Մեծ պահքի ԼԲ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Եսայի մարգարե, 53. 1 – 54. 5

Ո՞վ հաւատաց Տիրոջ մասին մեր տուած լուրին, եւ ո՞ւմ յայտնի դարձաւ Տիրոջ բազուկը: Նրա առաջ մենք յայտնուեցինք որպէս մանուկ, որպէս արմատ՝ ելած անջրդի հողից. ո՛չ տեսք ունէր նա եւ ո՛չ էլ վեհութիւն: Նայեցինք մենք նրան, բայց նա ո՛չ տեսք ունէր եւ ո՛չ էլ գեղեցկութիւն: Նրա տեսքն աւելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը: Նա հարուածների ենթակայ մի մարդ եղաւ, որ ցաւերին համբերել գիտէ. իր երեսը դարձնելով՝ արհամարհուեց ու բանի տեղ չդրուեց: Նա մեր մեղքերն էր վերցնում եւ մեզ համար չարչարւում, սակայն մենք նրա ցաւերը, հարուածներն ու չարչարանքները համարեցինք իբրեւ Աստծուց եկած բան: Բայց նա խոցուեց մեր մեղքերի համար եւ մեր անօրէնութիւնների համար դատապարտուեց. մեր խաղաղութեան համար նա պատիժ կրեց, եւ նրա վէրքերով մենք բժշկուեցինք: Ամէնքն էլ մոլորուած ոչխարներ են. մարդն իր ճանապարհին մոլորուեց, բայց Տէրը նրան մատնեց մեր մեղքերի համար: Ու նա վշտից իր բերանն անգամ չի բացում: Ինչպէս ոչխար՝ նա մորթուելու տարուեց, եւ ինչպէս գառ՝ անմռունչ կանգնած է խուզողի առաջ եւ նրա նման իր բերանը չի բացում: Խոնարհութեան շնորհիւ նրա դատաստանը վերացաւ, եւ նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի: Երկրի վրայ վերջ տուին նրա կեանքին. իմ ժողովրդի անօրէնութիւնների պատճառով նա մահուան մատնուեց: Նրա գերեզմանի համար՝ չարութեամբ, իսկ նրա մահուան համար մեծամեծ հարուածներով պիտի վրէժխնդիր լինեմ, որովհետեւ նա անօրէնութիւն չգործեց, եւ նենգութիւնը տեղ չգտաւ նրա բերանում: Տէրը կամենում է մաքրել նրան վէրքերից: Եթէ մեղքերի համար հատուցում տաք, ապա երկարակեաց սերնդի կարժանանաք, որի միջոցով Տէրը կցանկանայ ազատել նրան իր ցաւերից, ցոյց տալ նրան լոյս եւ օժտել իմաստութեամբ, արդարացնել արդարին, որը յօժարակամ ծառայեց շատերին եւ իր վրայ է վերցնելու նրանց մեղքերը: Ահա թէ ինչու նա շատ բան պիտի ժառանգի եւ հզօրների աւարը պիտի բաժանի, որովհետեւ նրա անձը մահուան մատնուեց, եւ նա յանցաւորներին հաւասար համարուեց: Նա շատերի մեղքերը կրեց եւ նրանց անօրէնութիւնների համար դատապարտուեց:

Ուրախացիր, ո՜վ ամուլ, որ չծնեցիր, կանչի՛ր ու աղաղակ բարձրացրու, որ երկունքի ցաւով չբռնուեցիր, քանզի բազում են ամուսնուց լքուածիդ որդիները, աւելի շատ, քան որդիները արամբի կնոջ: Չէ՞ որ Տէրն ասաց. «Ընդարձակի՛ր քո վրանի եւ քո սրահների տեղը, կանգնեցրո՛ւ եւ խնայողութիւն մի՛ արա. երկարացրո՛ւ քո պարանները, հաստատի՛ր քո ցցերը: Աջ ու ձախ տարածուիր, եւ քո սերունդը պիտի ժառանգի հեթանոսներին եւ պիտի կառուցի աւերուած քաղաքները: Մի՛ վախեցիր, որ քեզ ամօթահար արին, մի՛ նեղուիր, որ քեզ նախատեցին, որովհետեւ վաղնջական ամօթը պիտի մոռանաս եւ որբեւայրութեանդ նախատինքն այլեւս չպիտի յիշես»: Տէրն է, որ քեզ համար անելու է այդ, Զօրութիւնների Տէր է նրա անունը, եւ նա, որ փրկեց քեզ, Իսրայէլի նոյն Աստուածն է, որ համայն երկրինը պիտի համարուի:

Պողոս Առաքյալի առաջին նամակը կորնթացիներին, 15. 1-28

Եղբայրնե՛ր, յիշեցնեմ ձեզ իմ Աւետարանը, որը քարոզեցի ձեզ, որը եւ ընդունեցիք, եւ որի մէջ հաստատ էք մնում. նրանով կփրկուէք էլ, եթէ ամուր պահէք այն խօսքերը, որ քարոզեցի ձեզ. այլապէս ի զուր հաւատացած կլինէք, որովհետեւ ես ձեզ աւանդեցի նախ այն, ինչը ես ինքս ընդունեցի. թէ՝ Քրիստոս մեռաւ մեր մեղքերի համար՝ ըստ Գրքերի եւ թէ՝ թաղուեց եւ թէ՝ յարութիւն առաւ երրորդ օրը՝ ըստ Գրքերի եւ երեւաց Կեփասին եւ ապա՝ Տասներկուսին. ապա երեւաց միանգամից աւելի քան հինգ հարիւր եղբայրների, որոնցից շատերը կան մինչեւ այժմ. ոմանք էլ՝ ննջեցեալ եղան: Եւ ապա երեւաց Յակոբոսին, ապա՝ բոլոր առաքեալներին: Ամենից յետոյ երեւաց եւ ինձ՝ անարգիս, որովհետեւ ես իսկ եմ առաքեալների տրուպը. ես որ առաքեալ կոչուելու արժանի իսկ չեմ, քանի որ հալածեցի Աստծու եկեղեցին: Բայց Աստծու շնորհով եմ, ինչ որ եմ, եւ իմ մէջ եղած նրա շնորհները իզուր չանցան, այլ նրանցից բոլորից աւելի աշխատեցի, բայց ոչ թէ ես, այլ Աստծու շնորհը, որ ինձ հետ էր: Արդ, թէ՛ ես եւ թէ՛ նրանք այսպէս քարոզեցինք, եւ դուք այսպէս հաւատացիք: Իսկ եթէ քարոզւում է, թէ Քրիստոս մեռելներից յարութիւն է առել, ձեզնից ոմանք ինչպէ՞ս են ասում, թէ մեռելների յարութիւն չկայ: Եթէ մեռելների յարութիւն չկայ, ապա եւ Քրիստոս յարութիւն չի առել: Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը: Եւ Աստծու սուտ վկաները եղած կլինենք, քանի որ Աստծու մասին վկայեցինք, թէ յարութիւն տուեց Քրիստոսին. արդարեւ, եթէ յարութիւն չառնէին մեռելները, նրան յարութիւն չէր տայ: Իսկ եթէ մեռելները յարութիւն չեն առնում, ապա Քրիստոս էլ յարութիւն չի առել: Եւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է ձեր հաւատը. եւ տակաւին նոյն մեղքերի մէջ էք: Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդեօք: Եթէ միայն այս կեանքի համար ենք յոյս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ: Բայց արդ, մեռելներից յարութիւն է առել Քրիստոս՝ ննջեցեալների առաջին պտուղը. քանզի մի մարդով մահ եղաւ եւ մի մարդով՝ մեռելների յարութիւն: Ինչպէս Ադամով բոլորը մեռնում են, նոյնպէս եւ Քրիստոսով ամէնքը պիտի կենդանանան՝ իւրաքանչիւրն իր հերթին. նախ՝ Քրիստոս, եւ ապա՝ քրիստոսականները՝ նրա գալստեանը. եւ ապա գալու է վախճանը, երբ որ նա տայ թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը, երբ որ կործանած լինի բոլոր իշխանութիւնները եւ ամէն պետութիւն եւ զօրութիւն. որովհետեւ նա պէտք է թագաւորի, մինչեւ որ բոլոր թշնամիներին դնի իր ոտքերի տակ: Վերջին թշնամին, որ պիտի կործանուի, մահն է. եւ Աստուած ամէն ինչ հնազանդեցրեց՝ դնելով նրա ոտքերի տակ: Բայց երբ ասում է, թէ՝ ամէն ինչ նրան հնազանդուել է, յայտնի է, թէ բացի նրանից, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան: Իսկ երբ ամէն ինչ նրան հնազանդ լինի, այն ժամանակ եւ ինքը՝ Որդին կհնազանդուի նրան, ով ամէն ինչ հնազանդեցրեց նրան, որպէսզի Աստուած ամէն ինչ լինի ամենքի մէջ:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԼԲ. օր Մեծի Պահոց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: