Այն հարցը, որը հասարակության համար դառնում է թիվ մեկ խնդիր, արդեն քաղաքական է։ Բուշի նախորդ ընտրություններում աբորտի հարցը այդպիսի խնդիր էր։ Բնականաբար Եկեղեցին չէր կարող անտարբեր մնալ։ Ստացվում է, որ Եկեղեցին շատ հարցերում չի կարող չմտնել քաղաքական դաշտ, այլապես կդառնա անտարբեր հասարակության և իր հոտի նկատմամբ։
Հաճախ Եկեղեցին պետք է մտնի նույնիսկ միջկուսակցական քաղաքական դաշտ, բայց զուտ հաշտության զինանշանով։
Ինչ վերաբերում է Տիրոջը, ապա այդ ժամանակաշրջանում Իր արծարծած շատ հարցերը տվյալ հասարակության ամենից շատ հուզող խնդիրներից էին, ինչպես շաբաթը, սամարացիների հետ շփումը, Երուսաղեմի տաճարի հարցը և այլն։ Հետագա դարերում կտեսնենք, որ արիոսականության, պատկերամարտության և այլ աստվածաբանական հարցեր եղել են ժամանակի քաղաքական հարցերը, որոնց պատճառով և կայսրերն իրենք են նախաձեռնողները եղել ժողովներ հրավիրելու։
Տիրոջ դատավճիռն էլ էր քաղաքական բնույթ կրում։
Այնուամենայնիվ կան շատ քաղաքական հարցեր, որոնց Եկեղեցու մասնակցությունը դրական չէ։