ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ

ԻԳԻԹ ՂԱՐԻԲՅԱՆ

Հնագիտ. դոկտոր, պրոֆեսոր

 

 

 ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐՉԻ ԱՋԸ

Հարց. «Երբ մեռոնը օրհնում եք, ո՞ր սրբություններն եք բերում վրան»։

Պատ. «Մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը, սուրբ Թադեոս առաքյալի աջը և սուրբ նշանը, որ կենաց փայտից է, գեղարդը, որ մխվեց Տիրոջ կողը»

(XVII դար)։

Հայ Եկեղեցու կանոնակարգի համաձայն՝ մեռոն եփելու արարողության ժամանակ նրա կաթսան նախ խառնում-օրհնում են Գրիգոր Լուսավորչի աջով, ապա մյուս պաշտելի սրբություններով։ Մովսես Խորենացին և Ագաթանգեղոսը, նկարագրելով Գրիգոր Պարթևի գործունեությունը՝ Հայաստանում քրիստոնեության տարածման և պետական կրոն ճանաչելու հետ կապված, անդրադառնում են նաև նրա կաթողիկոս ընտրվելուն, որ ապա գավառից գավառ անցնելով, իր անձի համար անբնակ տեղեր ընտրելով, ամենքին լուսավորում էր։ Չնայած որ Տրդատ թագավորը խնդրում էր Գրիգորին, որ վերջինս մշտապես մնա իր մոտ, իր հետ շրջի, Գրիգորը հրաժարվում է նման փափուկ կյանքից, որ չլինի թե հպարտությունը գլուխ բարձրացնի և ոտնակոխ անի իրեն (ո՞ւր էր, թե այսօրվա մեր պետական ու քաղաքական այրերն էլ նման մտածելակերպ որդեգրեին և զերծ մնային անհարկի մեծամտությունից և «աշխարհի պորտ» զգալու մարմաջից)։

Գրիգոր Լուսավորիչն իր անձը սահմանափակում է պահքով ու տքնությամբ, մշտական բազկատարած աղոթքով առ Աստված։ Երբեմն նա իջնում էր լեռներից, ժողովրդի մեջ շրջելով՝ աշխատում էր զորացնել իր հետևորդներին։ Վերջնականապես նա իր համար բնակության վայր է ընտրում Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան վրա եղած մի քարայր, ուր ճգնում ու իր մահկանացուն է կնքում անհայտության մեջ։ Հովիվները, պատահմամբ գտնելով անծանոթ դիակը, թաղում են Գրիգոր Լուսավորչին՝ չիմանալով նրա ով լինելը։ Միայն տարիներ անց, Խորենացու վկայությամբ, Գառնիկ անունով մի ճգնավոր, երազ տեսնելով, փնտրում և գտնում է սրբի աճյունը, ապա տեղափոխելով ամփոփում է Թորդանում, ուր և ավանդաբար պահպանվում է նրա գերեզմանը։ Նույնպես ավանդությամբ հաղորդվում է, որ Լուսավորչի աջը չթաղեցին աճյունի հետ, այլ որպես սուրբ մասունք՝ պահեցին կաթողիկոսարանում, այսինքն՝ այնտեղ, ուր բնակություն էին հաստատում Հայոց կաթողիկոսները՝ լիներ դա Վաղարշապատը, Դվինը, Զվարթնոցը կամ մեկ այլ վայր։

Աջի համար, բազկից մինչև մատները, արծաթից, մատների՝ օրհնության նշանով ձեռք են ձուլում՝ պահարան։ Ահա այդ աջով է օրհնվում մեռոնը։

Միանգամայն տրամաբանական է, որ XII դ., երբ բուն Հայաստանից կաթողիկոսները տեղափոխվեցին Կիլիկիա, Լուսավորչի աջը մյուս գլխավոր մասունքների հետ տարվեց հայոց կաթողիկոսների նոր նստավայրը՝ Հռոմկլայի վանքը։ Ըստ պատմիչների և հիշատակարանների հեղինակների՝ 1292 թվին, երբ Եգիպտոսի սուլթանի զորքերն արշավեցին Կիլիկիա, գերի տարան Ստեփանոս կաթողիկոսին, բազմաթիվ հարստություններ, որոնց թվում և Լուսավորչի աջը։ Ըստ ավանդության՝ հենց Լուսավորչի աջն էր պատճառը, որ Եգիպտոսում բռնկվեց համաճարակ և բազմաթիվ մարդկանց կյանքեր խլեց։ Եգիպտացիները ստիպված կիլիկեցիներին են վերադարձնում Լուսավորչի աջը։ Արժանահավատն այն է, որ Հեթում II թագավորը 1294-95 թվականների ընթացքում բանակցություններ է վարում եգիպտացիների հետ և ետ ստանում Լուսավորչի աջը։ Այդ մասին իմանում ենք Սմբատ Գունդստաբլի պատմության շարունակողից, որը գրում է. «Սոյն աւուրքս պարոն Հայոց Հեթում՝ Գնեաց Աջն Լուսաւորչին և զամենայն մասունս ի յանօրինեաց, և եբեր ի Սիս» (Սմբատ -126)։

Նորընտիր Գրիգոր Անավարզեցի կաթողիկոսն ավերված Հռոմկլայի փոխարեն իր համար բնակության վայր է ընտրում Սիս մայրաքաղաքը, ուր և պահվում էր Լուսավորչի աջը՝ մինչև 1439 թվականը։

1439 թ. արտագրված Ավետարանի հիշատակարանի համաձայն՝ այդ տարի Սսի կաթողիկոսարանից անհայտանում է Լուսավորչի աջը։ Հիշատակարանի հեղինակը պատահարը որակում է որպես մեծագույն չարիք հայ ժողովրդի կյանքում։ Իսկ 1441 թ. գրված Մատթեոսի Ավետարանի մեկնության հիշատակագիրը գրում է, որ հայոց ազգին մեծ դժբախտություն պատահեց, որովհետև մեր Գրիգոր Լուսավորչի աջը, որը վաղուց ի վեր Կիլիկիայի Սիս քաղաքում էր, անհայտացավ։ Չգիտենք՝ գողացա՞ն, թե՞ ինքն իրեն ծածկեց, որը մեծ նեղություն ու տրտմություն բերեց հայոց ազգին։ Ժամանակի կաթողիկոս Գրիգորին և մի շարք եպիսկոպոսների բազում չարչարանքների են մատնում՝ պարզելու համար աջի անհայտացման պատճառը, բայց այդպես էլ ոչինչ չի հաջողվում պարզել։

Իրականությունն այն էր, որ դեռևս XV դարի առաջին տասնամյակներում Թովմա Մեծոփեցու և արևելահայ մի շարք աչքի ընկնող եպիսկոպոսների նախաձեռնությամբ սկսվել էր կաթողիկոսարանը Կիլիկիայից Էջմիածին տեղափոխելու գործընթացը։ Սրանց աջակից էր նաև Կիլիկիայում գործող եպիսկոպոսների մի ստվար խումբ, որը ժամանակին նամակով դիմել էր Մեծ Հայաստանի եպիսկոպոսներին՝ քաջալերելով կաթողիկոսարանը Սսից Էջմիածին տեղափոխելու գործը։ Հավանաբար Լուսավորչի աջի անհայտացումը Սսի կաթողիկոսարանից պետք է վերագրել հենց այդ եպիսկոպոսների խմբի գործունեությանը։ Թովմա Մեծոփեցին իր պատմությունում, ուր շարադրված են կաթողիկոսարանի տեղափոխման բոլոր դրդապատճառները, լռում է Սսում աջի կորստի մասին։ Բայց երբ շարադրում է այն հիմնավորումները, որի հետևանքով պիտի կաթողիկոսարանը տեղափոխվեր Էջմիածին, առանձնահատուկ շեշտում է Լուսավորչի աջի Էջմիածնում գտնվելու հանգամանքը։ Փաստորեն՝ Լուսավորչի աջն ուներ կնիքի դեր և օրինավոր ու ճշմարիտ հայրապետության երաշխավորություն։ Այս տեսակետը հաստատվում է այն անխախտ սովորությունով, որով կաթողիկոսների կոնդակները մակագրվում էին սուրբ աջի օրհնությամբ, մեռոնը աջով էր նվիրագործվում, ինչպես նաև եպիսկոպոսների ձեռնադրության համար աջն էր գործածվում։

Ահա կաթողիկոսարանը Էջմիածին տեղափոխելու նախապատրաստական ջանքերի մեջ ամենագլխավորը Լուսավորչի աջը Սսի կաթողիկոսարանից հեռացնելը, կորցնելն էր։ Իսկ Էջմիածնում նրա հայտնվելը հանդիսացավ այդ գործընթացի վավերականացման իրողությունը՝ փաստը։ Պատահական չէ, որ այդ նույն թվականին գրված ձեռագրի հիշատակարանում կարդում ենք. «զԱջ Լուսաւորչին ի Սսոյ գողացեալ բերին Էջմիածին, և վերստին հաստատեցին զկաթողիկոսութիւն»։ Կամ մեկ այլ ժամանակակից գրում է, թե սուրբ Լուսավորչի աջը Սսում կորել էր և հայտնաբերվեց Վաղարշապատում, որի համար հավաքվեցին, ժողով գումարեցին ու կաթողիկոսական աթոռը հաստատեցին Էջմիածնում։ Ավելին, Առաքել Դավրիժեցի պատմիչը ուղղակի գրում է. «Սուրբ Էջմիածնի Աթոռն այս ժամանակ նորոգվեցավ, որովհետև մեր սուրբ Գրիգոր Լուսավորչի աջը Սուրբ Էջմիածնում հայտնվեց»։

Բազմավաստակ հետազոտող Օրմանյանը միանգամայն իրավացի է, երբ նշում է, թե մենք նպատակ չունենք պնդելու, որ առանց Լուսավորչի աջի Հայոց կաթողիկոսարանն Էջմիածնում չէր կայանա։ Բայց դա մի ավելորդ անգամ հիմնավորվածություն և օրինականություն էր հաղորդում տվյալ գործընթացին։ Էջմիածնում կաթողիկոսությունը վերականգնվեց 1441 թվականին՝ հոգևոր և աշխարհիկ գործիչների մի ստվար խմբի ջանքերի շնորհիվ։

Սսի կաթողիկոսարանից Լուսավորչի աջի անհետացումը հանգեցրեց Գրիգոր կաթողիկոսի գործունեության դադարեցմանը։ Միայն տարիներ անց Կարապետ Եվդոկացին, որպեսզի վերականգնի Սսի կաթողիկոսությունը, և ինքն էլ հայրապետ հռչակվի, ի լուր ամենքի հայտարարեց, թե գտնվել է Լուսավորչի աջը։ Աջի՝ Սսում նորից հայտնվելու փաստը չպետք է դիտել որպես արտառոց երևույթ, որովհետև աջի ձևով մասնատուփ ունենալը հայկական իրականության առանձնահատուկ սովորույթներից էր. ամեն մի սրբի մասունք՝ լիներ ամբողջական ոսկոր կամ լոկ բեկոր, զետեղվում էր աջաձև արծաթե պահպանակի մեջ, իսկ եթե բեկորը շատ փոքր էր լինում, զետեղվում էր պահպանակի՝ օրհնության նշանը կազմող մատներից որևէ մեկի մեջ։ Եվ պահպանակն արդեն համարվում էր այս կամ այն սրբի աջը։ Այսօր մեր Եկեղեցում՝ թե՛ Սուրբ Էջմիածնում և թե՛ Անթիլիասում, պահպանվում են մի շարք սրբերի մասնատուփ աջեր։

Ոչ միայն Կիլիկիայում, այլև ողջ Հայաստանում բոլորին էլ հայտնի դարձավ, որ նոր գտնված Աջը ոչ այլ ինչ է, քան նորեն պատրաստված հնի կրկնօրինակը։ Այսպիսով՝ միանգամայն պարզ է դառնում, որ Էջմիածնում պահվող օրինակը Լուսավորչի բուն Աջն է, իսկ մնացյալները նրա կրկնօրինակները՝ անկախ այն բանից, թե դրանց տերերը որքան են ջանացել հակառակն ապացուցելու։

Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ ո՛չ Էջմիածնի և ո՛չ էլ Սսի Աջերը բացված չեն, և նրանց մեջ ինչ չափի կամ մարմնի որ ոսկորն է, պարզված չէ։ Օրմանյանը գրում է. «Նույնիսկ չենք կարող պնդել, թե առաջին անգամ Աջի մասնատուփը շինել տվողը արդյոք Աջ ձեռքի ամբողջ ոսկորներն է նրա մեջ զետեղե՞լ, թե՞ նրա մի մասնիկը»։ Դրա համար էլ Կարապետ Եվդոկացու համար հեշտ էր մեկ այլ Աջ պատրաստել հնի օրինակով։ Որովհետև «յետոյ գտեալ» արտահայտությունը չի բացատրում Աջի գտնելու իրական հանգամանքները։

Սսի կաթողիկոսարանում Լուսավորչի նորագտյալ Աջի և մյուս մասունքների պահպանությունը հանձնարարվում է Սպիտակ Երեց մականունով մի անհատի։ Նման քայլի նպատակն Աջի նոր կորստի առաջն առնելն էր։ Եվ ահա այդ Երեցն էլ համարվում է Կիլիկիայում հայտնի Աջապահյանց տոհմի նախահայրը։ Հիշատակված տոհմը մեկ դար անց շատ մեծ դիրք գրավեց հայ իրականության մեջ և տվեց մի շարք եպիսկոպոսներ, որոնցից ոմանք ժառանգեցին նույնիսկ Սսի հայրապետական աթոռը։

1450-ական թվականներին Էջմիածնում Գրիգոր Ժ Ջալալբեգյանց կաթողիկոսի և աթոռակից Արիստակես Բ Աթոռակալի իրարից գժտված լինելու պարագայից օգտվեց Սարգիս եպիսկոպոսը, որն այդ ժամանակ Էջմիածնի կաթողիկոսարանի լուսարարապետի պաշտոնն էր վարում։ Նա իր ձեռքը գցեց Լուսավորչի Աջը, նշանավոր ուրարը և խաչվառը։ Ամենայն հավանականությամբ՝ այդ քայլը կատարվեց Զաքարիա Աղթամարցու դրդմամբ։ Աղթամարի կաթողիկոս Զաքարիան Էջմիածնի կաթողիկոս դառնալու նպատակը վաղուց էր փայփայում։ Նույնիսկ այդ էր պատճառը, որ նա հավանություն տվեց Սսից կաթողիկոսարանը Էջմիածին տեղափոխելուն։ Իսկ այդ նպատակին հասնելու համար պետք է կատարեր երկու կարևոր քայլ։ Նախ պետք է շահեր տվյալ տարիներին Հայաստանին տեր դարձած Ջհանշահի համակրանքն ու համաձայնությունը և իր ձեռքը գցեր Լուսավորչի՝ Էջմիածնում պահվող Աջը։ Այլապես, միայն Ջհանշահի հրամանով Հայոց կաթողիկոսական աթոռին տիրելով՝ համայն հայ ազգը նրան չէր ընդունի որպես Հայոց օրինավոր կաթողիկոս։ Իսկ եթե Լուսավորչի Աջն էլ ունենար, նա կարող էր նույնիսկ ուրիշ տեղ հաստատվել և համայն հայոց կաթողիկոս համարվել։ Վերհիշենք, թե ինչպես էր Լուսավորչի Աջի անունը մեծապես ազդել հանրային կարծիքի վրա, որ Կիրակոս Վիրապեցուն և Կարապետ Եվդոկացուն ճանաչում էին հայոց կաթողիկոսներ. մեկին՝ Էջմիածնում, մյուսին՝ Սսում։ Հետևաբար Զաքարիա Աղթամարցին ամեն գնով պետք է Լուսավորչի Աջը ձեռք գցեր, որի համար էլ իրեն գործակից դարձրեց Սարգիս եպիսկոպոսին։ Վերջինս, ինչպես արդեն գիտենք, օգտվելով Մայր տաճարի լուսարարապետի իր պաշտոնից, գողանում է այն, ուրարն ու խաչվառն էլ հետը, և հեռանում Զաքարիա Աղթամարցու մոտ։

Ջհանշահը, Իրաքում մեծ հաղթանակներ տանելով, վերադառնում է Թավրիզ։ Առաքել Դավրիժեցու վկայությամբ՝ Ջհանշահին ընդառաջ է գնում Աղթամարի Սուրբ Խաչ վանքի աթոռակալ տեր Զաքարիա հայրապետը՝ իր հետ տանելով բազմաթիվ ընծաներ ու նվերներ։ Դրանք սիրով ընդունում են ինչպես Ջհանշահը, այնպես էլ Բեգում թագուհին։ Սրանք պատվում, մեծարում են Զաքարիային՝ տալով ընծաներ։ Օգտվելով լավ ընդունելությունից՝ Զաքարիան շահից խնդրում է Էջմիածնի կաթողիկոսի պաշտոնը՝ պարտավորվելով վճարել վանքի բոլոր պարտքերը։ Այս դեպքը տեղի է ունեցել 1460 թ. աշնանը։ Ստեփանոս Արծկեցի աբեղան 1460 թ. գրած իր հիշատակարանում նշում է. «Ի հայրապետութեան տեառն Գրիգորի», բայց վերջում ավելացնում է. «Ի հայրապետութեան տեառն Զաքարիայի, որ յայսմ ամի տիրեաց Էջմիածնին և Լուսաւորչի սուրբ Աջոյն»։ Վերոհիշյալ թվականին էլ Աղթամարի կաթողիկոս Զաքարիան, Լուսավորչի Աջն առած, գալիս է Էջմիածին ու շուրջ մեկ տարի գահակալում՝ կողքին ունենալով Գրիգոր կաթողիկոսին և Արիստակես աթոռակցին, որոնց ոչ ոք պաշտոնանկ չէր արել։

Զաքարիան 1461 թ. սկզբին նույնիսկ հասցնում է հաշտարարի դերով հանդես գալ Ջհանշահի և Բաղեշի Ջահանգիր ամիրայի միջև և գործը հաջողությամբ ավարտելով՝ երկուսից էլ մեծամեծ պատիվների ու նվերների է արժանանում։ Սակայն Ջհանշահը որոշում է հեռանալ Հայաստանից և մեկնել Արևելք՝ թաթարների դեմ պայքարելու համար։ Իր փոխարեն Հայաստանում կառավարիչ է նշանակում որդուն՝ Հասան Ալիին։ Վերջինս, որոշ չարախոսների նենգությունն օգտագործելով, ցանկանում է իր ձեռքը գցել Զաքարիային՝ նրանից դրամ և հարստություն կորզելու նպատակով։ Կաթողիկոս Զաքարիան, իմանալով այս դավադրության մասին, 1461 թ. ձմեռնամուտին առնում է Լուսավորչի Աջը, մյուս նշանավոր սպասքներով հանդերձ, գաղտնի հեռանում է Էջմիածնից, հասնում նախ Բագավան, այնտեղից մեկնում Բայազետի Բերդ, ապա հասնում Վասպուրականի սահմանները՝ մասնավորապես Վանա լճի ափին գտնվող Արգելանի վանք, որը Բերկրի քաղաքից հեռու չէր։ Այստեղ հասնելուց հետո է միայն բոլորին ի տես դնում Լուսավորչի Աջը՝ խաչվառի հետ միասին։ Դրանց հետ էր նաև նշանավոր ուրարը, որը զարդարված էր ոսկեթել գործվածքով ու երփներանգ գույներով, որ տեսնողները զարմանում էին։

Տեղի հավատացյալ ժողովուրդը մեծ խանդավառությամբ է ընդունում Լուսավորչի Աջն Աղթամարի աթոռին անցնելը, և Բերկրիից մինչև Աղթամար Զաքարիան հաղթողի կեցվածքով է ճանապարհորդում։ Ամեն տեղ նրա գալու համբավը տարածվում է, քանի որ նրան ուղեկցում էին սուրբ Աջով ու ձողի ծայրին բարձրացված խաչվառով, որի գլխին ոսկե խաչ էր շինված։ Բոլորն ընդառաջ էին գնում՝ բուրվառով, մոմերով, խոյերի և կենդանիների մատաղումով, երկրպագելով սուրբ Աջին և խոնարհվելով Զաքարիային՝ որպես Հայոց հայրապետի։ Այսպես ճամփորդելով՝ Զաքարիա կաթողիկոսը հասնում է Աղթամարի Սուրբ Խաչ վանքը և հանգիստ առնում այնտեղ։ Լուսավորչի Աջը Աղթամար է բերվում 1461 թ. դեկտեմբերի 11-ին՝ Սուրբ Հակոբի պահքի ուրբաթ օրը։

Այնուհետև Առաքել Դավրիժեցին իր պատմության մեջ բառացիորեն գրում է. «Ժամանակն է, որ մենք պատմենք Լուսավորչի Աջի մասին, թե ինչպես Աղթամարից վերադարձավ, եկավ Սուրբ Էջմիածին»։ Պատմիչի վկայությամբ՝ Էջմիածնի եպիսկոպոսներից մեկը՝ Վրթանես Օծոփեցին, որ ծագումով Սյունիքի Շահապունիք գավառից էր, հանձն է առնում կատարել ժամանակի կաթողիկոս Սարգսի և Հովհաննես աթոռակցի հանձնարարականը՝ Լուսավորչի Աջը Աղթամարից գողանալու և Էջմիածին հասցնելու գործը։ Այդ նպատակին հասնելու համար 1770 թվին Վրթանես եպիսկոպոսը իբր գնում է անծանոթ երկիր, փոխում է իր անունն ու հագուստը, կարճացնում է մորուքը, ընդունում անուս, գրել-կարդալ չիմացող մուղդուսու (մահտեսի) կերպարանք, կապում է ազդրը ծնկից վեր՝ առնելով բնական կաղի կերպարանք։ Ապա գնում է Աղթամար կղզու Սբ. Խաչ վանք, բնակվում այնտեղ և սպասավորություն անում՝ բազում զրկանքների ենթարկվելով։ Վերջապես, իր ջանադրության և հեզության համար ստանում է Սբ. Խաչ վանքի լուսարարի և սուրբ անոթների ու սրբությունների պահապանի պաշտոնը՝ այստեղ մնալով շուրջ յոթ տարի։

Վրթանեսը, իր նպատակին հասնելով, բարեպատեհ առիթի էր սպասում՝ իրականցնելու Աջն Աղթամարից գողանալու գործը։ Առիթը շուտով ներկայանում է։ Ջուղայեցի առևտրականները՝ մանրավաճառները, գրաստներով ու ավանակներով շրջելով գյուղից գյուղ, հասնում են Աղթամար՝ կտավ, պաստառ, չիթ և գույնզգույն կտոր ու մանրուք վաճառելու համար, և այնտեղ մնում երեք օր։ Սրանց միջից ընտրելով մի ծանոթի՝ Վրթանեսը կտրում է նրա ավանակի փալանը, համետի մեջ դնում Լուսավորչի Աջը, խաչվառը և ուրարը, ապա կրկին կարում։ Այդ անում է թաքուն, բոլորից գաղտնի։ Միայն ավանակի տիրոջն է հայտնում իր ձեռնարկի մասին՝ նրան պատվիրելով, որ լավ պահի իրեն վստահված մասունքները, որպեսզի Աջին որևէ բան չպատահի՝ ապսպրելով ոչ մի տեղ չուշանալ, այլ հապճեպ հասնել Ջուղա։

Մի քանի օր անց ինքն էլ, անհրաժեշտ գործերով ինչ-որ տեղ մեկնելու պատրվակով, հեռանում է կղզուց ու աճապարում Ջուղա։ Աղթամարի բնակիչները և վանքի եպիսկոպոսները տեսնում են, որ պայմանավորված օրը Վրթանեսը չի վերադառնում, սկսում են անհանգստանալ ու փնտրել նրան, բայց չեն գտնում։ Հետագայում պարզվում է, որ Լուսավորչի Աջն ու մյուս սրբությունները նույնպես տեղում չեն։ Վրթանեսը, հասնելով Ջուղա գյուղաքաղաք, գտնում է ավանակի տիրոջը և տեղեկանում, որ ամեն ինչ բարեհաջող տեղ է հասել։ Նա շուտափույթ տեղյակ է պահում Էջմիածնի կաթողիկոսներին, որ Լուսավորչի Աջը հաջողությամբ հասցրել է Ջուղա։ Կաթողիկոս Սարգիս Աջատարն արդեն կնքել էր իր մահկանացուն։ Ուստի, նրանից հետո գահին նստած Հովհաննես Է Աջակիրը և Սարգիս աթոռակիցը (հետագայում՝ Սարգիս Գ Մյուսայլ Ամենայն Հայոց հայրապետ)՝ եկեղեցականներով, աշխարհականներով և Արարատյան երկրի երևելի մարդկանցով, Էջմիածնից հապճեպ ընդառաջ են գնում Լուսավորչի Աջին։ Նրանք այդ սրբազան մասունքը դիմավորում են Նախիջևան քաղաքում, քանի որ մինչ կաթողիկոսները կգային, Ջուղայի հավատացյալ ժողովուրդը և Վրթանես եպիսկոպոսը Աջն ուղեկցել էին մինչև Նախիջևան քաղաքը։ Այստեղ նրանք ուխտ են կատարում, ինչպես Դավրիժեցին է վկայում՝ օգտվելով ինչ-որ աղբյուրից, մեծատենչ փափագով համբուրում սուրբ Աջը և ապա աշխարհախումբ բազմությամբ առնելով՝ տանում են այն Սուրբ Աթոռ Էջմիածին և դնում իր սեփական բնիկ տեղը։ Ինչպես կաթողիկոսները, այնպես և աշխարհականներն ու եպիսկոպոսները Վրթանես եպիսկոպոսին այդ սխրանքի համար անհաշիվ պարգևներ են բաշխում։ Նույնիսկ ժողովրդի՝ սուրբ Աջին տրվող նվերները և աջահամբույրը նույնպես հանձնվում է նրան։ Բացի այդ, Էջմիածնի կաթողիկոսները և ընդհանուր ժողովը որոշում են ընդունում՝ Վրթանես եպիսկոպոսին ցմահ նշանակել Էջմիածնի կաթողիկոսների տեղապահ։ Այս բոլորը տեղի է ունեցել 1477 թվականին։ Լուսավորչի Աջն Էջմիածնից բացակայել է շուրջ տասնվեց տարի։

Վրթանես եպիսկոպոսը տեղապահի պաշտոնում որոշ ժամանակ մնալուց հետո՝ ծերության տարիքում, հեռանում է իր հայրենի Օծոփի վանքը, որտեղ էլ 1493 թվին կնքում է իր մահկանացուն, ինչպես վկայում է Դավրիժեցին՝ մատնացույց անելով նրա տապանաքարի վիմագիրը, որ պահպանվել էր մինչև XVII դարի կեսերը։ Ի հիշատակ Վրթանես եպիսկոպոսի՝ Լուսավորչի սուրբ Աջը կրկին Էջմիածին վերադարձնելու մեծագույն ծառայության՝ Հայոց հետագա կաթողիկոսները, որպես հայրապատվեր կտակ, ամեն տարի գնում էին Օծոփի վանք, պատարագ էին մատուցում, դրամ բաժանում վանականներին ու աղքատներին։ Այս ավանդական արարողությունը կատարվել է շուրջ 140 տարի՝ մինչև Դավիթ Դ Վաղարշապատցի կաթողիկոսի (1590-1629) և Մելքիսեդեկ աթոռակցի ժամանակները, երբ դեռ Պարսից Շահ-Աբասը բռնությամբ Աջը Էջմիածնից չէր տարել Սպահան։ Առաքել Դավրիժեցին այս դեպքերի մասին բառացի հետևյալն է գրում. «Իսկ վերևում գրված պատմությունը, որ վերաբերում է Սուրբ Աջի գալստյան, երբ Աղթամարից վերադարձավ և եկավ Սուրբ Էջմիածին, ոչ թե հարևանցի խոսք ու զրույց է, այլ հաստատուն և հայրատուր ավանդությամբ պատմվում է բոլոր գավառներում, որոնք գտնվում են Նախիջևան քաղաքի շուրջը, մանավանդ Շահբունուց ձորի գավառում և այն վանքերում, որոնք նրան մոտիկ են, որովհետև բոլոր եկեղեցականներն ու հոգևորականները միաբերան պնդում են այս պատմությունը։ …Դրանցից մենք, հավաստին առնելով, այստեղ գրեցինք։ Սուրբ Լուսավորչի Աջն այնտեղ՝ Սուրբ Էջմիածնում էր մինչև առաջին Շահ-Աբասի ժամանակները»։

XVII դ. առաջին տասնամյակները հայ ժողովրդի համար օրհասական տարիներ էին։ Շահ-Աբասը 1604 թ., խախտելով 1590 թ. թուրքերի հետ կնքած պայմանագիրը, մեծաքանակ բանակով անցավ Արաքսը, գրավեց Հին Ջուղան, ապա պաշարեց Երևանը։ Նա ավերեց Արարատյան դաշտի, Շիրակի, Բասենի և Էրզրումի ռազմական և տնտեսական կարևոր կենտրոնները։ Սրան հաջորդեցին թուրքական մի մեծ բանակի արշավանքներն Էրզրումից Արարատյան դաշտ։ Պարսկական բանակը թեև արդեն գրավել էր պաշարված Երևանը, ստիպված նահանջում է՝ իր հետ տանելով Արևելյան Հայաստանի բնակչության մեծ մասին։ Այդ մեծ «սուրգունը» ցավով ու ամենայն մանրամասնությամբ է նկարագրում դեպքերին համարյա ժամանակակից Առաքել Դավրիժեցին. «Այս ամենը մենք լսելով ու գրելով՝ ճմլվում է մեր սիրտը, գալարվում են մեր որովայնի աղիները, իսկ մեր աչքերը արտասուքի վտակներ են հոսեցնելով իջեցնում մեր ժողովրդին թշվառության գալու և հասնելու համար»։ Պարսկական զորքերն ամենաբիրտ ձևով էին իրականացնում հայ ժողովրդի տարագրումը. անխնա այրում էին տները, խոտի, հարդի, ցորենի, գարու շտեմարանները, մի խոսքով՝ անհրաժեշտ ամենայն բան։ Դրանով նրանք դատարկում էին երկիրն օսմանյան զորքի առջև, որպեսզի նրանց որևէ բան չմնա, և ծանր կացության մեջ ընկնեն։ Այդ քայլն ուներ մեկ այլ նպատակ ևս. որպեսզի տեղահանված ժողովուրդը, տեսնելով այդ, հուսահատվեր և ետ վերադառնալու հույսեր չփայփայեր։ Հայրենասեր պատմիչը բառացի եզրակացնում է. «Պարսից մեծ թագավոր Շահ-Աբաս առաջինը, որ հայոց ազգն արտաքսեց Հայոց բնիկ երկրից և քշեց Պարսկաստան, արեց այն դիտավորությամբ, որպեսզի Հայաստանն ավերվի, և շենանա Պարսկաստանը, նվազի հայ ազգը, բազմանա պարսիկ ազգը»։

Այնուհետև Դավրիժեցին, շարունակելով իր միտքը, գրում է, թե հայերը Պարսկաստանում չէին ցանկանում հիմնավորվել, այլ ամեն առիթ օգտագործում էին հայրենիք վերադառնալու համար։

Ավանդության համաձայն՝ Շահ-Աբասը, հաճախ կերպարանափոխվելով, շրջում էր ժողովրդի մեջ և հատկապես հայերին ուղղում հետևյալը. «Շահը հոգատար է հայ ազգի նկատմամբ, նրանց բոլոր գործերն ու խոսքերը ըստ հայերի կամքի է անում, բայց վերջիններս ջերմ ու հոժար չեն մնալու Սպահան երկրում, չէ որ սա շեն երկիր է և թիկունքային, իսկ Հայաստանը սահման է ու թշնամու բերան, միշտ ավար ու գերություն է սպառնում թուրքերի կողմից»։ Նման հորդորներին հայերը բազմիցս պատասխանում էին հակադարձումով, թե Հայոց աշխարհում ամեն բարիքների լիություն է, առատություն ու էժանություն, իսկ այստեղ սուղ է ու թանկություն։ Եվ թե՝ այնտեղ են իրենց նախնիների գերեզմանները, վանքերն ու սրբերի դամբարանները, մանավանդ մեծափառ Աթոռը՝ Սուրբ Էջմիածինը, ուր գտնվում է նաև Գրիգոր Լուսավորչի սուրբ Աջը։ Ուստի՝ «Եթե շահը կամենում է, որ հայոց ազգը Պարսից աշխարհում անխախտ մնա, նա պետք է Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը Սպահան բերի և այնտեղ շինի նոր Էջմիածին, որ մեռոնօրհնեք լինի, և այնտեղ կաթողիկոս նստի, որ հայ ազգն այնտեղ կայունանա, մնա, որովհետև Աջի և Էջմիածնի հետ հայոց ողջ ազգն է կապված»։ Սա էր պատճառը, որ Շահ-Աբասը հաստատ մտադրվում է Սուրբ Էջմիածինը քանդել, վերացնել այնտեղի կաթողիկոսությունը, Լուսավորչի Աջն ու Մայր տաճարի քարերը բերել Սպահան և այնտեղ շինել նոր Էջմիածին, որը պիտի դառնար կաթողիկոսի նստավայրը։ Այդ նպատակին հասնելու համար շահը նույնիսկ Սպահան քաղաքում տեղ է հատկացնում՝ շինարարությունն սկսելու համար։

Մի անգամ Շահ-Աբասը գնում է հայկական եկեղեցու կառուցման համար հատկացված վայրն անձամբ դիտելու։ Նրան ուղեկցում էր նաև ջուղայեցի հայերի առաջնորդ խոջա Սաֆարի եղբայր խոջա Նազարը, որը վայելում էր շահի բարյացակամությունը։ Շահը խոջա Նազարին ասում է. «Ձեզ համար այստեղ Էջմիածին եմ շինում, որպեսզի այն Էջմիածնի համար ձեր սրտերը, կարոտ քաշելով, չճմլվեն. կհրամայեմ՝ բազմաթիվ ուղտեր, ջորիներ, սայլեր գնան, որպեսզի այն Էջմիածնի քարը, հողը քանդեն, բերեն այստեղ, որ այն քարով, հողով շինվի այս Էջմիածինը, որպեսզի առանց որևէ երկմտության ձեր սրտերը կպչեն այս նոր շինվածքին»։ Եվ քանի որ խոջա Նազարը չէր ցանկանում Սուրբ Էջմիածնի քանդումը, այսպես է պատասխանում շահին. «Թագավորը ողջ մնա, եթե քո կամքն ուզի գեղեցիկ ու հաստատուն Էջմիածին շինել, կարող ես արծաթից ու ոսկուց շինել, ոչ թե քարից։ Ի՞նչ հարկ կա քարի ու հողի համար այդքան տառապանք կրել ու այդքան ծախս անել դրա վրա. հեռու և օտար աշխարհից քար ու հող բերել։ Այս աշխարհի քարն էլ, հողն էլ ե՛ւ բավական են, ե՛ւ լավ, եթե կամենում ես շինել, սրանցով շինիր, և մեզ ընդունելի է» (Դավրիժեցի, էջ 162-163)։

Ըստ ավանդության՝ երբ Շահ-Աբասը որոշում է քանդել ու տեղեփոխել Էջմիածնի տաճարի քարերը, լուրը հասնում է հայ հոգևորականությանը, որոնք այդ վտանգից խուսափելու համար օգտվում են Պարսկաստանում ընդունված հնամենի սովորությունից, ըստ որի՝ շահի պատկերը կրող ոչ մի շինություն ենթակա չէ քանդման։ Հետևաբար, իբր մեկ գիշերվա ընթացքում քարգործ վարպետները քանդակում են շահի դիմապատկերը վանքի պատին և դրանով փրկում Մայր տաճարը քանդելու վտանգից։

Շահ-Աբասն առժամանակ հետաձգում է իր մտադրության իրագործումը, բայց չի հրաժարվում պատեհ առիթով այն գործի դնելու ցանկությունից։ Իսկ առիթը չուշացավ, ինչպես Դավրիժեցին է վկայում, այդ գործում մեղքի մեծ բաժին ունեցան Հայոց կաթողիկոսները։ Պատմիչը մասնավորապես գրում է. «…որովհետև Էջմիածնի քարերի ու Լուսավորչի Աջի Սպահան տանելու պատճառը նրանց (կաթողիկոսների) հակառակությունն էր»։

Այնուհետև Առաքել Դավրիժեցին շարունակում է, թե՝ երբ շահը իրականացրեց մեծ աքսորը, հայոց ազգի հետ Սպահան գնացին նաև Դավիթ կաթողիկոսն ու Մելքիսեդեկ աթոռակիցը։ Բայց կես ճանապարհից Մելքիսեդեկը վերադառնում է Էջմիածին և շարունակում իր կաթողիկոսությունը՝ առանց Շահ-Աբասի համաձայնությունը ստանալու։

Չնայած Մելքիսեդեկի Էջմիածին վերադառնալու հանգամանքին, այնուամենայնիվ, վերջինս բոլորովին հոգ չի տարել Մայր տաճարի շինության, պայծառության, ժամակարգության, ընդհանրապես հաստատության մասին, այլ իր համար բնակության տեղ է ընտրել Երևանի կաթողիկե եկեղեցին՝ իր շուրջը հավաքելով ազգականներին ու մերձավորներին, ապրել փափուկ ու շվայտ կյանքով։ Դա դուր չի եկել Էջմիածնի միաբանության անդամներին, մանավանդ Կարապետ, Մարտիրոս և Օհան եպիսկոպոսներին, որոնք էլ բողոք են ներկայացնում Երևանի պարսիկ կառավարիչ Ամիրգունա խանին։ Վերջինս, առիթն օգտագործելով, պատժում է Մելքիսեդեկ աթոռակցին՝ նրա վրա 60 թուման (որն այն ժամանակի դրամով հսկայական գումար էր) պարտք դնելով։ Դավիթ կաթողիկոսը փորձում է բողոքել Շահ-Աբասին՝ նման վերաբերմունքի համար։ Ամիրգունա խանը, վախեցած դրանից, ետ է կանչում Մելքիսեդեկին, բայց միաժամանակ պատժում ու հալածում բողոքավոր եպիսկոպոսներին, իսկ Մարտիրոսին վտարում Արարատյան երկրից։ Վերջինս մեկնում է Սպահան՝ Դավիթ կաթողիկոսի մոտ։

Սպահանում ապաստանած ջուղայեցի և երևանցի ժողովուրդը, այդ մասին իմանալով, սաստիկ վշտանում է ու պահանջում Դավիթ կաթողիկոսից վերադառնալ Էջմիածին և փրկել այն վերջնական կործանումից։ Դավիթ հայրապետը գալիս է Երևան, ապա գնում Էջմիածին, հանդիպում Մելքիսեդեկին։ Արդյունքում նրանց միջև հակառակությունն ու թշնամանքն ավելի են բորբոքվում, և թեպետ Մելքիսեդեկը Դավիթ կաթողիկոսի կողմից էր աթոռակից ձեռնադրվել, սակայն հարգանք չէր տածում նրա նկատմամբ, ավելին՝ նույնիսկ ամեն գնով ջանում էր Դավթին ստորացնել, պատվազրկել ու հեռացնել կաթողիկոսական գահից։ Մելքիսեդեկի կողմնակիցները ևս նման կերպ էին վարվում Դավիթ հայրապետի հանդեպ՝ անկախ վերջինիս այն խնդրանքի, թե ինքն արդեն ծեր է, կարիք ունի, որ գթան ու խնայեն իրեն, տան օրվա կերակուր և զգեստներ՝ մինչև իր մահը։ Պատմիչը շարունակում է. «Իսկ Մելքիսեդեկը, գիրացած, հաստացած ու հոռացած իշխանության մեջ, չէր կամենում լսել Դավթին»։

Դավիթ կաթողիկոսը ստիպված որոշում է Մելքիսեդեկին ամբաստանլու գնալ Գորի, ուր այդ ժամանակ գտնվում էր շահը։ Շահը երկուսին էլ լավ էր ճանաչում, բայց Դավթին առավելություն էր տալիս, որովհետև, ինչպես վերը հիշեցինք, մեծ «սուրգունի» ժամանակ Մելքիսեդեկն առանց շահի գիտության վերադարձավ Երևան, իսկ Դավիթը, Սպահանում մնալով, վայելում էր նրա հովանավորությունը։

Կաթողիկոսը, ներկայանալով Շահ-Աբասին, բողոքեց Մելքիսեդեկի անօրինական վարքի և վարմունքի համար՝ նրան մեղադրելով նույնիսկ Հռիփսիմե կույսի մասունքները կաշառքով ֆրանկներին հանձնելու մեջ։

1635-36 թթ. թուրք-պարսկական ընդհարումների հետևանքով ավերվում է հատկապես Արարատյան աշխարհը՝ իր շրջակա գավառներով, որովհետև երկու երկրների պատերազմական գործողությունները հիմնականում տեղի էին ունենում այստեղ։ Դավրիժեցին մասնավորապես Էջմիածնի Մայր Աթոռի վերաշինման մասին գրում է. «Իսկ Սուրբ Աթոռ Էջմիածինը, բացի եկեղեցուց և գմբեթաշեն տներից, բոլորը լրիվ ավերվեցին. ինչ որ փայտաշեն շենքեր կային, քանդվեցին։ Այս պատճառով Փիլիպոս կաթողիկոսը բազմաշխատ չարչարանքով բոլոր շենքերը նորից շինեց։ …. հացկերույթի սեղանը, նստելատեղը և նույնի (սեղանատան) հատակը քարով շինեց, որպեսզի հեշտությամբ չավերվեն…։ Արևելյան կողմի խցերը լրիվ նոր շինվեցին, ընդ որում՝ ոչ նախնական ձևով, այլ շինված են ուրիշ ձևով։ Նաև եկեղեցու տանիքը, բացի գմբեթի ծածկից, լիակատար նորոգվեց։ Քարակապ սալահատակը, որ եկեղեցու շուրջն է, և մյուս սալահատակը, որ խցերի և այլ տների առջևն է։ Պարսպից դուրս՝ հարավային դռան մոտիկ, երկու գմբեթավոր ձիթհանք նոր շինվեցին. որովհետև բնավ չկային։ Սրանցից զատ այստեղ-այնտեղ կառուցեց շատ այլ մասնավոր շինվածքներ, որոնք անվանապես չենք հիշում» (էջ 251)։

Էջմիածնում շինարարական գործերն ավարտելուց հետո՝ 1637 թ., տեր Փիլիպոսը մեկնում է Սպահան, այլևայլ ձեռնարկների հետ միասին ձեռնամուխ լինում Լուսավորչի Աջը Էջմիածին վերադարձնելու գործին։

Նպատակն իրականացնելու համար Փիլիպոս կաթողիկոսը հաճախակի խնդրանքով դիմում է տեղի քահանաներին, ջուղայեցիներին, մանավանդ խոջա Նազարին, որն այդ ժամանակ ջուղայեցիների ավագն էր։ Կաթողիկոսը խնդրում-աղաչում է, որ Լուսավորչի Աջը տան իրեն՝ Սուրբ Էջմիածին՝ իր տեղը դնելու համար։

Իսկ ջուղայեցիները չեն կամենում կատարել կաթողիկոսի խնդրանքը՝ ասելով, թե օտար երկրում և տարբեր ազգերի, մանավանդ «նենգաժետ և օտարաբարո պարսից ազգի մեջ ենք բնակվում» և որևէ լուրջ հիմք չունենք հաստատ պահելու մեր հավատը՝ ո՛չ վանքեր, ո՛չ ուխտատեղիներ, ո՛չ քրիստոնյա սրբերի մասունքներ կամ հայրերի ու պապերի դամբարաններ, այլ միայն այս Սուրբ Աջն է, որի հրաշքները տեսնելով՝ հաստատ կմնանք քրիստոնյա հավատին։ «Իսկ եթե սա էլ տանեք, էլ ինչով մխիթարվենք այս երկրի պանդխտության մեջ, որում գտնվում ենք»։ Ահա այս պատճառաբանությամբ էլ ջուղայեցիները չեն ցանկանում բավարարել կաթողիկոսի խնդրանքը։ Նրան մերժելու իբր հարգելի պատճառներ են հնարում՝ հետևյալ բովանդակությամբ. «Սուրբ Լուսավորչի այս Աջը, որ դու մեզնից խնդրում ես, պարսից արքան բերել, հանձնել է մեզ, իսկ մենք ինչպե՞ս կարող ենք սա քեզ տալ առանց թագավորական հրամանի, երբ վախենում ենք թագավորական պատժից և մատնիչների նենգությունից»։

Փիլիպոս կաթողիկոսը ստիպված, առատաձեռն նվերներ տալով, իրեն աջակից է դարձնում Երևանի հայ բնակչության մեծահարուստներին։ Ապա սկուտեղը լցնելով զուտ ոսկի դահեկաններով՝ դիմում է Շահսեֆի արքային՝ նրանից խնդրելով Լուսավորչի Աջը վերադարձնելու հրաման։ Շահը, շնորհ անելով կաթողիկոսին, կատարում է նրա խնդրանքը. գրավոր, թագավորական կնիքով հրաման է տալիս, որ ջուղայեցիք Սուրբ Աջը վերադարձնեն հայրապետին։

Երբ կաթողիկոսը շահի հրամանը բերում է խոջա Սաֆարի թոռների մոտ, սրանք սկզբում մերժում են, բայց վախենալով հայրապետի սրբությունից և անեծքի սպառնալիքից, որն ի զորու էր չարիքներ պատճառել իրենց, վերջապես զիջում են։ Կաթողիկոսը բազմաթիվ քահանաներով գնում է խոջա Սաֆարի տուն և այնտեղից Լուսավորչի Աջը բերում Խոջենց եկեղեցի։ Կիրակի օրը պատարագ է մատուցում և ապա բացում տուփը, որի մեջ տեղադրված էր այն։ Այդ լուրն առնելով, Դավրիժեցու վկայությամբ, հավաքվում են բոլոր ջուղայեցիները և ընդդիմանում Աջը տեղափոխելու գործին։ Այդ պատճառով Խոջենց եկեղեցուց Աջը գաղտագողի հանում են ու բերում Ջուղայի վանք, իսկ այնտեղից նույնպես գաղտնի հասցնում Երևանից գաղթածների մոտ, ապա հասցնում Բրինջլուի իջևանատուն, ուր հավաքվում էին Արարատյան երկիր մեկնող ճանապարհորդներն ու վաճառականները։ Այստեղ փնտրելով գտնում են Մարգարա անունով մի վստահելի վաճառականի, որը Գողթան գավառի Ցղնա գյուղից էր։ Վերջինս Աջը տեղավորում է իր բեռների մեջ, ջուղայեցիներից գաղտնի հասցնում Թավրիզ։ Թավրիզ է հասնում նաև Փիլիպոս հայրապետը։ Մարգարայից վերցնելով Աջը՝ բերում հասցնում է Էջմիածին, դնում իր նախնական տեղը, ինչը մեծ ուրախություն է պատճառում տեղի հավատացյալ ժողովրդին, աշխարհիկ ու հոգևոր այրերին։

Լուսավորչի Աջը Սպահանից Էջմիածին է բերվում 1638 թ. սեպտեմբերի 20-ին։ Առաքել Դավրիժեցին, շարադրելով Աջի մասին իր պատմությունը, այն ավարտում է այսպես. «Եվ նույն Սուրբ Աջը այստեղ՝ Սուրբ Էջմիածնում է գտնվում մինչև այսօր և ըստ արժանվույն պատիվ է վայելում բազում փառավորությամբ»։ Նրա վկայությամբ՝ Լուսավորչի Աջի հետ միասին նույն տեղում են պահվում նաև խաչվառը և ուրարը՝ իբրև Սուրբ Աջի հաստատուն վկաներ, թեպետ ավելի մեծ վկաներ են այն հրաշագործությունները, որ Սուրբ Աջի կողմից կատարվում են։

Փիլիպոս կաթողիկոսը մահանում է 1655 թվին։ Նրան փոխարինում է բազմավաստակ Հակոբ Ջուղայեցին։ Նրա գահակալման տարիներին Լուսավորչի Աջը ենթարկում են նորոգման, ինչի մասին տեղեկանում ենք հենց Աջի մասնատուփի վրա մեզ հասած արձանագրությունից. «Յաւուրս մեծի հայրապետի Ջուղայեցի տեառն Յակոբի, թիւն Հայոց ըստ տոմարի, ՌՃԶ (=1657) ամի, ի յիշատակ Ստեփանոս Իլովլացի վարդապետի, նոր պահարան Աջոյ ձեռին, Սուրբ Գրիգորին Լուսաւորչի, կազմեալ եղև Էջմիածնի, առ ի պարծանս հայկայ զարմի»։ Հարց է ծագում. ո՞վ էր այս Ստեփանոս Իլովլացի վարդապետը, որ 1657 թվին հանձն է առնում նորոգել այդքան հեղինակավոր մասնատուփը։

Ստեփանոս Իլովլացու մասին կենսագրական տեղեկություններ է հաղորդում կրկին Առաքել Դավրիժեցին՝ ականատեսի հավաստիությամբ, քանի որ նրանք ժամանակակիցներ էին և տարիներ շարունակ աշխատել ու ստեղծագործել են միևնույն վանքում։ Պարզվում է, որ Ստեփանոսը Լվով քաղաքից էր (այստեղից էլ ծագում է նրա Իլովլացի անունը)՝ տեղի անվանի ու մեծահարուստ հայի ժառանգ։ Նախնական կրթությունը ստացել է Լվովի լատինական դպրոցում և հմտացել լատիներենի, քերականության, ինչպես նաև փիլիսոփայության մեջ։ Նա ժամանակակիցն էր Լվով քաղաքի վատահամբավ Նիկոլ եպիսկոպոսի, որը բազմաթիվ չարիքներ գործեց և մեծ վնասներ պատճառեց տեղի հայ բնակչության աշխարհիկ ու հոգևոր գործիչներին։ Որպեսզի երիտասարդ Ստեփանոսը հեռու մնա Նիկոլի հետապնդումներից, նրա ծնողները որդուն ուղարկում են Էջմիածին՝ դեռևս Փիլիպոս կաթողիկոսի կենդանության ժամանակ՝ նրան աշակերտելու։

Ստեփանոսը, գալով Էջմիածին, սովորում է մայրենի լեզուն ու գրականությունը, անգիր անում սաղմոսներն ու շարականները, հմտանում Հայ Առաքելական Եկեղեցու վարդապետության մեջ։ Քանի որ նա հիանալի տիրապետում էր նաև լատիներենին, սովորելով հայերենը՝ փորձում է համեմատել այդ լեզուներով գրված և թարգմանված գրականությունը։ Հարստացնելով իր գիտելիքները՝ հասակակից ընկերներից խիստ տարբերվում է՝ առաջ ընկնելով մտքի սրությամբ, ընկալման կարողությամբ, մաքրակենցաղ ու պարկեշտ վարքով։ Այդ ամենը նկատի ունենալով, դասավանդող վարդապետների միջնորդությամբ, Փիլիպոս կաթողիկոսը նրան կուսակրոն քահանա ձեռնադրելուց հետո շնորհում է նաև վարդապետական աստիճան։ Ստեփանոս վարդապետը լատիներենից թարգմանում է մի շարք կարևոր աշխատություններ, որոնց մեծ մասը հասել են մեզ։

Ահա նման աչքի ընկնող հոգևոր այրն էլ ձեռնարկում է Գրիգոր Լուսավորչի Աջի համար նոր պահարան պատվիրելու պատվաբեր գործը։ Պահարան պատրաստող վարպետ-ոսկերիչը, որի անունը դժբախտաբար չի հասել մեզ, նույնությամբ պահարանում է նախկին պահարանի դաստակի մասը՝ առանց այն բաց անելու ու նրա պարունակությունը տեսնելու։ Պատրաստում է նաև բազկի մասը և հարմարեցնում իրար։ Միացման տեղում ավելացվում է արծաթյա ապարանջան՝ սարդիոնե ակնաքարերով ընդելուզված։ Սրա կողքին մաքուր ոսկուց կա մեկ այլ ապարանջան, որի վրա պահպանվել է հետևյալ նվիրատվական արձանագրությունը. «Յիշատակ է ապարանջան թիֆլիզեցի Մարյամ մայր Շաշ’ինի ’ի յաջ Սուրբ Լուսավորչին, որ ի Սուրբ Էջմիածին, ’ի 1770»։

Սբ. Գրիգոր Լուսավորչի Աջի զորությունն ու հեղինակությունն այնքան մեծ էին, որ միջնադարյան գործիչների նվիրատվական արձանագրությունների անեծքի բանաձևի մեջ երեք սուրբ ժողովների կողքին հիշվում է նաև Լուսավորչի Աջը։ Օրինակ՝ Հովանավանքի կաթողիկե եկեղեցու արևմտյան պատին՝ մուտքից բարձր, շրջանակի մեջ, 1243 թ. փորագրված վիմագրում կարդում ենք.

«Շնորհիւ բարերարին Այ. տր Կոստընդին կաթողիկոս հաոց ի թուին ։ ՈՂԲ։ Յիշխանութեն [Շահանշ]ահի որդո Զաքարիաի և մերո նահանգիս Քրդին, որդո Վաչէի, միաբանեցա սբ ուխտիս Ոհաննու և …. և ետու երկիրս սեփական վիճակ սբ Կարապետիս յԱպարանուց ընդ որ բաժանի գետն Քասաղ մինչև յԱշնակ։ Եւ ս[պասավորք] սորա Մկրտիչ եպիսկաւպոս և եղբարքս խոստացան կատարել զիշատակ մեր յետ ելից մեր ։ Բ։ քառասունք և զ———- սնին և կարգ, և սբ կաթողիկէն ։ Թ։ խորանաւ՝ յամենայն ամի պատարագել զՔս ի տաւնի տնընդառաջին։ Թէ ոք ի[յազա]տաց կամ յիշխանաց հանել ջանան զվիճակս ի սբ Կարապետէս, անէծս առցէն յԱյ և յերից սբ ժողովոյն, և ի սբ Գրիգորի Լուսաւորչի աջէս և մէնջ. ամէն» (տե՛ս Կարո Ղաֆադարյան, Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Երևան, 1948, արձ. 36, էջ 95)։

 

Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

, ,

Դեռևս կարծիքներ չկան։

Գրեք Ձեր կարծիքը։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ