Մեծ պահքի Գ. օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Մեծ պահեցողներ Սուրբ Գրքից (Շնորհք արքեպիսկոպոս Գալուստյան),

«Մեծ պահքի խորհուրդը» (Հովսեփ ավագ քահանա Հակոբյանի քարոզներից


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ելք, 1. 11 – 2. 10

Սրանք են Իսրայէլի այն որդիների անունները, որոնք իրենց հօր հետ մտան Եգիպտոս, իւրաքանչիւրն իր ամբողջ ընտանիքով մտաւ. Ռուբէն, Շմաւոն, Ղեւի, Յուդա, Իսաքար, Զաբուղոն եւ Բենիամին, Դան եւ Նեփթաղիմ, Գադ եւ Ասեր: Յակոբից սերուած բոլոր մարդիկ եօթանասունհինգ հոգի էին: Յովսէփը գտնւում էր Եգիպտոսում: Վախճանուեց Յովսէփը. նաեւ նրա բոլոր եղբայրներն ու ամբողջ սերունդը: Իսրայէլի որդիները, սակայն, աճեցին ու բազմացան: Նրանք խիստ բազմացան ու հզօրացան, որովհետեւ երկիրը նպաստում էր նրանց բազմանալուն: Գահ բարձրացաւ մի ուրիշ թագաւոր, որը Յովսէփին չէր ճանաչում: Նա իր ժողովրդին ասաց. «Իսրայէլի որդիների սերունդը մեծ է զօրութեամբ եւ զօրանում է մեզնից աւելի: Արդ, եկէք ինչեւոր բան հնարենք նրանց դէմ, գուցէ աւելի բազմանան, եւ երբ պատերազմ ծագի, նրանք միանան թշնամիներին ու մեր դէմ կռուելով՝ դուրս ելնեն այս երկրից»: Եւ նա վերակացուներ կարգեց նրանց վրայ, որ գործի լծելով՝ չարչարեն նրանց: Նրանք փարաւոնի համար կառուցեցին Փիդոն, Ռամեսէ եւ Ովն անառիկ քաղաքները: Ովնը Արեգ քաղաքն է: Բայց որքան ճնշում էին նրանց, նրանք այնքան աւելի էին բազմանում ու անչափ հզօրանում: Եգիպտացիները զզուեցնում էին Իսրայէլի որդիներին, բռնութիւն գործադրելով նեղում էին նրանց, տաժանակիր աշխատանքի էին լծում, նրանց կեանքը մաշում կաւի, աղիւսաշինութեան ու դաշտային բոլոր գործերի մէջ՝ բռնութեամբ ստիպելով նրանց, որ ծառայեն: Եգիպտացիների արքան դիմեց եբ րայեցիների մանկաբարձներին. նրանցից մէկի անունը Սեփորա էր, իսկ երկրորդի անունը՝ Փուա: Եւ արքան ասաց. «Երբ երկունքով բռնուած եբրայեցի կանանց մօտ գնաք ծննդաբերութեան օգնելու, եթէ ծնուածը արու լինի, սպանեցէ՛ք նրան, իսկ եթէ էգ լինի, ողջ թողէք»: Մանկաբարձները, աս տուածավախ լինելով, չարեցին այն, ինչ եգիպտացիների արքան հրամայել էր իրենց. նրանք ողջ էին թողնում նաեւ արուներին: Եգիպտացիների արքան կանչեց մանկաբարձներին ու ասաց նրանց. «Ինչո՞ւ էք այդպէս վարւում, ինչո՞ւ էք ողջ թողնում արուներին»: Մանկաբարձները պատասխանեցին փարաւոնին. «Եբրայեցի կանայք եգիպտացի կանանց նման չեն. նրանք ծննդաբերում են մինչեւ որ մանկաբարձները իրենց մօտ գան»: Նրանք ծննդաբերում էին, եւ Աստուած բարութիւն էր անում մանկաբարձներին, ուստի ժողովուրդը խիստ բազմանում էր ու անչափ հզօրանում: Քանի որ մանկաբարձները աստուածավախ էին, նրանք տունեւտեղ դրին: Փարաւոնն իր ամբողջ ժողովրդին հրամայելով՝ ասաց. «Եբրայեցիներից ծնուած բոլոր արու զաւակներին գե՛տը նետեցէք, իսկ բոլոր աղջիկ զաւակներին ողջ թողէք»:

Այնտեղ էր գտնւում Ղեւիի ցեղից մի մարդ, որն ամուսնացաւ Ղեւիի դուստրերից մէկի հետ: Սա յղիացաւ ու ծնեց մի արու զաւակ: Տեսնելով, որ նա գեղեցիկ է, երեք ամիս թաքցրին նրան: Երբ այլեւս չէին կարող նրան թաքցնել, նրա մայրն առաւ եղէգից հիւսուած մի զամբիւղ, այն ծեփեց կպրաձիւթով, դրա մէջ դրեց մանկանը եւ զամբիւղը դրեց ծանծաղուտ մի տեղ, գետափին մօտիկ: Մանկան քոյրը հեռուից հետեւում էր՝ տեսնելու համար, թէ ինչ կը պատահի նրան: Այդ ժամանակ էր, որ փարաւոնի դուստրն եկաւ գետում լողանալու, իսկ նրա նաժիշտները քայլում էին գետի ափով: Ծանծաղուտի մէջ զամբիւղ նկատելով՝ նա մի նաժիշտ ուղարկեց, որ վերցնի այն: Նա բացեց եւ տեսաւ երեխային: Երեխան լաց էր լինում զամբիւղում: Փարաւոնի դուստրը, խղճալով նրան, ասաց. «Եբրայեցիների երեխաներից է դա»: Մանկան քոյրն ասաց փարաւոնի դստերը. «Ուզո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայեակ կին կանչեմ, նա թող կերակրի այդ մանկանը»: Փարաւոնի դուստրն ասաց՝ «գնա՛»: Աղջիկը գնաց ու կանչեց մանկան մօրը: Փարաւոնի դուստրը նրան ասաց. «Վերցրո՛ւ այդ մանկանը եւ կերակրի՛ր նրան ինձ համար: Ես կը տամ քո վարձը»: Կինը վերցրեց մանկանը եւ կերակրեց նրան: Երբ մանուկը մեծացաւ, կինը նրան բերեց փարաւոնի դստեր մօտ, եւ մանուկը նրան որդեգիր դարձաւ: Նա նրան Մովսէս կոչեց ասելով՝ ջրից եմ հանել նրան:

Հովել մարգարե, 1. 14-20

Ծոմի օր նշանակեցէք, աղօթք կազմակերպեցէք, հաւաքեցէ՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծու Տանը եւ աղօթեցէ՛ք Տիրոջը անկեղծ սրտով: Վա՛յ ինձ, վա՛յ ինձ, վա՛յ ինձ այն օրը, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը. թշուառութիւն թշուառութեան վրայ պիտի հասնի: Ձեր աչքերի առաջ պակասեցին կերակուրները, ձեր Աստծու տնից՝ ուրախութիւնը եւ խնդութիւնը: Խայտացին երինջները իրենց մսուրներում, ապականուեցին գանձերը, տապալուեցին շտեմարանները, քանի որ ցորենը խորշակահար եղաւ: Ի՞նչ ամբարեմ նրանց մէջ: Լացեցին նախիրների խմբերը, որովհետեւ նրանք արօտ չունէին, եւ ոչխարների հօտերը սատկեցին: Քեզ եմ աղօթում, Տէ՛ր, որովհետեւ հուրը սպանեց անապատի գեղեցկութիւնը, բոցը լափեց ագարակի իւրաքանչիւր ծառ, վայրի կենդանին քեզ նայեց, քանի որ ցամաքեցին ջրի վտակները, եւ հուրը կերաւ անապատի գեղեցկութիւնը:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Գ. օր Մեծի Պահոց:

Հրց. աձ. Գ. Որ յամենայնի:

Այսօր սկիզբն արա կատարել զկարգ Ապաշխարութեան եւ զԱրեւագալի ժամերգութեան եւ սկսեա զՏէր Ամենակալն յառաւօտուն եւ ի ճաշուն՝ զմեծ քարոզսն եւ զաղօթսն եւ զՈղորմեայից երգսն, եւ զկնի՝ Խոնարհեցո եւ Ապրեցո։

Իսկ յերեկոյսն զԽաղաղականն զՆայեաց սիրովն եւ զԻ քէն հայցեմքն եւ ապա Հոգւոց եւ արձակեսցեն։ (Պահոց լուր աւուրց կարգն այս է մինչեւ ի Ծաղկազարդն)։

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ