Սուրբ Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի հիշատակի օր

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Ստեփանոս Նախավկա։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առաքյալների գործերից, 6. 8 – 8. 2

Ստեփանոսը, շնորհներով եւ զօրութեամբ լցուած մի մարդ, ժողովրդի մէջ զարմանալի գործեր եւ մեծամեծ նշաններ էր անում։ Ոմանք այն ժողովարանից, որ կոչւում էր լիբիացիների, կիւրենացիների եւ ալեքսանդրիացիների ժողովարան, եւ ոմանք, որ Կիլիկիայից ու Ասիայից էին, Ստեփանոսի հետ վիճելու ելան։ Բայց նրանք չէին կարողանում դէմ կանգնել այն իմաստութեանը եւ Հոգուն, որով խօսում էր նա։ Այն ժամանակ հրապուրեցին մի քանի մարդկանց, որ ասեն. «Լսեցինք դրա հայհոյական խօսքեր ասելը Մովսէսի եւ Աստծու դէմ»։ Եւ գրգռեցին ժողովրդին, քահանաներին ու օրէնսգէտներին. եւ յարձակուելով Ստեփանոսի վրայ՝ յափշտակեցին նրան ու տարան ատեան։ Եւ բերեցին կանգնեցրին սուտ վկաներ, որոնք ասում էին. «Այս մարդը չի դադարում հայհոյական խօսքեր ասել այս սուրբ տեղի եւ օրէնքի դէմ. լսեցինք դրա բերանից, որ ասում էր, թէ՝ «Յիսուս Նազովրեցին ինքը պիտի քանդի այս տաճարը եւ փոխի այն օրէնքը, որ Մովսէսը մեզ տուեց»։ Եւ բոլոր նրանք, որ նստած էին ատեանում, նրան նայելով՝ տեսան, որ նրա երեսը հրեշտակի երեսի նման էր։

Քահանայապետն ասաց Ստեփանոսին. «Իսկապէս դա այդպէ՞ս է»։ Եւ նա ասաց. «Եղբայրե՛ր եւ հայրե՛ր, լսեցէ՛ք ինձ. փառքի Աստուածը երեւաց մեր հօրը՝ Աբրահամին, մինչ նա դեռ Միջագետքում էր, եւ նրան Խառանում դեռ չէր բնակեցրել, ու ասաց նրան. «Դո՛ւրս ել քո երկրից եւ քո տոհմից ու արի՛ այն երկիրը, որ քեզ ցոյց կը տամ»։ Այն ժամանակ Աբրահամը ելնելով քաղդէացիների երկրից՝ բնակուեց Խառանում. եւ նրա հօր մահից յետոյ այնտեղից Աստուած փոխադրեց պանդխտեցրեց նրան այս երկիրը, ուր դուք այժմ բնակւում էք։ Այստեղ նրան եւ ոչ մի ժառանգութիւն չտուեց, ոչ իսկ մի ոտնաչափ տեղ, բայց խոստացաւ նրան այս տեղը տալ բնակութեան համար եւ իրենից յետոյ՝ նրա սերնդին, երբ դեռ նա որդի չունէր։ Աստուած այսպէս խօսեց. «Նրա սերունդը օտար երկրում պանդուխտ պիտի լինի, եւ նրան ծառայ պիտի դարձնեն ու չորս հարիւր տարի պիտի չարչարեն։ Եւ այն ազգին, որին նրանք ծառայ պիտի դառնան, ես պիտի դատեմ, – ասում է Աստուած, – եւ սրանից յետոյ պիտի ելնեն ու պիտի պաշտեն ինձ այս տեղում»։ Եւ նրան թլփատութեան ուխտ տուեց, ու ապա նա ծնեց Իսահակին եւ թլփատեց նրան ութերորդ օրը. եւ Իսահակը՝ Յակոբին, Յակոբն էլ՝ տասներկու նահապետներին։ Եւ նահապետները, Յովսէփին նախանձելով, նրան վաճառեցին, որ Եգիպտոս տարուի. բայց Աստուած նրա հետ էր ու ազատեց նրան իր բոլոր նեղութիւններից. եւ նրան շնորհներ ու իմաստութիւն տուեց Եգիպտոսի Փարաւոն թագաւորի առաջ. եւ նրան իշխան կարգեց եգիպտացիներին եւ նրա ամբողջ տան վրայ։ Եւ սով եղաւ ամբողջ Եգիպտոսում ու Քանանում. եւ մեծ նեղութիւն կար, եւ մեր հայրերը ուտելիք չէին գտնում։ Եւ Յակոբը լսելով, թէ Եգիպտոսում ուտելիք կայ, նախ ուղարկեց մեր հայրերին, իսկ երկրորդ անգամ Յովսէփը իր եղբայրներին ծանօթութիւն տուեց իր մասին, եւ Փարաւոնին յայտնի եղաւ նրա ազգատոհմը։ Յովսէփը մարդ ուղարկեց եւ բերել տուեց Յակոբին՝ իր հօրը եւ ամբողջ ազգատոհմին՝ եօթանասունհինգ հոգի։ Եւ Յակոբը Եգիպտոս իջաւ, որտեղ եւ վախճանուեցին ինքը եւ մեր հայրերը։ Նրանց մարմինները փոխադրուեցին Սիւքէմ եւ դրուեցին այն քարայրի մէջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից՝ Սիւքէմում։ Երբ մօտեցաւ աւետեաց ժամանակը, որ Աստուած խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց եւ բազմացաւ, մինչեւ որ Եգիպտոսում ելաւ մի ուրիշ թագաւոր, որ չէր ճանաչում Յովսէփին։ Նա հնարքներ բանեցրեց ընդդէմ մեր ազգի եւ չարչարեց մեր հայրերին՝ նրանց զաւակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն։ Այդ ժամանակում ծնուեց նաեւ Մովսէսը, որն Աստծու առաջ վայելուչ էր եւ որն իր հօր տանը մեծացաւ երեք ամիս. եւ երբ նրան ընկեցիկ արեցին, Փարաւոնի դուստրը նրան վերցրեց եւ նրան մեծացրեց որպէս իրեն որդեգիր։ Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց եւ զօրաւոր էր իր խօսքերով եւ գործերով։ Երբ նրա քառասուն տարին լրացաւ, նրա սրտում ընկաւ իր եղբայրների՝ իսրայէլացիների մէջ շրջելու միտքը։ Եւ նա մի անիրաւուած իսրայէլացու տեսնելով՝ զայրացաւ եւ զրկուածի վրէժը լուծեց եգիպտացուն սպանելով։ Մտածում էր, թէ իր եղբայրները կ՚իմանան, որ Աստուած իր ձեռքով նրանց փրկութիւն է տալու. բայց նրանք չիմացան։ Եւ յաջորդ օրը հանդիպեց երկու իսրայէլացիների, երբ նրանք կռիւ էին անում, եւ նրանց ստիպեց խաղաղութիւն անել ու ասաց. «Ո՛վ մարդիկ, եղբայրներ էք, ինչո՞ւ էք միմեանց անիրաւում»։ Իսկ նա, ով անիրաւում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզ ո՞վ իշխան եւ դատաւոր կարգեց մեր վրայ. մի՞թէ ինձ էլ սպանել ես ուզում, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»։ Եւ այս խօսքերի վրայ, Մովսէսը փախաւ ու պանդուխտ եղաւ Մադիամի երկրում, ուր ծնուեցին նրա երկու որդիները։ Երբ քառասուն տարիներ անցան, Սինա լերան անապատում նրան երեւաց Տիրոջ հրեշտակը՝ մի մորենու կրակի բոցերի մէջ։ Եւ Մովսէսը այս տեսնելով՝ զարմացաւ տեսիլքի վրայ, ու երբ նա մօտենում էր նայելու, հասաւ Տիրոջ ձայնը. «Ես եմ քո հայրերի Աստուածը, Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի Աստուածը»։ Եւ Մովսէսը, զարհուրած, չէր համարձակւում նայել։ Եւ Տէրը նրան ասաց. «Քո ոտքերի կօշիկները հանի՛ր, որովհետեւ այն տեղը, որի վրայ դու կանգնել ես, սուրբ հող է։ Ես աչքովս տեսայ Եգիպտոսում իմ ժողովրդի չարչարանքները, լսեցի նրանց հառաչանքը եւ իջայ նրանց փրկելու։ Այժմ արի՛, քեզ պիտի ուղարկեմ Եգիպտոս»։ Այն Մովսէսին, որին ուրացան եւ ասում էին՝ «Ո՞վ քեզ մեր վրայ իշխան եւ դատաւոր կարգեց», նրա՛ն Աստուած որպէս իշխան եւ փրկիչ ուղարկեց հրեշտակի միջոցով, որ երեւաց Մովսէսին մորենու մէջ։ Նա՛ դուրս հանեց նրանց՝ նշաններ եւ զարմանալի գործեր անելով Եգիպտացիների երկրում եւ Կարմիր ծովում ու անապատում՝ քառասուն տարիներ։ Ա՛յս Մովսէսն է, որ ասաց իսրայէլացիներին. «Ձեր Տէր Աստուածը ձեր եղբայրների միջից ինձ նման մի մարգարէ պիտի հանի ձեզ համար, նրա՛ն լսեցէք»։ Ա՛յս Մովսէսն է, որ անապատում հաւաքուած ժողովրդի եւ այն հրեշտակի միջեւ էր, որ Սինա լերան վրայ խօսեց նրա հետ եւ մեր հայրերի հետ. նա՛ է, որ կենարար պատգամներ ընդունեց՝ մեզ տալու համար։ Մեր հայրերը չուզեցին հնազանդուել նրան, այլ նրան մերժեցին ու իրենց սրտերով դէպի Եգիպտոս դարձան եւ Ահարոնին ասացին. «Մեզ համար աստուածներ կերտի՛ր, որ գնան մեր առաջից. որովհետեւ այն Մովսէսը, որ մեզ Եգիպտացիների երկրից հանեց, չգիտենք, թէ ինչ պատահեց նրան»։ Եւ այդ օրերին մի հորթ ձուլեցին ու կուռքին զոհեր մատուցեցին. եւ իրենց ձեռքի գործերով էին ուրախանում։ Ուրեմն, Աստուած էլ երես դարձրեց եւ նրանց մատնեց երկնքի աստղերի պաշտամունքին, ինչպէս որ գրուած էլ է մարգարէների գրքում.«Միթէ անապատում քառասուն տարիզոհեր ու պատարագնե՞ր մատուցեցիք ինձ, Իսրայէլի՛ տուն. այլ դուք վերցրիք Մողոքի վրանըեւ Հռեմփա աստծու աստղըեւ այն պատկերները, որ քանդակեցիք նրանց երկրպագելու համար.ահա ինչո՛ւ ես ձեզ պիտի փոխադրեմ բաբելացիների երկրի միւս կողմը»։ Անապատում մեր հայրերի հետ էր վկայութեան խորանը. ինչպէս նա, որ խօսեց Մովսէսի հետ, հրաման տուեց շինել այն ըստ այն օրինակի, որ ինքը տեսել էր։ Եւ մեր հայրերն էլ, այն առնելով, բերեցին, երբ Յեսուի հետ գրաւեցին այն ազգերի երկիրը, որոնց Աստուած վտարեց մեր հայրերի առջեւից։ Այսպէս էր մինչեւ Դաւթի օրերը, երբ նա Աստծու առաջ շնորհ գտաւ ու խնդրեց, որ Յակոբի Աստծու համար մի բնակարան կառուցի։ Իսկ Սողոմոնն էլ նրա համար մի տուն շինեց. սակայն Բարձրեալը բնակւում է ոչ թէ ձեռակերտ տաճարների մէջ, այլ, ինչպէս մարգարէն է ասում. «Երկի՛նքն է իմ աթոռը,եւ երկիրը՝ պատուանդանն իմ ոտքերի։Ինչպիսի՞ տուն պիտի շինէիք ինձ, – ասում է Տէրը, – կամ ինչպիսի՞ տեղ՝ իմ հանգստեան համար. չէ՞ որ իմ ձեռքն է շինել այս բոլորը»։ Կամակորնե՛ր, որոնց սիրտն ու ականջները փակ են Աստծու կոչին, դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս որ ձեր հայրերն էին, այնպէս էլ՝ դուք։ Ձեր հայրերը մարգարէներից որի՞ն չհալածեցին։ Եւ սպանեցին նրանց, որոնք նախօրօք պատմեցին Արդարի գալստեան մասին, որի մատնիչներն ու սպանողները եղաք դուք այժմ, դուք, որ հրեշտակների հրամանների միջոցով օրէնքն ստացաք, բայց այն չպահեցիք»։ Եւ այս բաները լսելով՝ ժողովականները սրտներում զայրանում էին եւ նրա վրայ ատամներն էին կրճտացնում։ Եւ նա լի էր Սուրբ Հոգով. նայեց երկինք ու տեսաւ Աստծու փառքը եւ Յիսուսին, որ կանգնած էր Աստծու աջ կողմը. եւ ասաց. «Ահա տեսնում եմ երկինքը բացուած եւ մարդու Որդուն, որ կանգնած է Աստծու աջ կողմը»։ Նրանք բարձրաձայն աղաղակելով փակեցին իրենց ականջները եւ բոլորը միասին նետուեցին նրա վրայ։ Եւ քաղաքից դուրս հանելով՝ նրան քարկոծեցին. եւ վկաներն իրենց զգեստները դրեցին Սաւուղ անունով մի երիտասարդի ոտքերի առջեւ։ Եւ քարկոծում էին Ստեփանոսին, որը աղօթում էր եւ ասում. «Տէ՛ր Յիսուս, ընդունի՛ր իմ հոգին»։ Նա ծնկի եկաւ, բարձր ձայնով աղաղակեց. «Տէ՛ր, սա մեղք մի՛ համարիր դրանց»։ Եւ երբ այս ասաց, մեռաւ։ Սօղոսն էլ համաձայն էր նրա սպանութեանը։

Եւ այն օրը Երուսաղէմի եկեղեցու դէմ մեծ հալածանք տեղի ունեցաւ. ու բոլորը, բացի առաքեալներից, ցրուեցին Հրէաստանի եւ Սամարիայի գիւղերը։ Եւ աստուածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին եւ նրա վրայ մեծ ողբ արեցին։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 12. 24-26

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթէ ցորենի հատիկը հողի մէջ ընկնելով չմեռնի, միայն հատիկն ինքը կը մնայ, իսկ եթէ մեռնի, բազում արդիւնք կը տայ։ Ով սիրում է իր անձը, կը կորցնի այն, իսկ ով այս աշխարհում իր անձն ատում է, այն կը պահի յաւիտենական կեանքի համար։ Եթէ մէկն ինձ ծառայի, իմ յետեւից կը գայ. եւ ուր ես եմ, այնտեղ կը լինի եւ իմ ծառան. եթէ մէկը ինձ ծառայի, նրան կը պատուի իմ Հայրը։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

† ԴՁ. Սրբոյն Ստեփաննոսի Նախավկային եւ առաջին մարտիրոսին։

Օրհ. գկ. Նահատակ բարի, իւր սարօքն։ Թագ. յաւիտ.՝ Այսօր դասք։ Մնկ. եւ Հմբ. դկ. Նախասարկաւագ։ Զկնի Արարչականին երգ՝ Մաքրապէս եւ Յուրախութիւնս անզրաւական։ Ժմտ. Ցընծա՛ այսօր եւ Յորովայնէ ընտրեալ։ Ճշ. շրկ. գկ. Ցնծայ այսօր։

Նախատօնակ: Շրկ. դձ. Ցնծայ այսօր եկեղեցի Աստուծոյ, իւր սարօքն: Քրզ. Ս. Ճգնաւորօքն, Աղթ. Որ ընտրեցեր։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: