Քաղցկեղը դեռ վերջը չէ …

Բաժին՝ Գոյ
Christine MEERT
«Feu et Lumiere»
Ֆրանսերենից թարգմանեց`
Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆԸ

ՔԱՂՑԿԵՂԸ ԴԵՌ ՎԵՐՋԸ ՉԷ …

Դանիելան եկել է ԱՄՆ-ի Դենվեր քաղաքը՝ ընկերների հետ տոնելու իր 18-ամյակը։ Նա ապրում է մի զարմանալի շնորհով։ Խոսքը տանք նրան…

Մայրս մեծացրել է ինձ կաթոլիկ հավատքով։ Հայրս՝ հարբեցող, թմրամոլ և գող, լքեց մեզ՝ մորս ու երեք քույրերիս, երբ ես հինգ տարեկան էի։

Մայրս մեծացրեց մեզ միայնակ, և կիրակնօրյա պատարագներին ողջ ընտանիքով մասնակցելու հնարավորություն չկար։ Սակայն տասներեք տարեկանում փոխեցի իրերի վիճակը։ Ես ունեի ամուր հավատք, հավատացյալ ընկերներ, և նրանք օգնեցին մեզ մասնակցել պատարագին ողջ ընտանիքով։

Եվ հենց տասներեք տարեկանում էլ սկսեցի կորցնել քաշս։ Ի հայտ եկան շարժողական ֆունկցիայի դժվարություններ, ախորժակի կորուստ։ Բժիշկները մտածում էին, որ ես դեպրեսիայի մեջ եմ։ Նրանք երեք ամիս ինձ բուժում էին նաև հոդաբորբից։

Հետո ախտորոշումը փոխվեց։ Երբեք չեմ մոռանա օրթոպեդիստի ձայնը, երբ նա նայում էր ռենտգենյան լուսապատճենը։ «Ինչ որ դուք տեսնում եք,- ասաց նա,- դա ուռուցք է»։

Այն ժամանակ ես մտածեցի. «Ուռո՞ւցք, հրաշալի է։ Ինձ այլևս ռենտգենով չեն նկարի, և ես գիտեմ, թե ինչ ունեմ»։

Տունդարձի ողջ ճանապարհին մայրս լալիս էր։ «Դանիելա՛, միգուցե դա քաղցկե՞ղ է»,- ասում էր նա։ Երբ լսեցի քաղցկեղի մասին, մի մեծ խաղաղություն զգացի։

1998 թ. ապրիլի 10-ին՝ Ավագ ուրբաթ օրը՝ ժամը 3-ին, ես կրկին օրթոպեդիստի մոտ էի։ Նա ասաց, որ իմ աջ ազդրը և մի թոքը ախտահարված են քաղցկեղով։ Ինն ամիս քիմիաթերապիա անցնելուց, տարբեր բուժումներից և բազմաթիվ վիրահատություններից հետո ես ընդունեցի դաժան իրականությունը…

Ոտքս կտրեցին ամբողջությամբ։ Վիրահատությունը տևեց 13 ժամ։ Հետո կրկին վիրահատություն. այս անգամ հեռացրին թոքիս ուռուցքը։ Զանազան բուժումներից հետո սկսեցի զբաղվել սպորտով՝ հեծանիվ, դահուկ, լեռնագնացություն։ Քանի որ սիրում եմ մրցակցություն, շատ հեշտությամբ զբաղվեցի ակրոբատիկական դահուկասպորտով։ Փոքրիկ դահուկներ ամրացնելով հենակներիս՝ ես հաղթահարում էի ամբողջ մրցուղին։ Սակայն ցավերս անտանելի էին, ցավազրկիչները չէին օգնում։ Բժիշկները կանչել էին քույրերիցս մեկին՝ կարծելով, որ գիշերը չեմ լուսացնի։ Ես վերջնականապես հասկացա, որ ծանր հիվանդ եմ։ Երբ մայրս դուրս եկավ հիվանդասենյակից, ասացի Տիրոջը. «Աստվա՛ծ իմ, եթե Դու ազատես ինձ ցավերից, ես Քեզ կտամ իմ կյանքը։ Դու կարող ես անել ինձ հետ ինչ ուզում ես։ Ես այլևս չեմ կարող տանել այս տառապանքը… այլևս չեմ կարող»։ Հաջորդ օրը ցավերս թեթևացան, և ես շուտով տանն էի։

Ես գիտեի, որ Տերը լսել էր ինձ։ Նա ինձ ասել էր. «Ամեն ինչ լավ կլինի»։

Սակայն հիվանդանոցից հետո իմ կյանքը մի տեսակ դատարկ էր անցնում։ Հարկավոր էր ինչ-որ բան անել։ Նայելով քաղցկեղից փրկված մանկահասակների լուսանկարները՝ հասկացա, որ պետք է գնալ այդ սարսափելի հիվանդությամբ տառապող երեխաների մոտ ու ասել. «Քաղցկեղը դեռ վերջը չէ»։ Մորս հետ հիմնեցինք «Սրտի շարժում» միությունը։ Գնում էինք օնկոլոգիական կենտրոններ ու երեխաներին նվերներ բաժանում։ Ես պատմում էի նրանց իմ մասին։ Այդ օրերին հանդիպեցի Ալմային։ Նրա հայրը սպանվել էր Հարավսլավիայում։ Մենք հասակակիցներ էինք և քաղցկեղի միևնույն տեսակով էինք տառապում։ Մենք շատ էինք մտերմացել։ Բայց մի օր… նա այլևս չկար… ես քիչ էր մնում կորցնեի գիտակցությունս… նետվեցի նրա վիրաբույժի գիրկը, և մենք երկար լաց եղանք։ Ես ափսոսում էի մի բանի համար, որ Ալմայի հետ չէի խոսել Աստծո մասին, չէի աղոթել նրա հետ։

Տերը միշտ ներկա է իմ կյանքում, հատկապես անքուն գիշերներին, երբ խոսում եմ Նրա հետ։ Նա լսում ու պատասխանում է աղոթքներիս։ Ես ցանկանում եմ Նրան տալ իմ կյանքը՝ դառնալ ճշմարիտ քրիստոնյա։

Հիվանդանոցում ես հանդիպեցի Մեգանին։ Նա չորս տարով փոքր էր ինձանից։ Նրա քաղցկեղը տարածված էր, և շատ էր տանջվում։ Մեգանի ընտանիքը հուսալքվել էր, շփոթվել։ Ես խնդրեցի Տիրոջը. «Տուր ինձ նաև նրա ցավն ու տառապանքը»։ Երկու ամսից իմ քաղցկեղը նորից գլուխ բարձրացրեց։ Նորից քիմիաթերապիա, նորից վիրահատություն։

Աղոթքի անքուն գիշերներին ես կրկին զգացի երանելի երջանկություն։ Ես համոզված էի, որ Աստված կանչում է ինձ՝ Իր հարսը լինելու։ Ես ծնկում էի ու Նրան հանձնում իմ փշրված երազանքները։ Ես նաև հասկացա, որ ամբողջությամբ չեմ հանձնել կամքս Նրան և հնազանդվեցի…

Դրանից հետո հանդիպեցի փոքրիկ Հակոբին։ Նա ընդամենը մեկ տարեկան էր։ Հակոբի ծնողները մեծ հավատ չունեին, ու ես հասկանում էի, որ եթե փոքրիկը մեռնի, ծնողները երես կթեքեն Աստծուց։ Ես նորից խնդրեցի. «Տե՛ր, տուր ինձ նաև այս փոքրիկի ցավն ու տառապանքը»։ Հակոբը հիմա երկու տարեկան է, և լիովին ապաքինված։ Իսկ ինձ մոտ նոր ուռուցք է առաջացել, որ հասել է երիկամիս ու ողնաշարիս։ Հարկավոր է մինչև նոր վիրահատություն՝ ուռուցքը մի քիչ փոքրանա …

Ահա իմ կյանքը։ Այն ոչ թե ռոմանտիկ, այլ տառապանքով շաղախված սեր է։ Ես հիմա հասկանում եմ, որ հենց սա է ճշմարիտ սերը, սեր, որ վեր է մտքից։ Ի՞նչ է գեղեցկությունը, եթե չկա սեր։ Պետք է լինեմ այդ սիրո և տառապանքի վկան։ Ես գիտեմ, որ երկար չեմ ապրելու, բայց չեմ էլ անհանգստանում, թե որքան է մնում ինձ… Կտառապեմ այնքան, որքան Տերը կամենա։ Ես շտապում եմ իմ ժամանակն ու եռանդը նվիրել տառապյալներին, մինչ այն օրը, երբ կգնամ Տիրոջ մոտ։ Մեծ մխիթարություն է իմանալ, որ գնալու ես Աստծո մոտ։ Դա այն տեղն է, ուր ես ապրելու եմ։

Իմ հիվանդությունը մասն է իմ խաչի, և շատերն ասում են, որ դրա համար Աստված է պատասխանատու, որ չի կամենում՝ ես բուժվեմ։ Ցավոք, նրանք չեն տեսնում, թե որտեղից է գալիս բարին։ Ես շատ եմ տանջվում՝ տեսնելով մարդկանց, որ ապրում են առանց Աստծո։ Ինչպե՞ս են ասում, թե Աստված չկա։ Ինչպե՞ս չեն ճանաչում Նրան։

Անցյալ ամառ գնացի Տորոնտո՝ երիտասարդական հավաքի։ Այս տարի՝ 2003-ի հունիսին, կհանձնեմ բակալավրիատի քննությունը։ Չգիտեմ՝ կշարունակեմ ուսումս թե ոչ։ Երևի կվերադառնամ միաբանություն՝ քույրերիս ու եղբայրներիս մոտ։ Ես նրանց հետ շատ եմ ապրել։

Շարունակում եմ անցնել ճառագայթային ու քիմիաթերապիան։ Ասում են՝ ուռուցքը սկսել է կրճատվել։ Վիրահատությունը կարող է լինել կանխատեսելի…

Թարգմանչի կողմից.

Երբ հոդվածը պատրաստում էինք տպագրության, ցավով տեղեկացանք, որ Դանիելան հանգել է ի Տեր։

 
——————————-
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Մահ և անմահություն

 Թարգմ.՝Սյուզաննա ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ՆԻԿՈԼԱՅ ԲԵՐԴՅԱԵՎ...

Ընդունել անընդունելին

Ֆաբիեն ԼակոստFeu et Lumiere  Ֆրանսերենից...

Երկարակեցության մասին

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ   ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅԱՆ...