Մեծ պահեցողներ Սուրբ Գրքից

Բ. Մեծ պահեցողներ Սուրբ Գրքից

Հին Կտակարանի մեծ պահեցողներից առաջինը մեզ ներկայանում է նույն ինքը` Հին Ուխտի մեծագույն մարգարեն. Սինա լեռան վրա «Մովսեսը Տիրոջ հետ էր քառասուն օր և քառասուն գիշեր: Նա հաց չկերավ, ջուր չխմեց» (Ելք ԼԴ 28): Եղիա մարգարեի մասին էլ է հաստատվում, որ քառասուն օր պահեցողություն է արել (Գ Թագ. ԺԹ 8): Դավիթ թագավորը պահք պահեց` իր ապօրեն զավակի կյանքը փրկելու համար, բայց չկարողացավ (Բ Թագ. ԺԲ 16):

Հուդիթը, հրեա ժողովրդի հերոսուհիներից մեկը, իր այրիության բոլոր տարիներին պահեցողության մեջ է եղել (Հուդիթ Ը 5-6): Նեեմին, գերությունից հետո Երուսաղեմի պարիսպները վերաշինողը, երբ տեսնում է գերությունից դարձողների կրած նախատինքները և նեղությունները, Երուսաղեմի այրված ու ավերակ վիճակը, ասում է. «Նստեցի, լալիս էի, օրեր շարունակ սուգ արեցի ու ծոմ պահեցի, աղոթքի կանգնեցի երկնքի Տեր Աստծու առջև» (Նեեմի Ա 4): Աննա մարգարեուհին, այն երջանիկներից մեկը, որոնք իրենց կյանքի վերջալույսին տեսան Փրկչի մարմնացումը, «չէր հեռանում տաճարից, այլ ծոմապահությամբ և աղոթքով գիշեր-ցերեկ ծառայում էր Աստծուն» (Ղուկ. Բ 37): Երբ մտնում ենք Նոր Կտակարանի ավելի լուսավոր շրջանը, տեսնում ենք, որ պահքի սովորությունը շարունակվում է նաև այստեղ: Նոր Ուխտի առաջին պահեցողը նույն ինքը` նրա հիմնադիրը և մեր Փրկիչն է: Իր մկրտությունից հետո Հիսուսը «Հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ և չխմեց այն օրերին» (Ղուկ. Դ 1-2): Եկեղեցին այս պահեցողությունը մեկնաբանում է նախ իբրև տնօրինություն (այսինքն` աստվածային մի արարք, որը կատարվում է հանուն և ի դեմս մարդկության` նրա փրկության համար), որի կարգում են նաև Մկրտությունը, Չարչարանքը, Խաչելությունը, Մահը և այլն: Հիսուսն Իրեն ծոմապահության ենթարկեց ոչ թե որովհետև ապաշխարանքի պետք ուներ, այլ դա կատարեց մարդկային ցեղի փրկության համար. մարդկության փոխարեն Ի՛նքն ապաշխարեց, որպեսզի բոլոր պահեցողություն անողների ապաշխարանքն իմաստ և իրականություն ստանա շնորհիվ Իր ծոմապահության: Այս գաղափարը շեշտում են ապաշխարության մեր շարականները: Օրինակ` «Այսօր Երկրորդ Ադամը (Քրիստոսը) պահեցողություն անելով` քավեց [արգելված] պտուղն ուտողների պարտքը»: Կամ` «Եկեղեցին էլ, Փրկչի քառասնօրյա պահեցողության օրինակով պահք պահելով, արժանի կլինի մասնակցելու Հարուցյալի հետ երանական ուրախությանը» (տես` Մեծ պահքի Ա և Բ կիրակիների հարցերը)(2): Բացի այս, Հիսուսը ծոմ պահեց նաև որպես օրինակ Իրեն հետևողների: Ինչպես մկրտվել էր, որպեսզի ոչ միայն քավեր Իրեն հավատացողների մեղքերը, այլ նաև Իր հետևորդներն էլ անպատճառ ենթարկվեն այդ խորհրդին, այնպես էլ պահեցողություն արեց, որպեսզի Իրեն հավատացողները ևս նույնն անեն:

Հիսուսի և առաքյալների ուսուցումը պահքի մասին Կրոնա-բարոյական հարցերի մասին Հիսուսի հիմնական ուսուցումները համադրված են «Լեռան քարոզում», ուր կարևոր տեղ է տրված նաև ՊԱՀՔԻՆ: Այնտեղ Հիսուսն ասում է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի՛ լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսները այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երևան, թե ծոմ են պահում. ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը (այսինքն` մարդկանց երևալը և նրանցից գովվելը): Այլ երբ դու (խոսքն ուղղված է Հիսուսին հավատացողին և հետևողին) ծոմ պահես, օծի՛ր քո գլուխը և լվա՛ քո երեսը, որպեսզի չերևաս մարդկանց որպես ծոմ պահող, այլ քո Հորը` գաղտնաբար, և քո Հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ» (Մատթ. Զ 16-18): Ուրեմն, Հիսուսը, առանց ընկնելու պահեցողության գործն ական մանրամասնությունների մեջ, սովորեցնում է, թե ինչ ոգով պետք է այն կատարել: Ուրիշ առիթով փարիսեցիները Հիսուսին քննադատեցին, թե Նա և Իր աշակերտները պահք չեն պահում, ինչպես իրենք և Հովհաննես Մկրտչի աշակերտները: Դիտողությունն անհիմն չէր. արդարև Հիսուսը և Իր աշակերտները պահեցողություն չէին անում: Սակայն մենք, ի պաշտպանություն նրանց, կարող ենք ասել, որ Հիսուսի և Նրա աշակերտների գրեթե ամբողջ կյանքը պահեցողություն էր: Ուրիշների ողորմությամբ ապրող և քաղաքից քաղաք կամ գյուղից գյուղ թափառող մարդիկ էին. ի՜նչ ունեին կամ ի՜նչ էին ուտում, որ պահեցողություն անեին: Իրենց անոթությունը հագեցնելու համար հաճախ արտերից ցորենի հասկեր էին պոկում և ափերի մեջ տրորելով` ուտում (Ղուկ. Զ 1): Սակայն Հիսուսը տարբեր անկյուններից է հարցին նայում և նրանց պատասխանում հետևյալ ձևով. «Մի՞թե կարող եք հարսանքավորներին հրամայել, որ ծոմ պահեն, որքան ժամանակ որ փեսան նրանց հետ է: Կգան օրեր, երբ փեսան նրանցից կվերցվի, ապա այդ օրերին ծոմ կպահեն» (Ղուկ. Ե 34-35): Ուրեմն Հիսուսը նախատեսում և անուղղակի թելադրում է, որ արդարև Իր հետևորդները Իր մահից հետո պահեցողություն կանեն: Եվ արդարև, տեսնում ենք, որ Եկեղեցին Քրիստոսի համբարձումից հետո կիրարկում է պահեցողության սկզբունքը, առանց, սակայն, այն հատուկ օրենքի վերածելու կամ որոշ օրերի ու շրջանների հետ կապելու: Պահքը տակավին բնական և ինքնաբուխ մի սովորույթ է, որը որևէ անհատ կամ խումբ կատարում է, երբ դրա պետքը զգում է: Ըստ այսմ, առաջին քրիստոնեական քարոզչական պաշտոնական ձեռնարկն սկսվում է պահքով և աղոթքով: Անտիոքում, որը Երուսաղեմից հետո դարձավ քրիստոնեական երկրորդ մեծ կենտրոնը, կային մարդիկ, ովքեր կոչվում էին «մարգարեներ և վարդապետներ»: Երբ նրանք «Տիրոջ պաշտամունքի մեջ էին և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց նրանց. «Բառնաբասին և Սողոսին առանձնացրե՛ք Ինձ համար, որ անեն այն գործը, որին Ես դրանց կոչել եմ»: Այն ժամանակ ծոմ պահելով և աղոթելով` ձեռք դրեցին նրանց վրա և ուղարկեցին» (Գործք. ԺԳ 2-3): Գրեթե նույնը Պողոսը և Բառնաբասն արեցին, երբ, իրենց կարգին, նորակազմ քրիստոնյա համայնքների համար «երեցներ ձեռնադրեցին, պահեցողությամբ հանդերձ աղոթք արեցին և նրանց հանձնեցին Տիրոջը, Որին հավատացել էին» (Գործք ԺԴ 22): Պողոս առաքյալը, երբ հարկադրվում է հիշել իր «վաստակները», հաստատում է, որ հաճախ ենթարկվել է նաև «քաղցի և ծարավի, առանց մի պատառ հացի» (հմմտ. Բ Կորնթ. Զ 5, Բ Կորնթ. ԺԱ 27):

Աստվածաշնչի թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններից մեզ ավանդված հրահանգների և տրված օրինակների այս լույսի տակ մեզ համար անհասկանալի է մնացել, թե ինչպե՞ս կարող են պահքի օրենքը անտեսել կամ բացահայտորեն նրա դեմ պայքարել հատկապես այն քրիստոնյաները, ովքեր իրենց հավատքի և գործի ամբողջ շենքը ցանկանում են կառուցել լոկ Աստվածաշնչի տվյալների վրա:

Մասնավորաբար Մեծ պահքի մասին Իբրև պահեցողության քառասնօրյա շրջան, Մեծ պահքը որպես հիմք ունի մեր Փրկչի` վերևում հիշված 40 օրերի ծոմապահությունն անապատում: Եվ որովհետև մարդկային սովորական բնությունը գրեթե անկարող է տոկալ 40 օրերի` ցերեկ և գիշեր միանվագ ծոմապահությանը, ուստի Եկեղեցին տնօրինել է կատարել 40 օրերի պահեցողություն` օրական միայն մեկ անգամ ուտելով: Սա կոչվել է Մեծ պահք, ի հակադրություն մյուս պահքերի, որոնք շաբաթական հինգ կամ երկու օր էին: Մեծ պահքի գլխավոր նպատակը հավատացյալին նախապատրաստելն էր, որ Ավագ շաբաթվա ընթացքում արժանապես մոտենա ս. Հաղորդությանը և ավելի մեծ ուրախությամբ տոնի ս. Զատիկը:

4-րդ դարից առաջ քրիստոնեական հին գրականության մեջ գրեթե ոչ մի հիշատակություն չկա քառասնօրյա պահեցողության որևէ շրջանի մասին` ուրբաթ օրերի պահքի մասին բացահայտ հիշատակություն ունենալով հանդերձ: 2-րդ դարի վերջերին և 3-րդ դարի սկզբներին ապրող Տերտուղիանոս մատենագիրը հիշատակում է, որ Մոնտանական կոչվող, խիստ հոգևոր հակումներ ունեցող աղանդը, որին հարում էր նաև ինքը` Տերտուղիանոսը, Զատկից առաջ երկու շաբաթ պահեցողություն էր անում, մինչդեռ ուղղափառ քրիստոնյաները Զատկից առաջ մեկ, առավելը երկու օր էին պահք պահում: Ուրիշները նախքան Զատիկը 40 ժամ խիստ պահեցողություն անելու սովորություն են ունեցել: «Քառասնորդաց» բացատրությունն առաջին անգամ հիշվում է Նիկիայի ժողովի (325 թ.) Ե (5-րդ) կանոնում` հավանաբար ակնարկելով Մեծ պահքի 40 օրերի շրջանը, որից առաջ հարկավոր էր անցկացնել եպիսկոպոսական տարեկան երեք ժողովներից մեկը: Ալեքսանդրիայի հայրապետներից ս. Աթանասն է, որ 330-ական թվականներին իր հոտին բացահայտորեն թելադրում է նախքան Ավագ շաբաթը 40 օր պահեցողություն անել: Ըստ արդի բանասերների և կանոնագետների` 4-րդ դարի երկրորդ կեսերին խմբագրված «Առաքելական կանոններ» կոչվող կանոնախմբի 8-րդ հոդվածում ասված է. «Առաքյալները տնօրինեցին, որ 40 օր պահք նշանակվի` հրաժարվելու համար ամեն չարությունից, մեղքից և կերակրից` նախքան Փրկչի չարչարանքների օրը, և ապա կատարեն չարչարանքների օրը` Տիրոջ Պասեքը, և Փրկչի Հարության տոնը…. Քանզի Նույն Ինքը` Տերը մեր Քրիստոս, տերը տոների և տարեկան հիշատակությունների, 40 օր և 40 գիշեր պահք պահեց» (Կանոնագիրք հայոց, էջ 32)(3):

Առաջին չորս դարերի պահեցողության բնույթը կամ կերպերն էլ դեռ հստակ չեն: 5-րդ դարի հույն պատմիչներից Սոկրատն ասում է, որ Մեծ պահքի ընթացքում ոմանք հրաժարվում են բոլոր կենդանական մսերից, ուրիշները ձուկ են ուտում, ոմանք ձկանն ընկերակցում են նաև հավեղեն, կան, որ հրաժարվում են վերոհիշյալներից և հավկիթեղենից ու կարծր կեղև ունեցող պտուղներից` ընկույզ, նուշ և այլն, ոմանք էլ լոկ չոր հացով են գոհանում: Պահեցողության առօրյա տևողության մասին էլ հստակ գրեթե ոչինչ չկա հիշված: Ոմանք պահել են մինչև երեկոյան ժամը երեքը, որից հետո ամեն տեսակ կերակուր թույլատրվել է ուտել, իսկ խստապահներն այն աստիճան են առաջ գնացել, որ շաբաթական մեկ կամ երկու անգամ են ճաշել: Ամենից սովորականը, սակայն, օրական մեկ անգամ ուտելն է եղել` լոկ մսից և գինուց հրաժարումով: Կաթնեղենի և հավկիթեղենի օրինական խիստ արգելք, ըստ երևույթին, տակավին չկար: 7-րդ դարի վերջերին և 8 րդ դարի սկզբներին ապրած հայտնի անգլիացի պատմիչ Բիյդը հաստատում է, որ սուրբ նկատված մի եպիսկոպոս 7-րդ դարում Մեծ պահքի իր մեկ անգամվա ուտելու ընթացքում կերել է «մի քիչ հաց, մի հավկիթ, և ջրախառը փոքր-ինչ կաթ»: Մինչև իսկ 9-րդ դարում Արևմուտքում Մեծ պահքի ընթացքում հավկիթից, պանրից և ձկից հրաժարվելը նկատվել է բացառիկ առաքինություն:

Առաջին անգամ Հռոմի Գրիգոր Մեծ պապն է, որ 7-րդ դարի սկզբներին, գրելով Անգլիայի առաջին եպիսկոպոսին` Օգոստինոսին, ասում է, որ Մեծ պահքի ընթացքում «մենք հրաժարվում ենք մսից և կենդանական բոլոր արտադրություններից, այսինքն` կաթից, պանրից, հավկիթից և նմաններից»: Սա էր վաղ միջնադարում համայն քրիստոնեության ընդհանուր օրենքը թե՛ Արևելքում, թե՛ Արևմուտքում: Սակայն աստի ճանաբար Արևմտյան Եկեղեցում թույլտվություններ մտան նախ ձկնեղենի, կաթնեղենի ու հավկիթեղենի վերաբերյալ և ապա օրական գլխավոր ճաշին զուգահեռ առավոտյան ու երեկոյան ևս արտոնվեցին թեթև ուտելիքներ, մինչև Արևմտյան Եկեղեցուց ողջօրյա ծոմապահությունը գրեթե իսպառ վերացավ, և պահեցողության օրենքը լոկ մսի համար մնաց:

Այս օրենքն էլ մի քանի տարի առաջ Վատիկանի 2-րդ ժողովի բարեկարգական կանոններով գործնականապես գրեթե վերացավ Կաթոլիկ եկեղեցուց: Պահեցողությունն ընդհանրապես և մասնավորաբար Մեծ պահքը Արևելքում ավելի խիստ են եղել: Արևելյան եկեղեցիներում երկար դարեր պահվեց սկզբնական սովորությունը, այսինքն` օրական մեկ անգամ միայն ուտելու և բոլոր մսեղեններից ու կենդանական արտադրություններից հրաժարվելու կանոնը: Ի վերջո, սակայն, աստիճանաբար, Արևմուտքին հետևելով, թույլտվություններն Արևելք էլ մուտք գործեցին. նախ արտոնվեցին օրական մեկ անգամից ավելի ճաշերը և ապա` Մեծ պահքի շաբաթ ու կիրակի օրերին բացի մսեղենից ամեն տեսակ կերակուրներ ուտելը: Սակայն գեղջկական շրջանակները շարունակեցին, և որոշ տեղեր մինչ և օրս շարունակում են հնագույն կանոնը` օրական մեկ անգամ ուտել` միանգամայն հրաժարվելով կենդանական ամեն տեսակ արտադրություններից:

Հայաստանյայց Եկեղեցու օրացույցում տարվա մեջ ունենք պահքի 158 օրեր, որոնցից 40-ը զուտ Մեծ պահքինն են(4), մնացածի ճիշտ կեսը` 59 օր, կազմում է տասնմեկ շաբաթապահքերը, և մյուս կեսը չորեքշաբթի և ուրբաթ օրերի պահքերն են, որոնք վերոհիշյալներից դուրս են մնում:

————————————————-
(2) «Ձայնքաղ շարական», 1888 թ., Վաղարշապատ, էջ 88, 108:
(3) Կանոնագիրք հայոց, հտ. Ա, Սահմանք և կանոնք զոր եդին աշակերտքն Քրիստոսի Եկեղեցւոյ Սրբոյ յետ վերանալոյ Տեառն, Ը, Երևան, 1964, էջ 32-33:
(4) Իրականում 40 օր է միայն Բուն Բարեկենդանից` Մեծ պահքի առաջին կիրակիից, մինչև Ավագ շաբաթվա սկիզբը: Այլապես, Ավագ շաբաթն էլ ներառյալ, Մեծ պահքը 48 օր է: Այստեղ հեղինակը թերևս Ավագ շաբաթը Մեծ պահքից առանձին մի շաբաթապահք է դիտում:
Հատկորոշիչներ՝ աստվածաշունչ, պահք

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Մեր ներկա պահեցողությունը

Դ. Մեր ներկա պահեցողությունը Ներկայիս մեր...

Պահքի նպատակը

Գ. Պահքի նպատակը Ինչո՞ւ ենք պահք պահում. կարևոր...

Ի՞նչ է պահքը

Ա. Ի՞նչ է պահքը Մեր ժամանակակից սերունդը...