Քրիստոսի 72 սուրբ աշակերտների հիշատակության օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Քրիստոսի 72 աշակերտները:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Սողոմոնի իմաստության գիրք, 9. 9 – 10. 2

Քեզ հետ է նաեւ իմաստութիւնը, որ գիտի քո գործերը, քեզ մօտ էր նա, երբ դու արարում էիր աշխարհը, եւ գիտէր, թէ որն է հաճելի քո աչքին ու որն է քո պատուիրաններին համապատասխան: Առաքի՛ր դրան քո սուրբ երկնքից, քո փառքի աթոռից ուղարկի՛ր դրան, որ գայ եւ տեղ գտնի իմ մէջ, եւ ես գիտենամ, թէ ինչն է հաճելի քո առջեւ, քանզի նա գիտէ ամէն ինչ եւ խելամուտ է բոլորին, իմ գործերի մէջ ինձ կ՚առաջնորդի զգաստութեամբ եւ իր փառքով կը պահպանի ինձ, իմ գործերն ընդունելի կը լինեն, ես արդարութեամբ կը դատեմ քո ժողովրդին եւ արժանի կը լինեմ իմ հօր գահին: Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ: Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը: Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաները եւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ: Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից: Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղները սովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ:

Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝ միայնակ ստեղծեալին: Նա փրկեց նրան իր յանցանքներից եւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու:

Ելք, 15. 27 – 16. 1

Եւ եկան հասան Եղիմ: Այնտեղ կային ջրի տասներկու աղբիւր ու եօթանասուն արմաւենի: Նրանք կայք հաստատեցին այնտեղ, ջրի մօտ:

Իսրայէլացի ամբողջ ժողովուրդը Եղիմից ճանապարհ ընկաւ ու եկաւ Սին անապատը, որը գտնւում է Եղիմի ու Սինայի միջեւ:

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը կորնթացիներին, 2. 14 – 3. 3

Արդ, գոհութիւն Աստծու, որ Քրիստոս Յիսուսով մեզ միշտ յաղթութեան է տանում եւ իր գիտութեան բուրմունքը մեզնով սփռում է ամէն տեղ, քանի որ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ ե՛ւ փրկուածների մէջ, ե՛ւ կորստեան մատնուածների մէջ. ոմանց՝ մահուան հոտ, որ տանում է դէպի մահ եւ ոմանց՝ կենդանութեան բոյր, որ տանում է դէպի կեանք: Եւ ո՞վ է կարող այս բանն անել, քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խօսքի վաճառքով են զբաղւում, այլ, իբրեւ անկեղծ մարդիկ, իբրեւ Աստծու կողմից ուղարկուածներ, խօսում ենք Քրիստոսով Աստծու առաջ:

Այսպէս, վերստին սկսենք մենք մեզ յանձնարարել. թէպէտեւ մեզ, ինչպէս ոմանց, պէտք չեն յանձնարարական թղթեր՝ ներկայացնելու ձեզ եւ կամ՝ պահանջելու ձեզնից, այլ մեր թղթերը դուք էք՝ գրուած մեր սրտերում, ճանաչուած եւ կարդացուած բոլոր մարդկանցից: Յայտնի էք որպէս Քրիստոսի թղթեր՝ մեզնից հոգացուած եւ գրուած ոչ թէ թանաքով, այլ կենդանի Աստծու Հոգով, ոչ թէ քարեղէն տախտակների վրայ, այլ սրտի մարմնեղէն տախտակների վրայ:

Ավետարան ըստ Ղուկասի, 10. 1-9

Այնուհետեւ Տէրը նշանակեց ուրիշ եօթանասուներկու հոգի եւս եւ նրանց իրենից առաջ երկու-երկու ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու վայրերը, ուր ինքը գնալու էր: Եւ նրանց ասաց. «Հունձն առատ է, իսկ մշակները՝ սակաւ: Արդ, խնդրեցէ՛ք հնձի տիրոջը, որ մշակներ ուղարկի իր հնձի համար: Գնացէ՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրեւ գառներ գայլերի մէջ: Մի՛ վերցրէք ո՛չ քսակ, ո՛չ մախաղ, ո՛չ կօշիկներ եւ ճանապարհին ոչ ոքի ողջոյն մի՛ տուէք: Որ տունը մտնէք, նախ ասացէ՛ք. «Խաղաղութի՜ւն այս տանը», եթէ այնտեղ կայ խաղաղասէր մարդ, ձեր խաղաղութիւնը նրա վրայ կը հանգչի. ապա թէ ոչ՝ ձե՛զ կը վերադառնայ: Նոյն տանը գիշերեցէ՛ք, կերէ՛ք եւ խմեցէ՛ք նրանց ունեցածից, որովհետեւ մշակը արժանի է իր վարձին. տնից տուն մի՛ տեղափոխուէք: Ո՛ր քաղաքը որ մտնէք եւ ձեզ ընդունեն, կերէ՛ք, ինչ որ ձեր առաջ դնեն: Եւ բժշկեցէ՛ք դրա մէջ եղած հիւանդներին եւ նրանց ասացէ՛ք. «Մօտեցել է ձեզ Աստծու արքայութիւնը»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Սրբոցն եօթանասնից եւ երկուց աշակերտացն Քրիստոսի:

Օրհ. դկ. Իմաստութիւն երկնային, իւր սարօքն: Մնկ. ստղ. դկ. Առաքեալք Աստուծոյ։ Ժմտ. Առաքեալք եւ վկայք: Ճշ. շրկ. ակ. Որ սիրողդ էք: Հմբ. աձ. Սուրբ ես Տէր եւ Ի քէն հայցեմք: Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագ. խաղաղութեան:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: