Սուրբ Պետրոս և Պողոս Առաքյալների հիշատակի օր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

Սուրբ Պետրոս Առաքյալ,

Սուրբ Պողոս Առաքյալ։


ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Իմաստություն Սողոմոնի, 9. 13 – 10. 2

Ո՞ր մարդը կարող է իմանալ Աստծու խորհուրդները, եւ կամ ո՞վ կարող է խելամուտ լինել, թէ ինչ է կամենում Տէրը. քանզի մահկանացուների մտածումները անստոյգ են, իսկ մեր գիտելիքները՝ անհաստատ։ Եղծանելի մարմինը ծանրացնում է հոգին, եւ հողեղէն այս յարկը բազմահոգ է դարձնում միտքը։ Ուստի մենք հազիւ ենք նկատում երկրային բաներըեւ չարչարանքով ենք գտնում այն, ինչ ընկած է մեր ոտքերի մօտ։ Իսկ այն, ինչ գտնւում է երկնքում, ո՞վ կարող է քննել, եւ ո՞վ կարող է գիտենալ քո խորհուրդները, եթէ դու իմաստութիւն չտաս եւ քո սուրբ Հոգին չառաքես քո բարձունքներից։ Այսպէս է, որ երկրայիններն ուղղեցին իրենց շաւիղներըսովորեցին այն, ինչ հաճելի է քեզ, եւ փրկուեցին քո իմաստութեամբ։

Իմաստութիւնը հաստատուն պահեց աշխարհի նախաստեղծ հօրը՝միայնակ ստեղծեալին։ Նա փրկեց նրան իր յանցանքներիցեւ զօրութիւն տուեց նրան բոլորի վրայ իշխելու։

Եսայի մարգարե, 28. 16-19

Դրա համար էլ այսպէս է ասում Տէր Աստուած. «Ահա ես Սիոնի հիմքում մեծագին քար եմ դնում, պատուական ու ազնիւ անկիւնաքար՝ նրա հիմքում, եւ ով որ հաւատայ նրան՝ չի ամաչի։ Յոյսով պիտի հաստատեմ իմ իրաւունքը եւ կշեռքով՝ իմ ողորմութիւնը, եւ իզուր իրենց յոյսը պիտի դնեն ստութեան վրայ՝ ասելով, թէ՝ «Մեզ չի հասնի մրրիկը, չի վերացնի մահուան հետ կնքած մեր ուխտը»։ Ձեր յոյսը, որ դժոխքի վրայ է, չի հաստատուելու, որովհետեւ եթէ փոթորկուող մրրիկը սպառնայ, ոտքի տակ պիտի գնաք։ Իսկ երբ այն գայ անցնի, պիտի վերցնի ու տանի ձեզ,առաւօտից առաւօտ, օր ու գիշեր պիտի անցնի,եւ դուք պիտի լինէք չարիքների կասկածի մէջ։ Ո՛վ դուք նեղեալներ, սովորեցէ՛ք լսել։

Պետրոս Առաքյալի երկրորդ ընդհանրական նամակից, 1. 12-19

Ահա թէ ինչու պատրաստ եմ միշտ յիշեցնելու ձեզ այս բաները, առաւել եւս՝ գիտակներին եւ այդ ճշմարտութեանը վերահասու եղածներին ու նրանում հաստատուածներին, քանի որ իրաւունք եմ համարում, – քանի դեռ այս մարմնի մէջ եմ, – արթուն պահել ձեզ յիշեցումներով։ Գիտեմ, որ շուտով մերկանալու եմ այս մարմնից, ինչպէս մեր Տէր Յիսուս Քրիստոսն ինձ յայտնեց։ Եւ շտապում եմ միշտ ձեզ յորդորել, որպէսզի այս աշխարհից իմ մեկնելուց յետոյ էլ վերյիշէք այս բաները։ Ոչ թէ հնարովի առասպելների յետեւից գնալով է, որ ձեզ ճանաչեցրինք մեր Տէր Յիսուսի Քրիստոսի զօրութիւնը եւ գալուստը, այլ մենք իսկ ականատես եղանք նրա մեծութեանը. քանի որ նա Հայր Աստծուց ստացաւ փառք եւ պատիւ, երբ մեծավայելուչ փառքից եկաւ այս ձայնը, թէ՝ «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճութիւնը»։ Եւ երկնքից եկող այս ձայնը լսեցինք մենք իսկ, որ նրա հետ էինք սուրբ լերան վրայ։ Ունենք նաեւ մարգարէական աւելի հաստատուն խօսքը, – որին եթէ անսաք, լաւ կ՚անէք, – իբրեւ ճրագ, որ լոյս է տալիս մութ տեղում՝ մինչեւ որ լուսանայ օրը, եւ արուսեակը ծագի ձեր սրտերում։

Պողոս Առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին, 4. 1-8

Այս բանն եմ վկայել տալիս Աստծու եւ Յիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է կենդանիներին եւ մեռածներին՝ իր յայտնութեան օրը, երբ գայ իր արքայութեամբ։ Եւ դու քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն, ժամանակին լինի թէ տարաժամ, յանդիմանի՛ր, սաստի՛ր, յորդորի՛ր՝ կատարեալ համբերատարութեամբ ուսուցանելով. քանզի պիտի գայ ժամանակ, երբ չպիտի անսան ողջամիտ վարդապետութեանը, այլ, իւրաքանչիւրն ըստ իր ցանկութիւնների, ուսուցանողներ պիտի հաւաքի իր շուրջը՝ իր ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով. եւ նրանք ականջները պիտի դարձնեն ճշմարտութիւնից ու պիտի մոլորուեն գնան առասպելների յետեւից։ Իսկ դու արթո՛ւն եղիր ամէն ինչում, նեղութիւնների մէջ համբերի՛ր, աւետարանչի գործե՛ր արա, լիուլի կատարի՛ր քո պաշտօնը։ Իսկ ես զոհաբերուելու եմ, եւ իմ մեկնումի ժամանակը հասել է։ Պատերազմեցի բարի պատերազմը, աւարտեցի ընթացքս, պահեցի հաւատը։ Եւ հիմա ինձ է սպասում արդարութեան պսակը, որը, որպէս հատուցում, ինձ պիտի տայ Տէրը՝ արդար Դատաւորը, այն օրը. եւ ոչ միայն ինձ, այլ նաեւ բոլոր նրանց, որ սիրեցին նրա յայտնուելը։

Ավետարան ըստ Հովհաննեսի, 21. 15-22

Այս երրորդ անգամն էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին՝ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ։ Եւ երբ ճաշեցին, Յիսուս Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ աւելի, քան դրանք»։ Սա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ գառներին։ Դարձեալ ասաց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տէ՛ր, եւ դու գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց՝ արածացրո՛ւ իմ ոչխարներին։ Երրորդ անգամ նրան ասաց. «Սիմո՛ն, որդի՛ Յովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ իրեն ասաց, թէ՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տէ՛ր, դու ամէն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին եւ գիտես, թէ սիրում եմ քեզ»։ Յիսուս նրան ասաց. «Արածացրո՛ւ իմ ոչխարներին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, որ մինչ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գօտիդ կապում եւ գնում էիր՝ ուր եւ կամենում էիր. սակայն երբ ծերանաս, ձեռքերդ վեր կը բարձրացնես, եւ ուրիշները քեզ գօտի կը կապեն ու կը տանեն՝ ուր չես կամենայ»։ Այս ասաց, նշելով, թէ ինչ մահով նա պիտի փառաւորի Աստծուն։ Եւ երբ այս ասաց, աւելացրեց՝ արի՛ իմ յետեւից։ Պետրոսը դարձաւ եւ տեսաւ, որ այն աշակերտը, ում Յիսուս սիրում էր, գալիս է յետեւից. նա, որ ընկել էր նրա կրծքովն ու ասել. «Տէ՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, ասաց Յիսուսին. «Տէ՛ր, իսկ սա ի՞նչ կը լինի»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԴԿ. Սրբոց առաքելոցն Պետրոսի եւ Պօղոսի։

Օրհ. դձ. Ցնծայ այսօր եկեղեցի, իւր սարօքն։ Թագ. յաւիտ.՝ Այսօր դասք։ Մնկ. դկ. ստղ. Որ արփիահրաշ։ Զկնի Էականին երգ՝ Մաքրապէս եւ Յուրախութիւնս։ Ժմտ. Առաքեալք։ Ճշ. շրկ. դձ. Ամոլք հաւատոյ։ Հմբ. ստղ. դկ. Որ անպարագիրն:

, , , , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ