ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Ելք, 2. 11-22
Շատ օրեր յետոյ, երբ Մովսէսը մեծացաւ, գնաց իր ազգակիցների՝ իսրայէլացիների մօտ, ականատես եղաւ նրանց չարչարանքներին: Նա նկատեց, որ մի եգիպտացի ծեծում էր իր եբրայեցի եղբայրներից մէկին՝ մի իսրայէլացու: Մովսէսն այս ու այն կողմ նայեց եւ ոչ ոքի չտեսնելով, սպանեց եգիպտացուն եւ նրան թաղեց աւազի տակ: Յաջորդ օրը նա տեսաւ իրար հետ կռուող երկու եբրայեցիների եւ անիրաւութիւն անողին ասաց. «Ինչո՞ւ ես ծեծում ընկերոջդ»: Սա պատասխանեց. «Ո՞վ է քեզ իշխան ու դատաւոր կարգել մեզ վրայ, թէ՞ ինձ էլ ես ուզում սպանել, ինչպէս որ երէկ սպանեցիր եգիպտացուն»: Մովսէսը վախեցաւ՝ մտածելով, որ եղելութիւնը յայտնի է դարձել: Երբ փարաւոնը լսեց այդ դէպքի մասին, պահանջեց, որ սպանեն Մովսէսին: Մովսէսը փախաւ փարաւոնի պատճառով ու բնակուեց Մադիամի երկրում: Մադիամի երկիրը գալով՝ նա նստեց մի ջրհորի մօտ: Մադիանացիների քուրմն ունէր եօթը դուստր, որոնք արածեցնում էին իրենց հօր ոչխարները: Նրանք եկել էին ջուր հանելու եւ լցնելու աւազանները, որպէսզի ջրեն իրենց հօր ոչխարները: Բայց եկան ուրիշ հովիւներ եւ աղջիկներին հեռու քշեցին: Մովսէսը ոտքի ելաւ եւ պաշտպանեց նրանց, ջուր հանեց ու ջրեց նրանց ոչխարները: Աղջիկներն եկան իրենց հօր՝ Հռագուէլի մօտ: Սա նրանց հարցրեց. «Ինչո՞ւ այսօր օրը ցերեկով վերադարձաք»: Նրանք պատասխանեցին. «Մի եգիպտացի տղամարդ մեզ փրկեց այդ հովիւների ձեռքից, ջուր հանեց ու ջրեց մեր ոչխարները»: Հայրը հարցրեց իր դուստրերին. «Իսկ ո՞ւր է նա, ինչո՞ւ թողեցիք այդ մարդուն: Արդ, կանչեցէ՛ք նրան, որ հաց ուտի»: Եւ Մովսէսը բնակուեց այդ մարդու մօտ, եւ սա իր դուստր Սեփորային Մովսէսին կնութեան տուեց: Կինը յղիացաւ ու ծնեց որդի, որին Մովսէսը Գերսամ անուանեց ասելով՝ ես պանդուխտ եմ օտար երկրում:
Հովել մարգարե, 2. 1-11
Փող զարկէք Սիոնի մէջ, կո՛չ արձակեցէք իմ սուրբ լերան վրայ, թող հաւաքուեն երկրի բոլոր բնակիչները, քանի որ հասել է Տիրոջ օրը, քանի որ մօտ է խաւարի եւ մէգի օրը, ամպի եւ մառախուղի օրը: Ինչպէս առաւօտ, լեռների վրայ կը տարածուի բազմամարդ եւ հզօր զօրքը. այդպիսին չի եղել յաւիտենական ժամանակներից եւ նրանից յետոյ այլեւս չի լինի սերնդից սերունդ: Նրա առջեւից լափող կրակն է, նրա յետեւից՝ բորբոքեալ բոցը. նրանից առաջ երկիրը դրախտային այգի, իսկ նրանից յետոյ՝ ապականուած դաշտ. եւ փրկուող չի լինի նրանից: Նրա տեսքը երիվարների նման է. նրանք կ՚արշաւեն որպէս հեծեալներ. որպէս կառքերի դղրդիւն կ՚ասպատակեն լեռների գագաթներին, որպէս ձայնը բոցակէզ կրակի, որ ուտում է եղէգը, որպէս պատերազմի պատրաստուած բազմամարդ ու հզօր զօրք: Նրանց առաջ ազգեր կը խորտակուեն, եւ բոլոր դէմքերը կը դառնան ինչպէս սեւացած պուտուկ: Նրանք կը յարձակուեն որպէս ախոյեաններ եւ որպէս ռազմիկներ կը բարձրանան պարիսպների վրայ. իւրաքանչիւրն իր ճանապարհով կը գնայ, եւ չեն շեղուի իրենց շաւիղներից, Մարդն իր եղբօրից եւ ընկերոջից չի զատուի: Իրենց զէնքերով ծանրացած կը գնան եւ իրենց նետերի վրայ կ՚ընկնեն եւ չեն մեռնի: Կը խուժեն քաղաք, կը քայլեն պարիսպների վրայ, կը մագլցեն տները եւ գողերի նման ներս կը մտնեն պատուհաններից: Նրանց առաջ երկիրը կը խռովուի, երկինքը կը ցնցուի, արեգակն ու լուսինը կը խաւարեն, եւ աստղերը կը թաքցնեն իրենց լոյսը: Եւ Տէրն իր ձայնը կը բարձրացնի իր զօրքի առաջ, քանի որ չափազանց շատ է նրա բանակը, եւ հզօր՝ նրա պատերազմական գործը, որովհետեւ մեծ է Տիրոջ օրը, մեծ եւ շատ նշանաւոր. ո՞վ կարող է դիմանալ դրան:
Միքիա մարգարե, 4. 1-7
Գալիք օրերում յայտնի կը դառնայ Տիրոջ տաճարի լեռը՝ հաստատուած լեռների գագաթների վրայ, կը բարձրանայ բլուրների վրայ, եւ շատ ժողովուրդներ կը շտապեն դէպի նա: Եւ շատ ազգեր կը գնան եւ կասեն. «Եկէ՛ք բարձրանանք Տիրոջ լեռը եւ Յակոբի Աստծու տունը. մեզ ցոյց կը տան նրա ճանապարհը, եւ մենք կը գնանք նրա շաւիղով»: Արդարեւ, Սիոնից են դուրս գալիս օրէնքները, եւ Տիրոջ խօսքը՝ Երուսաղէմից: Նա դատ կ՚անի բազում ժողովուրդների մէջ եւ կը յանդիմանի հզօր ազգերին, մինչեւ իսկ հեռաւորներին, նրանք իրենց սրերից խոփ կը ձուլեն, գեղարդներից՝ մանգաղ, եւ այլեւս մի ազգ միւսի վրայ սուր չի բարձրացնի, եւ մարդիկ այլեւս չեն սովորի պատերազմել: Իւրաքանչիւրը կը հանգստանայ իր որթատունկի եւ իր թզենու տակ, եւ չի լինի ոչ ոք, որ սարսափ ազդի, քանի որ Ամենակալ Տիրոջ բերանը խօսեց այս բանը: Թող բոլոր ժողովուրդներից իւրաքանչիւրն իր ճանապարհով գնայ, սակայն մենք կը գնանք մեր Տէր Աստծու անուամբ մշտապէս: «Այն օրը, – ասում է Տէրը, – կը հաւաքեմ ցրուածներին եւ հեռացածներին, կ՚ընդունեմ նաեւ մերժուածներին, բեկուածին զօրեղ կը դարձնեմ եւ մանրացածին՝ հզօր ազգ, եւ Տէրը Սիոն լերան վրայ կը թագաւորի այսուհետեւ մինչեւ յաւիտեան:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
Ժ. օր Մեծի Պահոց։
Օրհ. ակ. Ծով կենցաղոյս: Հրց. ակ. Գ. Աստուած հարցն մերոց: Մնկ. ակ. Լոյս փառաց Բանդ: Հմբ. ակ. Օգնական մեր լեր։
0 կարծիք