Աստված ինձ լսում էր …

«Feu et Lumiere»
Ֆրանսերենից թարգմանեց
Սիրանուշ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ

ԱՍՏՎԱԾ ԻՆՁ ԼՍՈՒՄ ԷՐ…

Ֆրանսինը ամուսնացած է, երկու երեխաների մայր է: Տաքարյուն բնավորություն ունի, և պատրաստ է նետվել այնտեղ, ուր իր սիրտն է թելադրում: Ահա թե ինչ նա պատմեց:

Մանուկ հասակում կատեխիզմի դասերը ինձ շատ բան են տվել: Ապրելով գյուղում, մենք տանը շատ գրքեր չունեինք, և բավարարվում էինք եղածով: Ես մեծացել եմ կրոնական միջավայրում, և շատ էի սիրում կատեխիզմի դասերը: Ես ապրում էի այդ հրաշալի պատմություններով: Ծնողներս հավատացյալ էին: Հետո ես մոռացա Աստծուն, և այլևս Նրան չէի հիշում:

26 տարեկանում սիրահարվեցի մի մարդու, որը շատ հեռու էր հավատից: Մենք պսակվեցինք եկեղեցում, որոշեցինք մկրտել մեր ապագա զավակներին: Բայց ես երբեք ոտք չէի դնում եկեղեցի: Աստված իմ կյանքում տեղ չուներ: Ես չէի աղոթում…

Ծնողներիս մահվան օրը ես արտաբերեցի իմ միակ աղոթքը: Հայրս մահացավ իմ ներկայությամբ: Նա հեռացավ կյանքից: Ես աղոթում էի, հասկանում, որ լսելի եմ Աստծուն… սակայն կյանքս շարունակվեց հին հունով:

Մայրս տանջվում էր պարկինսոնի հիվանդությամբ: Նրան մի կին էր խնամում: Երբեմն ես նրան փոխարինում էի: Ամեն անգամ երբ մորս տուն էի գնում, ավտոմեքենայի մեջ աղոթում էի Աստվածամորը, խնդրում, որ օգնի մորս: Եվ դա բնական էր, ես գնում էի տեսնելու մորս:

Մորս հիվանդության օրերին հանդիպեցի իմ երկու ընկերներին: Իմանալով, որ մորս առողջական վիճակը ծանր է, նրանք ինձ պատմեցին մի կնոջ մասին, որը բժշկելու շնորհ ուներ: Նրա հասցեն վերցնելով, ժամադրվեցի և գնացի հանդիպման:

Այդ կինը շատ բարեհամբույր էր և տեսքով հաճելի: Նրա հյուրասենյակում դրված էր Սուրբ Կույսի արձանը, պարանոցին բազում վարդարաններ: Ամենուր էզոտերիկ գրքեր էին և մի նկար, որ ինձ էր նայում: Դա Հիսուսի դեմքն էր կտավի վրա:

Մենք շատախոսեցինք, և ես պատմեցի մորս մասին: Այդ կինը ինձ ընդունեց ինչպես բարեկամի: Գրքեր տվեց, որ կարդամ և սկսեց փոխել իմ ապրելակերպը: Ես սկսեցի ավելի հաճախ հանդիպել նրան: Հետո նա ինձ հրավիրեց այն հավաքներին, որ կազմակերպում էր իր տանը: Դրանք տեղի էին ունենում լիալուսնի օրերին…

Հրավիրյալ զույգերը միասին պարում էին ու ինչ որ խնդրանքներ էին ուղղում երկրի մորը և երկնքի հորը… Ես չէի հասկանում թե ինչ էր կատարվում:

Այդ կինը շատերին էր օգնել: Նա բոլորի ուշադրության կենտրոնում էր և դա գրավում էր ինձ: Թվում էր, որ նա բարի ու լավն է: Նա ինձ ավելի հաճախ էր հրավիրում իր տուն: Չնայած որ ամեն անգամ ես նրան որոշակի գումար էի վճարում, բայց դա ես բնական էի համարում: Ես նրան սիրում էի, նա շատ բարեհամբույր էր իմ նկատմամբ: Հետո ես նրան ծանոթացրեցի իմ ընտանիքի ու քրոջս հետ:

Մի օր նա ասաց, որ Բուլոնյան անտառում Սուրբ Կույսին նվիրված հավաք է տեղի ունենալու: Ես և քույրս ցանկացանք ավելին իմանալ: Մենք գնացինք Բուլոնյան անտառ: Մտանք մի արտասովոր հյուրանոց, ուր մեզ ընդունեցին աղոթքով: Մենք բարձրացանք մատուռ աղոթելու Սուրբ Կույս Մարիամին: Բարձրանալու ժամանակ մի մարդ նշան արեց մեզ, որպեսզի հետևենք իրեն: Նա մեզ ցույց տվեց ձեթը, որը դուրս էր եկել իր ձեռքերից: Իրականում մենք գործ ունեինք մի շառլատանի հետ, որը ձեթի սրվակները պահում էր թևատակերում…

Ես հասկացա թե ինչ է կատարվում… և այդ պահին կատարվեց հրաշքը: Այդ դժբախտ փորձառության մեջ Աստված բացահայտ հայտնեց Իրեն ինձ: Ես սթափվեցի թմբիրից, իմ մեջ հնչում էին Երգ երգոցի սիրո խոսքերը՝ «Իմ աղավնի», «Իմ թանկագին»… Ես շարունակում էի քայլել քրոջս հետ և սիրո այդ խոսքերը, այդ բառերը չէին լռում, այլ ապրում էին իմ մեջ: Ես քրոջս ոչինչ չասացի, և նա ոչինչ էլ չէր նկատել: Ես իմ արտասովոր վիճակից շատ վախեցա, ինձ թվում էր թե խելագարվել եմ…

Մենք նստեցին ավտոբուս ու հեռացանք այդ տեղից: Ճանապարհին իջանք և որոշեցինք ճաշել: Ճաշից հետո ես ծաղիկների հոտ զգացի, դա միաժամանակ ձայն էր, որ հնչում էր իմ հոգում: Ես հստակ լսեցի. «Ամեն բան ճշմարիտ է»: Ես զգացի, որ իմ մանկության հավատը վերականգնվում է:

Նույն օրը երեկոյան մենք հյուր գնացինք մեր մտերիմ ընկերներին՝ Քսավիերին և Բենեդիկտին: Ես նրանց պատմեցի թե ինչ է կատարվում ինձ հետ: Հետո հարցրեցի. «Մի՞թե ես խելագարվում եմ»:

Քսավիերն ասաց. «Ոչ դու խելագար չես, այդպիսի բաներ պատահում են»: Նրա խոսքերը հանգստացրեցին և վստահեցրին, որ այո, այդ տարօրինակ հյուրանոցում Աստված էր, որ խոսեց ինձ հետ: Աստված ինձ այնտեղ սպասում էր…

Օրեր անց ես փոստով բացիկ ստացա: Քույրս գրում էր. «Անմիջապես խզիր բոլոր կապերդ այն կնոջ հետ: Նրա գործերը դիվային են»: Ես այդպես էլ վարվեցի: Ես այդ կնոջը այլևս երբեք չտեսա:

Ես գնացի տեսնելու հայր Մորանին, որ նախկինում Փարիզի դիվահալած քահանաներից էր: Նա ինձ միայն մի հարց տվեց, ասաց. «Դուք և ձեր ամուսինը միմյանց լա՞վ եք հասկանում»: Ես պատասխանեցի. «Այո, շատ լավ»: Հայր Մորանն ասաց. «Ուրեմն Տերը ներկա է ձեր կյանքում»:

Իմ կյանքը փոխվեց: Ես սկսեցի հաճախակի աղոթել: Ամեն օր եկեղեցի էի գնում՝ մասնակցում ժամերգություններն: Ես սկսեցի կյանքը այլ կերպ ընկալել քանզի խաղաղության մեջ էի: Ես ավելի հեշտ էի ապրում: Ես ուրախ էի: Տերը ինձ համար դարձել էր հարազատ բարեկամ: Իմ սիրտը բաց էր Նրա առջև…

Վերագտնելով Աստծուն ես հասկացա, որ դա կատարվեց իմ սիրելի ընկերների աղոթքների շնորհիվ: Նրանք շատ էին աղոթել, շատ արցունք էին թափել ինձ համար…

Ես վերադարձա իմ հոգևոր գրքերին, իմ կատեխիզմին: Ես վերադարձա Նրան, որ ինձ սպասում էր, և Ում պատկերը այսօր իմ սենյակում է՝ Հիսուս Քրիստոսին:

Իմ կյանքը բոլորովին էլ վարդագուն չէ: Ես ունեմ իմ հոգսերը, իմ խաչը: Բայց ես գիտեմ, որ Տերը իմ կողքին է՝ Հայրը, Որդին և Սուրբ Հոգին: Ինչպիսի շնորհ… Նույնիսկ հիվանդ, ես մի ներքին ուրախություն ունեմ: Ես գիտեմ, որ դա Տիրոջ պարգևն է…

Ֆրանսիսը խմեց իր սուրճը: Մեր աչքերը փայլում էին: Սրճարանում նստածները ցավոք չէին հասկանում, որ Աստված հենց այդ պահին իրենց կողքին է: Մենք լքեցինք փարիզյան փոքրիկ սրճարանը, մեր հանդիպման անխոս վկան:

---------------------------------
Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:

———————————

Հին հղումը

Հատկորոշիչներ՝ Աստված

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Որն է քրիստոնեության էությունը

ԱԼԵՔՍԵՅ ՕՍԻՊՈՎՄՈՍԿՎԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ...