Մեծ պահքի ԺԹ. օր

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Երկրորդ օրենք, 8. 11 – 9. 10

Զգո՛յշ եղիր, չլինի թէ մոռանաս քո Տէր Աստծուն, չպահես նրա պատուիրանները, նրա այն կանոններն ու օրէնքները, որ ես հաղորդում եմ քեզ: Այնպէս չլինի, որ ուտելուց ու կշտանալուց յետոյ, գեղեցիկ տներ կառուցելուց ու դրանց մէջ բնակուելուց յետոյ, քո արջառն ու ոչխարը բազմանալուց յետոյ, քո արծաթն ու ոսկին շատանալուց յետոյ, քո ունեցած ամէն ինչը բազմանալուց յետոյ, գոռոզամտանաս ու մոռանաս քո Տէր Աստծուն, որը քեզ դուրս բերեց Եգիպտացիների երկրից՝ ստրկութեան տնից, քեզ անցկացրեց մեծ ու ահազդու անապատի միջով, ուր օձն ու կարիճն են խայթում, ծարաւը տանջում, ուր ջուր չկար, բայց նա քեզ համար ապառաժ քարից ջրի աղբիւր բխեցրեց: Նա քեզ անապատում կերակրեց քո հայրերին անծանօթ մանանայով, որպէսզի քեզ տանջի ու փորձի եւ վերջում բարութիւն անի քեզ: Մի՛ ասա քո մտքում, թէ՝ «Իմ ուժով ու ձեռքի զօրութեամբ եմ տիրացել ես այս մեծ հարստութեան», այլ յիշի՛ր քո Տէր Աստծուն, որովհետեւ նա է քեզ ուժ տալիս այդ հարստութեան հասնելու համար, որպէսզի հաստատի իր այն ուխտը, որ դրել է քո հայրերի հետ, ինչպէս տեսնում ես այսօր: Եթէ պատահի, որ մոռանաս քո Տէր Աստծուն, գնաս օտար աստուածների յետեւից, ծառայես ու երկրպագես դրանց, ապա այսօր երդւում եմ երկնքով ու երկրով, որ դուք անհետ կը կորչէք: Եթէ չլսէք ձեր Տէր Աստծու ձայնը, կը կորչէք այնպէս, ինչպէս կորան միւս ազգերը, որոնց վերացրեց Տէրը ձեր առջեւից:

Լսի՛ր, Իսրայէլ: Այսօր դու անցնում ես Յորդանան գետից այն կողմ, որպէսզի մտնես ու նուաճես քեզանից մեծ ու հզօր ժողովուրդներ, մեծամեծ ու մինչեւ երկինք հասնող պարսպա պատ քաղաքներ, մեծ, բազմամարդ ու բարձրահասակ մի ժողովուրդ՝ Ենակի յետնորդներին, որոնց դու ինքդ ճանաչում ես: Դու լսել ես այն խօսքը, թէ՝ «Ո՞վ կարող է դէմ կանգնել Ենակի յետնորդներին»։ Դու այսօր կ՚իմանաս, որ քո Տէր Աստուածն ինքը, որպէս լափող կրակ, գնալու է քո առջեւից: Նա կոտորելու է, ոչնչացնելու է նրանց քո աչքի առջեւ, կոտորելու է նրանց ու ոչնչացնելու անմիջապէս, ինչպէս որ ասաց քեզ Տէրը: Երբ քո Տէր Աստուածը քո առջեւ սպանի նրանց, քո մտքում մի՛ ասա, թէ՝ «Իմ արդար լինելու համար է, որ Տէրը ինձ բերել է այստեղ, որպէսզի ժառանգեմ այս լաւ երկիրը»: Ոչ թէ քո արդար լինելու, այլ այդ ազգերի ամբարիշտ լինելու համար է, որ քո Տէր Աստուածը կոտորում է նրանց քո աչքի առջեւ: Ոչ թէ քո արդար լինելու եւ քո հոգու մաքուր լինելու համար ես մտնում նրանց երկիրը, որպէսզի ժառանգես այն, այլ այդ ազգերի անօրէնութեան համար է քո Տէր Աստուածը վերացնում նրանց քո առջեւից, որպէսզի հաստատի մեր հայրերին՝ Աբրահամին, Իսահակին ու Յակոբին երդումով արած իր ուխտը: Դու այսօր կ՚իմանաս, թէ քո արդար լինելու համար չէ, որ քո Տէր Աստուածը իբրեւ ժառան գութիւն քեզ լաւ երկիր է տալիս, որովհետեւ դու կամակոր ժողովուրդ ես: Յիշի՛ր, մի՛ մոռացի՛ր, թէ որքան ես անապատում բարկացրել քո Տէր Աստծուն: Այն օրից սկսած, ինչ դուրս եկաք Եգիպտացիների երկրից ու ելաք մինչեւ այս վայրը, ըմբոստանալով էիք գալիս տէրունական այս վայրը: Քորէբում բարկացրիք Տիրոջը, եւ Տէրը զայրացաւ ձեզ կոտորելու աստիճան, երբ ես լեռն էի բարձրանում, որպէսզի ստանամ քարէ տախտակները, ուխտի այն տախտակները, որ Տէրը խոստացել էր տալ ձեզ: Ես քառասուն օր, քառասուն գիշեր մնացի լերան վրայ, հաց չկերայ, ջուր չխմեցի. Տէր Աստուածն ինձ տուեց իր իսկ ձեռքով գրած քարէ երկու տախտակներ: Դրանց վրայ գրուած էին բոլոր այն պատգամները, որ Տէրը լերան վրայ հաղորդել էր ձեր հաւաքի օրը:

Հոբ, 12. 1 – 13. 6

Յոբը նորից խօսեց ու ասաց. «Արդ դո՞ւք էք լոկ մարդիկ. հանճարը ձեզ հե՞տ է մեռնելու: Ես նոյնպէս ձեզ նման սիրտ ունեմ: Արդար ու անարատ մի մարդ է ենթարկուել ծաղրանքի: Սահմանուած ժամանակ պատրաստուեց. տեսաւ իր տները՝ կործանուած օտարից, անօրէնների ձեռքով աւերուած: Բայց ով որ չար լինի՝ թող երբեք չյուսայ, թէ անպարտ կը լինի: Եւ ով որ բարկացնի Տիրոջը, նրանից մի՞թէ չի պահանջուի պատասխան: Բայց դէ ե՛կ ու հարցրո՛ւ գազա նին՝ թէ կը տայ պատասխան, երկնքի թռչունին՝ թէ մի՛ բան կ՚ասի քեզ. ու պատմի՛ր դու երկրին՝ թէ մի բան հասկացնի. կամ ձկները ծովի կը պատմե՞ն մի բան քեզ: Եւ սակայն ո՞վ է, որ չիմացաւ, թէ Տիրոջ ձեռքն է ստեղծել ամէն ինչ: Եւ մի՞թէ իր Տիրոջ ձեռքին չէ կեանքը կենդանի շնչերի ու հոգին ամէն մարդ էակի: Զի միտքն է քննում խօսքն, ու քիմքն է համտեսում կերակուր: Ժամանակի երկարութեան մէջ կայ իմաստութիւն, եւ կեանքի երկարութեան մէջ՝ միտքը հանճարեղ: Նրանի՛ց գալիս են ուժ, իմաստութիւն, Նրա՛նն են խորհուրդներն ու հանճար: Թէ Նա կործանի՝ ո՞վ կը շինի այն, թէ Նա փակ դնի մարդկանց առաջ՝ ո՞վ բաց կ՚անի այն: Թէ Նա արգելք դնի ջրերի առաջ՝ կը չորանայ հողը, իսկ թէ որ թոյլ տայ՝ կը կործանի երկիրը: Նրանի՛ց գալիս են ուժ ու զօրութիւն, Նրա՛նն են հանճար եւ իմաստութիւն: Գերի է քշում խորհրդականներին, յիմարացնում է երկրի դատաւորներին, գահերին է նստեցնում արքաներին եւ գօտի կապում նրանց մէջքին: Գերութեան է ուղարկում քահանաներին ու կործանում է երկրի հզօրներին: Փոխում է խօսքը հաւատարիմի, ծերունիների խելքը ճանաչում: Անարգանք թափում իշխանի գլխին եւ խոնարհներին բժշկում է նա: Երեւան հանում խորքը խաւարի եւ լոյսի բերում ստուերը մահի: Թափառական է դարձնում ազգերին, կործանում նրանց. սփռում է նրանց, եւ՝ առաջնորդում: Երկրի իշխանաց սիրտն է շուռ տալիս, մոլորեցնում է ճանապարհներին, որոնց ծանօթ չեն: Խաւարի միջին միշտ կը խարխափեն ու չեն տեսնի լոյս եւ հարբածի պէս միշտ կը մոլորուեն:

Ահա այս բոլորն են տեսել աչքերն իմ, լսել ականջներս: Ես այնքան գիտեմ, որքան ինքներդ տեղեակ էք լինում. անմիտ չեմ ձեզնից: Սակայն Տիրոջ հետ պիտի խօսէի, ես նրա առաջ պիտի կանգնէի, թէ որ կամենար: Բայց բժիշկներ էք դուք խիստ չարագործ. ողջացնում էք դուք ամէնքդ էլ չարիքներ միայն: Սակայն համրանաք՝ իմաստութիւնն էլ ի վերջոյ կը գայ ձեզ այցելութեան: Լսեցէ՛ք բերնիս գանգատները դուք եւ շրթունքներիս դատաստանին էլ ակա՛նջ դրեցէք:

Եսայի մարգարե, 42. 1-8

Յակոբն իմ ծառան է. օգնական պիտի լինեմ նրան: Իմ ընտրեալն է Իսրայէլը, որը հաճելի եղաւ իմ հոգուն: Իմ շունչը կը տարածեմ նրա վրայ, եւ նա հեթանոսների դատաստանը կը տեսնի: Նա չի աղաղակելու եւ չի վիճելու, ոչ ոք դրսում նրա ձայնը չի լսելու, անգամ ջախջախուած եղէգը նա չի ջարդելու եւ առկայծող պատրոյգը չի մարելու, այլ արդարութեամբ դատաստան է տեսնելու: Նա պիտի ծագի եւ չպիտի խորտակուի, քանի դեռ երկրի վրայ չի հաստատել դատաստանը. եւ հեթանոսները իրենց յոյսը պիտի դնեն նրա անուան վրայ: Այսպէս է ասում Տէր Աստուած, որ ստեղծեց երկինքը եւ կանգնեցրեց այն, հաստատեց երկիրն ու ամէն բան, ինչ կայ նրա վրայ, շունչ տուեց այնտեղ գտնուող մարդկանց, հոգի՝ բոլոր նրանց, ովքեր ոտք են դնում երկրի վրայ. «Ես՝ Տէր Աստուածս, արդարութեամբ կանչեցի քեզ, բռնեցի քո աջ ձեռքից եւ զօրաւոր դարձրի քեզ, իբրեւ ուխտ տուեցի քեզ ժողովրդին եւ իբրեւ լոյս՝ հեթանոսներին, որպէսզի կոյրերի աչքերը բանաս եւ խաւարի մէջ նստած կալանաւորներին հանես բանտից ու զնդանից: Ես եմ Տէր Աստուածը, սա է իմ անունը, իմ փառքը ուրիշին չեմ տայ, ոչ էլ իմ քաջութիւնը՝ կուռքերին»:

ՏՈՆԱՑՈՒՅՑ

ԺԹ. օր Մեծի Պահոց։

Օրհ. բձ. Դարձո զցասումն: Հրց. բկ. ստղ. Աստուած հզօր: Մնկ. բձ. Մանկունք եկեղեցւոյ: Հմբ. բձ. Համբառնալով:

, , , ,

Կան բաներ, որոնց առնչյալ պետք չէ կարծիք կամ մեկնաբանություն թողնել կամ գրառել։ Պարզապես խորհիր, ինքդ քեզ համար։

Կայքի սպասարկումը՝ ԱԲՍՏՐԱԿՏ