Ավագ շաբաթ։ Զատկի Ճրագալույց։

Բաժին՝ Օրեր

Ավագ շաբաթ օրը նվիրված է Հիսուսի թաղմանը և գերեզմանի կնքմանը:

Քրիստոս Հովսեփ Արեմաթացու ձեռքով իջեցվում է խաչափայտից, փաթաթվում պատանքով և դրվում վիմափոր գերեզմանի մեջ:

Երրորդ օրը Հիսուս հարություն է առնում, ինչպես որ Ինքն էր մարգարեացել իր մասին: Քրիստոս գերեզման դրվելով` իջնում է դժոխք և ավերում այն` փրկություն շնորհելով արդարների հոգիներին:

Շաբաթ երեկոյան բոլոր եկեղեցիներում, երեկոյան ժամերգության ավարտին, սուրբգրային ընթերցումներից հետո, մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագը վառել: Հնում ամեն կիրակի երեկոյան ձեթ էին լցնում կանթեղների մեջ և վառում։ Հետագայում, սակայն, ճրագալույց սկսեցին անվանել երեկոյան պատարագը, որը Հայ Եկեղեցում կատարվում է բացառապես Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներին նախորդող օրվա երեկոյան:

Ճրագալույցի Ս. Պատարագի ընթացքում հավատացյալներին տրվում է Քրիստոսի հրաշափառ հարության ավետիսը` «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, օրհնեալ է յարութիւնն Քրիստոսի»։

Ավագ շաբաթվա երեկոյան մատուցված ճրագալույցի պատարագով սկսվում է Հարության տոնը, իսկ կիրակի օրը Զատկական պատարագով այն վերածվում է համընդհանուր տոնախմբության:

Մարդու փրկության համար Հիսուսն Իր մահով հաղթեց մահվանը:


Ավագ շաբաթ օրը մատուցվում է ճրագալույցի, իսկ կիրակի օրը` Սուրբ Հարության հանդիսավոր Պատարագ։

Տարեկան երկու անգամ՝ Ս. Ծննդյան և Ս. Հարության ճրագալույցի Պատարագից առաջ, եկեղեցիներում ընթերցվում է մեկ հատված Դանիելի մարգարեության երրորդ գլխից: Ընթերցվող հատվածը ներկայացնում է Նաբուգոդոնոսոր թագավորի հրամանը՝ իր շինած կուռքին երկրպագելու, երիտասարդների հրաժարման և ճշմարիտ Աստծուն փառաբանելու մասին: Սարկավագներն այս ընթերցումն անում են սուրբ խորանից: Այդ ժամանակ խորանի վարագույրը փակ է լինում: Սարկավագները դուրս են գալիս վարագույրի ետևից՝ ձեռքներին մոմեր պահած: Դանիելի մարգարեությունից ընթերցվող հատվածը գալարաձև թղթի վրա է գրված լինում: Կենտրոնում կանգնելով՝ սարկավագներն ի լուր ամենքի բարձրաձայն հնչեցնում են այս ընթերցվածքը։ Գերության մեջ գտնվող երիտասարդներն իրենց անսասան հավատքի համար հալածվել են թագավորի կողմից: Նրանք գցվել են հրե հնոցի մեջ, Դանիելը նետվել է առյուծների գուբը, սակայն ամեն անգամ Աստված փրկել է նրանց: Երիտասարդների նետվելը հնոց և նրանց փրկվելը մի գեղեցիկ խորհրդանիշ ունի: Հուրը մեղքերն են, երիտասարդները՝ մարդիկ, որոնց Քրիստոս Աստված փրկեց մեղքերից և կործանումից: Սա շեշտվում է նաև ամեն օր առավոտյան ժամերգության ժամանակ սարկավագի քարոզի մեջ, որտեղ նշվում է, թե Քրիստոսը «էջ ի բոց հնոցին և փրկեաց զերիս մանկունսն ի քաղդեացւոց անտի», այսինքն՝ Քրիստոսն իջավ հնոցի բոցի մեջ և երեք մանուկներին փրկեց քաղդեացիներից:

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Առավոտյան ընթերցում

Ավետարան ըստ Մատթեոսի, 27. 62-66

Եւ հետեւեալ օրը, որ ուրբաթի յաջորդ օրն է, քահանայապետներն ու փարիսեցիները հաւաքուեցին Պիղատոսի մօտ ու ասացին. «Տէ՛ր, յիշեցինք, թէ այն մոլորեցնողը, քանի կենդանի էր, ասում էր, թէ՝ երեք օրից յարութիւն պիտի առնեմ: Արդ, հրամայի՛ր, որ մինչեւ երեք օր գերեզմանի ապահովութեանը հոգ տարուի. գուցէ աշակերտները գիշերով գան եւ գողանան նրան ու ժողովրդին ասեն, թէ՝ մեռելներից յարութիւն առաւ. եւ վերջին մոլորութիւնը աւելի վատ լինի, քան առաջինը»: Պիղատոսը նրանց ասաց. «Զինուորներ ունէք. գնացէ՛ք ապահովութեանը հոգ տարէք, ինչպէս որ գիտէք»: Եւ նրանք գնացին գերեզմանի ապահովութեանը հոգ տանելու եւ վէմը կնքեցին՝ զինուորներ նշանակելով:

Ճրագալույցի ընթերցումներ

Ծնունդների գիրք, 1. 1 – 3. 24

Ի սկզբանէ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը: Երկիրն անձեւ ու անկազմ էր, խաւար էր տիրում անհունի վրայ, եւ Աստծու հոգին շրջում էր ջրերի վրայ: Եւ Աստուած ասաց. «Թող լոյս լինի»: Եւ լոյս եղաւ: Աստուած տեսաւ, որ լոյսը լաւ է, եւ Աստուած լոյսը բաժանեց խաւարից: Աստուած լոյսը կոչեց ցերեկ, իսկ խաւարը կոչեց գիշեր: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր առաջին: Աստուած ասաց. «Թող տարածութիւն առաջանայ ջրերի միջեւ, եւ ջրերը թող բաժանուեն ջրերից»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց տարա ծութիւնը, որով Աստուած տարածութեան ներքեւում եղած ջրերը անջրպե տեց տարածութեան վրայ եղած ջրերից: Աստուած տարածութիւնը կոչեց երկինք: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երկրորդ: Աստուած ասաց. «Թող երկնքի տակ գտնուող ջրերը հաւաքուեն մի տեղ, եւ երեւայ ցամաքը»: Եւ եղաւ այդպէս. երկնքի տակի ջրերը հաւաքուեցին մի տեղ, ու երեւաց ցամաքը: Աստուած ցամաքը կոչեց երկիր, իսկ հաւաքուած ջրերը կոչեց ծով: Աստուած տեսաւ, որ լաւ է: Աստուած ասաց. «Թող երկիրը իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող դալար բոյս եւ իր տեսակի ու իր նմանութեան սերմը պարունակող, իր տեսակի միրգ տուող պտղաբեր ծառ աճեցնի երկրի վրայ»: Եւ եղաւ այդպէս. հողը ամբողջ երկրի վրայ ցանելու սերմը իր մէջ պարունակող դալար բոյս եւ իր տեսակի սերմը իր մէջ պարունակող, միրգ տուող ծառ աճեցրեց: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր երրորդ: Աստուած ասաց. «Թող լուսատուներ լինեն երկնքի տարածութեան մէջ, որպէսզի լուսաւորեն երկիրը եւ իրարից բաժանեն ցերեկն ու գիշերը: Դրանք թող լինեն, որպէսզի ցոյց տան տարուայ եղանակները, տօնական օրերն ու տարիները, թող լինեն, ծագեն երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց երկու մեծ լուսատուներ. մեծ լուսատուն՝ ցերեկն իշխելու, իսկ փոքր լուսատուն՝ գիշերն իշխելու համար, ինչպէս նաեւ աստղեր: Աստուած դրանք դրեց երկնքի տարածութեան մէջ՝ երկիրը լուսաւորելու համար, ինչպէս նաեւ ցերեկուայ ու գիշերուայ վրայ իշխելու եւ լոյսն ու խաւարը իրարից բաժանելու համար: Աստուած տեսաւ, որ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր չորրորդ: Աստուած ասաց. «Թող ջրերն արտադրեն կենդանութեան շունչ ունեցող զեռուններ, եւ երկրի վրայ ու երկնքի տարածութեան մէջ թող թեւաւոր թռչուններ լինեն»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց խոշոր կէտեր, կենդանութեան շունչ ունեցող ամէն տեսակ զեռուններ, որ արտադրեցին ջրերն ըստ տեսակների, եւ ամէն տեսակ թեւաւոր թռչուններ՝ ըստ տեսակների: Աստուած տեսաւ, որ լաւ է: Աստուած օրհնեց դրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք եւ լցրէ՛ք ծովերի ջրերը, իսկ թռչունները թող բազմանան երկրի վրայ»: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր հինգերորդ: Աստուած ասաց. «Թող երկիրն արտադրի չորքոտանի կենդանիներ իրենց տեսակներով, սողուններ եւ գազաններ իրենց տեսակներով»: Եւ եղաւ այդպէս: Աստուած ստեղծեց երկրի գազաններն իրենց տեսակներով, անասուններն իրենց տեսակներով եւ երկրի բոլոր սողուններն իրենց տեսակներով: Աստուած տեսաւ, որ դրանք լաւ են: Աստուած ասաց. «Մարդ ստեղծենք մեր կերպարանքով ու նմանութեամբ, նա թող իշխի ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի անասունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Եւ Աստուած մարդուն ստեղծեց իր պատկերով, Աստծու պատկերով ստեղծեց նրան, արու եւ էգ ստեղծեց նրանց: Աստուած օրհնեց նրանց ու ասաց. «Աճեցէ՛ք, բազմացէ՛ք, լցրէ՛ք երկիրը, տիրեցէ՛ք դրան, իշխեցէ՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի բոլոր անասունների ու երկրի վրայ սողացող բոլոր սողունների վրայ»: Աստուած ասաց. «Ահա ձեզ տուեցի ողջ երկրի վրայ տարածուած սերմանելի բոլոր բոյսերի սերմերը եւ իրենց մէջ պտուղ սերմանելու սերմ պարունակող բոլոր ծառերը: Դրանք թող ձեզ համար սնունդ լինեն, իսկ բոլոր կանաչ խոտերը երկրի բոլոր գազանների, երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վրայ սողացող բոլոր սողունների՝ բոլոր կենդանիների համար թող լինեն կեր»: Եւ եղաւ այդպէս: Աստուած տեսաւ, որ այն ամէնը, ինչ ստեղծել էր, շատ լաւ է: Եւ եղաւ երեկոյ, եւ եղաւ առաւօտ՝ օր վեցերորդ:

Այսպիսով Աստուած ստեղծեց եր կինքն ու երկիրը եւ կարգաւորեց դրանք: Աստուած վեցերորդ օրն աւարտեց արարչագործութիւնը եւ իր կատարած բոլոր գործերից յետոյ՝ եօթներորդ օրը, հանգստացաւ: Աստուած օրհնեց եօթներորդ օրը եւ սրբագործեց այն, որովհետեւ այդ օրը Աստուած հանգստացաւ իր այն բոլոր գործերից, որ սկսել էր անել: Այս է երկնքի ու երկրի արարչութեան պատմութիւնը: Այն օրը, երբ Աստուած ստեղծեց երկինքն ու երկիրը, երկրի վրայ դեռ ոչ մի տունկ չէր բուսել, դեռ ոչ մի դաշտային բոյս չէր աճել, որովհետեւ Տէր Աստուած անձրեւ չէր տեղացրել երկրի վրայ, եւ մարդ չկար, որ մշակէր հողը, բայց աղբիւր էր բխում երկրից եւ ոռոգում ողջ երկիրը: Տէր Աստուած մարդուն ստեղծեց երկրի հողից, նրա դէմքին կենդանութեան շունչ փչեց, եւ մարդն եղաւ կենդանի էակ: Աստուած դրախտ տնկեց Եդեմում՝ արեւելեան կողմը, եւ այնտեղ դրեց իր ստեղծած մարդուն: Տէր Աստուած երկրից բուսցրեց նաեւ ամէն տեսակի գեղեցկատեսիլ ու համեղ մրգեր տուող ծառեր, իսկ կենաց ծառը՝ բարու եւ չարի գիտութեան ծառը, տնկեց դրախտի մէջտեղում: Գետ էր բխում Եդե մից, որպէսզի ոռոգէր դրախտը, եւ այնտեղից բաժանւում էր չորս ճիւղերի: Մէկի անունը Փիսոն էր: Նա է, որ պատում է ամբողջ Եւիլատ երկիրը, այնտեղ, ուր ոսկի կայ: Այդ երկրի ոսկին ազնիւ է: Այնտեղ կայ նաեւ սուտակ եւ դահանակ ակնաքարը: Երկրորդ գետի անունը Գեհոն է: Նա պատում է Եթովպացւոց երկիրը: Երրորդ գետը Տիգրիսն է: Սա հոսում է դէպի Ասորեստան: Չորրորդ գետը Եփրատն է: Տէր Աստուած իր ստեղծած մարդուն տեղաւորեց բերկրութեան դրախտում, որպէսզի սա մշակի ու պահպանի այն: Տէր Աստուած պատուիրեց Ադամին ու ասաց. «Դրախ տում ամէն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու եւ չարի գիտութեան ծառից մի՛ կերէք, որովհետեւ այն օրը, երբ ուտէք դրանից, մահկանացու կը դառնաք»: Տէր Աստուած ասաց. «Լաւ չէ, որ մարդը միայնակ լինի: Նրա նմանութեամբ մի օգնական ստեղծենք նրա համար»: Տէր Աստուած ստեղծեց նաեւ դաշտային բոլոր գազաններին, երկնքի բոլոր թռչուններին եւ բերեց Ադամի մօտ, որ տեսնի, թէ Ադամը ինչ անուն կը տայ դրանց: Եւ Ադամն ինչ անուն որ տար ամէն մի կենդանուն, այն էլ կը լինէր դրա անունը: Ադամը բոլոր անասուններին, երկնքի բոլոր թռչուններին եւ դաշտային բոլոր գազաններին տուեց անուններ, բայց Ադամը չգտաւ իր նմանութիւնն ունեցող մի օգնական: Տէր Աստուած թմրութիւն բերեց Ադամի վրայ, եւ սա քնեց: Աստուած հանեց նրա կողոսկրերից մէկը եւ այդ տեղը մաշկով ծածկեց: Տէր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց եւ նրան բերեց Ադամի մօտ: Ադամն ասաց. «Այժմ սա ոսկոր է իմ ոսկորներից եւ մարմին՝ իմ մարմնից: Թող սա կոչուի կին, որովհետեւ իր ամուսնուց ստեղծուեց»: Այդ իսկ պատճառով տղամարդը թողնելով իր հօրն ու մօրը՝ պէտք է միանայ իր կնոջը, եւ երկուսը պէտք է լինեն մի մարմին: Եւ երկուսն էլ՝ Ադամն ու իր կինը, մերկ էին ու չէին ամաչում:

Օձը երկրի վրայ Աստծու ստեղ ծած բոլոր գազաններից աւելի խորամանկ էր: Օձն ասաց կնոջը. «Ինչո՞ւ Աստուած ասաց, թէ դրախտում գտնուող բոլոր ծառերի պտուղներից չէք կարող ուտել»: Կինն ասաց օձին. «Դրախտի ծառերի պտուղներից կարող ենք ուտել: Սակայն դրախտի մէջտեղի ծառի պտղի համար Աստուած ասաց. «Դրանից չուտէք եւ չմօտենաք, որպէսզի չմեռնէք»»: Օձն ասաց կնոջը. «Չէք մահանայ, որովհետեւ Աստուած գիտէր, որ այն օրը, երբ դրանից ուտէք, կը բացուեն ձեր աչքերը, եւ դուք կը լինէք աստուածների նման՝ կ՚իմանաք բարին ու չարը»: Կինը տեսաւ, որ ծառի պտուղը լաւ է ուտելու համար, ակնահաճոյ է եւ գրաւիչ՝ ըմբռնելու համար: Նա առաւ նրա պտղից, կերաւ եւ տուեց իր մօտ կանգնած ամուսնուն, եւ նրանք կերան: Երկուսի աչքերն էլ բացուեցին, եւ նրանք հասկացան, որ մերկ են: Նրանք թզենու տերեւներն իրար կարեցին եւ իրենց համար գոգնոց շինեցին: Երեկոյեան նրանք լսեցին Տէր Աստծու՝ դրախտում շրջագայելու ոտնաձայնը, եւ Ադամն ու իր կինը Տէր Աստծուց թաքնուեցին դրախտի ծառերի մէջ: Տէր Աստուած կանչեց Ադամին ու ասաց նրան. «Ո՞ւր ես»: Ադամը պատասխանեց. «Լսեցի քո ձայնն այստեղ՝ դրախտում, ամաչեցի, որովհետեւ մերկ էի, եւ թաքնուեցի»: Աստուած ասաց նրան. «Ո՞վ յայտնեց քեզ, թէ մերկ ես: Արդեօք կերա՞ր այն ծառի պտղից, որից պատուիրել էի, որ չուտես»: Ադամն ասաց. «Այս կինը, որ տուեցիր ինձ, նա՛ տուեց ինձ ծառի պտղից, եւ ես կերայ»: Տէր Աստուած ասաց կնոջը. «Այդ ի՞նչ ես արել»: Կինն ասաց. «Օձը խաբեց ինձ, եւ ես կերայ»: Տէր Աստուած ասաց օձին. «Քանի որ այդ բանն արեցիր, անիծեալ լինես երկրի բոլոր անասունների ու գազանների մէջ: Քո լանջի ու որովայնի վրայ սողաս, ողջ կեանքումդ հող ուտես: Թշնամութիւն պիտի դնեմ քո եւ այդ կնոջ միջեւ, քո սերնդի ու նրա սերնդի միջեւ: Նա պիտի ջախջախի քո գլուխը, իսկ դու պիտի խայթես նրա գարշապարը»: Իսկ կնոջն ասաց. «Պիտի անչափ բազմացնեմ քո ցաւերն ու քո հառաչանքները: Ցաւերով երեխաներ պիտի ծնես, քո ամուսնուն պիտի ենթարկուես, եւ նա պիտի իշխի քեզ վրայ»: Աստուած Ադամին ասաց. «Քանի որ անսացիր քո կնոջ ձայնին եւ կերար այն ծառի պտղից, որի՛ց միայն քեզ պատուիրեցի չուտել, բայց կերար դրանից, թող անիծեալ լինի երկիրը քո արածի պատճառով: Տանջանքով հայթայթես քո սնունդը քո կեանքի բոլոր օրերին: Փուշ ու տատասկ թող աճեցնի քեզ համար երկիրը, եւ դու դաշտային բոյսերով սնուես: Քո երեսի քրտինքով ուտես հացդ մինչեւ հող դառնալդ, որից ստեղծուեցիր, որովհետեւ հող էիր եւ հող էլ կը դառնաս»: Եւ Ադամն իր կնոջ անունը դրեց Կեանք, որովհետեւ նա է բոլոր մարդկանց նախամայրը: Տէր Աստուած Ադամի ու նրա կնոջ համար կաշուից զգեստներ պատրաստեց եւ հագցրեց նրանց: Տէր Աստուած ասաց. «Ահա Ադամը դարձաւ մեզ նման մէկը, նա գիտի բարին եւ չարը: Արդ, գուցէ նա ձեռքը մեկնի, քաղի կենաց ծառից, ուտի եւ անմահ դառնայ»: Եւ Տէր Աստուած արտաքսեց նրան բերկրութեան դրախտից, որպէսզի նա մշակի այն հողը, որից ստեղծուել էր: Աստուած դուրս հանեց Ադամին, բնակեցրեց բերկրութեան դրախտի դիմաց եւ հրամայեց քերովբէներին ու բոցեղէն սրին շուրջանակի հսկել դէպի կենաց ծառը տանող ճանապարհները:

Ծնունդների գիրք, 22. 1-18

Այս դէպքերից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին: Նա ձայն տուեց նրան. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատասխանեց. «Այստեղ եմ»: Աս տուած ասաց նրան. «Ա՛ռ քո միակ որդուն՝ քո սիրելի Իսահակին, գնա՛ մի բարձրադիր տեղ եւ այնտեղ՝ լերան վրայ, որ ցոյց կը տամ քեզ, ողջակիզի՛ր նրան»: Աբրահամն առաւօտեան վեր կացաւ, համետը դրեց իր էշի վրայ, հետը վերցրեց երկու ստրուկ ծառաներ, իր որդի Իսահակին, ողջակիզութեան համար փայտ կոտրեց եւ ճանապարհ ընկաւ, եկաւ այն տեղը, որ Աստուած ասել էր նրան: Երրորդ օրը Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ հեռուից տեսաւ այդ տեղը: Աբրահամն ասաց իր ծառաներին. «Նստեցէ՛ք այստեղ՝ էշի մօտ, իսկ ես ու այս պատանին գնանք այնտեղ, երկրպագութիւն անենք ու վերադառնանք ձեզ մօտ»: Աբրահամը վերցրեց ողջակիզութեան փայտը, դրեց այն իր որդի Իսահակի մէջքին, իր ձեռքն առաւ կրակն ու դանակը, եւ երկուսով գնացին: Իսահակը դիմեց իր հօրը՝ Աբրահամին. «Հա՛յր»: Սա ասաց. «Ի՞նչ է, որդի՛ս»: Նա հարցրեց. «Ահա կրակը, եւ ահա փայտը, հապա ո՞ւր է ողջակիզելու ոչխարը»: Սա պատասխանեց. «Աստուած կը հոգայ իր ողջա կիզելու ոչխարի մասին, որդեա՛կ»: Նրանք երկուսով գնացին եւ հասան այն տեղը, որ նրան ցոյց էր տուել Աստուած: Աբրահամն այնտեղ զոհասեղան շինեց, վրան դրեց փայտը, իր որդի Իսահակին կապեց եւ դրեց զոհասեղանի փայտի վրայ: Աբրահամը երկարեց ձեռքը, որ վերցնի դանակն ու մորթի իր որդուն: Տիրոջ հրեշտակը երկնքից ձայն տուեց նրան ու ասաց. «Աբրահա՛մ, Աբրահա՛մ»: Սա պատախանեց նրան. «Այստեղ եմ»: Նա ասաց. «Ձեռք մի՛ տուր պատանուն, նրան որեւէ վնաս մի՛ պատճառիր, որովհետեւ այժմ համոզուեցի, որ դու երկիւղ ունես Աստծու նկատմամբ եւ ինձ համար չես խնայի քո որդուն»: Աբրահամը բարձրացրեց իր աչքերը եւ տեսաւ, որ մացառուտ թփի մէջ եղջիւրներից մի խոյ է կախուած: Աբրահամը գնաց, առաւ խոյն ու այն ողջակիզեց իր որդի Իսահակի փոխարէն: Աբրահամն այդ վայրի անունը դրեց «Տէրը տեսաւ», եւ մինչեւ այսօր էլ ասում են՝ «Այդ լերան վրայ երեւաց Տէրը»: Տիրոջ հրեշտակը երկնքից երկրորդ անգամ ձայն տալով՝ ասաց Աբրահամին. «Անձովս եմ երդւում, եւ ասում է Տէրը, եւ քանի որ դու արեցիր այդ բանը՝ ինձ համար չխնայեցիր քո սիրելի որդուն, անչափ պիտի օրհնեմ քեզ եւ երկնքի աստղերի, ծովեզերքի աւազի չափ պիտի բազմացնեմ քո սերունդը: Քո սերունդը պիտի տիրանայ իր թշնամիների քաղաքներին, քո սերնդի շնորհիւ պիտի օրհնուեն աշխարհի բոլոր ազգերը այն բանի համար, որ անսացիր իմ ձայնին»:

Ելքի գիրք, 12. 1-24

Տէրը Եգիպտացիների երկրում խօսեց Մովսէսի ու Ահարոնի հետ եւ ասաց. «Այս ամիսը թող ձեզ համար ամիսների սկիզբը լինի. այն թող տարուայ առաջին ամիսը լինի: Դու խօսի՛ր իսրայէլացի ողջ ժողովրդի հետ ու ասա. «Այս ամսի տասներորդ օրը ամէն մարդ թող մի ոչխար առնի ըստ իր ընտանիքի՝ ամէն մի տան համար մէկ ոչխար: Եթէ մի ընտանիքի անդամները այնքան քիչ են, որ չեն կարող մէկ ոչխար ուտել, ապա ընտանիքի մեծը, ըստ ընտանիքի թուի թող միանայ իր հարեւանի կամ ընկերոջ հետ, եւ իւրաքանչիւրը թող ստանայ ոչխարի համապատասխան բաժինը: Ձեր այդ ոչխարը որեւէ պակասութիւն թող չունենայ, լինի արու, մէկ տարեկան ու անարատ: Այն կարող է գառ կամ ուլ լինել: Այն կը պահէք մինչեւ այս ամսի տասնչորսերորդ օրը, եւ իսրայէլացիները այն թող մորթեն երեկոյեան: Թող վերցնեն նրա արիւնից ու քսեն այն տան դռան սեմին երկու տեղ ու դռան շրջանակի վերեւը այն տան, ուր այն ուտելու են: Այդ գիշեր թող ուտեն կրակի վրայ խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով: Դրանք հում կամ խաշած չուտէք, այլ՝ կրակի վրայ խորովելով: Կ՚ուտէք նաեւ ոչխարի գլուխը, ոտքերն ու փորոտիքը: Առաւօտեան դրանից ոչինչ թող չմնայ: Ոչխարի ոսկորները մի՛ ջարդէք, այլ, ինչ որ աւելանայ դրանից, կրակով կայրէք: Եւ կուտէք այսպէս. ձեր գօտիները թող ձեր մէջքին լինեն, ձեր կօշիկները՝ ձեր ոտքերին, ձեր ցուպերը՝ ձեր ձեռքին: Արագ կ՚ուտէք, որովհետեւ Տիրոջ զատիկն է: Այդ գիշեր ես պիտի անցնեմ Եգիպտացիների ամբողջ երկրով եւ պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկրի բոլոր արու առաջնածիններին՝ թէ՛ մարդկանց, թէ՛ անասունների: Եգիպտացիների բոլոր աստուածներից վրէժ պիտի լուծեմ, որովհետեւ ե՛ս եմ Տէրը: Եւ նշուած արիւնը այն տների վրայ, ուր ուտելու էք, թող ձեզ նշան լինի: Ես, տեսնելով այդ արիւնը, պիտի խնայեմ ձեզ, եւ ձեր գլխին չեն իջնի մահաբեր այն հարուածները, որոնցով պիտի պատուհասեմ Եգիպտացիների երկիրը: Այդ օրը ձեզ համար յիշարժան թող լինի, եւ դուք, իբրեւ Տիրոջ տօն, այդ օրը տօնեցէ՛ք սերնդէսերունդ: Դա, իբրեւ կարգ, յաւիտեան կը տօնէք: Եօթը օր բաղարջ հաց կուտէք, առաջին իսկ օրից սկսած ձեր տնից կը վերացնէք թթխմորը: Բոլոր նրանք, ովքեր առաջին օրից մինչեւ եօթներորդ օրը թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն իսրայէլացիների միջից: Առա ջին օրը թող սուրբ հռչակուի: Ձեզ համար թող սուրբ լինի նաեւ նուիրա կան եօթներորդ օրը: Այդ օրերին ոչ մի աշխատանք չկատարէք, այլ կատարե ցէք միայն այն, ինչ կապուած է իւրաքանչիւր մարդու անձնական կարիքների հետ: Իմ այս պատուիրանները կը պահէք, որպէսզի այդ օրը ես ձեր ժողովրդին հանեմ Եգիպտացիների երկրից: Այդ օրը, իբրեւ կարգ, ձեր ժողովրդի մէջ կը նշէք յաւիտենապէս: Առաջին ամսուայ տասնչորսերորդ օրուայ երեկոյից սկսած բաղարջ հաց կ՚ուտէք մինչեւ ամսի քսանմէկերորդ օրուայ երեկոն: Եօթը օր ձեր տներում թթխմոր չպիտի լինի: Բոլոր նրանք, ովքեր թթխմորով հաց կ՚ուտեն, կը վերացուեն Իսրայէլի ժողովրդի միջից: Ձեր երկիրն եկած եկուորներ լինեն թէ տեղաբնակներ, ոչ ոք թթխմորով հաց թող չուտի: Ձեր բոլոր բնակավայրերում բաղարջ հաց պիտի ուտէք»: Մովսէսը կանչեց բոլոր իսրայէլացի ծերերին ու նրանց ասաց. «Գնացէ՛ք, ձեր իւրաքանչիւր ընտանիքի համար մի ոչխար առէ՛ք եւ մորթեցէ՛ք զատկի համար: Վերցրէ՛ք մի խուրձ ծոթրին, այն թաթախեցէ՛ք դռան մօտ եղած արեան մէջ եւ դրանով նշան արէ՛ք դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւը: Բայց ձեզնից ոչ ոք մինչեւ առաւօտ իր տան դռնից դուրս չգայ: Տէրն անցնելու է եգիպտացիներին կոտորելու համար: Նա, տեսնելով դռան սեմին երկու տեղ եւ դռան շրջանակի վերեւում եղած արիւնը, կ՚անցնի կը գնայ այդ դռնով եւ Ոչնչացնողին թոյլ չի տայ մտնել ձեր տներն ու կոտորել ձեզ: Այս խօսքերը մինչեւ յաւիտեան օրէնք թող լինեն քեզ եւ քո որդիների համար:

Հովնան մարգարե, 1. 1 – 4. 11

Տէրը խօսեց Ամաթի որդի Յովնանի հետ եւ ասաց. «Ելի՛ր եւ գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարութեան համբաւը հասաւ ինձ»։ Սակայն Յովնանը ելաւ Տիրոջ ներկայութիւնից փախչելու Թարսիս։ Իջաւ Յոպպէ, գտաւ մի նաւ, որը Թարսիս էր գնում, վճարեց գինը եւ մտաւ նաւ՝ նրանց հետ նաւարկելու դէպի Թարսիս՝ Տիրոջ ներկայութիւնից հեռու։ Տէրը հողմ բարձրացրեց ծովում։ Մեծ փոթորիկ եղաւ ծովում, եւ նաւը խորտակուելու վտանգի մէջ էր։ Նաւավարները խիստ վախեցան, եւ իւրաքանչիւրը օգնութեան էր կանչում իր աստծուն։ Նաւի վրայ եղած կարասին գցեցին ծովը, որպէսզի նուազեցնեն վտանգն իրենցից։ Իսկ Յովնանը իջել էր նաւի մի խորշը, ննջում էր եւ խռմփացնում։ Նաւապետը մօտեցաւ նրան եւ ասաց. «Ի՞նչ ես խռմփացնում, վե՛ր կաց, աղաչի՛ր քո Տէր Աստծուն, թերեւս մեզ փրկի, եւ մենք կորստի չմատնուենք»։ Եւ իւրաքանչիւրն ասաց իր ընկերոջը. «Եկէ՛ք վիճակ գցենք եւ իմանանք, թէ ում պատճառով են այս չարիքները պատահում մեզ»։ Վիճակ գցեցին, եւ վիճակն ընկաւ Յովնանին։ Ասացին նրան. «Պատմի՛ր մեզ, թէ ի՞նչն է այս չարիքների պատճառը. ի՞նչ գործ ես անում, որտեղի՞ց ես գալիս եւ ո՞ւր ես գնում, ո՞ր երկրից ես կամ ո՞ր ժողովրդից»։ Ասաց նրանց. «Ես Տիրոջ ծառան եմ, պաշտում եմ երկնքի Տէր Աստծուն, որն ստեղծեց ծովն ու ցամաքը»։ Մարդիկ շատ վախեցան եւ ասացին նրան. «Այդ ի՞նչ ես արել» (որովհետեւ իմացան, թէ փախել է Տիրոջից, քանի որ պատմեց նրանց)։ Ասացին նրան. «Ի՞նչ անենք քեզ, որ ծովը մեզ հանգիստ թողնի» (քանի որ ծովն աւելի էր ալեկոծուել եւ փոթորիկ էր բարձրացնում նրանց վրայ)։ Յովնանն ասաց նրանց. «Ինձ ծովը գցեցէ՛ք, եւ ծովը կը խաղաղուի, որովհետեւ ես գիտեմ, որ ի՛մ պատճառով է այս փոթորիկը ձեզ վրայ հասել»։ Մարդիկ ջանում էին նաւը ցամաք վերադարձնել եւ չէին կարողանում, քանի որ ծովն աւելի ու աւելի էր ալեկոծւում ու սաստկանում նրանց դէմ։ Աղաղակեցին Տիրոջը եւ ասացին. «Ների՛ր, Տէ՛ր, մեզ կորստի մի՛ մատնիր այս մարդու պատճառով եւ անմեղ արիւն մի՛ բեր մեզ վրայ, քանի որ դո՛ւ, Տէ՛ր, արեցիր, ինչպէս որ կամեցար»։ Եւ Յովնանին առան ու ծովը գցեցին։ Ծովը դադարեց իր ալեկոծութիւնից։ Եւ մարդիկ շատ վախեցան Տիրոջից, զոհ մատուցեցին Տիրոջը եւ ուխտեցին ծառայել նրան։

Տէրը խոշոր կէտ ձկանը հրամայեց կուլ տալ Յովնանին։ Երեք ցերեկ եւ երեք գիշեր Յովնանը կէտի փորում էր։ Յովնանը կէտի փորի միջից աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Իմ նեղութեան մէջ ես աղօթեցի իմ Տէր Աստծուն, եւ նա լսեց իմ աղաչանքը դժոխքի խորքից։ Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը։ Ինձ գցեցիր ծովի խորքերը, եւ ջրի հոսանքները պաշարեցին ինձ։ Քո կոհակներն ու ալիքները թափուեցին ինձ վրայ, եւ ես մտածեցի, թէ մերժուել եմ քո ներկայութիւնից. արդեօք նորից պիտի տեսնե՞մ քո սուրբ տաճարը։ Ջրերը թափուեցին ինձ վրայ շունչս կտրելու աստիճան։ Խորունկ անդունդներ պաշարեցին ինձ։ Գլուխս մտաւ լեռների փապարների մէջ, իջայ մի երկիր, որի նիգերը փակ են յաւիտեան։ Ես կը փրկուեմ ապականութիւնից։ Երբ հոգիս տկարացաւ, քե՛զ դիմեցի, Տէ՛ր իմ Աստուած. մտաբերեցի Տիրոջը, եւ թող իմ աղօթքները հասնեն քո սուրբ տաճարը։ Նրանք, որ ունայն ու սուտ աստուածներ էին պաշտում, թողեցին իրենց երկիւղածութիւնը։ Իսկ ես օրհնության եւ խոստովանանքի ձայնով քեզ պիտի մատուցեմ այն զոհը, որ ուխտեցի, եւ կարժանանամ Տիրոջ փրկութեան»։ Եւ Տէրը հրամայեց վիշապ ձկանը, եւ ձուկը նրան ցամաք նետեց։

Եւ Տէրը երկրորդ անգամ խօսեց Յովնանի հետ եւ ասաց. «Ելի՛ր, գնա՛ Նինուէ մեծ քաղաքը եւ այնտեղ քարոզի՛ր ըստ նախկին պատգամի, որ տուեցի քեզ»։ Յովնանը ելաւ ու գնաց Նինուէ, ինչպէս Տէրն ասել էր նրան։ Նինուէն շատ մեծ քաղաք էր՝ երեքօրեայ ճանապարհի չափ։ Յովնանն սկսեց մուտք գործել քաղաք։ Երբ մի օրուայ ճանապարհ անցաւ, քարոզեց եւ ասաց. «Եւս երեք օր, եւ Նինուէն պիտի կործանուի»։ Նինուէացի մարդիկ հաւատացին Աստծու պատգամին, պահեցողութիւն յայտարարեցին եւ մեծից մինչեւ փոքրը քուրձ հագան։ Լուրը հասաւ նինուէացիների թագաւորին։ Սա ելաւ իր գահից, հանեց իր պատմուճանը, քուրձ հագաւ եւ նստեց մոխրի վրայ։ Թագաւորի ու նրա մեծամեծների կողմից Նինուէում յայտարարուեց ու ազդարարուեց, թէ մարդ եւ անասուն, հօտ եւ արջառ թող ոչինչ չուտեն, չճարակեն եւ ջուր չխմեն։ Եւ մարդ ու անասուն քուրձ հագան, ի սրտէ աղօթեցին Աստծուն, բոլորը յետ կանգնեցին իրենց չար ճանապարհներից եւ անօրէնութիւններից, որ իրենց ձեռքով էր կատարւում, եւ ասացին. «Ով գիտէ, թերեւս Աստուած միտքը փոխի եւ յետ կանգնի իր խիստ բարկութիւնից, եւ կորստի չմատնուենք»։ Եւ Աստուած տեսաւ նրանց գործերը, քանի որ բոլորը յետ էին կանգնել իրենց չար ճանապարհներից. Աստուած զղջաց այն չարիքների համար, որ ասել էր, թէ կանի նրանց. եւ չարեց։

Յովնանը մեծապէս տխրեց եւ ջղայնացաւ։ Աղօթեց Տէր Աստծուն եւ ասաց. «Ո՛վ Տէր, ես այդ նոյն բանը չասացի՞, երբ տակաւին իմ երկրում էի։ Այդ պատճառով էլ շտապեցի փախչել Թարսիս, քանի որ գիտէի, որ դու գթասիրտ ես ու ողորմած, համբերող ես ու բազումողորմ եւ զղջում ես չարիքների համար։ Արդ, Տէ՛ր, Տէ՛ր, ա՛ռ իմ հոգին ինձնից, որովհետեւ ինձ համար աւելի լաւ է մեռնել, քան կենդանի լինել»։ Եւ Տէրն ասաց Յովնանին. «Իսկապէս շա՞տ ես տխրել»։ Յովնանը դուրս ելաւ այդ քաղաքից, նստեց քաղաքի դիմաց, իր համար ամպհովանի պատրաստեց եւ նստեց դրա տակ, մինչեւ որ տեսնի, թէ ինչ պիտի պատահի քաղաքին։ Եւ Աստուած հրամայեց դդմենուն, որը բարձրացաւ Յովնանի գլխի վրայ՝ նրան հովանի դառնալու, զովացնելու նրան եւ ազատելու իր տանջանքներից։ Յովնանը չափից շատ ուրախացաւ դդմենու համար։ Եւ յաջորդ օրը վաղ առաւօտեան Աստուած հրամայեց որդին, որը կերաւ դդմենին, եւ այն չորացաւ։ Իսկ երբ արեւը ծագեց, Աստուած հրամայեց տապախառն խորշակ քամուն, եւ արեւն ընկաւ Յովնանի գլխին։ Սա տանջւում, սրտնեղում էր եւ ասում. «Ինձ համար աւելի լաւ է մահը, քան իմ այս կեանքը»։ Եւ Աստուած ասաց Յովնանին. «Իսկապէ՞ս խիստ ես տխրել դդմենու համար»։ Յովնանն ասաց. «Մահու չափ տխրել եմ»։ Տէրն ասաց. «Դու ափսոսացիր դդմենուն, որի համար ոչ մի ջանք չթափեցիր, չսնեցիր այն. նա գիշերը բուսնեց եւ միւս գիշեր կորաւ։ Իսկ ես չխնայե՞մ Նինուէ մեծ քաղաքին, որտեղ ապրում են աւելի քան հարիւր քսան հազար մարդ, որոնք իրենց լաւն ու վատը չիմացան, ինչպէս նաեւ շատ կենդանիներ։

Ելքի գիրք, 14. 24 – 15. 21

Առաւօտեան Տէրը հրի ու ամպի սեան միջով նայեց եգիպտացիների բանակին եւ խուճապի մատնեց եգիպտացիների բանակը. նա կաշկանդեց նրանց կառքերի անիւները, եւ նրանք դժուարութեամբ էին առաջ շարժւում: Եգիպտացիներն ասացին. «Հեռո՛ւ փախչենք իսրայէլացիներից, որովհետեւ Տէրը յօգուտ նրանց է պատերազմում եգիպտացիներիս դէմ»: Տէրն ասաց Մովսէսին. «Ձեռքդ մեկնի՛ր ծովի վրայ, եւ ջրերը թող միանան ու ծածկեն եգիպտացիներին, նրանց կառքերն ու հեծեալներին»: Մովսէսը ձեռքը մեկնեց ծովի վրայ, եւ ջրերն առաւօտեան վերադարձան իրենց տեղը: Եգիպտացիները փորձեցին փախչել ջրից, բայց Տէրը եգիպտացիներին թափեց ծովը եւ, նորից իրար միացնելով ծովի ջրերը, ծածկեց կառքերը, հեծեալներին եւ փարաւոնի բոլոր զօրքերին, որոնք ծով էին մտել նրանց հետ: Նրանցից ոչ ոք կենդանի չմնաց: Իսրայէլացիները ծովի միջով կարծես ցամաքի վրայով էին գնում, իսկ ջուրը նրանց աջ ու ձախ կողմերից պարիսպ էր դարձել: Տէրն այդ օրը իսրայէլացիներին փրկեց եգիպտացի ների ձեռքից: Իսրայէլացիները տեսան եգիպ տացիների դիակները, որոնք ծովի ափ էին նետուած: Իսրայէլացիները տեսնելով Տիրոջ հզօր ձեռքը, եգիպտացիների գլխին բերած փորձանքը՝ վախեցան Տիրոջից, հաւատացին Աստծուն ու նրա ծառայ Մովսէսին:

Այդ ժամանակ Մովսէսն ու իսրայէլացիները հետեւեալ օրհներգն ուղղեցին Աստծուն՝ ասելով. «Օրհնենք Տիրոջը, որ փառքով է փառաւորուած: Նրանց երիվարներն ու հեծեալներին թափեց ծովը: Տէրը ինձ համար ընդունելի օգնական եղաւ, նա ինձ համար փրկութիւն եղաւ: Նա՛ է իմ Աստուածը, եւ ես նրան եմ փառաւորելու: Նա իմ հօր Աստուածն է, եւ ես պիտի մեծարեմ նրան: Տէրը խորտակում է պատերազմները, նրա անունը Տէր է: Նա փարաւոնի կառքերն ու զօրքերը ծովը թափեց, նաեւ ընտիր հեծեալներին ու զօրավարներին: Նրանք ջրասոյզ եղան Կարմիր ծովում: Ծովը ծածկեց նրանց, նրանք քարի պէս ընկղմուեցին ծովի յատակը:Քո աջը, Տէ՛ր, զօրութեամբ փառաւորուեց, քո աջը, Տէ՛ր, խորտակեց թշնամուն: Դու փառքի հզօրութեամբ ջարդուփշուր արեցիր հակառակորդներին, առաքեցիր քո բարկութիւնը, եւ այն հրոյ ճարակ դարձրեց նրանց ինչպէս եղէգ: Քո զայրոյթի հողմից ճեղքուեցին ջրերը, պարիսպների նման դիզուեցին ջրերը, ծովի մէջ քարացան ալիքները: Թշնամին ասաց. «Հետապնդեմ ու հասնեմ նրանց, բաժանեմ աւարը եւ դրանցով յագուրդ տամ ինձ: Սրի քաշեմ նրանց, որ իմ ձեռքը տիրի նրանց»: Դու քո հողմն առաքեցիր, նրանց ծածկեց ծովը, եւ նրանք կապարի նման սուզուեցին ջրերի խորքը: Աստուածների մէջ, Տէ՛ր, ո՞վ կայ քեզ նման, եւ կամ ո՞վ կարող է նմանուել քեզ՝ փառաւորեալդ սրբերի մէջ, փառքով սքանչացեալդ, որ նշաններ ես գործում: Աջ ձեռքդ մեկնեցիր, եւ երկիրը կուլ տուեց նրանց: Արդարութեամբ առաջնորդեցիր քո այս ժողովուրդին, որին փրկեցիր, քո զօրութեամբ մխիթարեցիր նրան քո սուրբ բնակավայրում: Ժողովուրդները լսեցին լուրն այս ու բարկացան: Սարսափը պատեց Քանանացիների երկրի բնակիչներին: Խուճապահար եղան Եդոմի դատաւորներն ու մովաբացիների իշխանները: Դող բռնեց նրանց, հալումաշ եղան Քանանացիների երկրի բոլոր բնակիչ ները: Թող պատեն նրանց ահն ու սարսափը, քո բազկի հզօրութեամբ թող քարանան նրանք, մինչեւ որ անցնի քո ժողովուրդը, Տէ՛ր, մինչեւ որ անցնի քո այս ժողովուրդը, որին ստացար: Տա՛ր, բնակեցրո՛ւ նրանց այն լերան վրայ, որ ժառանգութիւնն է քո, քո պատրաստած բնակավայրում, որ սրբութիւն ես դարձրել, Տէ՛ր: Տէ՛ր, քո ձեռքե՛րը պատրաստեցին այդ: Տէրը յաւիտենական, առաւել քան յաւիտենական թագաւոր է»: Երբ փարաւոնի հեծելազօրն իր կառքերով ու հեծեալներով ծով մտաւ, Տէրը նրա վրայ թափեց ծովի ջրերը, իսկ իսրայէլացիները յատակը բացուած ծովի միջով անցան գնացին: Մարիամ մարգարէն՝ Ահարոնի քոյրը, իր ձեռքն առաւ թմբուկը, եւ բոլոր կանայք գնացին նրա յետեւից՝ թմբուկ խփելով ու պարելով: Առաջից գնում էր Մարիամն ու ասում. «Օրհնենք Տիրոջը, քանզի նա փառքով է փառաւորուած. նա երիվարներն ու հեծեալներին ծովը թափեց»:

Եսայի մարգարե, 60. 1-13

Լուսաւորուի՛ր, լուսաւորուի՛ր, Երուսաղէ՛մ, քանզի հասել է քո լոյսը, եւ Տիրոջ փառքը քեզ վրայ է ծագելու: Ահա խաւարը ծածկեց երկիրը, մառախուղը՝ հեթանոսներին, բայց քո մէջ է յայտնուելու Տէրը, եւ նրա փառքը քո մէջ է երեւալու: Թագաւորները գալու են դէպի քո լոյսը, հեթանոսները՝ դէպի քո լոյսի փայլը: Աչքերդ բարձրացրո՛ւ եւ շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մօտդ հաւաքուած քո բոլոր մանուկներին. քանզի որդիներդ եկան հասան հեռուներից եւ, իրենց ուսերին առած, բերում են քո դուստրերին: Ահա դու պիտի տեսնես ու խնդաս, զարմանաս ու ապշես քո մտքում, որովհետեւ ծովերի, ազգերի ու ժողովուրդների հարստութիւնը քո կողմը պիտի դառնայ: Դէպի քեզ են գալու ուղտերի երամակները, քեզ ծածկելու են Մադիամի եւ Գեփայի ուղտերի երամակները. բոլորը Սաբայից պիտի գան՝ բերելով ոսկի, կնդրուկ ու թանկագին քարեր եւ տալու են Տիրոջ փրկութեան աւետիսը: Կեդարի ոչխարների բոլոր հօտերը քեզ մօտ պիտի հաւաքուեն, Նաբէօթի խոյերը պիտի բերուեն ու իմ սեղանի վրայ պիտի մատուցուեն իբրեւ ընդունելի զոհ, եւ իմ աղօթքի Տունը պիտի փառաւորուի: Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպէս ամպ եւ ինչպէս ձագերի հետ խառնուած աղաւնիներ՝ երամով գալիս են ինձ մօտ: Ինձ են սպասում կղզիները եւ Թարսիսի նաւերը, որպէսզի նախօրօք հեռուներից բերեն քո որդիներին եւ նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անուան համար, Իսրայէլի փառաւորեալ սրբի համար: Օտարազգիների որդիները պիտի շինեն քո պարիսպները, ու նրանց թագաւորները պիտի ծառայեն քեզ, որովհետեւ իմ բարկութեան պատճառով հարուածեցի քեզ եւ իմ գթասրտութեան համար սիրեցի քեզ: Քո դռները զօր ու գիշեր միշտ բաց պիտի լինեն եւ չպիտի փակուեն, որպէսզի քո մէջ տեղափոխեն ազգերի հարստութիւնը եւ նրանց թագաւորներին բերեն քեզ մօտ: Իսկ այն ազգերն ու թագաւորները, որոնք քեզ չեն ծառայելու, կորչելու են. ազգերը բոլորովին պիտի կործանուեն: Լիբանանի փառքը դէպի քեզ է գալու՝ դափնիով, սօսիով, նոճիով ու մայրիով, որպէսզի լիապէս փառաւորեն իմ սրբարանի տեղը, եւ ես փառաւորեմ իմ ոտքերի տեղը:

Հոբ, 38. 2-30

«Այդ ո՞վ է, որ իր խորհուրդները թաքցնում է ինձնից, խօսքերը հաւաքելով իր սրտում՝ կարծում է, թէ ինձնից պահում է դրանք: Տղամարդու պէս պնդացրո՛ւ մէջքդ. հարցեր եմ տալու քեզ, ու պատասխա՛ն տուր ինձ: Որտե՞ղ էիր դու, երբ ես երկրի հիմքերն էի գցում: Ասա՛ ինձ, եթէ խելամիտ ես ու իմաստուն: Ո՞վ է սահմանել դրա չափը, եթէ գիտես, կամ ո՞վ է լար գցել դրա վրայ: Ինչի՞ վրայ է հաստատուել օղակը դրա, ո՞վ է դրել անկիւնաքարը դրա: Երբ աստղերը ցիրուցան եղան, աստղերի բոլոր հրեշտակները մեծաձայն օրհնեցին ինձ, իմ բոլոր հրեշտակներն էլ գովեցին: Ծովը փակեցի դարպասներով, երբ այն իր մօր որովայնից ծնուեց դուրս եկաւ: Մէգը նրան իբրեւ հանդերձ սահմանեցի, մառախուղը՝ իբրեւ խանձարուր: Սահմաններ դրեցի նրա համար՝ փականքներ ու դարպասներ, եւ ասացի. «Կգաս մինչեւ այդ վայրն ու այլեւս առաջ չես անցնի». այդտեղ, քո մէջ կը խորտակուեն ալիքները քո: Թէ քո՞ կողքին կարգեցի լոյսն առաւօտեան: Արուսեակը տեսաւ իր համար սահմանուածը՝ հասնել երկրի թեւերի վրայ, թափ տալ ամբարիշտներին դրա վրայից: Կամ թէ դո՞ւ ես, որ կաւն առնելով ստեղծեցիր կենդանի արարածին եւ, խօսուն, զետեղեցիր երկրի վրայ: Մերժեցի՞ր լոյսն ամբարիշտներին, խորտակեցի՞ր բազուկներն ամբարտաւանների: Հասա՞ր ծովի ակունքին, շրջեցի՞ր խորքերն անդունդների: Քո առաջ ահով բացուելո՞ւ են դռները մահուան. դժոխքի դռնապանները սարսելո՞ւ են քեզ տեսնելով: Վերահասու լինելո՞ւ ես երկնքի ներքոյ եղած տարածութեան. ասա՛ ինձ տեսնեմ՝ որքա՞ն է այն: Ո՞րն է այն երկիրը, ուր լոյսն է օթեւանում, կամ ո՞րն է տեղը խաւարի: Տանելո՞ւ ես ինձ նրա սահմաններին, եթէ գիտես ճանապարհները դրանց: Գուցէ գիտե՞ս կամ ա՞յն ժամանակներում ես ծնուել. քո օրերը բազո՞ւմ են: Գնացե՞լ ես շտեմարանները ձեան, կամ տեսե՞լ ես պահեստները կարկտի: Կուտակե՞լ ես դրանցից՝ քո թշնամիների վրայ հասնելու, մարտի ու պատերազմի օրուայ համար: Որտեղի՞ց է դուրս գալու եղեամը, կամ տարածուելու է հարաւային հողմը երկնքի ներքոյ: Ո՞վ է պատրաստել սաստիկ անձրեւների հոսանքները եւ ճանապարհներն ամպրոպների, որ տեղան երկրի վրայ, ուր անմարդաբնակ անապատում ոչ ոք չկայ, որ յագեցնի անկոխ ու անշէն հողը, այնտեղ բխեցնի բոյսը դալար: Ո՞վ է հայրն անձրեւի, եւ ո՞վ է, որ ծնունդ է տուել ցօղի շաղերին: Ո՞ւմ արգանդից է դուրս գալիս սառոյցը, եւ ո՞վ է երկնքում եղեամ ծնել, որ ջրի պէս հոսելով իջնում է. ո՞վ է հալեցնում երկնքի երեսը:

Հեսու, 1. 1-9

Տիրոջ ծառայ Մովսէսի վախճանուելուց յետոյ Տէրը խօսեց Մովսէսի օգնականի՝ Նաւէի որդի Յեսուի հետ եւ ասաց. «Իմ ծառայ Մովսէսը վախճանուեց, հիմա վե՛ր կաց, անցի՛ր Յորդանան գետով քո ամբողջ ժողովրդի հետ այն երկիրը, որ ես տալու եմ իսրայէլացիներին: Այն բոլոր տեղերը, ուր ձեր ոտքերը կը կոխեն, ձեզ պիտի տամ, ինչպէս որ ասել եմ Մովսէսին. անապատը եւ Լեռնա լիբանանը մինչեւ Եփրատ մեծ գետը, Քետացիների ամբողջ երկիրը մինչեւ արեւմուտքի վերջին ծովը ձեր սահմանները կը լինեն: Ոչ ոք դէմ չի կանգնի ձեզ քո կեանքի բոլոր օրերում: Ինչպէս Մովսէսի հետ էի, այդպէս կը լինեմ նաեւ քեզ հետ, չեմ լքի քեզ եւ անտես չեմ անի: Զօրացի՛ր եւ արիացի՛ր, որովհետեւ դու պիտի բաժին տաս այս ժողովրդին այն երկիրը, որ երդուեցի տալ քո հայրերին: Արդ, զօրացի՛ր եւ շա՛տ քաջ եղիր, որպէսզի պահես եւ կատարես այն բոլոր օրէնքները, որ իմ ծառայ Մովսէսը քեզ պատուիրեց: Դրանցից չշեղուես աջ կամ ձախ, որ խելամտօրէն անես այն ամէնը, ինչ որ պիտի անես: Այս օրէնքների գիրքը քո շուրթերից չհեռացնես, այլ գիշեր-ցերեկ դրա մասին մտածի՛ր, որպէսզի գիտենաս կատարել բոլոր դրա մէջ գրուածները. այն ժամանակ յաջողակ կը լինես, ուղիղ ճանապարհով կ՚ընթանաս եւ խելամտօրէն կը գործես: Ահա պատուիրում եմ քեզ, զօրացի՛ր եւ արիացի՛ր, մի՛ վախեցիր եւ մի՛ երկնչիր, որովհետեւ քեզ հետ է քո Տէր Աստուածը ամէն տեղ, ուր էլ որ գնաս»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Աւագ Շբ.։ Պահք: Ճրագալոյց Ս. Զատկի։

Շրկ. Հնգ. դկ. Հայր անսկիզբն։ Զկնի Աստուած անեղին՝ Յետ կամաւոր։ Ապա զՄահու դատեան (յատեան)։ Օրհ. բձ. Պարգեւատուն, իւր սարօքն։ Քրզ. Փառաւորեսցուք։ Ս. Աստուած՝ որ թաղեցար։ Մնկ. դկ. ստղ. Յովսէփ քեզ հաւատացեալ։ Աւետարան։ Տէրն յետ ստեղծմանն։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր եւ հրաշալի թաղմանդ։ Ապա շրկ. բկ. Խաչի քո Քրիստոս, ըստ երեկոյի կանոնին։ Փառք սուրբ խաչիդ։ Քրզ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ։

Յերեկոյին Ճրագալուցի, ծածկեալ ունելով զՍեղանն ասացեն զերիս Ողորմեայսն եւ զմնացեալն (տե՛ս ի Տօնացուցի)։ Ժմտ. Քրիստոս յարեաւ։ Փոխ՝ Գովեա Երուսաղէմ։ Ճշ. շրկ. աձ. Յարեաւ Քրիստոս։ Ս. Աստուած՝ որ յարեար ի մեռելոց։ Սրբ. Ով է որպէս։

Զկնի Սրբոյ Պատարագի՝ Նախատօնակ։ Շրկ. աձ. Այսօր յարեաւ, իւր սարօքն։ Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Թագաւոր խաղաղութեան։

Նավակատիք:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: