ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Եսայի մարգարե, 45. 17-26
Նորոգուեցէ՛ք իմ առաջ, ո՛վ կղզիներ, քանզի Իսրայէլը փրկուեց յաւիտենական փրկութեամբ: Դուք չէք ամաչելու, այլեւս ամօթահար չէք լինելու մինչեւ յաւիտենութիւն: Արդարեւ, այսպէս է ասում Տէրը, որ ստեղծեց երկինքը, Աստուած, որ արարեց ու հաստատեց երկիրը, նա, որ կարգաւորեց այն. զուր տեղը չստեղծեց այն, այլ ստեղծեց բնակութեան համար. «Ես եմ Տէրը, ուրիշը չկայ: Ո՛չ գաղտնի խօսեցի եւ ո՛չ էլ երկրի մութ տեղում. Յակոբի սերնդին չասացի, թէ՝ սնոտի բաներ էք փնտռում: Ես եմ, ես եմ Տէրը, որ խօսում եմ արդարութիւնը եւ յայտնում ճշմարտութիւնը: Հաւաքուեցէ՛ք եւ եկէք միասին խորհեցէ՛ք, ո՛վ դուք հեթանոսներից փրկուածներ: Ովքեր վերցրել, բերում էին փայտէ կուռքը եւ աղօթում էին աստուած ներին, չգիտակցեցին, որ նրանք չէին կարող փրկել իրենց: Երբ նրանց յայտնեն, թող մօտ գան, որպէսզի միասին իմանան, թէ այդ ամենի մասին սկզբից ո՛վ լուր տուեց. եւ այժմ էլ ասւում է ձեզ. «Ես եմ Աստուածը, ինձնից բացի ուրիշը չկայ, արդար ու փրկող Աստուածը, ինձնից բացի մէկ ուրիշը չկայ»: Դարձէ՛ք ինձ մօտ, եւ կը փրկուէք, դուք, որ եկել էք երկրի չորս ծագերից: Ես եմ Աստուածը, ուրիշը չկայ: Անձովս եմ երդւում, որ ինչ էլ դուրս գայ իմ բերանից՝ արդարութիւն է, եւ իմ խօսքերը չեն եղծուելու: Ամէն ծունկ ինձ է խոնարհուելու, ամէն լեզու Աստծուն է խոստովանելու եւ ասելու, թէ արդարութիւնն ու փառքը նրա միջոցով են գալու: Եւ բոլոր նրանք, ովքեր իրենց անձը բաժանելու են Աստծուց, ամօթով են մնալու: Աստուծով պիտի արդարանայ եւ փառաւորուի իսրայէլացիների ամէն մի սերունդ»:
Պողոս Առաքյալի նամակը եփեսացիներին, 3. 14 – 4. 13
Ահա թէ ինչու ծնկի եմ գալիս մեր Տէր Յիսուս Քրիստոսի Հօր առաջ, որից իր անունն է ստանում ամէն ազգատոհմ երկնքում եւ երկրի վրայ, որպէսզի դուք, ըստ իր փառքի մեծութեան, իր Հոգու միջոցով զօրութեամբ ամրանաք ներքնապէս. այնպէս որ, ձեր հաւատի միջոցով, Քրիստոս բնակուի ձեր սրտերում, եւ դուք սիրոյ մէջ արմատաւորուած ու հաստատուած լինէք. եւ կարողանաք հասկանալ բոլոր սրբերի հետ, թէ ի՛նչ է լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը, այսինքն՝ ճանաչէք Քրիստոսի սէրը, որ գերազանց է, քան ամէն գիտութիւն, որպէսզի լցուէք Աստծու լրիւ ամբողջութեամբ: Ուրեմն, նրան, որ կարո՛ղ է աւելին անել, առաւել առատութեամբ, քան այն ամէնը, ինչ մենք խնդրում ենք եւ մտածում, ըստ այն զօրութեան, որ գործում է մեր մէջ, նրան փա՜ռք եկեղեցում Քրիստոս Յիսուսով, բոլոր ժամանակներում, յաւիտեանս յաւիտենից: Ամէն:
Արդ, աղաչում եմ ձեզ, ես՝ Տիրոջ համար բանտարկուածս, որ ընթանաք այնպէս, ինչպէս վայել է այն կոչմանը, որին կոչուեցիք. կատարեալ խոնարհութեամբ, հեզութեամբ եւ համբերութեամբ հանդուրժեցէ՛ք մի մեանց սիրով, ջանացէ՛ք պահել հոգու միութիւնը խաղաղութեան կապով. մէ՛կ մարմին եւ մէ՛կ հոգի, ինչպէս որ մէ՛կ է ձեր յոյսը, որին Աստուած կոչեց մեզ: Մէ՛կ Տէր կայ, մէ՛կ հաւատ, մէ՛կ մկրտութիւն, մէ՛կ Աստուած, Հա՛յր բոլորի, որ է բոլորի վրայ, բոլորի հետ եւ մեր բոլորի մէջ: Բայց մեզնից իւրաքանչիւրին տրուած է շնորհ ըստ Քրիստոսի պարգեւած չափի. դրա համար էլ ասում է. Ելաւ բարձունքը, գերիների բազմութիւն գերեվարեց եւ մարդկանց պարգեւներ տուեց: Ելաւ-ն ի՞նչ է, եթէ ոչ այն, որ իջաւ նախ երկրի ստորին կողմը: Նա, որ իջաւ, նոյն ինքն է, որ բարձրացաւ երկինքներից աւելի վեր, որպէսզի լցնի ամբողջ տիեզերքը: Նա շնորհ տուեց ոմանց լինելու առաքեալներ, ոմանց՝ մարգարէներ, ոմանց՝ աւետարանիչներ, ոմանց՝ հովիւներ եւ ուսուցիչներ՝ հաստատելու համար սրբերին իրենց պաշտօնի կատարման մէջ, ի շինութիւն Քրիստոսի մարմնի, մինչեւ որ մենք բոլորս հասնենք հաւատի կատարեալ միութեանն ու Աստծու Որդու ճանաչմանը, կատարեալ մարդու աստիճանին՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԺԸ. օր Մեծի Պահոց։
Օրհ. ակ. Ծով կենցաղոյս: Հրց. բկ. Գ. Մանկունքն գերեալք: Մնկ. ակ. Լոյս փառաց: Հմբ. ակ. Օգնական մեր լեր:
0 կարծիք