Հովսեփ Աստվածահայրը Դավիթ թագավորի ցեղից էր: Նա Հիսուս Քրիստոսի երկրավոր հայրն էր համարվում: Մատթեոս Ավետարանիչը նրան «արդար» մակդիրով է բնութագրում (տե՛ս Մատթ. Ա 19): Երբ Հովսեփն իմանում է, որ իր նշանածը հղի է, ցանկանում է նրան առանց աղմուկի արձակել: Բայց Տիրոջ հրեշտակը երևում է նրան և պատվիրում, որ չարձակի Մարիամին: Հրեշտակը պատվիրում է նաև, որ իր որդու անունը Հիսուս դնի, քանզի Նա պիտի փրկի Իր ժողովրդին մեղքերից: Հասկանալով Աստծուց իրեն վստահված առաքելության կարևորությունը` նա ավելի է կապվում իր նշանածին` պաշտպանելով և հոգ տանելով նրա մասին: Երբ մանուկ Հիսուսը ծնվեց, նա օրենքի համաձայն թլփատեց Նրան և քառասուն օրեկանում տաճարին ընծայեց: Իսկ երբ Նրան վտանգ սպառնաց, Աստծո հրեշտակի հրամանով Նրան Եգիպտոս փախցրեց` որոշ ժամանակ անց կրկին վերադառնալով Նազարեթ:
Ս. Հովսեփն առանձնանում է առ Աստված ունեցած իր աներեր հավատքով, որ միշտ անսաց և իր կյանքում աշխատեց իրագործել աստվածային պատվիրանները:
Հայ Առաքելական Եկեղեցին Ս. Ղունկիանոս Հարյուրապետի, որ հավատաց Քրիստոսի խաչելությանը, Հովսեփ Աստվածահոր, Հովսեփ Արիմաթացու և Քրիստոսի բարեկամ Ղազարոսի ու նրա երկու քույրերի` Մարթայի և Մարիամի հիշատակը տոնում է Ս. Խաչի Զ կիրակիին հաջորդող երկուշաբթի օրը:
0 կարծիք