմ, զի որք տեսանեն զիս, ոչ հաւատան, և որք ոչ տեսանեն, հաւատասցեն»: Քրիստոսը միաժամանակ հայտնում է, որ համբարձվելուց հետո Նա Իր աշակերտներից մեկին կուղարկի թագավորին բուժելու, ինչպես նաև նոր վարդապետությունը քարոզելու, որով և «քաղաքդ քո օրհնեալ լիցի, և թշնամի մի՛ տիրեսցէ դմա յաւիտեան»: Լսելով Հիսուսի պատասխանը՝ Անանը նկարում է Նրա պատկերն ընտիր բուսաներկերով և բերում Աբգարին, որն այն դնում է իր ապարանքի սեփական սենյակում: Շատ չանցած՝ Քրիստոսը խաչվում է, համբարձվում երկինք՝ Հոր մոտ, և տասներկու առաքյալներից Թումասը (Թովմասը) յոթանասուներկու առաքյալներից Ադդեին (իմա՛ Թադեոսին) ուղարկում է Աբգարի մոտ: Վերջինս, ժամանելով Ուռհա, գալիս է հրեա Տուբիայի տուն, որը ծագումով Պաղեստինացվոց աշխարհից էր: Շատ շուտով ամբողջ քաղաքը տեղեկանում է նրա գալստյան մասին: Թագավորին այդ լուրը հաղորդում է Աբդեի որդի նախարար Աբդիուն: Աբգար արքան, լսելով նրա բժշկության մասին, հավատում է, որ նա Հիսուսի ուղարկած աշակերտն է: Ուստի իր մոտ կանչելով Տուբիային՝ առաջարկում է նրան պալատ բերել՝ իրեն բուժելու ցավերից և հիվանդությունից: Տուբիան թագավորին է ներկայանում առաքյալի հետ մեկտեղ, որը գիտեր, որ Աստծու զորությամբ կարող է թագավորի կամքը կատարել: Առաքյալի պալատ մուտք գործելիս տեսիլք է երևում Աբգարին, և նա անմիջապես երկրպագում է նրան՝ զարմանք պատճառելով իր շրջապատին, որին տրված չէր տեսնելու այդ տեսիլքը: Թագավորի այն հարցին, թե Ադդեն Հիսուսի ուղարկած աշակերտն է, առաքյալը դրական պատասխան է տալիս և ասում, որ եթե նա հավատա Քրիստոսին ամբողջ սրտով, նրա ամեն մի խնդրանքը կիրականանա: Իր հերթին Աբգարն էլ հայտնում է, թե ինքն այնպես է հավատացել Քրիստոսին, որ կամենում էր զորքով գնալ և պատժել Նրան խաչող հրեաներին, սակայն ետ է կանգնել իր մտքից Հռոմեական կայսրության պատճառով, որովհետև խաղաղության ուխտ կար ինչպես իր և Տիբերիոս կայսեր, այնպես էլ իրենց հայրերի միջև:

Քրիստոսին հավատացած Աբգար թագավորին բուժում է առաքյալը: Վերջինս իր հրաշագործությունները շարունակում է ամբողջ քաղաքում՝ բուժելով հիվանդներին և քարոզելով Աստծո խոսքը: Թագավորը հրամայում է Ադդե առաքյալին արծաթ, ոսկի և բազում պարգևներ տալ, որից նա հրաժարվում է՝ ասելով. «Զիարդ կարասցուք առնուլ զոր ինչ ոչ է մեր, զի ահա որ ինչ մերն էր՝ թողաք ըստ պատուիրանին Տեառն. զի առանց քսակի և առանց մախաղի բարձեալ զխաչ ի վերայ ուսոց մերոց հրամայեաց մեզ քարոզել զաւետարանն իւր ընդ ամենայն տիեզերս, այն որ ամենայն արարածք իմացան և չարչարեցան ի խաչելութեան նորա, որ եղև փոխանակ մեր ի փրկութիւն ամենայն մարդկան»: Առաքյալը Քրիստոսի կատարած սքանչելիքների մասին Աբգարին պատմում է բոլոր իշխանների ու նախարարների, թագավորի մայր Ավգուստինիայի, կնոջ՝ Միհրդատի դուստր Շղամաթեի ներկայությամբ, նաև՝ թե ինչպես, Նրա զորությամբ, ինքը բուժել է Աբգարին, թագավորության երկրորդ Աբդեի որդի Աբդիուին և այլն:

Առաքյալի քարոզի ազդեցությամբ ոչ միայն Աբգարը, որ արդեն ընդունել էր նոր հավատը, այլև նրա կին Շղամաթեն, Փոկրը, Աբեդ-Շեմը, Շամշագրամը, Աբդիուն, Ազին, Բարքազաբան և շատ ուրիշներ հավատում են Քրիստոսին: Դրանից հետո թագավորը կարգադրում է Աբդեի որդի Աբդիուին, որի ոտքն առաքյալը բուժել էր դաժան ցավից, քարոզի կանչել քաղաքի ողջ ժողովրդին՝ կանանց և տղամարդկանց, Բեթբարա կոչված տեղը՝ Աբդեխեի որդի Ավիդեայի տան մոտակայքում, որպեսզի լսեն նոր վարդապետության քարոզը: Մեծ բազմություն է հավաքվում, որոնց մեջ էին նաև Ավիդան և Ղաբբուն, Խափեսը և Բարքազաբան, Ղուբուբնան, Խոսրովը և Շամշագրամը՝ իրենց մեծամեծ ընկերներով և նախարարներով, ամբողջ զորքը, արհեստավորությունը, հրեաներ և հեթանոսներ՝ քաղաքից, և օտարներ՝ այլ աշխարհներից, մծբնացիներ և խասունացիներ՝ Միջագետքի տարբեր տարածքների բնակիչների հետ: Ադդեի քարոզի ազդեցությամբ հավաքվածների մեծ մասն ընդունում է նոր կրոնը, և սակավներն են, որ լքում են հավաքատեղին: Սակայն վերջիններիս մի մասն էլ, շատ չանցած, հավատում է Քրիստոսին: Քրիստոսին երկրպագում են Աբգար արքան, նրա որդի Մայանուն, մայրը՝ Ավգոստինեն, և թագուհի Շղամաթեն (Շղամաթը): Աբգարն առաքյալին իրավունք է տալիս ժողովրդի համար եկեղեցիներ կառուցելու, որտեղ որ նա կամենա, քարոզել ամենուրեք, իսկ ովքեր կկամենային դառնալ Ավետարանի քարոզիչներ և ուսուցիչներ, արժանանալու էին արքայական պարգևների: Թագավորը խոստանում էր հոգալ եկեղեցու հոգսերը, կարգադրում էր, որ առաքյալի խոսքը տիրի և իշխի քաղաքում: Առաքյալը կարող էր արքունիք մուտք գործել առանց նվիրակի:

Ադդեն եկեղեցի է կառուցում, որտեղ պատարագ է տրվում իշխանավորների և քաղաքի բնակչության համար: Քաղաքի Շավիդա և Աբեթնաբու գլխավոր քրմապետերը՝ իրենց ընկերներ Պերոզի և Դանկովի հետ, հավատում են Քրիստոսին և մկրտվում առաքյալի կողմից: Նոր կրոնն ընդունում են անգամ կտավավաճառ հրեաները: Ըստ որում՝ այս ամենը կատարվում էր կամովի՝ առանց բռնությունների: Նոր վարդապետությունը, ըստ Լաբուբնայի, տարածվում է ամբողջ Միջագետքում, իսկ թագավորի կերպասագործ և խույրաքանդակ Ադդեն, Փղոտը, Բարշղաման, Բարսեմիան իրենց ընկերներով հարում են Ադդե առաքյալին, որն էլ նրանց հոգևոր հովիվներ է կարգում: Եկեղեցիներ են կառուցվում քաղաքի շրջակայքում, և շատերն Ադդեից քահանայական ձեռնադրություն են ընդունում: Նոր հավատը տարածվում է նաև Ասորեստանում (իմա՛ Ադիաբենե), որի Ներսեհ թագավորը խնդրում է Աբգարին, որ Ադդեին իր մոտ ուղարկի՝ նրան տեսնելու և լսելու համար կամ էլ տեղյակ պահի, թե ինչ է արել նա Ուռհայում: Ասորեստանի Ներսեհ թագավորը, տեղեկանալով Աբգարից առաքյալի կատարածների մասին, մեծ ցանկություն է ունենում Ադդեին տեսնելու:

Աբգար թագավորը, չկարողանալով գնալ Պաղեստին՝ պատժելու Քրիստոսին խաչած հրեաներին, նամակ է ուղարկում Տիբերիոս կայսերը, որ նա պատժի հրեաներին՝ իրենց արածի համար: Դրան ի պատասխան՝ կայսրը հայտնում է, որ դրա մասին իրեն տեղյակ է պահել նաև եպարքոս Բղանոսը, բայց ապստամբ իսպանացիների պատճառով չի կարողացել Քրիստոսի վրեժը լուծել: Սակայն խոստանում է մի հարմար ժամանակ հրեաներին պատժել՝ օրենքը խախտելու համար: Կայսեր նամակն Աբգարին բերեց Արտեդիաս դեսպանը, որը մեծամեծ պատիվներով ընդունվեց նրա կողմից: Վերադառնալով Ուռհայից՝ նա գալիս է Նութիկոնթա, որտեղ գտնվում էր կայսեր երկրորդ Կլոդիոսը (Կլավդիոսը): Այստեղից նրանք գնում են Արատիկե, որտեղ գտնվում էր Տիբերիոս կայսրը, և Արտեդիասը (տեքստում՝ Արիստիդես) կայսրին տեղեկացնում է Ադդեի կատարածների մասին: Կայսրը պատերազմի ավարտից հետո կարգադրում է սպանել Քրիստոսի խաչելության մեջ դեր խաղացած շատ հրեաների, որը մեծ ուրախություն է պատճառում Աբգարին:

Կարգադրելով գործերն Ասորվոց Միջագետքում՝ Ադդե առաքյալը գնում է Արևելից կողմերը՝ Ասորեստան՝ ուսուցանելու և քարոզելու նոր վարդապետությունը, կառուցելու եկեղեցիներ այդ շրջաններում: Նա եպիսկոպոս է կարգում կերպասագործ Ադդեին, երեց՝ Փղոտին, և սարկավագ՝ Աբրշղամային: Հավաքված նախարարների ներկայությամբ, որոնց մեջ էին քաղաքի գլխավորներ Ձատեի որդի Բարքազաբան, Բարշամշայի որդի Մարիհաբը, Պատիկի որդի Անական և շատ ուրիշներ, Ադդե առաքյալը նրանց խորհուրդներ է տալիս, հորդորում ամուր մնալ Քրիստոսի հավատին՝ շարունակելով ծանոթացնել նոր վարդապետությանը: Իմանալով, որ առաքյալը պատրաստվում է իրենց քաղաքը թողնել, բոլորը տրտմում են և վշտանում, իսկ Աբգար թագավորը կարգադրում է նրան բազում կարասի տանել: Սակայն Ադդեն, այդ տեսնելով, Աբգարին լուր է ուղարկում՝ ասելով. «Եթէ ոչ ի գալստեան իմում առի ինչ ի քէն, և ոչ առնեմ յիս սուտ զպատուէրն Քրիստոսի, որ ասացն ցմեզ, թէ մի առնուցուք ինչ յումեքէ, և մի ստանայք ինչ յաշխարհիս յայսմիկ»: Առաքյալը ևս երեք օր շարունակում է քարոզը և այնուհետև ուղևորվում Արևելից կողմեր: Նրան ճանապարհում են մեծ թվով մարդիկ մարերի ամսի 14-ին՝ հինգաշբթի օրը: Նրա հեռանալը մեծ վիշտ է պատճառում ոչ միայն քրիստոնյաներին, այլև հեթանոսներին ու հրեաներին: Իսկ ամենից շատ տրտմության մեջ էր Աբգար արքան: Պատմիչի խոսքերով՝ Աբգարը հրաժարվում է անգամ թագավորության պատվից:

Ադդե առաքյալի գնալուց հետո տեղում առաջնորդ, հրամանատար և ժառանգորդ է մնում Ադդե եպիսկոպոսը, որին հնազանդվում են ամբողջ Միջագետքը և Արևելից կողմերը: Ուռհան մի տեսակ մայրաքաղաք է դառնում Արևելից կողմերի համար, քանի որ այնտեղ քարոզվել էր Քրիստոսի Ավետարանը, և առաջինը շինվել էր քրիստոնեական եկեղեցի, և Արևելից կողմերի եպիսկոպոսները ձեռնադրվում էին այնտեղ ու ենթարկվում Ադդե առաքյալին:

Որոշ տարիներ անց մահացավ Աբգար թագավորը, և իշխանության գլուխ եկավ նրա որդիներից մեկը՝ մի չար և անօրեն անձնավորություն, Ավետարանի քարոզչության հակառակորդ, որի անունն ինչ-ինչ պատճառներով պատմիչը չի հիշատակում: Նա Ադդե եպիսկոպոսից պահանջում է իր համար ոսկեղեն խույր պատրաստել, ինչպես արել էր իր նախնիների համար: Ադդեն հրաժարվում է, որից կատաղած գահակալը կարգադրում է ջարդել եպիսկոպոսի սրունքները հենց եկեղեցում, երբ նա Աստծու խոսքն էր բացատրում ժողովրդին: Մահանալուց առաջ նա երդվեցնում է Փղոտին և Աբշղամին, որ իրեն թաղեն եկեղեցում, որտեղ նա մահացել է ճշմարտության համար: Վերջիններս նրան հողին են հանձնում եկեղեցու ներսում՝ միջին դռնից այն կողմ: Ադդեի, փաստորեն, սպանությունը մեծ վիշտ է պատճառում բոլորին. «Եղև սուգ և տրտմութիւն յորժամ վախճանեցաւ բարիօք վկայութեամբ Ադդէ առաքեալ վարդապետն նորա ի ձեռաց ամբարշտաց ի կողմանս արևելից»: Եվ քանի որ Ադդե եպիսկոպոսը, ոտները ջարդվելուց հետո՝ շատ չանցած, մահացավ և չկարողացավ ձեռնադրել Փղոտին, վերջինս ձեռնադրություն ընդունեց Անտիոքի Սրապիոն եպիսկոպոսի կողմից, որին ձեռնադրել էր Հռոմ քաղաքի եպիսկոպոս Զեփրիանոսը, որն էլ իր հերթին քահանայությունը ստացել էր Սիմոն վեմից: Սիմոնը ձեռնադրվել էր Քրիստոսից և 25 տարի եպիսկոպոսել Հռոմում Տիբերիոս կայսեր օրերում: Իսկ այս ամենն Ուռհա քաղաքում գրի է առնում Ղաբուբնան, որն Անակի որդին էր՝ թագավորի դպիր Աբդաշարադի թոռը:

Մենք բավական մանրամասնորեն մատուցեցինք Լաբուբնայի գրվածքի բովանդակությունը, որպեսզի պարզ դառնա, որ «Ճառընտիր»-ում պահպանված թարգմանությունը, բացառությամբ խորագրի, որևէ ձևով չի հիշատակում Աբգարի Հայոց թագավոր լինելը, և Ադդեի գործունեությունը, փաստորեն, ավարտվում է Ասորեստանում կատարած քարոզչությամբ: Լաբուբնայի հիշյալ գրվածքը նույնապատում ձևով տեղ է գտել նաև Եվսեբիոս Կեսարացու աշխատության մեջ, սակայն միանգամայն այլ լույսով է ներկայանում պատմահայր Մովսես Խորենացու «Պատմութիւն Հայոց»-ում: Նախ և առաջ Աբգար թագավորը ներկայանում է որպես Հայոց արքա, իսկ Հիսուսին՝ Երուսաղեմ մուտք գործելու ժամանակ այցի եկած պատվիրակները՝ հայ իշխաններ: Երեք հեղինակներն էլ միասնական են այն հարցում, որ Հիսուսը, չկարողանալով Եդեսիա գալ, խոստանում է Աբգար արքայի մոտ ուղարկել Իր աշակերտներից մեկին, որը պետք է նրան բուժեր և միաժամանակ ճշմարիտ հավատը քարոզեր: Սակայն արդեն վերջին տեղեկության մեջ նկատվում է անհամապատասխանություն Լաբուբնայի և մյուս հեղինակների միջև: Ասորի հեղինակի համաձայն՝ Հիսուսի պատասխանը եղել է բանավոր, սակայն Եվսեբիոսը և Մովսես Խորենացին հավաստում են Հիսուսի՝ Աբգար թագավորին ուղարկած նամակի գոյությունը: Ավանդական այս պատմությունը, որին մենք դեռ կանդրադառնանք, մեր առջև հարուցում է մի շարք կնճռոտ խնդիրներ: Ինչպես ժամանակին նշել է երջանկահիշատակ Մաղաքիա Օրմանյանը, Լաբուբնայի պատմությունը ստուգության նշաններից զուրկ է, իսկ Աբգարի Հայոց թագավոր լինելը կարծես թե չի հաստատվում օտար աղբյուրներով և ժամանակակից պատմագիտական ուսումնասիրություններով:

Լաբուբնա դպիրի հաղորդած պատմությունը, որը վերը մենք ներկայացրինք, պատմահոր մոտ ստացել է Լաբուբնային անհայտ շարունակություն: Մովսես Խորենացին հայտնում է, որ Քրիստոսի խաչվելուց ու հարություն առնելուց հետո Թովմասը յոթանասուն (Լաբուբնայի մոտ՝ յոթանասուներկու) առաքյալներից Թադեոսին ուղարկում է Եդեսիա՝ Աբգար թագավորին բուժելու: Սա գալիս է Բագրատունյաց ազգից հրեա իշխան Տուբիայի տուն, և շուտով նրա համբավը տարածվում է ամենուր: Աբգար թագավորը նրան հրավիրում է արքունիք: Երբ Թադեոս առաքյալը մտնում է Աբգարի մոտ, տեսիլք է երևում Աբգարին, և նա խոնարհվում է առաքյալի առաջ ու երկրպագում նրան: Թագավորին շրջապատողները, որոնց ի վերուստ տրված չէր տեսիլքը դիտելու շնորհը, թագավորի վարմունքից խիստ զարմանում են: Աբգարը հետաքրքրվում է եկվորից, թե նա իրո՞ք Հիսուսի աշակերտն է և թե կարո՞ղ է իրեն բուժել, որին ի պատասխան՝ առաքյալը թագավորին համոզում է, որ եթե նա հավատա Քրիստոսին, ապա կբուժվի: Թադեոսը բուժում է ոչ միայն թագավորին, այլև շատ շատերի, որի շնորհիվ հավատացյալների թիվը խիստ աճում է, իսկ կռապաշտական տաճարների դռները՝ փակվում: Առաքյալն Ադդե անունով մի մետաքսագործի ձեռնադրում է և թողնում Եդեսիայում, իսկ ինքն ուղևորվում է Աբգարի քեռորդի Սանատրուկի մոտ: Պատմիչի խոսքերով՝ Աբգար թագավորն անգամ նամակ է գրում Տիբերիոս կայսերը՝ խնդրելով նպաստել քրիստոնեության տարածմանը, սակայն վերջինս պատասխանում է, որ դրա իրավունքն ունի սինկլիտոսը, որն էլ սակայն մերժում է այն: Այսուհանդերձ, համաձայն Մովսես Խորենացու երկի, Տիբերիոսը հրաման է տալիս, որ ցանկացողները կարող են հավատալ նոր վարդապետությանը՝ խոստանալով իսպանական պատերազմից հետո հարցը քննարկել և արժանին հատուցել նրանց: Աբգար թագավորն իր հերթին թուղթ է ուղարկում Տիբերիոսին և նամակներ առաքում Ասորեստանի թագավոր մանկահասակ Ներսեսին ու պարսից Արտաշես թագավորին, սակայն մինչ պատասխանները ստանալը՝ վախճանվում է՝ 38 տարի թագավորելուց հետո:

Պատմիչի մեկ այլ տեղեկությունից պարզվում է, որ Աբգարի մահից հետո Հայոց թագավորությունը բաժանվում է երկուսի, որի արդյունքում Աբգարի անանուն որդին թագավորում է Օսրոյենե-Եդեսիայում, իսկ քեռորդի Սանատրուկը՝ Հայքում, այսինքն՝ Մեծ Հայքի թագավորությունում: Հենց Սանատրուկի օրոք էլ Թադեոս առաքյալը գալիս է Հայաստան, և վերջինիս քարոզի ազդեցությամբ թագավորն ընդունում է նոր հավատը: Սակայն վախենալով իր նախարարների վրեժխնդրությունից՝ ետ է կանգնում քրիստոնեությունից և սպանել տալիս թե՛ առաքյալին և թե՛ նրա հետ եկածներին՝ Շավարշան գավառում, որը միջնադարում առավել հայտնի էր Արտազ անունով: Համաձայն ավանդական պատմության՝ քարը պատռվում է և ընդունում նահատակ առաքյալի դիակը: Իսկ նրա աշակերտներին թաղում են դաշտում: Մարտիրոսանում է նաև Սանատրուկի դուստր երանելի Սանդուխտ կույսը, որը հավատացել էր Քրիստոսին և ոչ մի կերպ չէր համաձայնվում թողնել քրիստոնեությունը: Պատմվում է նաև այն մասին, թե ինչպես է առաքյալի Ադդե աշակերտը զոհ դառնում Աբգարի որդուն: Վերջինս Ադդեից պահանջում է բեհեզից և ոսկուց խույր պատրաստել, որին ի պատասխան՝ նա հայտարարում է, թե իր ձեռքերը Քրիստոսին չհավատացող մարդու անարժան գլխի համար խույր չեն պատրաստի, որի համար և հատուցում է իր կյանքով: Սրով կտրում են Ադդեի ոտքերը և տանջամահ անում:

Խորենացին հայտնում է, որ Բարթողիմեոս առաքյալն էլ է գալիս Հայաստան և նահատակվում Աբեբանոս քաղաքում: Սանատրուկ թագավորը քաջազնյա Բագրատունիների և Արծրունյաց դայակների հետ պատերազմում է Աբգարի որդիների դեմ՝ ցանկանալով տիրել Եդեսիայի թագավորությանը: Մինչև նրա տեղ հասնելը՝ Աբգարի անանուն թագավոր որդին իր չարագործության համար աստվածային պատժի է ենթարկվում. նրա վրա է ընկնում ապարանքի սյունը, ջարդում ոտքերը և սպանում:

Սանատրուկ թագավորը խոստանում է քրիստոնյաներին չհալածել, եթե քաղաքը և թագավորի գանձերն իրեն հանձնեն: Հետո, սակայն, նա իր խոսքը դրժում է: Թագավորազն տղաներին նա կոտորում է, իսկ աղջիկներին՝ տանում Հաշտենից կողմերը: Հեղինե թագուհուն՝ Աբգարի կնոջը, Խառան է ուղարկում բնակվելու՝ թողնելով նրան Միջագետքի տիկնությունը, չնայած, Խորենացու խոսքերով, նա Աբգար թագավորից միայն բարիք էր տեսել: Իսկ Հեղինեն, չհանդուրժելով կռապաշտների մեջ մնալը, Կլավդիոս կայսեր օրոք գնում է Երուսաղեմ, որտեղ էլ կնքում է իր մահկանացուն:

Հարկ է նշել, որ Սանատրուկ թագավորը բնավ էլ ավանդական անձնավորություն չէ, ինչպես գտնում են որոշ ուսումնասիրողներ, այլ իրական դեմք, որի մասին հետաքրքիր տեղեկություններ է պահպանել Սուիդասն իր «Բառգրքում»: Պարզվում է, որ նա մեծ հակում է ունեցել մեծագործությունների՝ մասնավորապես պատերազմական գործերի նկատմամբ և աչքի է ընկել իր առաքինություններով՝ նմանվելով հույներից և հռոմեացիներից լավագույններին: Պատմահոր հաղորդմամբ՝ Սանատրուկը շինում է Մծբին քաղաքը, որը խախտվել էր: Սանատրուկը քանդում է այն և վերաշինում՝ պատելով ամրակուռ պարիսպներով: Սակայն դատելով այլ սկզբնաղբյուրների տեղեկություններից՝ նա կառուցել է Մծուռն կամ Մծուրք քաղաքը՝ Տարոն և Հարք գավառների սահմանագլխին: Շփոթե՞լ է արդյոք Մովսես Խորենացին Մծուռն քաղաքի կառուցումը Մծբինի հետ, դժվար է ասել: Ավելի շուտ, ինչ-ինչ պատճառներով, Մծուռնի կառուցման տեղեկությունը դուրս է սպրդել նրա ուշադրությունից, որովհետև եթե վերջինս միանգամայն նոր կառուցված քաղաք էր, որը IV դարում հայտնվել էր ավերակ վիճակում, ապա պատմիչը շատ լավ գիտի, որ Մծբինը հին քաղաք է, որը երկրաշարժի հետևանքով խախտվել էր, ուստի և Սանատրուկի կողմից քանդվում է և վերակառուցվում: Համենայն դեպս, Մծբինի հիշատակությունը, որին կրկին դեռ կանդրադառնանք, խոսում է իսկապես տեղ գտած քաղաքական ինչ-ինչ անցքերի մասին: Պատմիչի հավաստմամբ՝ Աբգար թագավորի քույր Ավգեն կամ Օգեն բքի է հանդիպում Կորդվաց լեռներում, և Սանոտը, որ Բյուրատ Բագրատունու քույրն էր և Խոսրով Արծրունու կինը, ձյան մեջ 3 օր ու գիշեր իր ստինքների արանքում պահում է փոքրիկ Սանատրուկին: Իբր այդ պատճառով էլ երեխան ստանում է Սանատրուկ անունը, որը պատմիչի մեկնաբանությամբ նշանակում է Սանոտի տուրք: Ըստ Խորենացու մեզ հասած տվյալների՝ Սանատրուկն իշխել է պարսից Արտաշիր արքայի տասներկուերորդ տարում, թագավորել է 30 տարի և զոհվել է որսի ժամանակ: Համարվում էր, որ դա աստվածային պատիժ էր՝ իր սուրբ դուստր Սանդուխտին նահատակելու համար:

Սանատրուկի մահից հետո թագավորությունը խառնվում է: Ըստ պատմիչի՝ Երվանդ անունով մեկը, որ Արշակունի մորից էր, գահ է բարձրանում Դարեհ Վերջինի ութերորդ տարում: Սրա մայրն անկարգ խառնակությունից ծնել էր երկու զավակ՝ Երվանդին ու Երվազին: Երվանդը մեծանալով քաջ ու ամրապինդ մարդ է դառնում և Սանատրուկի մահից հետո նախարարների օգնությամբ գահակալում Հայաստանում, սակայն առանց Բագրատունիներից թագադրվելու: Վախենալով Սանատրուկի որդիների հնարավոր խռովությունից՝ Երվանդը կոտորում է նրանց: Սմբատ Բագրատունու օժանդակությամբ փրկվում է Արտաշես արքայազնը, որին բախտ էր վիճակված հետագայում տիրել Հայոց գահին:

Դժվար չէ տեսնել, որ Խորենացու մոտ, երբեմն չընկալելու, իսկ երբեմն էլ բացատրության անհաջող փորձեր կատարելու հետևանքով, շատ բան իրար է խառնվել և խճողվել: Չկամենալով այս խնդրի վրա ծանրանալ, որովհետև հարցիս հետ քիչ է առնչվում, լոկ կամենում ենք նշել, որ Դարեհ Կոդոման Վերջինի ութերորդ տարում թագավոր հռչակված Երվանդը ոչ մի կերպ չի կարող նույնանալ Երվազի եղբայր Երվանդին: Եթե Երվազի եղբայր Երվանդը գահակալել է մ. թ. ա. III դ. վերջերին և II դ. սկզբին, ապա առաջին Երվանդը համապատասխանում է Գավգամելայի ճակատամարտի մասնակից Օրոնտես-Երվանդին, որը Դարեհ Գ Կոդոմանի կրած պարտությունից հետո վերադառնալով հայրենիք՝ իրեն հռչակեց Մեծ Հայքի թագավոր: Դժվար է, անշուշտ, միանշանակ ասել, սակայն շատ հնարավոր է, որ Երվանդականների կամ Երվանդունիների արքայատոհմում Սանատրուկը եղել է տոհմական անուն և հաճախ պատճառ է դարձել Սանատրուկ-Երվանդ կամ Երվանդ-Սանատրուկ զույգերի հանդես գալուն:

Այսօր, երբ շատ ուսումնասիրողներ հակված են Թադեոս և Բարթողիմեոս առաքյալների ավանդական պատմությունը հայտարարել իրականությանը չհամապատասխանող, կամենում ենք նշել, որ այն արձանագրված է Խորենացուց էլ առաջ, մասնավորապես Փավստոս Բուզանդի կողմից: Վերջինս Հայոց Եկեղեցին համարում է Թադեոս առաքյալի աթոռ («Նստուցին զնա (Վրթանեսի որդի Հուսիկին – Բ. Հ.) յաթոռն Առաքելոյն Թադէոսի») և միաժամանակ նաև նրա պապ Գրիգոր Լուսավորչի աթոռ («Յաթոռ իւրոյ հաւուն մեծին Գրիգորի…»): Մեկ այլ կապակցությամբ նա նշում է, որ կաթողիկոս Հուսիկը Թադէոս առաքյալի և Գրիգոր Լուսավորչի վիճակի հայրապետն էր («… սուրբ մանուկն Յուսիկն ըզհայրապէտն զաթոռակալն զվիճակակալն զվիճակին Թադէոսի առաքելոյն և զնորին նմանոյն Գրիգորի»): Հարկ է նշել սակայն, որ Փավստոսը բոլոր կապակցություններով Հայոց Եկեղեցին համարում է Թադեոս առաքյալի աթոռ և չի հիշատակում Բարթողիմեոս առաքյալի անունը:

Ավելի ուշ շրջանում, ինչպես հավաստում է Ասողիկի երկը, Հայոց Եկեղեցու հետ են կապվում Թադեոս և Բարթողիմեոս առաքյալների անունները, որոնցից վերջինը նահատակվում է Արաբիոն (իմա՛ Արեբանոս – Բ. Հ.) քաղաքում, որը, անկասկած, Խորենացու երկի Արեբանոս քաղաքի անվան աղավաղումն է: Պատմիչի խոսքերով՝ Թադեոս առաքյալի և Սանդուխտ կույսի նշխարները հայտնաբերվում են Վահան իշխանի օրոք:

Ինչպես վերը տեսանք, Խորենացին Թադեոսին վերագրում էր յոթանասուն առաքյալների թվին, իսկ այլ աղբյուրներում նա համարվում է յոթանասուներկու առաքյալներից մեկը: Սակայն Հովհաննես Դրասխանակերտցու «Պատմութիւն Հայոց»-ում ոչ միայն Բարթողիմեոսը, այլև Թադեոս առաքյալը համարվում է Հիսուս Քրիստոսի մերձավոր տասներկու առաքյալներից («… ի Թադէոսէ, որ ևս յերկուտասանից»): Հիշյալ հեղինակի երկում Բարթողիմեոսի նահատակության վայրն Արասբենոն քաղաքն է (հմմտ. Արեբանոսի հետ): Մեկ այլ կապակցությամբ՝ հեղինակը նշում է, որ Տրդատ արքայի տասնյոթերորդ տարում Գրիգոր Լուսավորիչը նստել է սուրբ առաքյալներ Բարթողիմեոսի և Թադեոսի աթոռին («և յեօթն և ի տասներորդ ամի արքայութեանն Տրդատայ նստաւ յաթոռ օրբոց առաքելոցն Բարթուղիմէոսի և Թադէոսի»): Նկատվում է մի նոր երանգ. Բարթողիմեոս առաքյալի անունը նախորդում է Թադեոսին: Անդրադառնալով Ներսես Մեծ կաթողիկոսի՝ Թորգոմա տան պատրիարքության գլուխ անցնելուն՝ հեղինակը կրկին հիշատակում է սուրբ առաքյալներ Բարթողիմեոսին և Թադեոսին, որոնք բաժին ընկան Ասքանազյան ազգին, այսինքն՝ հայերին («… զսուրբ առաքեալսն մեր զԲարթուղիմէոս և զԹադէոս, որք Ասքանազեան ազգին վիճակեցան…»): Եվ ոչ պակաս հետաքրքիր է նաև այն իրողությունը, որ չնայած Թադեոսն աշխատության սկզբում համարվել է տասներկու առաքյալներից մեկը՝ հետագա շարադրանքում նա յոթանասուն առաքյալներից է, որին Թովմաս առաքյալն ուղարկում է Եդեսիա՝ Աբգար թագավորին բուժելու:

Հետաքրքիր և արժեքավոր են Ստեփանոս Օրբելյանի հաղորդումները, որոնց տվյալները նա անկասկած քաղել է մեզ չհասած ինչ-որ սկզբնաղբյուրից: Դրանց համաձայն՝ Բարթողիմեոս առաքյալը գալիս է Սյունիք՝ Պարսքից Ատրպատականի վրայով, անցնում է Երասխ գետը և քարոզության սկիզբը դնում է Օրդվատ (Որդուատ) գյուղում, այնուհետև՝ Արևիքում, Բաղաց տանը և Գողթնում, որտեղ, իմիջիայլոց, վերը հիշատակված Օրդվատ գյուղն էր: Գողթնում նա շինում է Տյառնընդառաջի վանքը՝ համաձայնությամբ գավառի իշխան Շարի, որի որդին էր Խոսրովը, թոռը՝ Վահանը, իսկ կողակիցը՝ Նշնա իշխանուհին: Իր աշակերտներից Կումսի անունով մեկին նա ձեռնադրում է եպիսկոպոս, իսկ ինքը գալիս է Վանանդ գյուղը: Այստեղ մահանում է նրա աշակերտներից Հուսիկը, որին հողին են հանձնում նույն գյուղում և փոքրիկ մատուռ կառուցում: Կառուցում է նաև սբ. Թովմայի եկեղեցին և այնուհետև ուղևորվում հայոց մայրաքաղաք Դվին (՞): Կումսիի վախճանվելուց հետո նրա փոխարեն առաջնորդ են կարգում Խուժիկ Բաբելասին: Հետո սուրբ Թադեի մոտ են ուղարկում Մուշե անունով մեկին, որը սակայն ետ դառնալ չի կարողանում: Այնուհետև նրանց առաջնորդներն են դառնում տարոնցի Մովսեսը, տարոնցի Սահակը, Զիվանդատը, Ստեփանոսը և Հովհաննեսը:

Ստեփանոս Օրբելյանի հաղորդման մեջ ուշադրություն է գրավում երկու առանձնահատկություն: Խուժիկ Բաբելասի առաջնորդ կարգվելը, ըստ էության, վկայում է Բարթողիմեոսի և նրա աշակերտների գալուստը Պարսքից, սակայն միանգամայն ժամանակավրեպ է Դվինը հայոց մայրաքաղաք հռչակելը I դարում, երբ այն որպես քաղաք դեռևս կառուցված չէր: Գոնե, մեր կարծիքով, ավելի ուշ դարերում, երբ Արտաշատը քաղաքական և կլիմայական պատճառներով վաղուց արդեն մայրաքաղաք չէր, նրա անունը փոխարինվում է Դվին քաղաքի անվանումով, որը ծնունդ էր առել IV դարի 30-ական թվականներին Արտաշատ մայրաքաղաքից ոչ շատ հեռու գտնվող նույնանուն բլրի վրա և V դ. վերջերից վերածվել Հայոց մայրաքաղաքի:

Հետաքրքիր է պատմիչի մյուս հաղորդումը, որի համաձայն՝ Արշակ Բ թագավորն առաջարկում է Ներսես Մեծին անկախ պատրիարք ձեռնադրել, որովհետև Հայաստանը պարտավոր չէ ենթարկվել Կեսարիայի եպիսկոպոսներին, թեև հայոց առաքյալ Թադեոսն այնտեղ եկեղեցի է շինել ու իր աշակերտներից եպիսկոպոս ձեռնադրել, որի պատճառով էլ հայերն այնտեղ են ձեռնադրություն ստանում: Սակայն, ավելացնում է պատմիչը, որքան առավել է մեզ մոտ նույն ինքը՝ Թադեոս առաքյալն ուրիշ երեք առաքյալների հետ, որոնց հանգստարանը, եկեղեցին ու ձեռնադրությունը՝ բոլորն էլ այստեղ են: Հետևաբար ի՞նչ կարիք կա ուրիշ՝ ավելի կրտսերից օրհնություն ստանալու: Այս հաղորդումը, խոստովանենք, խոր մտորումների տեղիք է տալիս: Սկզբում շեշտը, ինչպես կարելի է դատել աղբյուրներից, Հայաստանում դրվում է գերազանցապես Թադեոս առաքյալի վրա, և ինչ-որ չափով հիշատակվում է Բարթողիմեոսը: Սակայն Օրբելյանի մոտ առաքյալների թիվը հասնում է չորսի, որը մեզ իրավունք է տալիս հանգելու ներքոհիշյալ եզրակացություններին: Ըստ երևույթին՝ այն պահից, երբ Թադեոսը դիտվեց որպես տասներկու առաքյալներից մեկը, Հայաստանում քրիստոնեություն քարոզած առաքյալների թիվն ավելացավ մեկով, սակայն, եթե նկատի ունենանք, որ թագավորության ձգտող Հայոց Արևելից կողմի Եկեղեցին փորձեց յոթանասուներկու առաքյալների թվին դասել Արցախում և Ուտիքում քարոզած Եղիշեին և նրան հռչակել իբրև Աղվանից կողմերի լուսավորիչ, դրանով Հայաստանում քարոզած առաքյալների թիվը հասնում է չորսի, որից երկուսը տասներկու առաքյալներից, իսկ մյուս երկուսը՝ յոթանասունից կամ յոթանասուներկուսից: Մի կողմ թողնելով առայժմ դրա ճիշտ կամ սխալ լինելը՝ լոկ ընդգծենք, որ հնագույն աղբյուրները գերազանցապես Հայոց Եկեղեցու հիմնադիր են համարում Թադեոս առաքյալին՝ միաժամանակ նշելով, որ Հայաստանում քարոզել է նաև Բարթողիմեոս առաքյալը:

Տեղ գտած հակասությունը, որ գոյություն ունի Լաբուբնա ասորի պատմիչի և հայ հեղինակների միջև և ստիպում է որոշ հետազոտողների կասկածի տակ առնել վերջիններիս տեղեկությունները, թվում է, թե իր հաստատումը պետք է գտներ ասորի մյուս հեղինակների երկերում: Իրականում վերջիններս համահունչ են հայ հեղինակների աշխատություններին: Այսպես. Միխայել Ասորու համաձայն՝ Բարթողիմեոսը քարոզել է Հայաստանում և Սանատրուկ թագավորի կողմից նահատակվել Ուբիանոս քաղաքում, որ այժմ կոչվում է Հաղբակ: Այնուհետև նա նշում է, որ Հուդան, որն անվանվել է նաև Թադե, որին իմաստնության պատճառով կոչում էին նաև Ղեբեոս, քարոզել է Հայաստանում, Ասորիքում և Սանատրուկ արքայի կողմից նահատակվել է Հայաստանում: Պատմիչի մեկ այլ տեղեկությամբ, որտեղ տրված են Հիսուս Քրիստոսի յոթանասուներկու առաքյալներից վաթսունիննի անունները, հիշատակվում է Հուդան, որն ինչ-ինչ մոտեցման դեպքում կարող էր սխալմամբ նույնացվել Թադեոս առաքյալի հետ: Հարկ է նշել, որ Ստեփանոս Օրբելյանի հաղորդած այն տեղեկությունը, որ Մաղարդու Սբ. Ստեփանոսի վանքը կառուցել է Բարթողիմեոս առաքյալը, հանդիպում է նաև Միխայել Ասորու երկում:

Լաբուբնայի ասորերեն և Մովսես Խորենացու միջնորդությամբ մեզ հասած հայերեն թարգմանության բովանդակային տարբերությունը, ինչ խոսք, կարող է համարվել հայ թարգմանչի կողմից ընդմիջարկության փորձ, որը նպատակ է ունեցել հայերի համար նպաստավոր իրողություններ մուծել բնագրի մեջ: Իր հերթին Մաղաքիա Օրմանյանն էլ կարծում է, թե բնավ չի բացառվում, որ աղավաղության հեղինակներն ասորիներն են և ոչ թե հայերը: Շարունակելով իր միտքը զարգացնել՝ հմուտ պատմագետը նշում է, որ դրա հավանականությունն էապես մեծանում է, երբ ի նկատի ենք առնում, որ ասորական բնագրի համաձայն՝ դեռ մինչև Թադեոս առաքյալի մահն Աբգար արքան նրան հարուստ զարդեր և կարասիներ է ուղարկում, որպեսզի նա դրանց հետ թաղվի: Դրան ի պատասխան՝ Թադեոսը մերժում է ընդունել նվերները՝ ասելով, որ ինքը նվերներ չի ընդունել իր կյանքի ընթացքում, չի ընդունի նաև մահվան ժամանակ: Հետևաբար, եզրակացնում է Մ. Օրմանյանը, եթե այդ ամենը շատ հարմար կլիներ ուղևորության պարագայում, բոլորովին անհարմար և, իհարկե, անբնական է դեռևս չմահացած առաքյալի դեպքում: Ուստի և նա միանշանակ պաշտպանում է Թադեոս առաքյալի՝ Հայաստանում քարոզելու և նահատակվելու պատմության ճշմարտացիությունը: Նրա կարծիքով՝ հայկական ազգային ավանդությունն է, որ պարտադրել է Լաբուբնայի թարգմանչին երկը հարստացնել մի շարք իրողություններով, որոնք տեղ են գտել Հայաստանում՝ կապված Թադեոս առաքյալի հետ: Ըստ որում՝ շարունակում է Մ. Օրմանյանը, հայ թարգմանիչը բոլորովին կարիք չուներ հիշյալ պատվաստը կատարելու ազգային ավանդության վրա, քանի որ Թադեոս Դիդիմոսից զատ, որն անհայտ է Հույն և Լատին Եկեղեցիներին և հիշված է միայն ասորի հեղինակի կողմից և թերևս նրա կողմից էլ փոխանցվել է հայերին, տասներկու առաքյալների շարքում կա մեկ ուրիշ Թադեոս: Հեղինակը փորձում է, գուցե համարելով ամենաապահով եղանակը, հիշյալ Թադեոսով, որ հայտնի է նաև Ղեբեոս և Հուդա Հակոբյան անուններով, մեկնել հայերի մեջ քարոզչություն կատարած Թադեոսի առաքելությունը:

Մենք դեռ կրկին կանդրադառնանք Մ. Օրմանյանի տեսակետին, իսկ այժմ նշենք, որ լիովին կիսում ենք նրա այն տեսակետը, թե հայ մատենագիրների տեղեկությունները տարտամ և անորոշ գաղափար ունեն առաջին առաքյալ Թադեոսի վերաբերյալ, որը մի դեպքում համարվում է տասներկու, իսկ մյուս դեպքում՝ յոթանասուն կամ յոթանասաներկու առաքյալներից մեկը: Հեղինակը փորձում է օգտագործել այդ անորոշությունը՝ իր տեսակետն ապացուցելու համար: Նրա կարծիքով՝ եղել է նախնական ավանդություն Հուդա-Թադեոսի դեպի Հայաստան կատարած առաքելության մասին, որն ավելի ուշ ժամանակներում միահյուսվել է Թադեոս Դիդիմոսի ասորական ավանդության հետ, սակայն որը չի հանգեցրել նախնական ավանդության վերանալուն՝ միաժամանակ սողանցք թողնելով անորոշ ու ներհակ եզրակացությունների համար: Բավական է հիշատակել Գրիգոր Տաթևացու գրածն այն մասին, որ Թադեոսը տասներկու առաքյալներից Ղեբեոսն է, որը կոչվեց Թադեոս, ինչպես նաև քիչ անց արտահայտած այն միտքը, թե ոմանց ասելով՝ նա յոթանասուն առաքյալներից էր, քանի որ յոթանասուն աշակերտների ուսուցիչն էր ու վարդապետը: Հուդա-Թադեոս առաքյալի մասին պահպանված ավանդություններից հայտնի է, որ նա սկզբում քարոզել է Կապադովկիայում և Թեոփիլոսին ձեռնադրելով՝ թողել է իրեն փոխանորդ: Այնուհետև նա գնացել է Հայաստան և Պարսից կողմերը՝ նահատակվելով պարսկահայ գավառների մեջ: Համենայն դեպս՝ Լատինական Եկեղեցին ընդունում է, որ նա եղել է հայոց առաջին լուսավորիչներից մեկը: Այսօր Հայոց Եկեղեցին հենց նրան է ընդունում հայոց լուսավորիչ, որի պատճառով էլ Սիմեոն Երևանցի կաթողիկոսը հին տոնացույցի «Առաքելոցն Բարթողիմէոսի և Յուդայի» տոնը բացատրական փոփոխությամբ վերածել է «Առաջին լուսաւորչաց Թադէոսի և Բարթուղիմէոսի» տոնի: Որպես մեկ կռվան ևս հօգուտ իր տեսակետի՝ Մ. Օրմանյանն ընդգծում է «Սոփերք Հայկականի» մեջ տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Թադեոսը բնավ չի համարվում յոթանասուն առաքյալների շարքում: Իսկ առաքելական կանոնները հայոց լուսավորիչ Թադեոսին դասում են տասներկու առաքյալների շարքը: Եզրակացությունը, որ կատարում է ճանաչված հայագետը, առավել քան անսպասելի է: Նրա կարծիքով՝ կա՛մ պետք է երկու Թադեոսներին էլ ընդունել իբր հայոց առաքյալներ, կա՛մ էլ միայն Հուդա-Թադեոսին ճանաչել որպես այդպիսին. ինչ, որ ապահովագույն ուղին է՝ ըստ Մ. Օրմանյանի: Բայց բոլոր դեպքերում՝ հեղինակի համար անկասկած է հայոց հայրապետության թադեական աթոռ, այսինքն՝ առաքելական աթոռ լինելը:

Թադեոս առաքյալի՝ Հայաստանում ունեցած գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտի նահատակության պատմությունը, որին մենք հպանցիկ անդրադարձանք Մովսես Խորենացու հաղորդումների հետ կապված: Սանդուխտի մարտիրոսանալը մանրամասն նկարագրված է «Սոփերք»-ում: Թադեոս առաքյալը վարդապետելով հասնում է Արտազ գավառի Շավարշան քաղաքագյուղը, որը Հայոց թագավորների հովոց վայրն էր: Առաքյալի քարոզների ազդեցությամբ շատ-շատերը հավատացին Քրիստոսին, որոնց թվում էր նաև Սանատրուկ թագավորի դուստր Սանդուխտը: Շատ հավատացյալներ թագավորի հրամանով սրամահ արվեցին, իսկ Սանդուխտը բանտ նետվեց: Թադեոս առաքյալը, հրաշքով ազատվելով թագավորական ցասումից, քաջալերում է Սանդուխտին ու մյուս հավատացյալներին, որոնք բանտարկված էին, ամուր մնալ Քրիստոսի հավատին: Դրա արդյունքում 33 բանտապաններ ընդունում են քրիստոնեությունը և մկրտվում: Թագավորի կողմից բանտ ուղարկված իշխանը, որին հանձնարարված էր համոզել Սանդուխտին՝ ետ կանգնել Քրիստոսի հավատից, հավատում է նոր վարդապետությանը՝ իր 50 զինվորների հետ՝ պատճառ դառնալով, որ ևս 200 հոգի նահատակվի Սանատրուկի հրամանով: Սանդուխտին համոզելու անհաջող փորձից հետո սպառնում են տանջանքներով և անգամ կապում են նրան, սակայն աստվածային հրաշքով՝ կապերը քանդվում են: Սանդուխտի մոտ առաքված մի նոր իշխան ևս հավատում է Քրիստոսին և մկրտվելով ստանում Սամվել անունը: Զայրացած Սանատրուկը կարգադրում է նահատակել նրան մի քանի գլխավորների հետ միասին, ինչպես նաև իր մերձավորներից Զարմանդուխտ իշխանուհուն: Տեսնելով իր դստեր անկոտրում կամքը՝ Սանատրուկը կարգադրում է մահապատժի ենթարկել Սանդուխտին, սակայն հրաշքով՝ սխալմամբ զարնվում է դահճապետը, որի հետևանքով 2000 մարդ ևս հավատում է Քրիստոսին և մկրտվում: Այսուհանդերձ՝ Սանդուխտը, խոցվելով կրծքից, նահատակվում է: Երեք օր անց ձերբակալվում է նաև Թադեոս առաքյալը, որին նախ նետում են գազանների առաջ, այնուհետև հնոցը, սակայն առաքյալն անփորձանք դուրս է գալիս այդ արհավիրքներից, որի պատճառով ևս 433 հոգի հավատում է Քրիստոսին, մկրտվում, բայց և շատ չանցած՝ նահատակվում: Որոշում են Թադեոսին գլխատել, սակայն դահիճը սխալմամբ գլխատում է իր եղբայր Զեմենտոսին, որին առաքյալը կենդանացնում է: Այդ հրաշագործության վրա ևս 720 հոգի ընդունում է նոր հավատը, սակայն Թադեոս առաքյալն ի վերջո սրատվում է: Լույս է ճառագում, և մերձակա ժայռերից մեկը ճեղքվելով ներս է առնում Թադեոսի մարմինը, ու 3400 մարդ ևս հավատում է Քրիստոսին: Սանդուխտ կույսի նահատակության օր է նշվում Քաղոց ամսի 7-ը, իսկ Թադեոսինը՝ նույն ամսի 14-ը: «Յայսմաւուրք»-ում օգոստոսի 20-ի տակ ասված է. «Յիշատակ սուրբ առաքելոյն Թադէոսի լուսաւորչին Հայոց, և վկայութիւն աշակերտաց իւրոց Սամուէլի և Զարմանդխտու և բազմութեան հազարոյն որ ընդ նոսա կատարեցան ի Սանատրկոյ»: Բանասերները սա համարել են IV դարի գործ, որը սակայն գրի է առել հին ավանդական պատմությունը:

«Սոփերք»-ը որոշ մանրամասներ է պահպանել նաև Բարթողիմեոս առաքյալի գործունեության վերաբերյալ, որին բոլոր սկզբնաղբյուրները դասում են տասներկու առաքյալների շարքը:

Պարզվում է, որ Բարթողիմեոսը գալիս է Հայաստան Թադեոսից հետո, և «Սոփերք»-ն արձանագրում է, որ նա մուտք է գործել Թադեոսի վիճակը: Դեպի Արտաշատ գնալիս նա Արտաշատի բլրի վրա Օթյաց Խաչ կոչված վայրում հանդիպում է Թադեոսին և նրա հետ մեկ գիշեր անցկացնում: Այսինքն՝ բավական տարածում ստացած այն կարծիքը, թե Բարթողիմեոսը Հայաստան է եկել Թադեոսի նահատակությունից հետո, ազգային ավանդությամբ չի հաստատվում, առավել ևս, որ վերջինիս համաձայն՝ նրանք հանդիպումից հետո գնացել են իրենց քարոզչության վայրերը: Գրեթե միաժամանակյա քարոզչությունը Հայաստանում իրավունք է տալիս Հայոց Եկեղեցուն նրանց կոչելու առաջին լուսավորիչներ: Հանդիպումից հետո Թադեոսը վերադառնում է Վասպուրական և Արտազ, իսկ Բարթողիմեոսը՝ Հեր և Զարևանդ, այնուհետև՝ Անձևացյաց գավառ և վերջապես հասնում Աղբակ: Այստեղ նրա քարոզչության ազդեցությամբ Քրիստոսին հավատում է Սանատրուկ թագավորի քույր Ոգուհին, ինչպես նաև թագավորի կողմից նրան ուղիղ հավատի վերադարձնելու համար ուղարկված Տերենտիոս հազարապետը: Արքայի հրամանով ձերբակալվում են առաքյալը, արքայի քույր Ոգուհին ու հազարապետ Տերենտիոսը և բերվում արքունի ատյան: Երկարատև հավատաքննությունից հետո, երբ նրանք հրաժարվում են թողնել Քրիստոսի հավատը, Բարթողիմեոսը նահատակվում է փշոտ քուքերի հարվածներից, իսկ Ոգուհին, Տերենտիոսը և շատ ուրիշներ սրակոտոր են արվում: Համաձայն եկեղեցական այլ ավանդության՝ Բարթողիմեոսը մորթազերծ է արվել:

Հարկ է նշել, որ Բարթողիմեոսի՝ հայոց առաքյալ լինելու և Հայաստանում նահատակվելու փաստն ընդունվում է քրիստոնեական բոլոր Եկեղեցիների կողմից: Միակ հարցականը, թերևս, նրա նահատակության վայրի անունն է, որն ըստ Խորենացու, ինչպես արդեն նշել ենք, Արեբանոս էր, որոշ ձեռագրերում՝ Ուրբանապոլիս, այլևայլ հեղինակների մոտ՝ Արաբիոն, Արասբենոն, Ուբիանոս, Ալբանոս կամ Ալբանուպոլիս: Թերևս մի տեսակ կեղծ անուն է Ուրբանուպոլիսը, որի առաջին մասը լատիներենով թարգմանվում է քաղաք (Ուրբանուս), իսկ երկրորդ մասը նույն իմաստն ունի հունարենով (պոլիս): Մ. Օրմանյանն առավել որոշ է համարում Ալբանոս կամ Ալբան անունը, որ հանգիստ սրբագրվում է Ալբակ կամ Աղբակ (Albanus > Albacus) և նույնանում է Աղբակ գավառանվանը: Այս գավառում էր գտնվում Հադամակերտ քաղաքից ոչ շատ հեռու տեղադրված Սբ. Բարթողիմեոսի վանքը, որտեղ էլ, ըստ ազգային ավանդության, գտնվում է առաքյալի գերեզմանը:

Հայոց ազգային ավանդությունը Թադեոս առաքյալի գերեզմանը դնում է Արտազ գավառում, որտեղ մինչև օրս կանգուն է Սբ. Թադեի վանքը: Առաքյալները, տարբեր ուղղություններով տարածվելով, քրիստոնեական եկեղեցիներ հիմնադրեցին, որոնք առաքելականության կնիքն ու անունը սեփականացրին՝ ձեռք բերելով ինքնուրույն կամ ինքնագլուխ գոյության իրավունք՝ հայրապետական ինքնագլուխ աթոռներով:

Ի՞նչ խնդիրներ է հարուցում պատմագետների առաջ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալների մասին ազգային ավանդությունը, որոնք բացատրության կարիք ունեն: Մի պահ մոռանանք զանազան հրաշապատումները, որոնք սովորաբար ի հայտ են գալիս տեղ գտած իրադարձություններից ավելի ուշ և որոշակի գաղափարական նպատակներ են հետապնդում, և փորձենք ձեռքի տակ եղած նյութի օգնությամբ պատասխան տալ կասկածներ ծնող հանգամանքներին: Ամենից առաջ հարկ է նշել, որ հայ հեղինակների, մասնավորապես Մովսես Խորենացու տեղեկությունները և ժամանակագրությունը մեծ մասամբ չեն համընկնում ժամանակագրորեն այդ իրադարձություններին մոտ գտնվող հունա-հռոմեական սկզբնաղբյուրների անուններին և ժամանակագրական տվյալներին: Անդրադառնալով այս խնդիրներին՝ Մ. Օրմանյանը գրել է, որ ըստ Խորենացու՝ մեր թվարկության սկզբներին՝ մինչև 34 թվականը, թագավորել է Հայոց Աբգար թագավորը, որին հաջորդում են Անանեն (34-38), Սանատրուկը (38-68), Երվանդը (68-88) և Արտաշեսը (88-129), իսկ հունա-հռոմեական պատմագիրների համաձայն՝ Տիգրան Դ-ին հաջորդում են Արիոբադզանը, Արտավազդ Ե-ն և Տիգրան Ե¬ն (1-10), Էրատոն (10-16), Վոնոնը (16-18), Զենոնը (18-34), Արշակ Արշակունին (34-35), Միհրդատ Փառնավազյանը (35-46), Հռադամիզդը (46-53), Տրդատ Ա Արշակունին (53-76) և Աշխարատը (76-109): Մաղաքիա Օրմանյանի բերած ցանկն ունի որոշ թերություններ: Արդի պատմագիտությունը կատարել է ժամանակագրական մի շարք ճշգրտումներ, ցանկում բացակայում է Մեծ և Փոքր Հայքերը միավորած Փոքր Հայքի թագավոր Կոտիսի անունը (37-41), սակայն այս ամենը վիճակը ոչնչով չի փոխում: Անհամապատասխանությունը, անկասկած, առկա է: Հնարավոր է ենթադրել, և դրա համար բավարար հիմքեր կան, որ հունա-հռոմեական հեղինակները նշված թագավորներին հիշատակել են նախնական անուններով, իսկ, ինչպես Զենոնի դեպքում, որն ընդունեց Արտաշես անունը, հայկական ավանդական պատմությունը պահպանել է նրանց հայկականացված անվանումները: Եվ թվում է, թե ի դեմս Միհրդատ-Հռադամիզդ զույգի՝ կարելի է տեսնել Սանատրուկ-Երվանդ երկյակին, սակայն այդ դեպքում Թադեոս և Բարթողիմեոս առաքյալներին նահատակող Սանատրուկը ժամանակագրական առումով հազիվ թե կարող է նույնանալ Միհրդատի հետ: Մ. Օրմանյանը, հանգելով նման եզրակացության, պարզապես հրաժարվում է քաղաքական պատմությամբ զբաղվել՝ հայտարարելով, որ ինքը ոչ կարող է թվականների ճշտության վրա պնդել և ոչ էլ անհրաժեշտ է համարում նշել, թե որ թագավորն էր, որ իրականացրեց առաքյալների նահատակությունը: Ավելին. նա միանգամայն հնարավոր է համարում, որ առաքյալներին նահատակողը եղել է Կորդվաց կամ Վասպուրականի կողմնակալներից մեկը, կամ էլ թագավորական հրամանի գործադիրները շփոթվել են թագավորի անձի հետ՝ հանգեցնելով թագավորի հրամանի և թագավորական հրամանի իրար հետ փոխանակման: Ուստի առաքելական պատմության իսկությունը չի կարող որևէ ձևով վտանգվել, եթե Սանատրուկի անձի և գահակալման շրջանի հանգամանքները դժվարությամբ են հարմարում երկու առաքյալների՝ Հայաստանում գործունեության ժամանակներին: Զարգացնելով իր այս տեսակետը՝ նա պարզապես գրում է, որ անունների և տարիների փոփոխությամբ ավանդական պատմության հիմքերը չեն խախտվում, քանի որ եղելությունները կարող էին որոշակի հանգամանքի մեջ, բերնեբերան անցնելով, աղավաղվել, սակայն դա պատճառ չէ, որ եղելությունները դադարեն եղելություններ լինելուց: Հայ մշակույթի մեծ երախտավորի հետ կարելի է համաձայնվել և չհամաձայնվել: Անշուշտ, հաշվի առնելով խնդրիս խրթինությունը, ժամանակակից և վստահելի աղբյուրների բացակայությունը և այս կամ այն շեղումների բացահայտման գուցե և ոչ մեծ կարևորությունը՝ կարելի է համաձայնվել հեղինակի հետ: Սակայն, մյուս կողմից, չպետք է մոռանալ, որ քիչ չեն այն ուսումնասիրողները, որոնք ընդհանրապես կասկածի տակ են առնում Հայոց Եկեղեցու ավանդական պատմության պատմականությունը՝ համարելով Եկեղեցու հայրերի կողմից հետագայում ստեղծված և Հայոց Եկեղեցու առաքելականությունը հաստատող գործ: Այս հանգամանքը, որ կարծում ենք, շատ էական է Հայոց Առաքելական Եկեղեցու համար, ստիպում է չհամաձայնվել Մ. Օրմանյանի հետ և փորձել համեմատական քննությամբ պարզել իրերի իսկական դրությունը:

Եթե հետևենք Լաբուբնային, ապա Քրիստոսի հարությունից հետո Թադեոսը Եդեսիա եկավ և իր քարոզը սկսեց 34 կամ 35 թվից, որը տևեց մինչև 43 թվականը: Բարթողիմեոսը, ըստ այդմ, նահատակվեց առաջին դարի 60-ական թվականներին կամ, ինչպես ընդունված է, առավելագույնը՝ 66 թ.: Մ. Օրմանյանի կարծիքով՝ եթե հայոց լուսավորությունը չկապենք Լաբուբնայի ավանդության և հայ-եդեսական հարաբերությունների հետ և ելնենք Թադեոսի և Բարթողիմեոսի միաժամանակ Հայաստան գալու հետ, որի վկայությունն է Օթյաց Խաչի հանդիպման ավանդությունը, ապա կարելի է հետաձգել Թադեոսի քարոզչության թվականը և երկու առաքյալների նահատակությունները դնել մոտավորապես միևնույն ժամանակներում, որը մեզ կազատի բազմաթիվ դժվարություններից: Չշարունակելով հարցի մեջ խորանալ՝ նա գտնում է, որ եթե ոմանց համար Հայոց Եկեղեցու առաքելականությունը շատ էլ վստահելի չէ, ապա հարկ է համարում նշել, որ մյուս Եկեղեցիների առաքելականության ավանդություններն էլ, այդ թվում՝ Պետրոսի Հռոմ գնալու և Հովհաննեսի Եփեսոսում գտնվելու պատմությունները, քննադատների կողմից անվիճելի ճշմարտություններ չեն դիտվում, չնայած Լատինական և Հունական Եկեղեցիներն այդ ավանդություններով են հիմնավորում իրենց առաքելականությունը:

Մեր կատարած քննությունը մեզ բերեց այն եզրակացության, որ Թադեոս և Բարթողիմեոս առաքյալները քարոզել են Հայաստանում, սակայն առաջին դարի 70-ական թվականներին: Լաբուբնա դպիրի թողած պատմությունը՝ Աբգար թագավորի՝ Հիսուսին ուղարկած նամակի և Թադեոսի կողմից աստվածային հրաշքով բուժվելու մասին, պետք է համարել զուտ ասորական պատմություն, որը, հավանաբար, հայ իրականություն է մուտք գործել հայ գրերի գյուտից անմիջապես հետո կամ էլ որոշ ժամանակ անց, չնայած տեսականորեն չի բացառվում դրա հետ ծանոթությունը դեռևս քրիստոնեության պետական կրոն հռչակելու ժամանակներում: Այսուհանդերձ՝ մի շարք հանգամանքներ հավաստում են, որ առավել հավանական է առաջին ենթադրությունը: Հայոց Եկեղեցու հոգևոր հայրերի կողմից փորձ է արվում հարմարեցնելու այն հայոց ազգային ավանդությանը: Խնդիրն այն է, որ մոտավորապես 75 թ. Մեծ Հայքի թագավորության գահ է բարձրանում Սանատրուկը, որի մասին արդեն վերը նշվել է, և որին դեռևս ոչ վաղ անցյալում փորձում էին տանել երկրորդ դարի վերջերը: Ալ. Բուասևենը, սակայն, անդրադառնալով Դիոն Կասիոսի հատակտորին, հիմնավորապես ցույց է տվել, որ նրանում հիշատակված Սանատրուկը և նրա որդի Վաղարշը վերաբերում են Տրայանոս կայսեր ժամանակներին: Մովսես Խորենացու և նրան հետևող պատմիչների համաձայն՝ Սանատրուկը, ինչպես արդեն ասվել է, Մեծ Հայքի թագավորությանն էր միացրել Եդեսիայի կամ Օսրոյենեի թագավորությունը: Այս տեղեկությունը, որ շարժել էր շատ ուսումնասիրողների կասկածը, հետաքրքիր բացատրություն ստացավ Ալֆրեդ ֆոն Գուտշմիդի կողմից: Պարզվում է, որ Եդեսիայի թագավորների շարքը 18 տարվա ընդհատություն ունի 91-ից մինչև 109 թիվն ընկած շրջանում: Գերմանացի արևելագետը, ծանոթ չլինելով Բուասևենի և Մարքվարտի ժամանակագրական դիտողություններին, թյուրիմացաբար կարծել էր, որ Սանատրուկը եղել է ոչ թե Մեծ Հայքի, այլ Ադիաբենեի թագավորը: Իրականությունն այն է, սակայն, որ խոսքը վերաբերում է առաջին դարի երկրորդ կեսին Մեծ Հայքում իրոք որ թագավորած Սանատրուկին, չնայած Հ. Մանանդյանի կարծիքով՝ այդ խնդիրը դեռ պարզ չի և կարոտ է հատուկ քննության: Այսուհանդերձ՝ նա էլ ընդունում է, որ փաստական նոր տվյալների օգնությամբ վերոհիշյալ վկայությունը հաստատվելու դեպքում հասկանալի կդառնա, թե ինչու Սուիդասի «Բառգրքում» նա համարվում է ամեն մի մեծ բանի, մանավանդ դեպի պատերազմական գործերը հակում ունեցող անձնավորություն: Հ. Մանանդյանը մասնավորապես ընդգծում է, որ Սուիդասի հիշատակությունն ակներևաբար քաղված է Արբիանոսի «Պարթևականք» գրքից, որը, կարծում ենք, միայն ավելի հավաստի է դարձնում վերոհիշյալ տեղեկությունը: Առաջիկայում, անկախ մեծ հայագետի կամ մեր ցանկությունից, հազիվ թե նոր նյութեր հայտնաբերվեն, որոնք հեղաշրջիչ նշանակություն ունենան հարցիս քննության համար, ուստի տեսանելի հեռանկարում ստիպված ենք բավարարվել եղած տեղեկություններով: Սակայն վերջիններս անգամ, մեր կարծիքով, մեծ հավանականություն են հաղորդում այն տեսակետին, որ Սանատրուկը 91-109 թթ. կարող էր գրաված լինել և իշխած Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունում: Հայտնի է, որ Եդեսիայի թագավորության բոլոր գահակալները կրել են Աբգար անունը, որը դրանով իսկ վերածվել էր արքայի տիտղոսի: Ավելի ուշ՝ ամենայն հավանականությամբ գրերի գյուտից հետո, հայ մտավորական գործիչներից մեկը, իսկ առավել, քան հավանական է, որ հենց Մովսես Խորենացին, տեղյակ լինելով հայոց ազգային ավանդությանը՝ կապված Թադեոս առաքյալի՝ Հայաստանում ունեցած գործունեության հետ, և ծանոթանալով Լաբուբնայի գրվածքին, փորձել է կապ տեսնել Եդեսիայում քարոզած Թադեոսի և Հայաստանում գործած ու նահատակված Թադեոս առաքյալի միջև: Եղած նյութը մեզ իրավունք է տալիս ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ՝ Սանատրուկն իրոք եղել է Եդեսիայի Աբգար անունը կրող թագավորներից մեկի քեռորդին և նրա որդուց էլ գրավել է Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունը: Այստեղ է, որ գործել է, ըստ երևույթին, հայոց պատմահոր այն եզրակացությունը, ցավոք սրտի՝ սխալ, որ Աբգարը եղել է Հայոց թագավոր, որի մահից հետո Հայոց թագավորությունը բաժանվել է երկուսի՝ Մեծ Հայքի և Եդեսիայի թագավորությունների, որոնցից առաջինում գահակալել է Աբգարի քեռորդի Սանատրուկը, իսկ երկրորդում՝ Աբգարի որդին՝ անունը՝ անհայտ: Անկախ այն իրողությունից, թե սկզբնապես ինչ անուն էր կրում Աբգարի որդին, վերջինս թագավորելուց հետո պետք է ստանար Աբգար անունը, հետևաբար թերևս տեղին չէ նրա անունն անհայտ հայտարարել: Հասկանալի է, որ ձեռքի տակ ունենալով այս տեղեկությունները՝ այլևս ընդամենը մի քայլ է պահանջվում անելու Սանատրուկի քեռի Աբգարին առաջին դարի սկզբների Աբգարի հետ նույնացնելու համար: Դրա օգտին է վկայում թեկուզ այն փաստը, որ ըստ Լաբուբնայի՝ Աբգարի կինը Շղամաթեն էր, իսկ համաձայն Խորենացու՝ Հեղինեն: Առաջին հայացքից այս անհամապատասխանությունը կարող է զարմանք հարուցել, սակայն իրականում դա ամենավառ վկայությունն է այն բանի, որ Լաբուբնայի Աբգարը և հայոց պատմահոր հիշատակած Աբգարը տարբեր անձինք են, և նրանց նույնացումը՝ լոկ Մովսես Խորենացու սխալ եզրակացության արդյունքը:

Ինչպես վերը արդեն նշել ենք, Փավստոս Բուզանդը Հայոց Եկեղեցին համարում էր սբ. Թադեոս առաքյալի աթոռ, սակայն դատելով ամեն ինչից՝ նրա մոտ Թադեոսը տասներկու առաքյալներից է: Սակայն այնքան մեծ էր Մովսես Խորենացու հմայքը հայոց միջնադարյան ողջ պատմագիտության մեջ, որ Հայոց Եկեղեցու հայրերը, մի կողմից՝ համաձայն հայոց ազգային ավանդության, նրան դասում էին տասներկու առաքյալների շարքը, իսկ մյուս կողմից՝ շարունակում նույնացնել Եդեսիայում քարոզած Թադեոսին, որը յոթանասուն կամ յոթանասուներկու առաքյալներից էր: Չկարողանալով հրաժարվել Մովսես Խորենացու մեկնաբանությունից և Հայոց Եկեղեցու հիմնադրումը Եդեսիայում քարոզած Թադեոս առաքյալի կողմից համարելով ոչ շատ պատվաբեր, ինչպես հավաստում են վերը բերված սկզբնաղբյուրները՝ հայոց հոգևոր այրերն առաջին պլան են մղում Բարթողիմեոսին, չնայած վերջինս ոչ մի կերպ չէր կարող հավակնել Հայոց Եկեղեցու հիմնադրության պատվին:

Միխայել Ասորին, որ ամենայն հավանականությամբ՝ ծանոթ էր Լաբուբնայի գրվածքին, բնավ չի նույնացնում Հայաստանում քարոզած Թադեոս առաքյալին Աբգարի կողմից հյուրընկալված Թադեոս առաքյալի հետ և հստակ գրում է, որ Հայաստանում քարոզել է իմաստնության պատճառով Ղեբեոս մականունը ստացած տասներկու առաքյալներից Թադեոսը, որը, ինչպես արդեն նշվել է, հայտնի է նաև Հուդա անունով: Ընդ որում, ինչպես դժվար չէր համոզվել Գրիգոր Տաթևացու օրինակով, այս երկվությունը՝ կապված երկու Թադեոսների շփոթի հետ, երկար ժամանակ ուղեկից է Հայոց Եկեղեցուն: Համենայն դեպս՝ այս խնդրի հստակեցումը, անկախ այն հանգամանքից՝ արվել էր քննության շնորհիվ թե կամայականորեն, տեղի ունեցավ Սիմեոն Երևանցի կաթողիկոսի օրոք, որը տոնացույցի «Առաքելոցն Բարթուղիմէոսի և Յուդայի» տոնը վերածեց, ինչպես վերն ասվել է, «Առաջին լուսաւորչաց Թադէոսի և Բարթուղիմէոսի» տոնի: Չի բացառվում, որ կաթողիկոսին նման եզրակացության կարող էին բերել ոչ միայն այն բազմաթիվ հիշատակությունները՝ Թադեոսի տասներկու առաքյալների թվին պատկանելու մասին, այլև Ստեփանոս Օրբելյանի այն հատուկ հաղորդումը (որի աղբյուրը, դժբախտաբար, մեզ չի հասել), թե Արշակ Բ թագավորն առաջարկել է Ներսես Մեծին անկախ պատրիարք ձեռնադրել, որովհետև Հայաստանը պարտավոր չէ ենթարկվել Կեսարիայի եպիսկոպոսներին, թեև հայոց առաքյալ Թադեոսն այնտեղ եկեղեցի է շինել ու իր աշակերտներից եպիսկոպոս ձեռնադրել: Տրամաբանությունն այս էր. քանի որ Թադեոս առաքյալի հանգստարանը, եկեղեցին ու ձեռնադրությունը Հայաստանում են, ապա ոչ մի պատճառ չկա, որ Հայոց Եկեղեցին ենթադաս լինի Կեսարիայի միտրոպոլիտին: Այս ամենը միանգամայն ճշմարտահավատ է հնչում, սակայն կա մի հանգամանք, որ ստիպում է որոշ չափով սրբագրել այս հաղորդումը: Փավստոս Բուզանդի երկից որևէ ձևով չի բխում, թե թագավորը կարող էր Ներսեսի ձեռնադրության կապակցությամբ նման հայտարարություն անել: Սակայն դա միանգամայն հնարավոր էր Չունակի ձեռնադրության հետ կապված: Զրկելով Ներսեսին կաթողիկոսական աթոռից և վստահ չլինելով, որ Կեսարիայի միտրոպոլիտը կձեռնադրի իր թեկնածուին՝ հայոց արքան փորձել է օրինականություն հաղորդել իր քայլերին՝ հայտարարելով, որ հայոց կաթողիկոսի ձեռնադրությունը հայ եպիսկոպոսների կողմից արդարացված է հիշյալ պատճառներով: Իսկ թե ինչո՞ւ է Սյունյաց պատմիչն Արշակի հիշյալ քայլերը կապում Ներսես Մեծի անվան հետ, ապա դրա պատճառը, թերևս, Չունակի՝ Հայոց Եկեղեցու կողմից մերժված լինելն էր և եկեղեցական խնդիրների առումով նման հարցադրման կարևորությունը Սյունյաց երկրամասում:

Մեզ մնաց քննելու ևս մի քանի հարց, որոնք, անշուշտ, խնդրիս առնչությամբ կարևորություն են ներկայացնում: Առաջինը, թերևս, ժամանակագրության հարուցած բարդություններն են: Այսպես. այսօր պատմագիտության մեջ ընդունված է, որ Տրդատ Ա Արշակունին իշխել է 66-88 թվականներին, ըստ որում՝ նման եզրակացության համար հիմք է ծառայել Խորենացու այն տեղեկությունը, թե Հայոց Վաղարշակ թագավորը գահակալել է 22 տարի: Չնայած այն իրողությանը, որ պատմաբանների մեծ մասը Վաղարշակի կերպարի մեջ պատրաստ է տեսնելու Տրդատ Ա-ին, Վաղարշակը բնավ էլ ավանդական անձ չէ, այլ՝ մ. թ. ա. II դարի 30-ական թվականներին գործած անձ: Հետևաբար՝ ոչ մի հիմք չկա Վաղարշակի թագավորության 22 տարիները վերագրելու Տրդատ Ա-ին: Պարզ է մի բան, որ վերջինս կենդանի էր ալանների 72 և 75 թթ. արշավանքների ժամանակ: Ժամանակագրական առումով որոշակի հետաքրքրություն է ներկայացնում Տրդատ Ա-ի թողած Գառնիի հունարեն արձանագրությունը, որը գրվել է նրա գահակալության 11-րդ տարում: Սակայն այս թվականը նույնպես, ըստ էության, ոչինչ չի հստակեցնում, որովհետև Տրդատ Ա-ն թագավորել է մի քանի անգամ. 52, 54, 61 և 66 թվականներին, որոնցից վերջինը հռոմեական կայսր Ներոնի (54-68) կողմից: Հետևաբար՝ նրա գահակալության 11-րդ տարին կարող էին լինել 63, 65, 72 և 77 թվականները: Գիտնականների մեծ մասն առավելությունը տալիս է 77 թվականին, սակայն մենք, այնուամենայնիվ, հակված ենք կարծելու, որ գահակալության թվագրման համար կարող էր հիմք ծառայել 61 թիվը: Խնդիրն այն է, որ 52 թվականը սկիզբ համարելու դեպքում 11-րդ տարին ընկնում է, ինչպես ասվել է, 63-ին, երբ երկիրը դեռ նոր էր ետ մղել հռոմեական Պերոս զորավարի հարձակումն ու հազիվ թե ժամանակ ունենար ձեռնամուխ լինելու Գառնիի ամրոցի վնասված պարիսպների վերականգնմանը: Այդ անել, թերևս, հնարավոր չէր նաև 65 թվականին, քանի որ Տրդատը ստիպված էր Հռոմ մեկնել՝ Ներոնի կողմից թագադրման համար: Հավանական թվականը, իրոք, 61-ն է, երբ Վաղարշ պարթևական թագավորն իր արքունիքում Տրդատին հանդիսավորապես թագադրեց Հայոց թագավոր՝ գնալով բացահայտ առճակատման Հռոմի հետ: Այս կարծիքը, որ առաջին անգամ հայտնել է Հ. Մանանդյանը և 61 թվականը հայտարարել Մեծ Հայքում պարթև Արշակունիների արքայատոհմի կրտսեր ճյուղի թագավորության սկիզբը, շատ հավանական է հետևյալ պատճառներով: 52 և 54 թվականներին, թեկուզև ձևականորեն, պարթևների պայքարը Տրդատ Ա-ին Հայոց թագավոր կարգելու համար ուղղված էր Վիրքի դեմ, և պարթևական Վաղարշ թագավորը ձգտում էր ձեռք բերել Հռոմի համաձայնությունը: Սակայն 61-ին նա այլևս գնաց առճակատման և մեծ հանդիսավորությամբ իր եղբայր Տրդատին հայտարարեց Մեծ Հայքի թագավոր՝ պատրաստվելով Հռոմի դեմ հյուծիչ ու տևական պատերազմի: Ճիշտ է՝ Հռոմը Տրդատին թագավոր ճանաչեց պաշտոնապես միայն 66 թվականին, սակայն պարթևների համար նրա թագավորությունն արդեն 61-ից միանգամայն օրինական էր: Եթե դրան գումարենք նաև այն իրողությունը, որ Գառնին կարող էր իրոք տուժած լինել ալանների 72 թվականի արշավանքի ժամանակ, ապա Տրդատը ստիպված էր եղել արդեն նույն թվականին ձեռնամուխ լինել Գառնու ամրոցի պարիսպների վերանորոգմանը, իսկ այդ դեպքում նրա գահակալության 11-րդ տարին 72-ին կարող էր դրվել միայն 61-ին պաշտոնապես գահ բարձրանալու դեպքում:

Մեր քննությունը, այսպիսով, ցույց է տալիս, որ Տրդատը կենդանի էր 75 թվին, սակայն ամեն ինչից դատելով՝ նա մահացել էր ալանների 75 թ. արշավանքից շատ չանցած: Ուստի Սանատրուկի գահակալությունը կարելի է դնել արդեն 76 թվից, բայց ոչ մի դեպքում՝ 88-ից: Նոր Կտակարանի տվյալների համաձայն՝ Քրիստոսը խաչվել է 33 թվականին, հետևաբար, եթե ընդունենք, որ Նրան հետևող 12 առաքյալների տարիքը միջին հաշվով կազմում էր 20-25 տարեկան, ապա Թադեոսը և Բարթողիմեոսը կարող էին Մեծ Հայք մուտք գործել արդեն 76 թվականին՝ լինելով 63-68 տարեկան, որը բնավ էլ անհնարին չէր: Ասենք, որ հազիվ թե կարելի էր մտածել, որ առաքյալները կկարողանային ձեռնարկել իրենց քարոզչությունը Հայաստանում անմիջապես Ասորիքի հետ գրեթե միաժամանակ: Ուստի ճիշտ է Մ. Օրմանյանը, որի կարծիքով՝ դա կարող էր կատարվել անհամեմատ ուշ:

Եթե հիշյալ առումով հակասությունները կարծես թե վերանում են, ապա մեջտեղ է գալիս մեկ այլ բարդություն, քանզի Մովսես Խորենացու հաղորդման համաձայն՝ Սանատրուկն իշխել է 30 տարի: Ըստ այդմ՝ նրա թագավորությունն ընկնում է 76-106 թվականներին, երբ ուսումնասիրողները, որպես կանոն, նրան թագավոր են տեսնում մինչև առնվազն 110 թվականը: Սակայն, կարծում ենք, այս հակասությունն էլ ունի բացատրություն: Բոլորովին չհավակնելով բացարձակ իրավացիության՝ այնուամենայնիվ մենք հակված ենք կարծելու, որ խնդրիս լուծման բանալին գտնվում է Աշխարատի գահընկեցության փաստի մեջ: Ընդհանրապես անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ Աշխարատը գահընկեց արվեց՝ պարթևական արքունիքի կողմից փոխարինվելով Պարթամասիրով: Ելնելով Սանատրուկի 30-ամյա գահակալության փաստից՝ կարելի է նրա թագավորությունը դնել թե՛ 76-106 և թե՛ 80-110 թվականներին: Միայն թե 80-110 թվականների միջոցն ընդունելու դեպքում Աշխարատի գահընկեցության խնդիրն այդպես էլ մնում է անհասկանալի: Սակայն բավական է Սանատրուկի գահակալության շրջանը թվագրել 76-106-ով, և ամեն ինչ կարող է ստանալ բավականին ծանրակշիռ հավանական բացատրություն: 106 թվականին՝ Սանատրուկի մահից հետո, պարթևական արքունիքը Հռոմի համաձայնությամբ գահ է բարձրացնում Աշխարատին, որի ենթակայության տակ շարունակում է մնալ Եդեսիայի թագավորության տարածքը: Շատ հնարավոր է, որ Աշխարատը, փորձելով իր ընտանիքի իշխանությունը Մեծ Հայքում դարձնել ժառանգական, աշխատում է գործարքի մեջ մտնել հռոմեացիների հետ՝ ի դեմս Տրայանոսի: Բոլորովին չի բացառվում, որ նա իր ուզածին հասնելու համար զոհաբերում է Եդեսիայի թագավորության տարածքը՝ զիջելով այն Հռոմին 109 թվականին: Պարթևական արքունիքի աչքում նման քայլը կարող էր անկասկած դիտվել որպես հանցագործություն և անգամ պետական դավաճանություն՝ պատճառ դառնալով Աշխարատի գահընկեցությանն ու Պարթամասիրի, առանց Հռոմի համաձայնության, գահ բարձրանալուն, որը հանգեցրեց Տրայանոսի արևելյան արշավանքին ու Մեծ Հայքի և Պարթևստանի նշանակալից տարածքների թեկուզև ժամանակավոր ռազմակալմանը: Տրամաբանական բացատրություն է ստանում նաև պարթևների կողմից Պարթամասիրին, առանց Հռոմի համաձայնության, գահ բարձրացնելը: Դժվար չէ կռահել, որ պարթևական արքունիքը Եդեսիայի թագավորության անցումը Հռոմի գերակայության ներքո համարելու էր պարթևա-հռոմեական պայմանագրի խախտում, քանի որ կատարվել էր առանց պարթևական թագավորի համաձայնության, և իրեն իրավունք էր վերապահելու միակողմանի ձևով լուծելու Մեծ Հայքի թագավորի թեկնածության խնդիրը:

Ինչպես խոստացել էինք, հարկ ենք համարում կրկին անդրադառնալ Մծբինի խնդրին, որն առաջին հայացքից խանգարիչ նշանակություն ունի մեր քննության համար: Արդեն նշել ենք, որ պատմահոր հավաստմամբ՝ Հայոց Սանատրուկ թագավորը վերականգնում է երկրաշարժից խախտված Մծբին քաղաքն այն դեպքում, երբ Փավստոս Բուզանդը Սանատրուկի հիմնած քաղաքը տեղադրում է Արածանի (բնագրում՝ Եփրատ) գետի ավազանում, համաձայն Յ. Մատիգաղթի՝ Արածանիի և Մեղ գետի գետախառնուրդի շրջանում, իսկ ըստ Ս. Երեմյանի՝ Տարոն և Հայք գավառների սահմանագլխին: Վերջինս նման եզրակացության է գալիս՝ թերևս ելնելով Աշտիշատի տեղադրությունից, որտեղ գտնվում էր Վահագնին նվիրված մեհյանը, որն ութերորդն էր Մեծ Հայքի նշանավոր մեհյանների շարքում: Թվում է, թե Սեբեոսի կողմից Մծուռն քաղաքի հիշատակությունը, որը հրատարակիչ Ս. Մալխասյանցը փորձել է Խորենացու երկի համաձայն սրբագրել Մծբին, ավելի է կասկածելի դարձնում պատմահոր տեղեկությունը, որի մասին խոսելիս Հ. Մանանդյանն այն համարել է շփոթ և բացատրել այն իրողությամբ, որ հեղինակը, իր օգտագործած սկզբնաղբյուրում հանդիպելով Մծուրք կամ Մծուռն անվանը, շփոթել է Հյուսիսային Միջագետքի Մծուին կամ Մծբին քաղաքի հետ, ուստի և Սանատրուկին համարել է ոչ թե Մծուռնի (բնագրում՝ Մծուրն), այլ Մծբինի շինող: Իրականում պատմահոր երկը Սանատրուկին համարում է երկրաշարժից վնասված Մծբինի վերաշինող և ոչ թե հիմնադիր, այն դեպքում, երբ Փավստոսը Սանատրուկին ճանաչում է որպես Մծուրք անունը կրող վայրում կառուցված քաղաքի հիմնադիր: Այլ խոսքով՝ երկու հեղինակների հիշատակած քաղաքները սկզբունքորեն ոչ մի կերպ նույնանալ չեն կարող: Արդեն ասել ենք, որ պատմահայրը Մծուրքի մասին տեղեկություն չի պահպանել՝ հավանաբար առանձին նշանակություն չտալով նրան, որը նրա օրերում արդեն ավերակ էր: Համենայն դեպս՝ սկզբնաղբյուրներն անհրաժեշտ նյութեր չեն պահպանել այդ հարցին ճշգրիտ և հատուկ պատասխան տալու համար: Սակայն միաժամանակ պետք է ընդգծել, որ Փավստոսը նույնպես այդ փաստին առանձին կարևորություն չի տվել, որովհետև քաղաքը հիշում է մի դեպքի առնչությամբ: Ինչ վերաբերում է Սեբեոսին, որի երկը հիշում է քաղաքը՝ որպես Մարաբայի ծննդավայր կամ գործունեության բնակավայր, ապա լուրջ կասկածներ կան, որ խոսքը վերաբերում է, իրոք, Մծուրքին: Խնդիրն այն է, որ Մծբին քաղաքանվան մյուս՝ Մծուին արտասանությունը հեշտությամբ գրչագրերում կարող էր վերածվել Մծուռնի: Բավական է, որ Մծուինի «ի»-ն ձեռագրում ինչ¬ինչ պատճառներով վերածվեր «ր»¬ի, մի բան, որ սովորական է հայ գրչության համար, և Մծուրն կամ Մծուռն անվանումը պատրաստ էր: Այս հանգամանքը ստիպում է մտածել, որ Սեբեոսի մոտ սկզբնապես ոչ թե Մարաբա Մծուրնացի է եղել, այլ Մարաբա Մծուինացի: Կարծում ենք, որ անվերապահորեն դրա օգտին են վկայում Խորենացու տեղեկություններն այն մասին, որ Արշակ Մեծը Վաղարշակին է տալիս Հայոց թագավորությունը՝ թագավորական քաղաք հռչակելով Մծբինը, իսկ Վաղարշակը գտնում է մի ոմն ասորու՝ Մար Աբաս Կատինա անունով, որը վարժ էր քաղդեարեն և հույն լեզուների մեջ ու թագավորի պատվերով, Ալեքսանդր Մակեդոնացու հրամանով, քաղդեարենից հունարեն թարգմանված ձեռագիր մատյանից դուրս է գրում միայն հայերին վերաբերող տվյալները և Մծբին քաղաքում մատուցում Վաղարշակ թագավորին՝ ասորերեն և հունարեն լեզուներով: Այս ամբողջ պատմությունը կապվում է Մծբինի հետ, ուստի որևէ ձևով Մարաբային կամ Մար Աբաս Կարինային մծուռնացի կամ մծուրնացի համարելը պետք է պարզապես անհեթեթություն դիտել: Ավելին. Խորենացու տեղեկությունը՝ Սանատրուկի կողմից Մծբինի վերաշինության մասին, միանգամայն նոր հնչեղություն է ստանում ասվածի լույսով և գալիս է մեկ անգամ ևս ապացուցելու, որ 91-109 թվականների միջոցին Սանատրուկն իրոք կարող էր թագավորել Օսրոյենե-Եդեսիայի թագավորությունում, որի մաս էր կազմում Մծբին քաղաքը: Ավելին. Մծբինը չէր կարող Սանատրուկի հետ առնչվել մեկ այլ ժամանակաշրջանում, քանի որ, դատելով սկզբնաղբյուրներից, Մեծ Հայքի թագավորությունը կորցրել էր այն 37 թվականին՝ հօգուտ Պարթևական թագավորության:

Հետադարձ հայացք նետելով վերը կատարված քննությանը՝ կամա թե ակամա գալիս ենք այն եզրակացությանը, որ ասորի խմբագիրները որոշ վերափոխության են ենթարկել Լաբուբնայի գրվածքը, ուստի և պիտի համաձայնել Մ. Օրմանյանի հետ: Իրոք որ չի կարելի նվերներ ուղարկել դեռևս կենդանի առաքյալին՝ դրանք իր հետ թաղելու համար: Խոսքը, անկասկած, կարող է վերաբերել ուղևորության պատրաստվող Թադեոս առաքյալին: Սակայն դրանից բնավ չի բխում, թե յոթանասուն կամ յոթանասուներկու առաքյալների թվին պատկանող Թադեոսը եկել է Մեծ Հայք: Լաբուբնայի՝ մեզ հասած հայերեն թարգմանությունը, մեր կարծիքով, արտացոլել է իրերի սկզբնական դրությունը, որի համաձայն՝ Թադեոսը ուղևորվել է Ասորեստան և Արևելից կողմեր՝ նոր վարդապետությունը ժողովրդին հասցնելու համար: Սակայն դա հազիվ թե բխում էր Եդեսիայի աթոռի շահերից, ուստի և ավելի ուշ Լաբուբնայի գրվածքի վերջնամասը ենթարկվել է նմանատիպ փոփոխության: Թադեոսը պետք է Ասորական Եկեղեցու իրական առաքելությունն ապացուցեր՝ իր մահկանացուն Եդեսիայում կնքելով, ուստի և չնայած Լաբուբնայի գործի հայերեն թարգմանությանը, որի բովանդակությունը կասկածի տակ դնելը ոչ մի իրական հիմք չունի, Ասորի Եկեղեցին հայտարարում է, թե Թադեոսն իր երկրային կյանքն ավարտեց Եդեսիայում, որտեղ էլ ցույց են տալիս նրա գերեզմանը:

Ավարտելով մեր այս փոքրիկ քննությունը՝ մենք հանգում ենք ներքոհիշյալ հիմնական եզրակացություններին: Պետք է պատմական հավաստի փաստ համարել տասներկու առաքյալներից Թադեոս-Հուդայի կամ Ղեբեոսի քարոզչությունը Մեծ Հայքում Սանատրուկ թագավորի իշխանության օրոք՝ 76 թվականից անմիջապես կամ մի փոքր հետո:

Հավաստիությունից զուրկ է պատմահոր այն եզրակացությունը, թե իբր Լաբուբնայի հիշատակած Աբգարը Հայոց թագավոր է եղել, իսկ Թադեոս առաքյալը՝ յոթանասունի խմբից, քարոզել և նահատակվել է Հայաստանում: Ամենայն հավանականությամբ՝ Թադեոս-Հուդան նահատակվել է Արտազում, որտեղ էլ գտնվում է նրա գերեզմանը՝ Սբ. Թադեի անունը կրող վանքում:

Թադեոս առաքյալի՝ Մեծ Հայքում քարոզչության ժամանակային առաջնության պատճառով էլ Հայոց Եկեղեցին համարվել է Սբ. Թադեոսի առաքելական աթոռ: Մեծ Հայքում գործել է նաև Բարթողիմեոս առաքյալը, սակայն նրա քարոզչությունը կատարվել է ավելի ուշ, բայց և այնպես՝ Թադեոսի կենդանության օրոք: Ըստ որում՝ սկզբնապես նրա անունը որևէ ձևով չի կապվել Հայոց Եկեղեցու հիմնադրման հետ:

Բարթողիմեոսը, սակայն, ամենավաղ ժամանակներից սկսած, համարվել է հայոց լուսավորիչներից մեկը:

Հավաստի պետք է համարել նրա նահատակությունը Հայաստանում, որի վկայությունն է նրա դամբարանը Աղբակ գավառում՝ սբ. Բարթողիմեոսի անունը կրող վանքում:

---------------------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ