Մեծ պահքի ԼԱ. օր

Բաժին՝ Օրեր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Ելք, 4. 1-21

Պատասխան տուեց Մովսէսն ու ասաց. «Եթէ ինձ չհաւատան, իմ ասածը չլսեն, քանի որ նրանք կարող են ասել, թէ՝ Աստուած քեզ չի երեւացել, ես ի՞նչ ասեմ նրանց»: Տէրն ասաց նրան. «Այդ ի՞նչ է քո ձեռքին»: Սա ասաց՝ Գաւազան: Նա ասաց՝ Գետի՛ն գցիր դա: Մովսէսը գետին գցեց գաւազանը, այն դարձաւ, եւ Մովսէսը փախաւ դրանից: Տէրն ասաց Մովսէսին. «Երկարի՛ր ձեռքդ եւ բռնի՛ր դրա պոչից»: Նա երկարեց ձեռքն ու բռնեց պոչից, եւ օձը գաւազան դարձաւ իր ձեռքում: «Այդպէս կանես, որպէսզի քեզ հաւատան, որ քեզ երեւացել է նրանց հայրերի Աստուածը՝ Աբրահամի Աստուածը, Իսահակի Աստուածը եւ Յակոբի Աստուածը»: Տէրը նորից ասաց նրան. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, ապա հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը ձեան նման սպիտակեց, ինչպէս բորոտների մօտ է լինում: Աստուած ասաց. «Ձեռքդ ծոցդ դի՛ր»: Նա ձեռքը դրեց իր ծոցը, յետոյ հանեց այն իր ծոցից, եւ ձեռքը վերստացաւ իր մարմնի նախկին գոյնը: Աստուած ասաց. «Եթէ չհաւատան քեզ եւ չունկնդրեն առաջին նշանի ձայնին, ապա կը հաւատան քո երկրորդ նշանին: Եթէ պատահի, որ չհաւատան երկու նշաններին էլ, չանսան քո ասածին, ապա գետից ջուր կը վերցնես, կը թափես գետին, եւ գետից քո առած ջուրը գետնի վրայ արիւն կը դառնայ»: Մովսէսն ասաց Տիրոջը. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մինչեւ օրս ես պերճախօս չեմ եղել, ոչ իսկ երբ սկսեցիր խօսել քո ծառայի հետ, որովհետեւ անվարժ եմ խօսում, ծանրախօս եմ»: Տէրն ասաց Մովսէսին. «Ո՞վ է մարդուն բերան տուել, կամ ո՞վ է ստեղծել խուլին ու համրին, տեսնողին ու կոյրին: Մի՞թէ ոչ ես՝ Աստուածս: Արդ, գնա՛, ես կը բացեմ քո բերանը, քեզ կը սովորեցնեմ, որ ասես այն, ինչ պէտք է ասել»: Մովսէսն ասաց. «Աղաչում եմ քեզ, Տէ՛ր, մի այլ կարող մարդու ընտրիր, նրան ուղարկիր»: Տէրը խիստ բարկացաւ Մովսէսի վրայ ու ասաց. «Մի՞թէ ղեւտացի Ահարոնը քո եղբայրը չէ: Գիտեմ, որ նա քո փոխարէն փայլուն կը խօսի: Նա քեզ ընդառաջ կ՚ելնի եւ քեզ տեսնելով՝ ամբողջ հոգով կ՚ուրախանայ: Կը խօսես նրա հետ եւ իմ պատգամները կը դնես նրա շրթներին: Ես կը բացեմ քո բերանն ու նրա բերանը, ձեզ կը սովորեցնեմ այն, ինչ պէտք է անէք: Ժողովրդի հետ քո փոխարէն նա կը խօսի, նա կը լինի քո խօսափողը, իսկ դու նրա համար կը լինես ներշնչող Աստուած: Այն գաւազանը, որ դարձաւ, կ՚առնես ձեռքդ եւ դրանով նշաններ կը գործես»: Մովսէսը գնաց իր աներոջ՝ Յոթորի մօտ ու ասաց նրան. «Վերադառնամ Եգիպտոսում գտնուող իմ եղբայրների մօտ եւ տեսնեմ, թէ տակաւին կենդանի՞ են»: Յոթորն ասաց Մովսէսին. «Բարի ճանապարհ»: Այս դէպքերից բազում օրեր անց, երբ վախճանուել էր եգիպտացիների արքան, Տէրը Մադիամում ասաց Մովսէսին. «Գնա՛, վերադարձի՛ր Եգիպտոս, որովհետեւ արդէն մեռել են բոլոր նրանք, ովքեր ուզում էին խլել քո կեանքը»: Մովսէսը, առնելով իր կնոջն ու երեխաներին, նրանց նստեցրեց գրաստների վրայ ու վերադարձաւ Եգիպտոս: Մովսէսն իր ձեռքն առաւ գաւազանը, որ Աստուած էր տուել իրեն: Տէրն ասաց Մովսէսին. «Եգիպտոս գնալիս ու վերադառնալիս փարաւոնի առաջ ջանա՛, որ անես բոլոր այն նշանները, որոնք անելու շնորհը տուել եմ քո ձեռքը: Ես խստասիրտ կը դարձնեմ փարաւոնին, եւ նա ազատ չի արձակի ժողովրդին:

Հովելի երկրորդ գիրք, 3. 9-22

Յայտարարեցէ՛ք ազգերին. «Մարտի ժա՛մ նշանակեցէք, արթնացրէ՛ք պատերազմողներին, հաւաքուեցէ՛ք եւ ելէ՛ք, բոլո՛ր ռազմիկներ: Ձեր խոփերից սրե՛ր կռեցէք եւ ձեր գերանդիներից՝ գեղարդներ: Տկարը թող խրախուսի՝ ասելով, թէ՝ ես հզոր եմ. հաւաքուեցէ՛ք եւ նե՛րս մտէք, շրջակայ բոլո՛ր ազգեր, խմբուեցէք այստեղ. հանդարտ մարդն էլ պատերազմող թող դառնայ: Թող ելնեն ու գնան բոլոր ազգերը Յոսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ դատելու բոլոր ազգերին: Գործի՛ դրէք մանգաղը, որովհետեւ հասել է հունձը, եւ մտէ՛ք, կոխոտեցէ՛ք, որովհետեւ լցուել է հնձանը, եւ փոսերը յորդում են, քանի որ շատացան նրանց չար գործերը»: Ձայներ հնչեցին Դատաստանի ձորում, որովհետեւ մօտ է Տիրոջ օրը Դատաստանի ձորում: Արեգակն ու լուսինը կը խաւարեն, եւ աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը: Տէրը Սիոնից կը կանչի, Երուսաղէմից ձայն կը տայ, եւ կը շարժուեն երկինքն ու երկիրը. սակայն Տէրը կը խնայի իր ժողովրդին, կը զօրացնի իսրայէլացիներին: «Դուք կը ճանաչէք, թէ ես եմ Տէր Աստուածը, որ բնակւում եմ իմ սուրբ Սիոն լերան վրայ. Երուսաղէմը կը սրբանայ, եւ այլազգիները այլեւս չեն անցնի նրա միջով»: Այո՛, կը լինի այնպէս, որ այն օրը լեռները քաղցրութիւն կը բխեցնեն, բլուրները կաթ կը յորդեցնեն, Յուդայի երկրի բոլոր աղբիւրները ջուր կը բխեցնեն, Տիրոջ Տանից աղբիւր կը բխի եւ կ՚ոռոգի շրջակայքի ձորը: Եգիպտոսը եւ Եդոմը ամայի դաշտ կը դառնան Յուդայի երկրի որդիներին արուած անիրաւութիւնների պատճառով, քանի որ արդար արիւն թափեցին իրենց երկրում: Սակայն Հրէաստանը յաւիտենապէս կը բնակեցուի, նաեւ Երուսաղէմը՝ սերնդից սերունդ: «Եւ ես – ասում է Տէրը, – նրանց արեան վրէժը կը լուծեմ, անպարտ չեմ դարձնի նրանց եւ կը բնակուեմ Սիոնի մէջ»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԼԱ. օր Մեծի Պահոց։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: