Աշտիշատի մայր եկեղեցու հիմնադրումը

Էդուարդ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

ԱՇՏԻՇԱՏԻ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ

Խոր Վիրապից դուրս գալուց հետո Ս. Գրիգոր Լուսավորիչը կանգնեցնում է Հայ Եկեղեցու նվիրական սրբությունները` Հռիփսիմյան կույսերի երեք վկայարանները և Ս. Էջմիածնի տեսիլքի վայրում՝ Փրկչական խաչի նշանը, ուր ազգովի մկրտությունից հետո բարձրանալու էր Ս. Էջմիածնի Մայր տաճարը:

Հայոց քահանայապետ ընտրվելով՝ Ս. Գրիգորը գնում է Կապադովկիայի Մաժաք-Կեսարիա քաղաքը, ձեռամբ Ղևոնդիոս արքեպիսկոպոսի ձեռնադրվում Հայոց կաթողիկոս և վերադառնալով գալիս է Մեծ Հայքի թագավորության Տարոն գավառը:

Տարոնն իր հոգևոր կենտրոններով հայտնի էր դեռևս նախաքրիստոնեական ժամանակներից։ Այստեղ առավել նշանավոր էր Աշտիշատը, ուր գտնվում էր Վիշապաքաղ Վահագնի անվամբ ութերորդ պաշտամունքի վայր Վահեվանյան մեհյանը՝ «լի ոսկով ու արծաթով և մեծամեծ թագավորների ձոնած բազում նվերներով», ինչպես նաև շեն էին Ոսկեմայր Ոսկեծին աստվածուհու և Աստղիկ դիցուհու մեհյանները, և դեռևս տգետ մարդիկ «շփոթությամբ» զոհեր էին մատուցում։ Ուստի և սուրբ Գրիգորը դիմում էր այստեղ՝ դրանք քանդելու և տեղը եկեղեցիներ կառուցելու նպատակով։

Փավստոս Բուզանդը, պատմելով Ներսես Մեծի օրոք Աշտիշատում տեղի ունեցած Հայ Եկեղեցու օրենսդիր առաջին ժողովի (354 թ.) մասին, հիշատակում է, որ Հայոց հողում այստեղ էր առաջին անգամ եկեղեցի շինվել, ուստի դա էր մայր եկեղեցին և նախնյաց եկեղեցական ժողովատեղին: Իսկ թե ինչպես էր այդ եկեղեցին կառուցվել ներկայացնում է Ագաթանգեղոսի պատմությունը։

Ս. Գրիգոր Լուսավորիչը Մաժաք-Կեսարիայից իր հետ բերել էր «մեծ մարգարե, երանյալ Հովհաննես Մկրտչի ու Քրիստոսի սուրբ վկա Աթանագինեսի ոսկորների նշխարները… Երբ եկան մոտեցան Եփրատ գետին… և դեռ կամենում էին անցնել մի փոքր ձորակ, սակավ ջրի միջով, կանգնեցին կառքերի սպիտակ ջորիները, որոնց վրա գտնվում էին աստվածային գանձերը՝ սրբերի նշխարները և չկարողացան հանել ձորակի միջով: Հայտնվեց Տիրոջ հրեշտակը Գրիգորին ու ասաց. «Տերը կամեցավ, որ Աստծու սրբերն այս տեղում բնակվեն»: Ապա իսկույն… շինեցին մատուռը և սրբերին գերեզման փոխադրեցին»: Մատուռի կառուցման ընթացքում, երբ կամենում են քանդել մեհյանի շինվածքը, դռները չեն գտնում, որպեսզի ներս մտնեն, քանի որ դևերը նրանցից ծածկում են դրանք։ Դրսից ևս անհնարին է լինում։ Իշխաններն անմիջապես այդ մասին տեղեկացնում են Գրիգորին։ Նա վերցնում է տերունական խաչի նշանը, մեհյանի դիմաց՝ բարձրաբերձ մի վայրում, կանգնելով՝ ասում է. «Թող քո հրեշտակը, Տեր, հալածի նրանց»։ Այս խոսքերի վրա սրբի խաչանիշ փայտից սաստիկ հողմ է փչում և տապալում բագինների ողջ շինությունները։ Այս հրաշքը տեսնողներից շատերը դարձի եկան։ Սուրբ Գրիգորը, դիմելով ներկաներին, ասաց. «Արդ՝ տեսեք, թե ինչպես ջնջվեցին ձեր գայթակղությունները, քանզի ոչինչ էին. բայց սրանից հետո ծառայեք տեր Աստծուն, որն ստեղծեց երկինքն ու երկիրը»։

Հայոց քահանայապետը առաջին եկեղեցիների կառուցման հիմնարկեքն այստեղ արեց, այդ թվում նաև մայր եկեղեցու, որի ապագա շինության տեղում «հանուն Սուրբ Երրորդության սեղան կառուցեց, մկրտության ավազան շինեց»։ Քրիստոսադրոշմ մկրտությամբ լուսավորեց նրանց, նախ՝ մեծամեծ նախարարներին, որոնք իր հետ մեկնել էին Կեսարիա, ապա նաև գավառականներին՝ երկրի բնակչությանը։ Քահանաներ կարգեց, առաջինը այստեղ փրկչական Պատարագ մատուցեց և բաշխեց Քրիստոսի կենարար մարմինն ու արյունը։

Հիշենք, որ այս ամենը կատարվում էր նախքան ազգովի մկրտությունը։

Այրարատում Հռիփսիմյանց կույսերի երեք վկայարաններից և Ս. Էջմիածնի տեսիլքի տեղում Փրկչական խաչի կանգնեցումից, ինչպես նաև Տարոնում Ս. Հովհաննես Մկրտչի և Ս. Աթանագինեսի մատուռներից հետո, որպես կառուցված եկեղեցի, Աշտիշատի եկեղեցին առաջինը եղավ Հայաստանում:

Եվ մեծ նշանակություն տալով այդ վայրին՝ Ս. Գրիգորը «հրամայեց, որ տարեցտարի այդ նույն տեղում ամենքը հավաքվեն՝ սրբերի հիշատակը կատարելու, որի օրը սահմի ամսի յոթն էր, որպեսզի, խնդությամբ հավաքվելով, տոնախմբություն անեն, քանզի այնտեղ էր նախ և առաջ եկեղեցիներ շինելու սկիզբը դրել: Տարբեր տեղերում քահանաներ կարգեց և այդ վայրերը լցրեց եկեղեցիների շինությամբ և քահանաներով»:

Ինն աղբյուրների ակունքների մոտ եկեղեցու կառուցման մասին Զենոբ Գլակի և Հովհան Մամիկոնյանի «Տարոնի պատմություն» երկից իմանում ենք, որ օտար կուռքերի կործանումից հետո «Սուրբ Գրիգորը ձեռնամուխ եղավ եկեղեցու հիմնադրմանը: Բայց որովհետև պատրաստի շինանյութ չկար, վերցնում էին անտաշ ու տձև քարերը և կուռքերի բնակավայրում կիր գտնելով՝ եկեղեցու հիմքը դրեցին հենց այնտեղ, որտեղ Դեմետրեի կռատունն էր [հիմնված] եղել: Տասներկու օր շարունակ այնտեղ ջանք թափեց, կառուցեց և սբ Կարապետի նշխարների մի մասը այնտեղ հաստատեց»:

Այսպիսով, Ս. Գրիգոր Լուսավորիչը հիմնադրել է Արտիշատի եկեղեցին, Մշո Իննակնյան Սուրբ Կարապետ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցիները և քրիստոնեական այլ սրբավայրեր:

Տարոնից Ս. Գրիգորը Արածանի գետի հովտով բարձրանում է վեր՝ ուղևորվելով դեպի երկրի կենտրոն: Տրդատ III Մեծը, իմանալով նրա գալու մասին, զորքով, Աշխեն տիկնոջ և իր քույր Խոսրովիդուխտի հետ, Վաղարշապատից գնաց ընդառաջ և Բագավան գյուղաքաղաքում նրան սպասեց մեկ ամիս: Այդ ընթացքում Ս. Գրիգորը շրջում էր, հիմնում եկեղեցիներ, նշանակում քահանաներ և եկեղեցու սպասավորներ, հաստատում պաշտամունքի կարգը և կատարում մկրտություններ: Եվ երբ բոլորը հավաքվում են Նպատ լեռան ստորոտում, Ս. Գրիգոր Լուսավորիչը Տրդատ Մեծին, նրա ընտանիքին, պալատականներին ու բանակին և Հայոց աշխարհի տարբեր կողմերից եկած մարդկանց մկրտում է Արածանիի ջրերում՝ հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու:

Բագավանում ևս Ս. Գրիգորը հիմնում է Ս. Հովհաննես Մկրտչի անունը կրող եկեղեցի։

Այդպես, Հայոց աշխարհում հաստատվեց Հայ Եկեղեցու նվիրապետությունը՝ Ս. Գրիգորը բոլոր տեղերում եպիսկոպոսներ և քահանաներ կարգեց, բազմացրեց Տիրոջ սեղանի սպասավորներին, մանկանց բազմություն հավաքեց՝ քրիստոնեական կրթությամբ ուսուցանելու նպատակով: Աշտիշատի մայր եկեղեցուց մինչև Այրարատյան աշխարհը անցած Ս. Գրիգորի ուղին կարելի է անվանել Գործք Լուսավորչի։ Շարունակելով Հայ Եկեղեցու նվիրապետության հաստատման գործը՝ նա Տիրոջ Ավետարանի քարոզությունն էր սփռում «Սատաղացիների քաղաքից մինչև Խաղտյաց երկիրը, Կղարջքի մոտ, ընդհուպ մինչև Մասքութների սահմանները, մինչև Ալանաց դռները, Կասպից սահմանները և Հայոց թագավորության Փայտակարան քաղաքը, Ամիդ քաղաքից մինչև Մծբին քաղաքը, անցնելով Ասորիքի սահմանները, Նոր Շիրական երկիրը, Կորդուք գավառը, մինչև Մարաց ամուր աշխարհը, մինչև Մահքր-Տան իշխանի երկիրը և Ատրպատական»:

Մեծ էր Աշտիշատի՝ առաջինը կառուցված եկեղեցու խորհուրդը, քանզի այն Ս. Գրիգորի՝ Հայոց քահանայապետ ձեռնադրվելուց հետո եկեղեցաշինության երախայրիքն էր, որին հաջորդեցին Հայոց աշխարհի մկրտությունը և Ս. Էջմիածնի տեսլական Մայր տաճարի հիմնադրումը:

———————————–
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
Հատկորոշիչներ՝ Աշտիշատ, եկեղեցի, հիմնադռում

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

ՍՈՒՐՄԱԿ ԵՒ ԲՐՔԻՇՈՅ (213)

Այդ կացութեան ներքեւ Սուրմակ եւ ոչ իսկ իր...

ՍԱՀԱԿԻ ԱՔՍՈՐԸ (212)

Երբոր Սուրմակ եւ նախարարները Տիզբոն հասնելով...

ՍԱՀԱԿԻ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹԻՒՆԸ (211)

Այս եղելութիւնները կը կատարուէին 427-է 428...