Ավագ ուրբաթ։ Պահք։ Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության հիշատակի օր։

Բաժին՝ Օրեր

Ավագ ուրբաթը հիշատակն է Քրիստոսի չարչարանքների և խաչելության։

Քանի որ, ըստ եկեղեցական օրենքի, երեկոյան ժամերգությունից հետո է օրը փոխվում, ապա չարչարանքներին նվիրված արարողությունը կատարվում է հինգշաբթի երեկոյան։ Արարողության ընթացքում ընթերցվում են համապատասխան Ավետարաններ, իսկ խորանի վրա վառվող 12 մոմերը խորհրդանշում են առաքյալներին։ Երբ ընթերցվում են առաքյալների` Քրիստոսին լքելու մասին հատվածները, վառվող մոմերը հերթով հանգցնում են։ Հուդային խորհրդանշող մոմը սև գույնի է լինում։ Ավագ ուրբաթ օրը ծաղիկներից և մշտադալար ծառերի ճյուղերից պատրաստվում է Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը և երեկոյան ժամերգությունից հետո, ի հիշատակ Քրիստոսի թաղման, խորհրդանշական գերեզմանը հանդիասավոր թափորով եկեղեցուց դուրս է հանվում։ Այն պտտեցնում են եկեղեցու շուրջը և երբ նորից եկեղեցի են բերում, հոգևորականները, հավաքվելով գերեզմանի մոտ, երգում են Խաչի Քո Քրիստոս օրհներգը, այնուհետև բոլորը համբուրում են գերեզմանի վրա դրված խաչն ու Ավետարանը։

Մարդիկ սովորաբար վախենում են մահից, սակայն Քրիստոսի մահով և հարությամբ արդեն մահը մեզ համար սարսափելի չէ, որովհետև մենք գիտենք հարության մասին։ Այդ իսկ պատճառով ծաղկահյուս այս գերեզմանը ոչ թե մահ, այլ կյանք, հավիտենություն ու երանություն է ավետում։

Ադամ քահանա ՄԱԿԱՐՅԱՆ
 

Առաջարկում ենք ընթերցել նաև՝ Վշտակիր Հիսուս (Գևորգ Զ. Չորեքչյանի քարոզներից):

 

Խավարման արարողության ժամանակ խորանի վրա վառվում են տասներկու հավասարաչափ մոմեր և մեկ հատ մեծ՝ նրանց միջև: «Խավարման» ընթացքում ավետարաններից կարդացվում են յոթ հատվածներ, որոնք բովանդակում են Հիսուսի՝ Գեթսեմանիի պարտեզում աղոթելը, Հուդայի մատնելը, Հիսուսի՝ ամբոխի ձեռքը հանձնվելը, Աննայի և Կայիափայի առաջ տարվելը, ապտակվելը, անարգվելը և Պետրոսի երեք անգամ ուրանալն ու զղջալը: Ավետարանական ընթերցումներն ընդմիջվում են սաղմոսների ընթերցանությամբ և Ս. Ներսես Շնորհալու հեղինակած շարականներով: Ամեն ավետարանական ընթերցումից հետո հանգցնում են տասներկու մոմերից երկուսը՝ յուրաքանչյուր կողմից մեկական, վերջում մնում է միայն մեջտեղի մեծ մոմը: Եվս մի շարականից հետո հանգցնում են եկեղեցու բոլոր լույսերը, և երգվում է «Փառք ի բարձունս»-ը, որն առաջին անգամ ասել են հովիվները. «Փա՜ռք Աստծուն՝ բարձունքներում, երկրի վրա՝ խաղաղություն, և հաճություն՝ մարդկանց մեջ» (Ղուկ. Բ 14): Այս երգի վերջին խոսքերից «Ծագեա»-ի ժամանակ դարձյալ վառում են լույսերը: Մոմերը հանգցնելը խորհրդանշում է աշակերտների թողնելը և փախչելը, իսկ մեջտեղի մոմը խորհրդանշում է Քրիստոսին, ով մնացել էր միայնակ:

Որբաթ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ, իսկ երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի։

Արարողությունների ժամանակացույց.

–  Խավարման կարգ,

–  Խաչելության կարգ,

–  Թաղման կարգ:

Ավարտին կատարվում է նախատոնակ, որի ընթացքում Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը հանդիսավոր թափորով շրջում է Տաճարի շուրջ: Արարողությանը սովորաբար հանդիսապետում է Ամենայն Հայոց Կաթողիկոսը:


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Գիշերային և Առավոտյան ժամերգություններին

Ավետարան ըստ Հովհաննեսի, 13. 16 – 18. 1

Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ծառան աւելի մեծ չէ, քան իր տէրը, եւ ոչ էլ ուղարկուածը՝ աւելի մեծ, քան նա, ով նրան ուղարկեց: Եթէ այս բաները գիտէք, առաւել երանելի էք, եթէ դրանք կատարէք: Ձեր բոլորի համար չէ, որ ասում եմ, որովհետեւ ես գիտեմ նրանց, որոնց ընտրել եմ, այլ որպէսզի կատարուի գրուածը, թէ՝ ով ինձ հետ հաց էր ուտում, իմ դէմ դարձաւ. հէնց այժմուանից ասում եմ ձեզ, քանի դեռ չի եղել, որպէսզի, երբ որ լինի, հաւատաք, որ ես եմ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, ով որ ընդունի նրան, ում ես կ՚ուղարկեմ, ինձ է ընդունում, եւ ով ինձ է ընդունում, ընդունում է նրան, ով ինձ ուղարկեց»: Երբ Յիսուս այս բաներն ասաց, խռովուեց իր հոգում, վկայեց ու ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մէկն ինձ մատնելու է»: Աշակերտներն իրար էին նայում տարակուսելով, թէ ո՛ւմ մասին է ասում: Եւ աշակերտներից մէկը, որին Յիսուս սիրում էր, նստել էր նրա մօտ: Սիմոն Պետրոսը սրան ակնարկ արեց՝ հարցնելով, թէ այդ ո՛ւմ մասին է ասում: Եւ սա Յիսուսի կրծքովն ընկաւ ու ասաց նրան. «Տէ՛ր, ո՞վ է»: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Նա է, որի համար ես այս պատառը կը թաթախեմ եւ կը տամ իրեն»: Եւ թաթախելով պատառը՝ տալիս է Իսկարիովտացի Յուդային: Եւ երբ նա պատառն առաւ, սատանան մտաւ նրա մէջ: Յիսուս նրան ասաց. «Հիմա ինչ որ անելու ես, իսկոյն արա՛»: Եւ սեղանակիցներից ոչ ոք չիմացաւ, թէ նա ինչի՛ համար այդ նրան ասաց, որովհետեւ ոմանք կարծում էին, թէ, քանի որ Յուդան էր գանձանակը պահում, Յիսուս նրան ասաց. «Գնի՛ր, ինչ որ մեզ տօնի ժամանակ պէտք է» եւ կամ՝ որ մի բան տայ աղքատներին: Իսկ նա պատառը վերցնելով՝ իսկոյն դուրս ելաւ: Եւ գիշեր էր… : Եւ երբ նա դուրս ելաւ, Յիսուս ասաց. «Այժմ մարդու Որդին փառաւորուեց, եւ Աստուած փառաւորուեց նրանով, քանի որ, եթէ Աստուած փառաւորուեց նրանով, Աստուած էլ նրան կը փառաւորի իրենով. եւ իսկոյն կը փառաւորի նրան: Որդեակնե՛րս, մի քիչ ժամանակ դեռ ձեզ հետ եմ. ինձ պիտի փնտռէք, եւ ինչպէս ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չէք կարող գալ, – այժմ այդ ձեզ էլ եմ ասում: Նոր պատուիրան եմ տալիս ձեզ, որ սիրէք միմեանց. ինչպէս ես ձեզ սիրեցի, դուք էլ միմեա՛նց սիրեցէք: Եթէ դուք միմեանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»: Սիմոն Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ո՞ւր ես գնում»: Յիսուս պատասխանեց. «Ուր ես եմ գնում, դու այժմ իմ յետեւից չես կարող գալ, բայց յետոյ կը գաս իմ յետեւից»: Պետրոսը նրան ասաց. «Տէ՛ր, ինչո՞ւ այժմ չեմ կարող քո յետեւից գալ. այժմուանից իսկ իմ կեանքը քեզ համար կը տամ»: Յիսուս պատասխանեց. «Ինձ համար կեա՞նքդ կը տաս. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կը լինես»: Ապա Յիսուս ասաց իր աշակերտներին. «Թող ձեր սրտերը չխռովուեն. հաւատացէ՛ք Աստծուն, հաւատացէ՛ք եւ ինձ: Իմ Հօր տան մէջ բազում օթեւաններ կան. թէ չէ ես ձեզ կ՚ասէի, թէ գնում եմ ձեզ համար էլ տեղ պատրաստելու. եւ եթէ գնամ եւ ձեզ համար էլ տեղ պատրաստեմ, դարձեալ կը գամ եւ ձեզ կը վերցնեմ ինձ մօտ, որպէսզի, ուր ես լինեմ, դուք եւս այնտեղ լինէք: Եւ թէ ուր եմ գնում, այդ գիտէք, գիտէք եւ ճանապարհը»: Թովմասը նրան ասաց. «Տէ՛ր, չգիտենք՝ ուր ես գնում, ուրեմն ինչպէ՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»: Յիսուս նրանց ասաց. «Ես եմ Ճանապարհը եւ Ճշմարտութիւնը եւ Կեանքը: Ոչ ոք չի գայ Հօր մօտ, եթէ ոչ՝ ինձանով: Եթէ ինձ ճանաչէիք, ապա կը ճանաչէիք եւ իմ Հօրը. այսուհետեւ կը ճանաչէք նրան. եւ տեսել էք նրան»: Փիլիպպոսն ասաց նրան. «Տէ՛ր, Հօրը մեզ ցո՛յց տուր, եւ այդ բաւական է մեզ»: Յիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպպո՛ս, եւ ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսաւ, տեսաւ Հօրը. իսկ դու ինչպէ՞ս ես ասում, թէ՝ Հօրը մեզ ցո՛յց տուր: Չե՞ս հաւատում, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ: Այն խօսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խօսում, այլ Հայրը, որ բնակւում է իմ մէջ, նա՛ է անում գործերը: Հաւատացէ՛ք ինձ, որ ես Հօր մէջ եմ, եւ Հայրը՝ իմ մէջ. եթէ ոչ՝ գոնէ գործերի՛ համար հաւատացէք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, թէ ով հաւատում է ինձ, ինքն էլ կ՚անի այն գործերը, որ ես եմ անում. եւ դրանցից աւելի մեծերը կ՚անի, որովհետեւ ես գնում եմ Հօր մօտ: Եւ ինչ որ ուզէք իմ անունով, այն կ՚անեմ, որպէսզի Հայրը փառաւորուի Որդու միջոցով: Եթէ ինձ սիրում էք, կը պահէք իմ պատուիրանները. եւ ես պիտի աղաչեմ Հօրը, եւ նա մի այլ Մխիթարիչ պիտի տայ ձեզ, որպէսզի յաւիտեան ձեզ հետ բնակուի. Ճշմարտութեան Հոգին, որին այս աշխարհը չի կարող ընդունել, որովհետեւ նրան չի տեսնում եւ նրան չի ճանաչում, բայց դուք ճանաչում էք նրան, որովհետեւ ձեզ մօտ պիտի բնակուի եւ ձեր մէջ պիտի լինի: Ձեզ որբ չեմ թողնի, կը գամ ձեզ մօտ: Մի փոքր ժամանակ եւս, եւ այս աշխարհը ինձ չի տեսնի, բայց դուք ինձ կը տեսնէք, որովհետեւ ես կենդանի եմ, եւ դուք կենդանի էք լինելու: Այն օրը դուք պիտի իմանաք, որ ես իմ Հօր մէջ եմ, եւ դուք՝ իմ մէջ. ու ես՝ ձեր մէջ: Ով իմ պատուիրաններն ընդունում եւ դրանք պահում է, նա՛ է, որ ինձ սիրում է. եւ ով ինձ սիրում է, պիտի սիրուի իմ Հօրից. ես էլ նրան պիտի սիրեմ եւ ինձ պիտի յայտնեմ նրան»: Յուդան (ոչ Իսկարիովտացին) ասաց նրան. «Տէ՛ր, ինչպէ՞ս եղաւ, որ քեզ պիտի յայտնես մեզ եւ ոչ թէ աշխարհին»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Եթէ մէկը սիրում է ինձ, իմ խօսքը կը պահի, եւ իմ Հայրը նրան կը սիրի. եւ մենք նրա մօտ կը գանք ու նրա մօտ կ՚օթեւանենք: Եւ ով ինձ չի սիրում, իմ խօսքերը չի պահում. եւ իմ խօսքը, որ լսում էք, իմը չէ, այլ՝ Հօրը, որ ինձ ուղարկեց: Այս բաները ասացի ձեզ, մինչ ձեզ հետ եմ: Իսկ Մխիթարիչը՝ Սուրբ Հոգին, որին Հայրը կ՚ուղարկի իմ անունով, նա ձեզ ամէն բան կ՚ուսուցանի եւ ձեզ կը յիշեցնի այն ամէնը, ինչ ես ասացի ձեզ»: «Խաղաղութիւն եմ թողնում ձեզ, իմ խաղաղութիւնն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպէս, ինչպէս այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովուեն, եւ չվախենաք: Լսեցիք, որ ձեզ ասացի, թէ՝ գնում եմ եւ կը գամ ձեզ մօտ. եթէ ինձ սիրէիք, ապա դուք ուրախ պիտի լինէիք, որ ես Հօր մօտ եմ գնում, որովհետեւ իմ Հայրը մեծ է, քան ես: Եւ հիմա ասացի ձեզ, երբ դեռ չի եղել, որպէսզի, երբ լինի, հաւատաք: Այլեւս երկար չեմ խօսի ձեզ հետ. գալիս է աշխարհի իշխանը եւ իմ վրայ ոչ մի իշխանութիւն չունի: Իսկ որպէսզի աշխարհը գիտենայ, որ ես սիրում եմ Հօրը, այնպէս եմ անում, ինչպէս որ Հայրը պատուիրեց ինձ. դե՛հ, վե՛ր կացէք գնանք այստեղից: Ես եմ ճշմարիտ որթատունկը, եւ իմ Հայրը մշակն է: Ամէն ճիւղ, որ իմ վրայ է եւ պտուղ չի տալիս, նա կտրում է այն. եւ այն ամէնը, որ պտուղ է տալիս, էտում է, որպէսզի առաւել եւս պտղաբեր լինի: Դուք արդէն իսկ մաքուր էք այն խօսքի համար, որ ձեզ ասացի: Մնացէ՛ք իմ մէջ, եւ ես՝ ձեր մէջ. ինչպէս ճիւղը, որ ինքն իրեն չի կարող պտուղ տալ, եթէ որթատունկի վրայ հաստատուած չլինի, նոյնպէս եւ դուք՝ եթէ իմ վրայ հաստատուած չլինէք: Ես եմ որթատունկը, իսկ դուք՝ ճիւղերը: Ով բնակւում է իմ մէջ, եւ ես՝ նրա մէջ, նա շատ պտուղ է տալիս, որովհետեւ առանց ինձ ոչինչ անել չէք կարող: Եթէ մէկը իմ վրայ հաստատուած չէ, նա ճիւղի նման դուրս կը նետուի եւ կը չորանայ, եւ այն կը հաւաքեն ու կրակը կը նետեն, եւ կ՚այրուի: Եթէ իմ մէջ մնաք, եւ իմ խօսքերն էլ մնան ձեր մէջ, ինչ որ ուզենաք, խնդրեցէ՛ք Աստծուց, եւ ձեզ կը տրուի: Իմ Հայրը փառաւորուած կը լինի նրանով, որ դուք շատ պտուղ տաք եւ իմ աշակերտները լինէք: Ինչպէս իմ Հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի. իմ սիրոյ մէջ հաստատո՛ւն մնացէք: Եթէ իմ պատուիրանները պահէք, կը մնաք իմ սիրոյ մէջ, ինչպէս ես իմ Հօր պատուիրանները պահեցի եւ մնում եմ նրա սիրոյ մէջ: Այս բաները ձեզ ասացի, որպէսզի իմ ուրախութիւնը ձեր մէջ լինի, եւ ձեր ուրախութիւնը լիակատար լինի: Այս է իմ պատուէրը. որ սիրէք միմեանց, ինչպէս որ ես սիրեցի ձեզ: Աւելի մեծ սէր ոչ ոք չունի, քան այն, որ մէկն իր կեանքը տայ իր բարեկամների համար: Դուք իմ բարեկամներն էք, եթէ անէք այն, ինչ ես ձեզ պատուիրում եմ: Այլեւս ձեզ ծառաներ չեմ կոչում, որովհետեւ ծառան չգիտէ, թէ տէրն ինչ է անում. այլ ձեզ բարեկամներ կոչեցի, որովհետեւ այն բոլորը, ինչ իմ Հօրից լսեցի, յայտնեցի ձեզ: Ոչ թէ դուք ինձ ընտրեցիք, այլ ես ձեզ ընտրեցի եւ ձեզ կարգեցի, որ դուք գնաք եւ պտղաբեր լինէք, եւ ձեր պտուղը մնայ, եւ ինչ էլ որ իմ անունով Հօրիցս խնդրէք, ձեզ տայ: Այս եմ ձեզ պատուիրում. որ սիրէք միմեանց: Եթէ աշխարհը ձեզ ատում է, իմացէ՛ք, որ նախ ինձ է ատել: Եթէ այս աշխարհից լինէիք, աշխարհն արդէն, որպէս իրենը, ձեզ սիրած կը լինէր. բայց որովհետեւ այս աշխարհից չէք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհից, դրա համար աշխարհը ձեզ ատում է: Յիշեցէ՛ք այն խօսքը, որ ես ձեզ ասացի, թէ՝ ծառան մեծ չէ, քան իր տէրը. եթէ ինձ հալածեցին, ապա ձեզ էլ կը հալածեն. եթէ իմ խօսքը պահեցին, ապա ձերն էլ կը պահեն: Բայց նոյն բաները ձեզ պիտի անեն իմ անուան համար, որովհետեւ չեն ճանաչում նրան, ով ինձ ուղարկել է: Եթէ ես եկած եւ նրանց հետ խօսած չլինէի, նրանք որեւէ մեղք ունեցած չէին լինի. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չկայ: Ով ինձ է ատում, ատում է եւ իմ Հօրը. եթէ ես նրանց մէջ արած չլինէի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չարեց, նրանք որեւէ մեղք չէին ունենայ. բայց այժմ տեսան գործերը եւ ատեցին թէ՛ ինձ, թէ՛ իմ Հօրը: Եւ այդ նրա համար, որ կատարուի նրանց օրէնքում գրուած այն խօսքը, թէ՝ առանց պատճառի ինձ ատեցին: Բայց երբ գայ Մխիթարիչը, որին ես ձեզ կ՚ուղարկեմ Հօրից, Ճշմարտութեան Հոգին, որ ելնում է Հօրից, նա՛ կը վկայի իմ մասին. կը վկայէք եւ դուք, որովհետեւ սկզբից ինձ հետ էք: Այս բաները ասացի ձեզ, որպէսզի գայթակղութիւնից յետ մնաք: Իրենց ժողովարաններից դուրս պիտի հանեն ձեզ. մինչեւ իսկ ժամանակը կը գայ, երբ, ով ձեզ սպանի, պիտի համարի, թէ Աստծուն պաշտամունք է մատուցում: Եւ այդ բանը պիտի անեն ձեզ էլ, որովհետեւ չճանաչեցին ո՛չ Հօրը եւ ո՛չ էլ ինձ: Սակայն այս բաները ձեզ ասացի, որպէսզի երբ ժամանակը գայ, յիշէք, որ ես ձեզ ասել եմ: Այս բաները սկզբից ձեզ չասացի, քանի որ ձեզ հետ էի: Բայց այժմ ես գնում եմ ինձ ուղարկողի մօտ, եւ ձեզնից ոչ ոք ինձ չի հարցնում, թէ՝ ո՞ւր ես գնում: Բայց որովհետեւ ձեզ այս բաներն ասացի, տրտմութիւնը լցրեց ձեր սրտերը: Բայց ես ճշմարիտն եմ ասում ձեզ. լաւ է ձեզ համար, որ ես գնամ. որովհետեւ, եթէ ես չգնամ, Մխիթարիչը ձեզ մօտ չի գայ. իսկ եթէ գնամ, նրան կ՚ուղարկեմ ձեզ մօտ: Եւ նա գալով՝ պիտի ապացուցի աշխարհին, որ նա սխալ է մեղքի եւ արդարութեան հարցում եւ դատաստանի հարցում: Մեղքի հարցում՝ որովհետեւ ինձ չեն հաւատում. արդարութեան հարցում՝ որովհետեւ իմ Հօր մօտ եմ գնում, եւ այլեւս ինձ չէք տեսնի. դատաստանի հարցում՝ որովհետեւ այս աշխարհի իշխանը դատապարտուած է: Դեռ շատ բաներ ունեմ ձեզ ասելու, բայց այժմ չէք կարող տանել: Երբ որ գայ նա՝ Ճշմարտութեան Հոգին, ամենայն ճշմարտութեամբ կ՚առաջնորդի ձեզ. որովհետեւ ոչ թէ ինքն իրենից կը խօսի, այլ ինչ լսի, այն կը խօսի. եւ գալիք բաների մասին կը պատմի ձեզ: Նա ինձ պիտի փառաւորի, որովհետեւ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ: Ամէն ինչ որ Հայրն ունի, իմն է. դրա համար ձեզ ասացի, թէ ինչ որ առնում է ինձանից, կը յայտնի ձեզ: Մի փոքր ժամանակ, եւ այլեւս ինձ չէք տեսնի. եւ ապա մի քիչ եւս՝ եւ ինձ նորից կը տեսնէք. եւ ես գնում եմ Հօր մօտ»: Աշակերտներից ոմանք միմեանց ասում էին. «Ի՞նչ է այս, որ մեզ ասում է, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ, թէ՝ մի քիչ եւս, եւ ինձ կը տեսնէք եւ թէ՝ ես գնում եմ իմ Հօր մօտ»: Եւ ասում էին. «Ի՞նչ է այն «մի քիչ եւս» -ը. չենք հասկանում, թէ ինչ է խօսում»: Յիսուս իմացաւ, որ ուզում են իրեն հարց տալ, եւ նրանց ասաց. «Դրա՞ համար էիք միմեանց հարցնում, որ ասացի, թէ՝ մի փոքր ժամանակ, եւ ինձ չէք տեսնի. եւ դարձեալ՝ մի քիչ եւս, եւ կը տեսնէք ինձ: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ դուք պիտի լաք եւ պիտի ողբաք, իսկ աշխարհը ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմէք, բայց ձեր տրտմութիւնը ուրախութեան պիտի փոխուի: Երբ կինը ծննդաբերում է, նրա համար տրտմութիւն է, որովհետեւ նրա ժամը հասած է. բայց երբ մանկանը ծնի, այլեւս չի յիշում նեղութիւնը՝ ուրախութեան պատճառով, որ աշխարհում մի մարդ ծնուեց: Դուք էլ այժմ տրտմութիւն ունէք, բայց ես դարձեալ ձեզ պիտի տեսնեմ, ու ձեր սրտերը ուրախ պիտի լինեն. եւ ձեր ուրախութիւնը ոչ ոք ձեզնից չպիտի խլի: Եւ այն օրը ինձ ոչինչ չպիտի հարցնէք: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ, ինչ իմ անունով իմ Հօրից ուզէք, պիտի տայ ձեզ: Մինչեւ հիմա իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցէ՛ք եւ պիտի ստանաք, որպէսզի ձեր ուրախութիւնը լիակատար լինի: Այս բաները առակներով ասացի ձեզ. պիտի գայ ժամանակ, երբ այլեւս առակներով չպիտի խօսեմ ձեզ հետ, այլ յայտնապէս Հօր մասին պիտի պատմեմ ձեզ: Այն օրը իմ անունով պիտի խնդրէք. եւ ձեզ չեմ ասում, թէ՝ ե՛ս պիտի աղաչեմ Հօրը ձեզ համար, քանի որ Հայրը ինքն իսկ սիրում է ձեզ. որովհետեւ դուք սիրեցիք ինձ եւ հաւատացիք, որ ես Աստծուց ելայ: Ելայ Հօրից եւ եկայ աշխարհ. դարձեալ թողնում եմ աշխարհը եւ գնում Հօր մօտ»: Աշակերտները նրան ասացին. «Ահա հիմա բացայայտ ես խօսում եւ ոչ մի առակ չես ասում: Հիմա գիտենք, որ ամէն ինչ գիտես, եւ պէտք չկայ, որ մէկը քեզ բան հարցնի. դրա համար հաւատում ենք, որ Աստծուց ելար»: Յիսուս պատասխանեց նրանց եւ ասաց. «Այժմ հաւատո՞ւմ էք. ահա պիտի գայ ժամանակ եւ արդէն իսկ եկել է, երբ պիտի ցրուէք իւրաքանչիւրդ իր տեղը, եւ ինձ միայնակ պիտի թողնէք. սակայն ես միայնակ չեմ, որովհետեւ Հայրն ինձ հետ է: Այս բաները ասացի ձեզ, որպէսզի ինձնով խաղաղութիւն ունենաք: Այստեղ, աշխարհում նեղութիւն պիտի ունենաք, սակայն քաջալերուեցէ՛ք, որովհետեւ ես յաղթեցի աշխարհին»:

Յիսուս երբ այս բաները խօսեց, աչքերը երկինք բարձրացրեց եւ ասաց. «Հա՛յր, հասել է ժամը, փառաւորի՛ր քո Որդուն, որպէսզի քո Որդին էլ քեզ փառաւորի. ինչպէս որ նրան իշխանութիւն տուեցիր բոլոր մարդկանց վրայ, որպէսզի յաւիտենական կեանք տայ այն ամենքին, որ նրան տուեցիր: Յաւիտենական կեանքը այս է. որ ճանաչեն քեզ միակ ճշմարիտ Աստուած, նաեւ Յիսուս Քրիստոսին, որ դու ուղարկեցիր: Ես քեզ փառաւորեցի երկրի վրայ. լրացրի այն գործը, որն ինձ տուիր, որ անեմ. եւ դու այժմ փառաւորի՛ր ինձ, Հա՛յր, քեզ մօտ եղող այն փառքով, որ ունէի քեզ մօտ՝ նախքան աշխարհի լինելը: Քո անունը յայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տուեցիր աշխարհից. նրանք քոնն էին, եւ ինձ տուեցիր նրանց, ու նրանք քո խօսքը պահեցին: Հիմա իմացան, որ այն ամէնը, ինչ ինձ տուիր, ես նրանց տուեցի. եւ նրանք ընդունեցին ու ճշմարտութեամբ ճանաչեցին, որ ես քո մօտից ելայ. եւ նրանք հաւատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ: Արդ, ես նրանց համար եմ աղաչում. ես չեմ աղաչում աշխարհի համար, այլ՝ նրանց համար, որոնց դու ինձ տուեցիր, որովհետեւ նրանք քոնն են: Եւ ինչ որ իմն է, բոլորը քոնն է, եւ ինչ որ քոնն է, այն իմն է, ու ես նրանց մէջ փառաւորուած եմ: Եւ ես այլեւս աշխարհի մէջ չեմ, իսկ նրանք աշխարհի մէջ են. եւ ես դէպի քեզ եմ գալիս: Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որով ինձ տուեցիր, որպէսզի լինեն մի, ինչպէս մենք էլ մի ենք: Մինչ աշխարհում նրանց հետ էի, ես պահում էի նրանց քո անունով, որով ինձ տուեցիր. եւ ես պահեցի. ու նրանցից ոչ ոք չկորաւ, բացի կորստեան դատապարտուած մարդուց, որպէսզի գրուածը կատարուի: Բայց հիմա քեզ մօտ եմ գալիս եւ այս բաները խօսում եմ աշխարհում, որպէսզի նրանք իրենց մէջ իմ լիակատար ուրախութիւնն ունենան: Ես նրանց տուի քո խօսքը, եւ աշխարհը նրանց ատեց, որովհետեւ նրանք աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ: Այս աղաչում եմ ոչ թէ նրա համար, որ նրանց վերացնես աշխարհից, այլ որպէսզի նրանց պահես չարից: Նրանք այս աշխարհից չեն, ինչպէս ես էլ աշխարհից չեմ: Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտութեամբ, որովհետեւ քո խօսքը ճշմարտութիւն է: Ինչպէս դու ինձ ուղարկեցիր աշխարհ, ես էլ նրանց ուղարկեցի աշխարհ: Եւ ես ինձ սրբացնում եմ նրանց համար, որպէսզի նրանք էլ սրբացուեն ճշմարտութեամբ: Սակայն միայն նրանց համար չէ, որ աղաչում եմ, այլեւ նրանց խօսքի միջոցով բոլոր ինձ հաւատացողների համար, որպէսզի ամէնքը մի լինեն. ինչպէս դու, Հա՛յր, իմ մէջ, եւ ես՝ քո մէջ, որպէսզի նրանք էլ մեր մէջ լինեն, եւ որպէսզի աշխարհն էլ հաւատայ, թէ դո՛ւ ուղարկեցիր ինձ: Եւ ես տուեցի նրանց այն փառքը, որ դու ինձ տուեցիր, որպէսզի մի լինեն, ինչպէս եւ մենք մի ենք: Ես՝ նրանց մէջ, եւ դու՝ իմ մէջ, որպէսզի կատարեալ լինեն միութեան մէջ: Եւ աշխարհը գիտենայ, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ. եւ ես սիրեցի նրանց, ինչպէս դու ինձ սիրեցիր: Հա՛յր, ում որ ինձ տուիր, կամենում եմ, որ, ուր ես եմ, նրանք էլ ինձ հետ լինեն, որպէսզի տեսնեն իմ փառքը, որ դու ինձ տուեցիր, քանի որ ինձ սիրեցիր՝ նախքան աշխարհի լինելը: Արդա՛ր Հայր, թէեւ աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, եւ իմացան նրանք, որ դու ես ինձ ուղարկել: Եւ ճանաչեցրի նրանց քո անունը ու պիտի ճանաչեցնեմ, որպէսզի այն սէրը, որով ինձ սիրեցիր, նրանց մէջ լինի, եւ ես՝ նրանց մէջ»:

Երբ Յիսուս այսպէս խօսեց, աշակերտներով հանդերձ ելաւ գնաց Կեդրոնի ձորի միւս կողմը. այնտեղ մի պարտէզ կար, ուր մտան ինքը եւ իր աշակերտները:

Ավետարան ըստ Ղուկասի, 22. 1-65

Մօտեցաւ Բաղարջակերաց տօնը, որը կոչւում էր Պասեք: Իսկ քահանայապետներն ու օրէնսգէտները հնար էին փնտռում, թէ ինչպէս սպանեն նրան, բայց վախենում էին ժողովրդից: Ապա սատանան մտաւ Իսկարիովտացի կոչուած Յուդայի մէջ, որ Տասներկուսի թւում էր: Սա գնաց բանակցեց քահանայապետների, օրէնսգէտների եւ ժողովրդի իշխանաւորների հետ, որ Յիսուսին նրանց մատնի: Նրանք ուրախացան եւ խոստացան նրան արծաթ տալ: Եւ նա յանձն առաւ ու պատեհ առիթ էր փնտռում՝ նրան մատնելու նրանց՝ ամբոխից մեկուսի: Եկաւ Բաղարջակերաց օրը, երբ օրէնք էր մորթել Պասեքը: Եւ նա ուղարկեց Պետրոսին եւ Յովհաննէսին ու ասաց. «Գնացէ՛ք, պատրաստեցէ՛ք մեզ համար Պասեքի ընթրիքը, որ ուտենք»: Եւ նրանք ասացին. «Ո՞ւր ես ուզում, որ պատրաստենք»: Եւ նրանց ասաց. «Ահա՛, երբ քաղաք մտնէք, ձեզ կը հանդիպի մի մարդ՝ ջրի սափորը բարձած. գնացէ՛ք նրա յետեւից այն տունը, ուր նա կը մտնի: Եւ կասէք տանտիրոջը. «Վարդապետը քեզ ասում է՝ ո՞ւր է այն հիւրասրահը, որտեղ աշակերտներիս հետ պիտի ուտեմ Պասեքի ընթրիքը»: Եւ նա ձեզ ցոյց կը տայ զարդարուած մի մեծ վերնատուն, եւ այնտեղ կը պատրաստէք»: Եւ աշակերտները գնացին գտան, ինչպէս որ իրենց ասել էր. եւ պատրաստեցին Պասեքը: Եւ երբ ժամը հասաւ, սեղան նստեց, եւ տասներկու առաքեալներն էլ՝ իր հետ: Եւ նրանց ասաց. «Յոյժ ցանկացայ այս Պասեքի ընթրիքը ուտել ձեզ հետ, քանի դեռ չեմ չարչարուել: Բայց ասում եմ ձեզ, թէ այլեւս չեմ ուտելու սրանից, մինչեւ որ Պասեքը կատարուի Աստծու արքայութեան մէջ»: Եւ, բաժակը վերցնելով, գոհութիւն յայտնեց Աստծուն եւ ասաց. «Առէ՛ք այս եւ բաժանեցէ՛ք ձեր մէջ. ասում եմ ձեզ, թէ այսուհետեւ որթատունկի բերքից չեմ խմելու, մինչեւ որ գայ Աստծու արքայութիւնը»: Եւ հաց վերցնելով՝ գոհութիւն յայտնեց Աստծուն, կտրեց, տուեց նրանց եւ ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրուած. այս արէ՛ք իմ յիշատակի համար»: Նոյնպէս եւ բաժակը վերցրեց ընթրիքից յետոյ եւ ասաց. «Այս բաժակը նոր Ուխտ է իմ արիւնով՝ ձեզ համար թափուած: Բայց ահաւասիկ իմ մատնիչի ձեռքը ինձ հետ այս սեղանի վրայ է: Եւ մարդու Որդին աշխարհից կը գնայ ըստ սահմանուածի, բայց վա՜յ այն մարդուն, ում ձեռքով կը մատնուի»: Եւ նրանք սկսեցին հարցնել իրար մէջ, թէ իրենցից ո՛վ է, որ այդ անելու է: Եւ նրանց մէջ հակաճառութիւն առաջացաւ, թէ իրենցից ո՛վ պիտի մեծ համարուի: Եւ նա նրանց ասաց. «Ազգերի թագաւորները տիրում են իրենց ժողովուրդների վրայ, եւ նրանք, որ իշխում են նրանց վրայ, բարերարներ են կոչւում: Բայց դուք այդպէս չլինէք, այլ՝ ով որ մեծ է ձեր մէջ, թող լինի ինչպէս կրտսերը, իսկ առաջնորդը՝ ինչպէս սպասաւորը: Ո՞վ է մեծ. սեղան նստո՞ղը, թէ՞ սպասաւորը: Չէ՞ որ՝ սեղան նստողը: Բայց ես ձեր մէջ եմ իբրեւ սպասաւոր: Եւ դուք էք, որ իմ փորձութիւնների մէջ ինձ հետ էիք մնում մինչեւ այժմ: Եւ ես խոստանում եմ ձեզ, – ինչպէս եւ իմ Հայրը ինձ խոստացաւ տալու արքայութիւնը, – որ ուտէք եւ խմէք իմ սեղանից իմ արքայութեան մէջ եւ նստէք տասներկու գահերի վրայ՝ դատելու Իսրայէլի տասներկու ցեղերը»: Եւ Տէրն ասաց. «Սիմո՛ն, Սիմո՛ն, ահա սատանան ուզեց ձեզ ցորենի նման մաղել: Բայց ես աղօթեցի քեզ համար, որպէսզի քո հաւատը չպակասի, եւ դու, երբ վերադառնաս ինձ, հաստատես քո եղբայրներին»: Եւ Պետրոսն ասաց. «Տէ՛ր, պատրաստ եմ քեզ հետ գնալ ե՛ւ բանտ, ե՛ւ դէպի մահ»: Եւ նա նրան ասաց. «Ասում եմ քեզ, Պետրո՛ս, այսօր դեռ աքաղաղը կանչած չպիտի լինի, մինչեւ որ դու երեք անգամ ուրանաս՝ ասելով, թէ ինձ չես ճանաչում»: Եւ նրանց ասաց. «Երբ ուղարկեցի ձեզ առանց քսակի, մախաղի եւ կօշիկների, մի՞թէ որեւէ բանի կարօտ մնացիք»: Եւ նրանք ասացին՝ եւ ո՛չ մի բանի: Ապա ասաց. «Իսկ այժմ՝ ով որ քսակ ունի, թող վերցնի այն, նոյնպէս եւ՝ մախաղ. իսկ ով որ չունի, թող վաճառի իր վերարկուն եւ իր համար սուր գնի: Բայց ասում եմ ձեզ, այս եւս, որ գրուած է, պէտք է, որ կատարուի իմ վրայ, թէ՝ «Անօրէնների հետ դասուեց», որովհետեւ, ինչ որ ինձ համար է գրուած, կատարուելու վրայ է»: Եւ նրանք ասացին. «Տէ՛ր, ահաւասիկ այստեղ երկու սուր կայ»: Եւ նրանց ասաց. «Բաւական են»: Եւ Յիսուս ըստ իր սովորութեան ելաւ գնաց Ձիթենեաց լեռը. նրա յետեւից գնացին եւ աշակերտները: Երբ տեղ հասաւ, ասաց նրանց. «Աղօթքի՛ կանգնեցէք, որ փորձութեան մէջ չընկնէք»: Եւ ինքը հեռացաւ նրանցից մօտ մի քարընկեց, ծնրադրեց, աղօթում էր եւ ասում. «Հա՛յր, եթէ կամենում ես, այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ իմ կամքը, այլ քո՛նը թող լինի»: Եւ նրան երկնքից երեւաց մի հրեշտակ եւ ուժ էր տալիս նրան. նա տագնապի մէջ էր եւ ամբողջ հոգով էր աղօթում: Եւ նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ-շիթ գետին թափուելով: Եւ վեր կենալով աղօթքից՝ եկաւ աշակերտների մօտ, նրանց քնած գտաւ տրտմութիւնից եւ նրանց ասաց. «Ինչո՞ւ էք քնել. վե՛ր կացէք, աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք»: Եւ մինչ նա դեռ խօսում էր, ահա երեւաց մի ամբոխ. եւ նա, որ Յուդա էր կոչւում, Տասներկուսից մէկը, առաջնորդում էր նրանց. երբ Յուդան մօտեցաւ Յիսուսին, համբուրեց նրան, որովհետեւ այն նշանն էր տուել նրանց, թէ՝ «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրա՛ն բռնեցէք»: Յիսուս նրան ասաց. «Յուդա՛, համբուրելո՞վ ես մատնում մարդու Որդուն»: Երբ նրա շուրջը գտնուողները տեսան եղածը, նրան ասացին. «Տէ՛ր, սրով նրանց հարուածե՞նք»: Եւ աշակերտներից մէկը հարուածեց քահանայապետի ծառային եւ կտրեց դէն գցեց նրա աջ ականջը: Յիսուս պատասխանեց եւ ասաց. «Թո՛յլ տուէք, բաւ է եղածը»: Եւ դիպչելով ականջին՝ այն բժշկեց: Եւ իր վրայ եկած քահանայապետներին, տաճարի իշխանաւորներին եւ ծերերին ասաց. «Ինչպէս աւազակի՞ վրայ էք գալիս սրերով ու մահակներով. միշտ ձեզ հետ էի տաճարում, եւ դուք ինձ վրայ ձեռք չերկարեցիք. սակայն ա՛յս է ձեր ժամը եւ խաւարի իշխանութեան զօրութիւնը»: Եւ բռնելով նրան՝ տարան եւ մտցրին քահանայապետի տունը. իսկ Պետրոսը հեռուից գնում էր նրա յետեւից: Երբ գաւթի մէջ կրակ վառեցին եւ նստեցին շուրջը, Պետրոսն էլ նստեց նրանց մէջ: Մի աղախին տեսաւ նրան կրակի լոյսի մօտ նստած, հայեացքը սեւեռեց նրան եւ ասաց. «Սա էլ էր նրանցից, որ նրա հետ էին»»: Իսկ Պետրոսն ուրացաւ ու ասաց. «Ես նրան չեմ ճանաչում, ո՛վ կին»: Եւ քիչ յետոյ մէկ ուրիշը տեսաւ նրան եւ ասաց. «Դո՛ւ էլ նրանցից ես»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, ես նրանցից չեմ»: Եւ երբ մի ժամ էլ անցաւ, մէկ ուրիշը վիճում էր եւ ասում. «Ճիշտ որ սա էլ նրա հետ էր, որովհետեւ գալիլիացի է»: Պետրոսն ասաց. «Ո՛վ մարդ, չգիտեմ այդ ի՛նչ ես խօսում»: Եւ նոյն պահին, մինչ նա այս ասում էր, աքաղաղը կանչեց: Տէրը դարձաւ եւ նայեց Պետրոսին. եւ Պետրոսը յիշեց Տիրոջ խօսքը, որ ասել էր իրեն. «Դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ պիտի ուրանաս, թէ ինձ չես ճանաչում»: Եւ Պետրոսը դուրս ելնելով՝ դառնօրէն լաց եղաւ: Եւ այն մարդիկ, որ նրան պահպանում էին, ծիծաղում էին նրա վրայ եւ խփում, ծածկում էին նրա երեսը եւ տանջում, հարցնում էին նրան եւ ասում. «Մարգարէացի՛ր՝ ո՞վ է, որ քեզ խփեց»: Եւ հայհոյելով՝ ուրիշ շատ բաներ էլ էին ասում նրա երեսին:

Ավետարան ըստ Մարկոսի, 14. 27-72

Եւ Յիսուս նրանց ասաց. «Այս գիշեր ամէնքդ գայթակղուելու էք իմ պատճառով, որովհետեւ գրուած է. «Պիտի հարուածեմ հովուին, եւ ոչխարները պիտի ցրուեն»: Բայց իմ յարութիւնից յետոյ ձեզնից առաջ Գալիլիա պիտի գնամ»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէկուզ բոլորն էլ գայթակղուեն, բայց ես չեմ գայթակղուի»: Եւ Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ դու այս գիշեր իսկ, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»: Իսկ Պետրոսն առաւել եւս պնդում էր ու ասում. «Թէ քեզ հետ մեռնել իսկ հարկ լինի, քեզ չեմ ուրանայ»: Եւ ամէնքն էլ նոյնն էին ասում: Եկան այն տեղը, որը Գեթսեմանի էր կոչւում: Եւ նա աշակերտներին ասաց. «Նստեցէ՛ք այստեղ, մինչեւ ես աղօթեմ»: Եւ նա իր հետ վերցրեց Պետրոսին, Յակոբոսին եւ Յովհաննէսին եւ սկսեց տխրել ու տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Տխուր է հոգիս մեռնելու աստիճան. մնացէ՛ք այստեղ եւ արթո՛ւն կացէք»: Եւ փոքր-ինչ առաջ գնալով՝ երեսի վրայ ընկաւ գետին. եւ աղօթում էր, որ, եթէ կարելի է, այդ ժամը իրենից հեռանայ: Եւ ասում էր. «Աբբա՛, Հա՛յր, ամէն ինչ քեզ կարելի է. այս բաժակը ինձնից հեռացրո՛ւ, բայց ոչ թէ ինչպէս ե՛ս եմ կամենում, այլ՝ ինչպէս դո՛ւ ես կամենում»: Եւ Յիսուս եկաւ ու նրանց քնած գտաւ. եւ Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, ննջո՞ւմ ես. չկարողացա՞ր մէկ ժամ արթուն մնալ: Արթո՛ւն կացէք եւ աղօթեցէ՛ք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք: Հոգին յօժար է, բայց մարմինը՝ տկար»: Եւ նորից գնաց, աղօթքի կանգնեց ու նոյն բաներն ասաց: Կրկին անգամ դարձաւ այնտեղ եւ նրանց քնի մէջ գտաւ. որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին, եւ չէին իմանում, թէ ինչ պատասխան տան նրան: Երրորդ անգամ եկաւ եւ նրանց ասաց. «Քնեցէ՛ք այսուհետեւ եւ հանգստացէ՛ք, քանի որ վախճանը հասել է. եկաւ ժամը, եւ ահա մարդու Որդին մատնւում է մեղաւորների ձեռքը: Օ՛ն, վե՛ր կացէք գնանք, որովհետեւ ահա մօտեցաւ նա, ով ինձ մատնելու է»: Եւ մինչ նա դեռ խօսում էր այս բաները, եկաւ Յուդա Իսկարիովտացին՝ Տասներկուսից մէկը, եւ իր հետ՝ սրերով, մահակներով զինուած ամբոխ՝ ուղարկուած քահանայապետների, օրէնսգէտների ու ծերերի կողմից: Մատնիչը նրանց նշան էր տուել ասելով՝ ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, բռնեցէ՛ք նրան եւ տարէ՛ք զգուշութեամբ: Եւ մօտենալով նրան՝ իսկոյն ասաց. «Ռաբբի՛, Ռաբբի՛». եւ համբուրեց նրան: Եւ նրանք ձեռք դրեցին նրա վրայ ու բռնեցին: Ապա նրա շուրջը գտնուողներից մէկը սուրը քաշեց եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա ականջը կտրեց: Յիսուս դարձաւ եւ ասաց նրանց. «Սրերով եւ մահակներով դուրս էք եկել ինձ բռնելու որպէս աւազակի՞: Ես միշտ ձեզ մօտ էի եւ ուսուցանում էի տաճարում. եւ ինձ չբռնեցիք. բայց այս եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ լքեցին նրան եւ փախան: Եւ մի երիտասարդ գնում էր նրա յետեւից՝ իր մերկ մարմնի վրայ մի սաւան գցած: Երիտասարդները նրան բռնեցին, եւ նա թողնելով հագի կտորը՝ մերկ փախաւ նրանցից: Եւ Յիսուսին տարան Կայիափա քահանայապետի մօտ. եւ նրա հետ հաւաքուած էին բոլոր քահանայապետները, օրէնսգէտներն ու ծերերը: Իսկ Պետրոսը հեռուից նրա յետեւից գնաց մինչեւ ներս, քահանայապետի գաւիթը: Եւ նստած էր սպասաւորների մօտ ու տաքանում էր կրակի բոցի առջեւ: Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը մի որեւէ վկայութիւն էին փնտռում Յիսուսի դէմ, որպէսզի նրան սպանեն, բայց չէին գտնում, քանի որ նրա դէմ շատեր սուտ վկայութիւն էին տալիս, բայց վկայութիւնները իրար նման չէին: Ոմանք վեր կենալով՝ սուտ էին վկայում նրա դէմ ու ասում. «Մենք լսեցինք դրանից, երբ ասում էր. «Ես կը քանդեմ այս ձեռակերտ տաճարը եւ երեք օրում կշինեմ մէկ ուրիշը՝ անձեռակերտ»: Բայց եւ այնպէս նրանց վկայութիւնը նոյնանման չէր: Ապա քահանայապետը կանգնելով մէջտեղում՝ Յիսուսին հարց տուեց ու ասաց. «Ոչինչ չե՞ս պատասխանում. այդ ինչե՜ր են վկայում դրանք քո դէմ»: Եւ նա միայն լուռ էր մնում ու պատասխան չէր տալիս: Քահանայապետը կրկին անգամ հարցրեց նրան ու ասաց. «Դո՞ւ ես Քրիստոսը՝ օրհնեալ Աստծու Որդին»: Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Դու ասացիր, թէ ես եմ. բայց պիտի տեսնէք մարդու Որդուն՝ ամենազօր Աստծու աջ կողմում նստած եւ երկնքի ամպերի վրայով եկած»: Եւ քահանայապետը իսկոյն պատռեց իր պատմուճանը եւ ասաց. «Էլ ի՞նչ պէտք են մեզ վկաներ: Ահա ամէնքդ դրա բերանից լսեցիք հայհոյութիւնը. ձեզ ինչպէ՞ս է թւում»: Եւ ամէնքը դատապարտեցին նրան, թէ մահապարտ է: Եւ ոմանք սկսեցին թքել նրա երեսին, շորով գլուխը ծածկել, բռունցքով խփել ու ասել. «Մարգարէացի՛ր մեզ, Քրիստո՛սդ, այն ո՞վ է, որ քեզ խփեց» : Եւ սպասաւորները ապտակում էին նրան: Եւ մինչ Պետրոսը դեռ ներքեւում, գաւթում էր, քահանայապետի մի աղախինը եկաւ եւ տեսաւ նրան տաքանալիս: Նայեց նրան ու ասաց. «Դու էլ Յիսուս Նազովրեցու հետ էիր»: Նա ուրացաւ եւ ասաց. «Չեմ ճանաչում նրան եւ չգիտեմ՝ ինչ ես ասում դու»: Եւ երբ նա դրսի գաւիթը ելաւ, աքաղաղը կանչեց: Աղախինը նորից տեսաւ նրան եւ սկսեց իր շուրջը գտնուողներին ասել. «Սա էլ նրանցից է»: Եւ Պետրոսը դարձեալ ուրացաւ: Փոքր-ինչ յետոյ, նորից, նրանք, որ շուրջը կանգնել էին, ասացին Պետրոսին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ գալիլիացի ես, եւ քո խօսուածքն էլ նման է»: Եւ նա սկսեց նզովք կարդալ, երդուել եւ ասել. «Չեմ ճանաչում այն մարդուն, որի մասին դուք խօսում էք»: Եւ հէնց նոյն ժամին աքաղաղը երկրորդ անգամ կանչեց: Եւ Պետրոսը յիշեց այն խօսքը, որ Յիսուս ասել էր իրեն, թէ՝ «Աքաղաղը դեռ երկու անգամ չկանչած՝ դու երեք անգամ ինձ պիտի ուրանաս». եւ սկսեց լալ:

Ավետարան ըստ Մատթեոսի, 26. 31-56

Այն ժամանակ Յիսուս նրանց ասաց. «Դուք ամէնքդ այս գիշեր իմ պատճառով գայթակղուելու էք. որովհետեւ գրուած է, թէ՝ հովուին պիտի հարուածեմ, եւ հօտի ոչխարները պիտի ցրուեն: Եւ իմ յարութիւն առնելուց յետոյ, ձեզնից առաջ պիտի գնամ Գալիլիա»: Պետրոսը պատասխանեց եւ ասաց նրան. «Թէպէտ եւ ամէնքը քո պատճառով գայթակղուեն, սակայն ես չեմ գայթակղուի»: Յիսուս նրան ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, որ այս գիշեր, դեռ աքաղաղը չկանչած, երեք անգամ ինձ պիտի ուրանաս»: Պետրոսը նրան ասաց. «Թէ քեզ հետ մեռնել իսկ ինձ հասնի, քեզ չեմ ուրանայ»: Նոյնն ասացին բոլոր աշակերտներն էլ: Այն ժամանակ Յիսուս նրանց հետ եկաւ մի տեղ, որի անունը Գեթսեմանի էր, եւ նրանց ասաց. «Նստեցէ՛ք այդտեղ, մինչեւ որ գնամ աղօթեմ»: Եւ իր հետ վերցնելով Պետրոսին եւ Զեբեդէոսի երկու որդիներին՝ սկսեց տրտմել եւ տագնապել: Այն ժամանակ նրանց ասաց. «Հոգիս տխուր է մահու չափ. այստե՛ղ մնացէք եւ ինձ հետ հսկեցէ՛ք»: Եւ մի փոքր առաջ գնալով՝ ընկաւ իր երեսի վրայ, աղօթեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու»: Նա եկաւ աշակերտների մօտ եւ նրանց քնի մէջ գտաւ ու Պետրոսին ասաց. «Այդպէ՜ս, չկարողացա՞ք մէկ ժամ արթուն մնալ ինձ հետ: Արթո՛ւն մնացէք եւ աղօ՛թք արէք, որպէսզի փորձութեան մէջ չընկնէք. հոգիս յօժար է, բայց մարմինս՝ տկար»: Դարձեալ, երկրորդ անգամ, Յիսուս գնաց աղօթքի կանգնեց ու ասաց. «Հա՛յր իմ, եթէ կարելի չէ, որ այս բաժակը ինձնից հեռու անցնի, ապա այն կը խմեմ. քո կա՛մքը թող լինի»: Եւ գալով՝ դարձեալ նրանց քնի մէջ գտաւ, որովհետեւ նրանց աչքերը ծանրացել էին: Թողեց նրանց ու երրորդ անգամ գնաց աղօթքի կանգնեց. եւ դարձեալ նոյն խօսքն ասաց: Այն ժամանակ եկաւ աշակերտների մօտ ու նրանց ասաց. «Ննջեցէ՛ք այսուհետեւ ու հանգստացէ՛ք, քանի որ ահա ժամը հասել է, եւ մարդու Որդին մեղաւորների ձեռքն է մատնւում: Վե՛ր կացէք գնանք այստեղից. որովհետեւ ահա հասաւ նա, ով ինձ մատնելու է»: Եւ մինչ նա դեռ այսպէս խօսում էր, ահա Յուդան՝ Տասներկուսից մէկը, եկաւ. ու նրա հետ՝ քահանայապետների եւ ժողովրդի ծերերի կողմից բազում ամբոխ՝ սրերով ու մահակներով: Եւ նա, որ նրան մատնելու էր, նրանց նշան էր տուել ու ասել. «Ում հետ ես համբուրուեմ, նա՛ է, նրան կը բռնէք»: Եւ սա իսկոյն մօտենալով Յիսուսին՝ ասաց. «Ողջո՜յն, Վարդապե՛տ». ու նրա հետ համբուրուեց: Իսկ Յիսուս նրան ասաց. «Ընկե՛ր, սրա՞ համար դու եկար»: Այն ժամանակ, մօտենալով, ձեռք բարձրացրին Յիսուսի վրայ ու նրան բռնեցին: Եւ ահա Յիսուսի հետ գտնուողներից մէկը ձեռքը երկարեց եւ իր սուրը հանեց ու հարուածեց քահանայապետի ծառային եւ նրա ականջը կտրեց պոկեց: Այն ժամանակ Յիսուս նրան ասաց. «Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետեւ, ովքեր սուր են վերցնում, սրով կ՚ընկնեն: Եւ կամ կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր: Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի»: Այն ժամանակ Յիսուս ամբոխին ասաց. «Սրերով եւ մահակներով իմ դէմ էք ելել՝ բռնելու ինձ իբրեւ մի աւազակի՞: Միշտ ձեզ մօտ, տաճարում նստում էի եւ ուսուցանում, ու ինձ չբռնեցիք, բայց այս բոլորը եղաւ, որպէսզի մարգարէների Գրուածքները կատարուեն»: Այն ժամանակ աշակերտները բոլորն էլ թողեցին նրան ու փախան:

Ավետարան ըստ Մատթեոսի, 26. 57-75

Իսկ նրանք բռնելով Յիսուսին՝ տարան Կայիափա քահանայապետի մօտ, ուր օրէնսգէտներն ու ծերերը հաւաքուել էին: Եւ Պետրոսը հեռուից նրան հետեւելով՝ գնաց մինչեւ քահանայապետի գաւիթը եւ ներս մտնելով՝ սպասաւորների հետ նստեց՝ տեսնելու համար վախճանը: Իսկ քահանայապետներն ու ամբողջ ատեանը Յիսուսի մասին սուտ վկայութիւն էին փնտռում, որպէսզի նրան սպանեն, բայց ներկայացող բազում սուտ վկաների մէջ չէին գտնում այն: Յետոյ առաջ եկան երկու սուտ վկաներ. ասացին. «Սա ասում էր՝ Աստծու տաճարը կարող եմ քանդել եւ երեք օրում շինել»: Եւ քահանայապետը վեր կենալով՝ նրան ասաց. «Պատասխան չե՞ս տալիս, քո մասին ի՞նչ ամբաստանութիւն են անում դրանք»: Եւ Յիսուս լուռ էր մնում: Քահանայապետը խօսեց եւ նրան ասաց. «Երդուեցնում եմ քեզ կենդանի Աստուծով, որ մեզ ասես, թէ դո՞ւ ես Քրիստոսը՝ Աստծու Որդին»: Յիսուս նրան ասաց. «Դու ասացիր: Բայց ասում եմ ձեզ. այսուհետեւ մարդու Որդուն կը տեսնէք նստած ամենազօր Աստծու աջ կողմում եւ եկած երկնքի ամպերի վրայով»: Այն ժամանակ քահանայապետը պատռեց իր զգեստներն ու ասաց. «Հայհոյեց, էլ ինչի՞ են պէտք մեզ վկաներ. ահա հիմա լսեցիք նրա հայհոյանքը: Ի՞նչ է ձեր կամքը»: Նրանք պատասխանեցին ու ասացին՝ մահապարտ է: Այն ժամանակ թքեցին նրա երեսին, բռունցքով հարուածեցին նրան, եւ ոմանք էլ ապտակեցին նրան ու ասացին. «Մարգարէացի՛ր մեզ, դո՛ւ, Քրիստո՛ս, ո՞վ է, որ քեզ հարուածեց»: Իսկ Պետրոսը նստած էր դուրսը՝ գաւթում. մի աղախին մօտեցաւ նրան ու ասաց. «Դո՛ւ էլ գալիլիացի Յիսուսի հետ էիր»: Նա ուրացաւ բոլորի առաջ ու ասաց. «Չգիտեմ՝ դու ինչ ես խօսում»: Եւ երբ նա գաւթից դուրս ելաւ, նրան տեսաւ մի այլ կին եւ այնտեղ կանգնածներին ասաց. «Սա էլ Յիսուս Նազովրեցու հետ էր»: Եւ դարձեալ նա երդումով ուրացաւ, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ մի քիչ յետոյ այնտեղ գտնուողները, մօտենալով, Պետրոսին ասացին. «Իրօք, դու էլ նրանցից ես, քանի որ քո խօսուածքն էլ քեզ յայտնի է անում»: Այն ժամանակ նա սկսեց նզովք կարդալ ու երդուել, թէ՝ այդ մարդուն չեմ ճանաչում: Եւ իսկոյն աքաղաղը կանչեց: Եւ Պետրոսը յիշեց Յիսուսի խօսքը, որ նա ասել էր, թէ՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս: Եւ դուրս ելնելով՝ դառնապէս լաց եղաւ:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 18. 2-27

Յուդան էլ, որ նրան մատնելու էր, գիտէր այն տեղը, որովհետեւ Յիսուս ու իր աշակերտները շատ անգամ այնտեղ հաւաքուել էին: Եւ Յուդան իր հետ վերցնելով գունդը եւ պահակներ՝ ուղարկուած քահանայապետներից ու փարիսեցիներից, այնտեղ եկաւ ջահերով, լապտերներով ու զէնքերով: Իսկ Յիսուս իր վրայ եկող այս ամէնը տեսնելով՝ դուրս ելաւ ու նրանց ասաց. «Ո՞ւմ էք փնտռում»: Նրան պատասխանեցին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց ասաց՝ ես եմ: Նրանց հետ էր եւ Յուդան, որ մատնում էր նրան: Երբ Յիսուս ասաց՝ ես եմ, յետ-յետ գնացին եւ գետին ընկան: Դարձեալ նրանց հարցրեց՝ ո՞ւմ էք փնտռում: Նրանք ասացին՝ Յիսուս Նազովրեցուն: Յիսուս նրանց պատասխանեց. «Ձեզ ասացի, թէ՝ ես եմ. արդ, եթէ ինձ էք փնտռում, նրանց թո՛յլ տուէք գնալ», որպէսզի կատարուի խօսքը, որ ասել էր, թէ՝ նրանց, որոնց ինձ տուեցիր, նրանցից եւ ոչ մէկին չկորցրի: Իսկ Սիմոն Պետրոսը, որովհետեւ սուր ունէր, քաշեց այն եւ զարկեց քահանայապետի ծառային ու նրա աջ ականջը կտրեց: Եւ այն ծառայի անունը Մաղքոս էր: Յիսուս Պետրոսին ասաց. «Այդ սուրդ նորից իր պատեանի մէջ դիր. այն բաժակը, որ Հայրն է ինձ տուել, չպիտի՞ խմեմ»: Իսկ գունդը, հազարապետը եւ հրեաների պահակները բռնեցին Յիսուսին եւ կապեցին: Եւ նախ նրան տարան Աննայի մօտ, որը Կայիափայի՝ այդ տարուայ քահանայապետի աներն էր: Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խրատ տուեց, թէ աւելի լաւ է, որ ժողովրդի համար մէկ մարդ մեռնի: Եւ Յիսուսի յետեւից գնում էին Սիմոն Պետրոսը եւ միւս աշակերտը: Եւ քանի որ այդ աշակերտը քահանայապետին ծանօթ էր, Յիսուսի հետ մտաւ քահանայապետի տան գաւիթը: Իսկ Պետրոսը կանգնել էր դռան մօտ, դուրսը: Միւս աշակերտը, որ ծանօթ էր քահանայապետին, դուրս ելաւ, դռնապանին ասաց եւ Պետրոսին ներս մտցրեց: Այն աղջիկը, որ դռնապանն էր, Պետրոսին ասաց. «Մի՞թէ դու էլ այդ մարդու աշակերտներից ես»: Եւ նա ասաց՝ ո՛չ, չեմ: Այնտեղ կային ծառաներ եւ պահակներ, որոնք խարոյկ էին արել եւ տաքանում էին, քանի որ ցուրտ էր: Պետրոսն էլ նրանց հետ կանգնել էր ու տաքանում էր: Իսկ քահանայապետը հարց տուեց Յիսուսին նրա աշակերտների եւ վարդապետութեան մասին: Յիսուս նրան պատասխանեց. «Ես բացայայտ ասացի բոլորին. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում եւ տաճարի մէջ, ուր հաւաքւում էին բոլոր հրեաները. եւ ծածուկ ոչինչ չեմ խօսել: Ինձ ինչո՞ւ ես հարցուփորձ անում. հարցուփորձ արա նրանց, ովքեր լսել են, թէ ես նրանց հետ ինչ եմ խօսել. ահա՛, նրանք գիտեն, թէ ինչ եմ ասել»: Երբ նա այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մէկը մի ապտակ տուեց Յիսուսին ու ասաց. «Այդպէ՞ս ես պատասխան տալիս քահանայապետին»: Եւ Յիսուս նրան ասաց. «Եթէ վատ խօսեցի, վկայի՛ր վատի մասին, իսկ եթէ լաւ՝ ինձ ինչո՞ւ ես խփում»: Եւ Աննան նրան կապած ուղարկեց Կայիափա քահանայապետի մօտ: Եւ Սիմոն Պետրոսը այնտեղ կանգնած էր ու տաքանում էր. նրան ասացին. «Մի՞թէ դու էլ նրա աշակերտներից ես»: Նա ուրացաւ եւ ասաց՝ ո՛չ, չեմ: Եւ քահանայապետի ծառաներից մէկը՝ նրա՛ ազգականը, որի ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս տեսայ քեզ նրա հետ պարտէզում»: Պետրոսը դարձեալ ուրացաւ. եւ իսկոյն մի աքաղաղ կանչեց:

Ավետարան ըստ Հովհաննեսի, 18. 28 – 19. 16

Կայիափայի տնից Յիսուսին տարան կուսակալի ապարանքը: Այգաբաց էր: Բայց նրանք ապարանք չմտան, որպէսզի չպղծուեն եւ որպէսզի զատկական ընթրիքը կարողանան ուտել: Ուստի Պիղատոսն ինքը դուրս ելաւ նրանց մօտ եւ ասաց. «Այս մարդու մասին ի՞նչ ամբաստանութիւն էք ներկայացնում»: Նրան պատասխանեցին եւ ասացին. «Եթէ այս մարդը չարագործ չլինէր, ապա նրան քո ձեռքը չէինք մատնի»: Պիղատոսը նրանց ասաց. «Դուք վերցրէ՛ք նրան եւ ձեր օրէնքի համաձայն նրան դատեցէ՛ք»: Հրեաները նրան ասացին. «Մեզ համար որեւէ մէկին սպանել օրինաւոր չէ» (որպէսզի կատարուի Յիսուսի այն խօսքը, որ նա ասաց՝ նշելով, թէ ինչ մահով էր ինքը մեռնելու): Պիղատոսը դարձեալ ապարանք մտաւ, կանչեց Յիսուսին եւ ասաց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագաւորը»: Յիսուս պատասխանեց. «Դու քեզնի՞ց ես այդ ասում, թէ ուրիշներ իմ մասին քեզ ասացին»: Պիղատոսը պատասխանեց. «Միթէ ես էլ հրեա՞յ եմ. քո ազգը եւ քահանայապետները մատնեցին քեզ իմ ձեռքը. դու ի՞նչ ես արել»: Յիսուս պատասխանեց. «Իմ թագաւորութիւնը այս աշխարհից չէ. եթէ իմ թագաւորութիւնը այս աշխարհից լինէր, իմ հետեւորդները կը մարտնչէին արդէն, որպէսզի հրեաների ձեռքը չմատնուեմ. բայց, արդ, իմ թագաւորութիւնը այստեղից չէ»: Պիղատոսը նրան ասաց. «Թէ որ այդպէս է, ուրեմն դու թագաւո՞ր ես»: Յիսուս նրան պատասխանեց. «Դու ես ասում, որ թագաւոր եմ, բայց ես դրա համար իսկ ծնուել եմ եւ դրա համար իսկ եկել եմ աշխարհ, որպէսզի ճշմարտութեան համար վկայեմ: Ամէն մարդ, որ ճշմարտութիւնից է, իմ ձայնը լսում է»: Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտութիւնը»: Երբ այս ասաց, դարձեալ դուրս ելաւ, հրեաների մօտ, ու ասաց նրանց. «Ես նրա մէջ ոչ մի յանցանք չեմ գտնում: Բայց դուք սովորութիւն ունէք, որ զատկին ձեզ համար մի բանտարկեալ արձակեմ. արդ, ուզո՞ւմ էք, որ ձեզ համար արձակեմ հրեաների թագաւորին»: Բոլորը աղաղակեցին եւ ասացին՝ ո՛չ դրան, այլ՝ Բարաբբային: Եւ այն Բարաբբան աւազակ էր:

Այն ժամանակ Պիղատոսը հրամայեց Յիսուսին վերցնել եւ նրան գանակոծել: Իսկ զինուորները փշէ պսակ շինելով՝ դրեցին նրա գլխին ու նրան ծիրանի զգեստ հագցրին: Եւ գալիս էին նրա մօտ ու ասում՝ ողջո՛յն, հրեաների՛ արքայ: Եւ նրան ապտակում էին: Պիղատոսը դարձեալ դուրս ելաւ ու ասաց նրանց. «Ահա նրան դուրս, ձեզ մօտ եմ բերում, որպէսզի իմանաք, թէ ես նրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: Յիսուս դուրս ելաւ. եւ փշէ պսակ ունէր եւ ծիրանի զգեստ: Եւ նրանց ասաց. «Ահա ձեր մարդը՝ ձեզ»: Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակ բարձրացրին եւ ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք առէք նրան ձեր մէջ եւ ինքնե՛րդ խաչը հանեցէք, քանի որ ես դրա մէջ որեւէ յանցանք չեմ գտնում»: Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրէնք ունենք, եւ ըստ մեր օրէնքի պէտք է նա մեռնի, որովհետեւ իրեն Աստծու Որդի դարձրեց»: Երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, աւելի եւս վախեցաւ: Դարձեալ, մի անգամ եւս մտաւ ապարանքը եւ Յիսուսին ասաց՝ որտեղի՞ց ես դու: Եւ Յիսուս նրան պատասխան չտուեց: Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խօսում, չգիտե՞ս, որ իշխանութիւն ունեմ քեզ խաչը հանելու. եւ իշխանութիւն ունեմ քեզ ազատ արձակելու»: Յիսուս պատասխանեց. «Դու իմ վրայ ոչ մի իշխանութիւն էլ չէիր ունենայ, եթէ քեզ ի վերուստ տրուած չլինէր. դրա համար էլ, ով ինձ քո ձեռքը մատնեց, նրա մեղքը աւելի մեծ է»: Սրանից յետոյ Պիղատոսը ուզում էր նրան ազատ արձակել: Իսկ հրեաները աղաղակում էին ու ասում. «Եթէ դրան արձակես, կայսրին բարեկամ չես: Ամենայն ոք, որ ինքն իրեն թագաւոր է կոչում, հակառակ է կայսեր»: Իսկ երբ Պիղատոսը այս խօսքերը լսեց, Յիսուսին դուրս բերեց, նստեց բեմի վրայ, այն տեղը, որ Քարայատակ էր կոչւում, իսկ եբրայերէն՝ Կապպաթա: Զատկի նախօրէն էր, եւ կէսօրուայ մօտ էր: Եւ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագաւորը՝ ձեզ»: Իսկ նրանք աղաղակում էին. «Վերացրո՛ւ մեր միջից, վերացրո՛ւ մեր միջից եւ խա՛չը հանիր նրան»: Պիղատոսը նրանց ասաց. «Ես ձեր թագաւորին խա՞չը հանեմ»: Քահանայապետները պատասխանեցին. «Չունենք մենք այլ թագաւոր, բացի կայսրից»: Այն ժամանակ Յիսուսին յանձնեց նրանց ձեռքը, որպէսզի խաչը հանուի:

Կարդացեք նաև՝ Ծաղկահյուս գերեզման:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Աւագ Ուր. Պահք։ Յիշատակ չարչարանաց եւ խաչելութեան Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի։

Կանոնագլուխ դձ. Օրհնեա անձն իմ զՏէր։ Հետ. շրկ. դձ. Այսօր ի կատարումն (տե՛ս ի Տօնացուցի մինչ երկրորդ Կանոնագլուխն)։ Օրհ. բձ. Արծաթսիրութեամբն, իւր սարօքն։ Յորժամ հասանիցեն ի Տէր յերկնից շարականն, թագուսցեն զմի մեծ մնացեալ մոմեղէնն եւ ընթեռնուցուն զկտակն Մեծի Ուրբաթու յաղագս խաչելութեանն Քրիստոսի եւ ապա երգեսցեն Փառք ի բարձունս, եւ յորժամ վճարիցի, հանցեն զվառեալ մոմն։ Քրզ. Փառաւորեսցուք։ Ս. Աստուած՝ որ մատնեցար։ Զկնի Ս. Աստուածին՝ Սաղմոս, Աւետարան, Չհանդուրժեալ, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր եւ հրաշալի մատնութեանդ։ Խաչի քո Քրիստոս։ Փառք սուրբ Խաչիդ՝ ալէլուիա, սուրբ Մատնութեանդ՝ ալէլուիա։ Խաչն կենարար։ Քրզ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ։

Այսօր ի ցերեկին ծունր կրկնելոյ հրաման ոչ գոյ մինչեւ ցերեկոյին ժամն։

Ի Ճաշու ժամուն կատարեսցեն զկարգ Խաչելութեանն ըստ Տօնացուցի։

Յերեկոյին՝ Խոնարհեցո եւ Ապրեցո։ Լոյս զուարթ (ձայնիւ)։ Քրզ. Աղաչեսցուք։ Ս. Աստուած՝ որ խաչեցար (ի ծունկս անկեալ, առանց Փառաւորեալի)։ Հմբ. դկ. ստղ. Եկայք հաւատացեալք։ Աղթ. Հայր գթած, Ս. Աստուած՝ որ թաղեցար (յոտնկայս, զՓառաւորեալն եւս ասա)։

Նախատօնակ։ Շրկ. բձ. Պարգեւատուն ամենեցուն, իւր սարօքն։ Կատարեսցեն թափօր թաղմանն (եթէ եղանակն ախորժելի է, զթափօրն ի դուրս կատարեա)։ Քրզ. Խնդր., Աղթ. Քում ամենազօր եւ հրաշալի թաղմանդ։ Դիցեն զսուրբ Խաչն ի վերայ Սեղանոյն՝ պատեալ սպիտակ դաստառակաւ ի խորհուրդ պատանացն Քրիստոսի։ Ապա՝ շրկ. բկ. Խաչի քո Քրիստոս զսուրբ Խաչելութիւնդ քո մեծացուցանեմք եւ զսուրբ Թաղումնդ քո փառաւորեմք։ Ապա շրկ. բկ. Փառք սուրբ խաչիդ։ Շրկ. բկ. Խաչն կենարար։ Քրզ. Ս. Խաչիւս, Աղթ. Պահպանիչ։ Տաղ ողբաձայն՝ Աստուածածին կոյս Մարիամ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: