Աստված մեզ լսում է ամեն տեղից և Աստված ամենուրեք է: Եկեղեցին օրհնված և օծված, ուստի և սրբված վայր է: Հենց այստեղ է, որ կատարվում է մեր հաշտությունն Աստծո հետ, այստեղ է, որ քահանայի ձայնը բացում է երկինքը, և երկնային հրեշտակները Քրիստոսի գլխավորությամբ իջնում են ու սրբագործում Պատարագի հացն ու գինին: «Եթե միայն այս կյանքի համար եք հույս դրել, ուրեմն մարդկանցից ամենախղճալիներն եք»,- ասում է Պողոս առաքյալը: Բայց եթե ուզում եք հավիտենական կյանք ունենալ, լսեք, թե ինչ է ասում Քրիստոսը. «Եթե մեկը իմ մարմինն ու արյունը չճաշակի, հավիտենական կյանք ունենալ չի կարող»:
Այսօր շատ մարդիկ ասում են. «Ես իմ մեջ հավատում եմ Աստծուն, աղոթում եմ, էլ ինչի՞ համար եկեղեցի գնամ»: Իրոք, եթե ուզում ենք աղոթել, ապա դա կարող ենք անել ցանկացած վայրում, և ամեն տեղից էլ մեզ Աստված կլսի, չնայած որ աղոթելը և մոմ վառելը շատ ավելի արդյունավետ են եկեղեցում և ավելի մեծ խորհուրդ ունեն: Նույն կերպ էլ, եթե ուզում ենք մոմ վառել, ապա կարող ենք մոմ վառել նաև մեր տանը՝ որևէ սրբապատկերի առաջ: Եթե ուզում ենք քարոզ լսել, ապա հատկապես այսօր կարող ենք ժամեր շարունակ լսել ռադիո ու հեռուստացույց և բավարարել մեր պահանջը։ Հետևաբար մենք եկեղեցի ենք գնում առաջին հերթին ոչ թե ինչ-որ բան անելու կամ տալու, այլ ստանալու համար: Աստված մարդուն փնտրում է ոչ թե նրանից վերցնելու, այլ տալու համար: Իսկ որտե՞ղ է արդյոք Աստված ավելի մոտ լինում մարդկանց, եթե ոչ եկեղեցում, և այն էլ հատկապես Պատարագի օրերին: Քրիստոսն ասում է, որ Իր հիշատակի համար սրբագործվող հացն ու գինին Իր մարմինն ու արյունն են: Եվ մենք հավատում ենք, որ Պատարագի ժամանակ Սուրբ Սեղանի վրա օրինական հոգևորականի կողմից սրբագործվող հացն ու գինին աստվածային զորությամբ դառնում են Հիսուս Քրիստոս, որն Իրեն ամբողջովին բաշխում է հավատացյալներին: Մարդիկ կան, ովքեր աղանդավորների, հերետիկոսների նման ասում են, որ այդ հացն ու գինին մարմին և արյուն չեն, այլ պարզապես մարմնի ու արյան խորհրդանիշ, ուստի դրա համար չարժե եկեղեցի գնալ, կարելի է մեկ այլ տեղում էլ հավաքվել: Սակայն Սուրբ Կյուրեղ Երուսաղեմացին ասում է. «Եթե Քրիստոս Ինքն ասաց, որ դրանք Իր մարմինն ու արյունն են, ապա ո՞վ կհամարձակվի հակառակը ասել»:
Մարդը չի կարող փրկվել միայն Ավետարանի քարոզչությամբ, որովհետև, օրինակ, եթե քաղցած մեկի հետ խոսենք հացի մասին, ասենք, թե ինչ գեղեցիկ, կենդանարար հատկություններ ունի հացը, նա, միևնույն է, վերջ ի վերջո սովից կմեռնի: Այդ իսկ պատճառով էլ եկեղեցիներում Աստված ոչ միայն Իր պաշտոնյաների միջոցով քարոզում է Իր վարդապետությունն ու արքայությունը, այլև Իրեն է ամբողջովին տալիս հավատացյալներին: Ասում են, որ Քրիստոսի մարմինն ու արյունը նման են թթխմորի. ինչպես որ մի փոքրիկ թթխմորը փոխում և իրեն է նմանեցնում խմորի ողջ զանգվածը, այդպես էլ Տիրոջ մարմինն ու արյունն են աստիճանաբար փոխում ադամական մարմինը՝ մաքրում մեղքերից, թերություններից, արատներից: Եվ եթե կան մարդիկ, ովքեր անգիտության պատճառով երկար ժամանակ է չեն հաղորդվել Քրիստոսի մարմնին ու արյանը, ապա չպետք է կորցնեն այս հնարավորությունը։ Գնացե՛ք եկեղեցի և հաղորդվեք Քրիստոսի մարմնին ու արյանը, որովհետև միայն եկեղեցիներում է հնարավոր Աստծո հետ հաղորդակցությունը ոչ միայն հոգեպես, այլև նյութապես:
0 կարծիք