Բուն բարեկենդան

Բաժին՝ Օրեր
Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Բարեկենդանի կիրակի (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան),

«Բուն բարեկենդանի կիրակի» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից

Մեծ պահք։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 58. 1-14

Ուժգի՛ն կանչիր եւ մի՛ խնայիր, շեփորի պէս բարձրացրո՛ւ ձայնդ, պատմի՛ր իմ ժողովրդին իր մեղքերի եւ Յակոբի տանը՝ իր անօրէնութիւնների մասին: Օր օրի ինձ են փնտռում եւ ցանկանում ճանաչել իմ ճանապարհները, իբրեւ մի ժողովուրդ, որ արդարութիւն է գործել եւ իր Աստծու իրաւունքը զանց չի առել. ահա նրանք եկել եւ իրաւունք ու արդարութիւն են որոնում: Փափագում են մերձենալ Աստծուն եւ ասում են. «Այդ ինչպէ՞ս է, որ մենք ծոմ պահեցինք, եւ դու չտեսար, զրկանքների ենթարկեցինք մեզ, եւ դու չիմացար»: Արդ, ձեր ծոմապահութեան օրերին ձեր ցանկութիւններն էք կատարում եւ կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակայ են ձեզ: Հակառակութեան եւ կռիւների մէջ էք պահում եւ բռնցքահարում տկարին: Իսկ իմ ինչի՞ն է պէտք այդպիսի ծոմապահութեան օրը. դուք պիտի գաք բողոքէք ինձ, եւ ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, եւ ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթէ պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ եւ ընդունելի օր. այդպիսի ծոմապահութիւնը չէ, որ ես ընտրեցի, – ասում է Տէրը:

Քանդի՛ր անիրաւութեան հանգոյցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախութիւնն ու բռնութիւնը, ների՛ր ու արձակի՛ր նեղեալներին եւ պատռի՛ր բոլոր անիրաւ մուրհակները: Քաղցածների՛ն բաժանիր քո հացը եւ անօթեւան աղքատների՛ն տար քո տունը. եթէ մերկ մարդ տեսնես՝ հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զաւակին մի՛ անտեսիր: Այն ժամանակ այգաբացի պէս պիտի ծաւալուի քո լոյսը, եւ արագօրէն պիտի հասնի քո ապաքինումը, քո առջեւից պիտի ընթանայ քո արդարութիւնը, եւ Աստծու փառքը պիտի պահպանի քեզ: Այն ժամանակ պիտի կանչես, եւ Աստուած պիտի լսի քեզ. մինչեւ դու խօսես, նա պիտի ասի, թէ՝ «Ահա հասել եմ»: Եթէ դու քո միջից հեռացնես խարդախութիւնը, ձեռնձգութիւնն ու տրտունջի խօսքերը, քո հացը յօժար սրտով քաղցածներին տաս եւ չքաւոր մարդկանց կշտացնես, այն ժամանակ խաւարի մէջ կը ծագի քո լոյսը, քո խաւարը կը վերածուի միջօրէի: Քո Աստուածը ամէն ժամ քեզ հետ կը լինի, քո անձն ըստ ցանկութեան յագեցում կը ստանայ, եւ քո ոսկորները կը լիանան ու կը լինեն ինչպէս ջրարբի պարտէզ, ինչպէս աղբիւր, որից ջուրը չի պակասի: Քո դարաւոր աւերակները կը վերաշինուեն, եւ քո հիմքերը մշտնջենական կը լինեն սերնդից սերունդ. դու պիտի յառնես ու կոչուես պարսպապատերի փլատակները վերականգնող եւ նրանց ճամփամիջեան դարուփոսերը վերացնող: Եթէ ոտքդ յետ քաշես եւ սրբութեան օրը քո ուզածը չկատարես, զուարճութեան շաբաթները համարես Աստծուն նուիրուած եւ փառաւոր, ոտքդ դուրս չդնես գործի համար ու քո բերանով բարկութեան ոչ մի խօսք չասես, այն ժամանակ կարող ես ապաւինել Տիրոջը: Նա քեզ կ՚առաջնորդի դէպի երկրի բարիքները եւ իբրեւ սնունդ քեզ կը տայ քո հայր Յակոբի ժառանգութիւնը, քանզի Տիրոջ բերանը խօսեց այս:

Պողոս Առաքյալի նամակը հռոմեացիներին, 13. 11 – 14. 26

Այս էլ իմացէ՛ք ներկայ ժամանակիս մասին, որովհետեւ հիմա ճիշտ ժամն է, որ մենք քնից զարթնենք. քանի որ փրկութիւնն այժմ մեզ աւելի մօտ է, քան երբոր մենք հաւատացինք: Գիշերն անցաւ, եւ ցերեկը մօտեցաւ. ուրեմն դէ՛ն գցենք խաւարի գործերը եւ հագնենք լոյսի զրահը. շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ո՛չ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ո՛չ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ո՛չ նախանձով եւ կռուազանցութեամբ. զգեստաւորուեցէ՛ք Տէր Յիսուս Քրիստոսով եւ մարմնին խնամք մի՛ տարէք ցանկութիւնները գոհացնելու համար:

Հաւատի մէջ տկարացածին ընդունեցէ՛ք՝ ո՛չ երկմիտ տարակուսանքով: Մէկը հաւատում է, թէ կարելի է ուտել ամէն բան. իսկ ով տկար է հաւատի մէջ, բանջարեղէն է ուտում. ով ուտում է, թող չարհամարհի նրան, որ չի ուտում. իսկ ով չի ուտում, թող չդատի նրան, ով ուտում է, քանզի Աստուած նրան ընդունեց: Դու ո՞վ ես, որ դատում ես ուրիշի ծառային. կանգնած լինի, թէ ընկած՝ իր տիրոջ համար է. բայց նա կը կանգնի, որովհետեւ կարո՛ղ է Տէրը նրան կանգուն պահել: Մէկը բարձր է դասում օրը՝ օրից, իսկ միւսը՝ բոլոր օրերը՝ հաւասար. իւրաքանչիւր ոք թող շարժուի, ինչպէս ինքն է դատում: Ով օրուայ վրայ է ուշ դնում, Տիրոջ համար է այդ անում. եւ ով օրուայ վրայ ուշ չի դնում, Տիրոջ համար է, որ ուշ չի դնում. եւ ով ուտում է, Տիրոջ համար է ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն. եւ ով չի ուտում, Տիրոջ համար չի ուտում եւ գոհութիւն է յայտնում Աստծուն: Արդարեւ, մեզնից ոչ ոք իր համար չի ապրում եւ իր համար չի մեռնում. եթէ ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում. եւ եթէ մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում: Եւ արդ, ապրենք թէ մեռնենք, Տիրոջն ենք. քանզի այս բանի համար իսկ Քրիստոս մեռաւ ու կենդանացաւ, որպէսզի մեռելներին եւ կենդանիներին հաւասարապէս տիրի: Դու ինչո՞ւ ես դատում քո եղբօրը, կամ ինչպէ՞ս ես արհամարհում քո եղբօրը, քանի որ բոլորս էլ կանգնելու ենք Քրիստոսի ատեանի առաջ, որովհետեւ գրուած է. Կենդանի եմ ես, – ասում է Տէրը, – որպէսզի ամէն ծունկ ինձ ծնրադրի եւ ամէն լեզու Աստծուն դաւանի: Ապա ուրեմն՝ մեզնից իւրաքանչիւր ոք Աստծուն հաշիւ է տալու իր համար: Ուստի, միմեանց չդատենք. աւելի շատ այս բանը դրէք ձեր մտքում՝ եղբօր առաջ գայթակղութեան քար չդնել: Այս գիտեմ եւ վստահ եմ Քրիստոս Յիսուսով, որ ինքն իրենից չկայ պիղծ բան, այլ, ով կարծում է, թէ մի բան պիղծ է, այդ իր համար է պիղծ. որովհետեւ, եթէ ուտելիքի համար քո եղբայրը տրտմում է, այլեւս սիրով չես վարւում: Քո ուտելիքով կորստեան մի՛ մատնիր նրան, որի համար մեռաւ Քրիստոս: Ձեր բարին թող առիթ չծառայի չարախօսութեան, որովհետեւ Աստծու արքայութիւնը ուտելիք եւ ըմպելիք չէ, այլ՝ արդարութիւն եւ խաղաղութիւն եւ խնդութիւն Սուրբ Հոգով. որովհետեւ, ով այս ձեւով ծառայում է Քրիստոսին, հաճելի է Աստծուն եւ գովելի՝ մարդկանց առաջ: Ապա ուրեմն՝ հետամուտ լինենք խաղաղութեան եւ շինութեան՝ միմեանց հանդէպ: Ուտելիքի համար Աստծու գործը մի՛ քանդիր. ամենայն ինչ մաքուր է, բայց վատ է այն մարդու համար, որ ուտում է կասկածամտութեամբ: Լաւ է չուտել միս եւ չխմել գինի, ոչ էլ անել մի բան, որով քո եղբայրը գայթակղւում է կամ սայթաքում կամ տկարանում: Դու, արդարեւ, հաւատ ունես. պահի՛ր այն քեզ համար Աստծու առաջ: Երանի՜ նրան, ով չի դատապարտում իր անձը նրանով, որ փորձում է ընկերոջը. բայց ով կասկածում է, թէպէտ եւ ուտում է, դատապարտուած է, քանի որ այդ ըստ հաւատի չէ, որովհետեւ ամենայն ինչ, որ հաւատից չէ, մեղք է: Այլ նրան, որ կարո՛ղ է ձեզ հաստատուն պահել ըստ իմ այս աւետարանի եւ ըստ քարոզութեան Յիսուս Քրիստոսի, ըստ այն յայտնութեան խորհրդի, որ յաւիտենից ծածկուած էր, իսկ այժմ յայտնուած է մարգարէական գրուածքների միջոցով մշտնջենաւոր Աստծու հրամանի համաձայն եւ ծանուցուած է բոլոր հեթանոսներին, հաւատի հնազան դութեան համար, միակ իմաստուն Աստծուն, Յիսուս Քրիստոսի միջոցով, նրան փառք յաւիտեանս: Ամէն:

Ավետարան ըստ Մատթեոսի, 6. 1-21

Զգո՛յշ եղէք, որ ձեր ողորմութիւնը մարդկանց առջեւ չանէք, որպէս թէ այն լինէր ի ցոյց նրանց. այլապէս վարձ չէք ընդունի ձեր Հօրից, որ երկնքում է: Այլ երբ ողորմութիւն անես, փող մի՛ հնչեցրու քո առջեւ, ինչպէս անում են կեղծաւորները ժողովարաններում եւ հրապարակներում, որպէսզի փառաւորուեն մարդկանցից: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ողորմութիւն անես, թող քո ձախ ձեռքը չիմանայ, թէ ինչ է անում քո աջը, որպէսզի քո ողորմութիւնը ծածուկ լինի, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս: Եւ երբ աղօթես, չլինե՛ս կեղծաւորների նման, որոնք սիրում են ժողովարաններում եւ հրապարակների անկիւններում աղօթքի կանգնել, որպէսզի մարդկանց երեւան. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ դու երբ աղօթես, մտի՛ր քո սենեակը, փակի՛ր քո դռները եւ ծածո՛ւկ աղօթիր քո Հօրը, եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ յայտնապէս: Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն: Արդ, նրանց չնմանուէ՛ք, որովհետեւ ձեր Հայրը գիտէ, թէ ինչ է ձեզ պէտք, նախքան որ դուք նրանից մի բան ուզէք: Եւ արդ, դուք այսպէ՛ս աղօթեցէք. Հա՛յր մեր, որ երկնքում ես. սո՛ւրբ թող լինի քո անունը. քո թագաւորութի՛ւնը թող գայ. քո կա՛մքը թող լինի երկրի վրայ, ինչպէս որ երկնքում է՛. մեր հանապազօրեայ հացը տո՛ւր մեզ այսօր. եւ ների՛ր մեզ մեր յանցանքները, ինչպէս որ մենք ենք ներում նրանց, որ յանցանք են գործում մեր դէմ. եւ մի՛ տար մեզ փորձութեան, այլ փրկի՛ր մեզ չարից. որովհետեւ քո՛նն է թագաւորութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս. ամէն: Եթէ դուք մարդկանց ներէք իրենց յանցանքները, ձեր երկնաւոր Հայրն էլ ձեզ կը ների: Իսկ եթէ դուք մարդկանց չներէք իրենց յանցանքները, ձեր Հայրն էլ ձե՛զ չի ների ձեր յանցանքները: Երբ ծոմ պահէք, տրտմերես մի՛ լինէք կեղծաւորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպէսզի մարդկանց այնպէս երեւան, թէ ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը: Այլ երբ դու ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը եւ լուա՛ քո երեսը, որպէսզի չերեւաս մարդկանց որպէս ծոմ պահող, այլ քո Հօրը՝ գաղտնաբար. եւ քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կը հատուցի քեզ: Գանձեր մի՛ դիզէք ձեզ համար երկրի վրայ, ուր ցեց եւ ժանգ ոչնչացնում են, եւ ուր գողեր պատերն են ծակում ու գողանում, այլ գանձեր դիզեցէ՛ք ձեզ համար երկնքում, որտեղ ո՛չ ցեց եւ ո՛չ ժանգ չեն ոչնչացնում, եւ ո՛չ էլ գողերը պատերն են ծակում ու գողանում. քանի որ, ուր ձեր գանձերն են, այնտեղ եւ ձեր սրտերը կը լինեն:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Բուն Բարեկենդան:

Յետ արձակմանն վարագուրեսցեն զՍեղանսն։
Այսուհետեւ ոչ համբուրեսցեն զԱւետարանն, նաեւ ոչ բարձրացուսցեն ի Հաւատամքին եւ ի Կեցոյին ի տես ժողովրդեանն։ Զլոյս զուարթն ի թիւ ասասցեն ի տեղի մաղթանացն մինչեւ ի Ծաղկազարդն։ Ի շաբաթու երեկոյին Հայր գթած եւ Աստ օրհնեցէք ոչ գոն։ Առանց շուրջառի եւ Աւետարանի Քրզ. Սուրբ Խաչիւս, Կեցո, Աղթ. Պահպանեա։
Ի պահոցս կիւրակէից Ճաշու շարականն զՕրհնութեան առաջին պատկերն ասա, իսկ զյետինն՝ յերեկոյին Համբարձի։
Յաւուրս Մեծի Պահոց կիւրակէից մինչեւ ի Զատկի կիւրակէն, զկնի Օրհնութեան եւ Մեծացուսցէ շարականաց, սարկաւագն ի թիւ ասասցէ զքարոզսն։ Քրզ. Զուարճացեալքս ի Խնդրեսցուք հաւատովէն ասա։ Ի պահոցս Հանգըստեան շարական, Խորհուրդ խորին եւ Յայս յարկ նուիրանաց ոչ գոն։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: