Կանանց դերը

Started by Mariam, June 29, 2005, 12:22:19 PM

Previous topic - Next topic

Mariam

Հայր սուրբ, կներեք, բայց նույն հարցը, տարբեր ձևերով, տարբեր ժամանակներում կրկնվում է, ու լուծում չէ գտած - գոնե ինձ համար:
Ձեզ ասեմ, որ երբ եկեղեցում եմ ժամերգության ատեն, միշտ տխրում եմ, ու կրկնակի տխրում, որովհետև միակ վշտացողը ես եմ մեծ հավանականությամբ:
Տխրում եմ, որովհետև ինչպես Արցախի խորհրդանիշ դարձած «Պապիկ ու տատիկ» արձանը տատիկի բերանն է փակել, այնպես Հայ Եկեղեցում մեր բարքերը փակել են մեր կանանց ձայնը:
Անձնապես ինչքան կփափաքեի լսել մի քանի աղջիկների ձայնը եկեղեցում, Աստվածաշնչի նրանց կատարած ընթերցումը, նրանց կատարած սաղմոսերգությունը ու շարականների երգեցողությունը: Բայց ավա՛ղ ժամերգությունը վերապահված է տղամարդկանց: Շատ հաճախ,եկեղեցում ծառայող մեր տղամարդկանց ձայնը գեղեցիկ է և հոգևոր, ու շատ օգտակար ժամերգություն են կատարում: Բայց դա չի արգելում, որ մյուս հավատացյալների ձայնը լսելու ունեցածս ցանկությունը մեծ լինի:

Mariam

Թույլ տվեք, որ իմ զարմանքը հայտնեմ: Կանանց այն շրթերը, որոնք պիղծ չեն համարվում - խոստովանությունից հետո - Սուրբ Հաղորդությունը ընդունելու համար, սակայն պիղծ են համարվում սաղմոսերգության համար: Ի՞նչ է ավելի մեծ ու սարսափելի Խորհուրդը՝ Սուրբ Հաղորդությո՞ւնը, թե սուրբ Աստվածաշո՞ւնչը: Երկուսը անպայման անչափ մեծ խորհրդներ են, իսկ եթե մեկը մյուսից ավելի ահարկու կարող է համարվել, Սուրբ Հաղորդությունն է անտարակույս:

Abegha

Quote from: Mariam on November 23, 2006, 01:16:03 PM
Թույլ տվեք, որ իմ զարմանքը հայտնեմ: Կանանց այն շրթերը, որոնք պիղծ չեն համարվում - խոստովանությունից հետո - Սուրբ Հաղորդությունը ընդունելու համար, սակայն պիղծ են համարվում սաղմոսերգության համար:

Ես նորից կարդացի այս թեման և ցանկանում եմ հավելել, Մարիամ ջան, որ որևէ տեղ գրված չէ, որ կանանց շուրթերը պիղծ են սաղմոսերգության համար։ Ճիշտ չէ նման ենթադրություններ կատարելը։

Իսկ ինչ վերաբերում է վերը նշվածին՝ լռությամբ հետևելուն, ապա պետք է նկատի ունենալ, որ եկեղեցում գտնվող անձը լռությամբ չի հետևում, այլ՝ մասնակցում է։

Abegha

Այս տեսակ հարցերում Եկեղեցին հետևել է Առաքյալի խոսքերին, տե՛ս Պողոս, Ա Կորնթ., գլ. 14, հմր. 34-38:

Abegha

Նորից հավելեմ.
Չէ որ Սբ. Պատարագի ընթացքում երգեցիկ դպրաց դասը, որը ներկայացնում է ժողովրդին, և ժողովուրդ, այսինքն՝ եկեղեցում ներկաները, պետք է ցածրաձայն հետևեն և երգեն դպրաց դասի հետ, չէ որ այդ երգեցիկ դասի կեսից ավելին շատ եկեղեցիներում կանայք են։ Իսկ ինչպես քաջ գիտեք, դպրաց դասի երգած հատվածներից շատերը համեմված են սաղմոսներից վերցված հատվածներով։

Mariam

#15
Գրեցիք.«Իսկ ինչ վերաբերում է վերը նշվածին՝ լռությամբ հետևելուն, ապա պետք է նկատի ունենալ, որ եկեղեցում գտնվող անձը լռությամբ չի հետևում, այլ՝ մասնակցում է:»
Բոլորովին համաձայն եմ: Սակայն, սրբերը բացատրեցին աղոթելու տարբեր ձևերի նշանակությունը, վերագրում են նրանց տարբեր «օգտակարություն»:Ասում են, որ սաղմոսերգությունից հետո հասնում ենք լուռ աղոթքի գանձերին, որոնք անբաղդատելիորեն վեր են սաղմոսերգությունից:
Սակայն, Հայր սուրբ, աղջիկս հեռու է լուռ աղոթքի աստիճանից, ու նա ժամերգության ատեն չի համբերում, երկարորեն չի կարող լուռ մնալ: Արդյունքում՝ նա զրկվում է ժամերգությունից, որը ճամբա է դեպի լուռ աղոթքը: Եթե նա սաղմոսները չերգի, կզրկվի լուռ աղոթքի գանձից: Ի՞նչ անեմ. տան մեջ երբեմն սաղմոս երգե՞նք:
Մեր տները կդառնան աղոթքի դպրոցներ, ուր ամեն ինչ կատարվում է սիրով և ուրախությամբ - հակառակ պարագային, մեր երեխաներին կզզվեցնենք:
Տունը՝ հավատի ու աղոթքի հիմքը պիտի տա՞, թե... եկեղեցին: Այն թեմերում , ուր եկեղեցին չունի միօրյա դպրոց, հավատի դաստիարակությունը բոլորովին մայրական հոգատարությանն է հանձնված:

Գալով Ա Կորնթ.14-35. Հայր սուրբ, ինչպե՞ս կհասկանաք այս տողը.
«Իսկ եթե (կանայք») ուզենան մի բան սովորել, տանը թող իրենց մարդկանց հարցնեն...»
Գիտե՞ք մի քահանա այսպես է պատասխանել իրենից ավետարան խնդրող կնոջ մը: Կանայք ավետարան կարդալու կարիք չունեն, նրանց գլուխը չի մտնելու Աստծու խոսքը: Այս կինը այս դեպքը ինձ պատմելիս, ավելացրել է.«Հայրս անհավատ է»
Հավատացյալ կանանց ամուսինները երբեմն - կամ հաճախ - անհավատ են:
Սուրբ Պողոսը այստեղ ավելին չասե՞ց , քան իր միտքը:  Մի քիչ չմեըղանչե՞ց բարկությամբ:
Նա սուրբ է, բայց Քրիստոսը չէ, ու երբեմն - ինչպես ինքն է ուրիշ տեղ խոստովանում՝ տկարություն է զգում, որպեսզի չհպարտանա, ու իմանա, թե իր իմացությունը Աստծուց է գալիս:Այսինքն սուրբ է, ընդհանրապես, բայց տկար կետեր, տկար կետեր է ունեցել, տկարության պահեր է ճանաչել:
Ինչպե՞ս ևս հասկանում եք հետևյալ տողը 36 «Միթե ձեզնի՞ց ելավ Աստծու խոսքը, կամ թե միայն ձե՞զ հասավ:»
Հավանաբար սուրբ Պողոսը բարկացել է իրեն ծանոթ մի քանի կանանց վրա, ու նրա բարկությունն ու արհամարհանքը թափվում է մինչև մեր՝ քասններորդ դարու կանանց գլխների վրա: Չասեք, թե իր այս խոսքերի մեջ արհամարհանք ու ատելություն չկա:

Mariam

#16
Նոր եմ հասկացել սուրբ Պողոսի անտաշ - ներեցե'ք - արտահայտության իմաստը:
Ոչ թե բառացիորեն՝ Ասետարանի իմաստը ըմբռնելու համար պիտի շրջապատիս ահնավատ ու հոգևոր դաստիարակություն չունեցող տղամարդկանցից բացատրություն խնդրեմ: Դա, ի հատկե, ծիծաղելի կլիներ:
Բայց անտարակույս՝ իմ հավատի կերտման մեջ անփոխարինելի մեծ դեր են ունեցել տղամարդկանց՝ աստվածաբանների, հոգևորականների լուսաբանությունները: Հավատի Հայրերը, վարդապետները, սրբերի քարոզները մեզ բոլորիս՝ կանանց ու տղամարդկանց հավատի կերտողներն ու դաստիարակները՝ տղամարդիկ են:
Իմ պարտքը նրանց նկատմամբ անգնահատելիորեն մեծ է, և ուրախությամբ ջանում եմ նրանց չմոռանալ աղոթքներիս մեջ:Զգում եմ, թե ինչպիսի մեծ ներդրումներ են նրանք կատարել հենց իմ հոգու մեջ:
Նմանապես՝ սրբուհիների դերը, ճիշտ է՝ իրենց աղոթքի միշտ աննշմարելի ու քնքուշ ձևով, մայրական հոգածություն է՝ զավակի հանդեպ ցուցաբերված: Ու նրանք իրենց աղոթքով ու օրինակով մեր կյանքի հավատարիմ ուղեկիցներն են:
Դերերն ու տեղերը տարբեր են:
Բայց ծիծաղելի  բա՞ն չէ, երբ հոգևորապես մեզանից տկար տղա կամ տղամարդ ջանում է մեզ զգացնել իր - չունեցած - հոգևոր առավելությունը:Դա տարածված մի բարդույթ է հայության մեջ առավելապես: Ընդունեցեք, թե բոլորդ հավատի սյուներ չեք, ու հարգեք հավատի այն լույսերը, որոնք Աստված է դրել մեր՝ կանանց հոգում, որպեսզի նրանց փոխանցենք մեր երեխաներին, և ինչո՞ւ չէ, մեր շրջապատի անհավատ տղամարդկանց:

MONK

Կենսակերպ
ԿԱՆԱՆՑ ՔԱՀԱՆԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ՄԱՍԻՆ
________________________________________

________________________________________
«Ազգի» հունիսի 20-ի համարում հրապարակվեց մի հաղորդագրություն, համաձայն որի ԱՄՆ եպիսկոպոսական եկեղեցին իր պատմության մեջ առաջին անգամ հովվապետ է ընտրել կին եպիսկոպոսի` Քեթրին Ջեֆերս Շորիին: Այս առիթով որոշեցինք երկու խոսքով անդրադառնալ ընդհանրապես կանանց քահանայության խնդրին: Թեպետ այն մեր եկեղեցու եւ հասարակության համար սուր հրատապություն չի ներկայացնում, այդուհանդերձ, լիովին բացառել դրա առկայությունը սխալ կլինի:
Արդի դարաշրջանի կենսակերպի եւ մտայնության պայմանները քրիստոնեական եկեղեցու համար առաջադրում են նորանոր հարցեր` փորձելով վերանայել իր մի շարք սկզբունքային դիրքորոշումներ: Վերջին տասնամյակներին լայն թափ ստացած ֆեմինիստական տարբեր շարժումների արդյունքում նման հարցերից մեկը դարձավ կանանց քահանայության խնդիրը: Կինն այսօր հասարակական կյանքի գրեթե բոլոր ասպարեզներում տղամարդու կողքին հավասար դիրք է գրավում, հետեւաբար հարց է ծագում՝ չի՞ կարող արդյոք նույն ոգով նաեւ քահանայական աստիճան ստանալ: Այս հարցին բոլոր առաքելահաստատ ուղղափառ եկեղեցիները, այդ թվում եւ Հայ առաքելական եկեղեցին, միշտ էլ միանշանակ ժխտական պատասխան են տվել, մինչդեռ բողոքական հարանվանությունները եւ Անգլիկան եկեղեցին որոշ վերապահումների են դիմում` կանանց շնորհելով քահանայական, անգամ եպիսկոպոսական աստիճան: Նման քայլը փորձ է արվում հիմնավորել Սուրբ գրքով` վկայակոչելով Պողոս առաքյալի խոսքը. «Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտուեցիք, Քրիստոսով զգեստաւորուեցիք, ուրեմն, խտրութիւն չկայ ո՛չ հրեայի եւ ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի եւ ո՛չ ազատի, ո՛չ արուի եւ ո՛չ էգի. որովհետեւ դուք ամէնքդ մեկ էք ի Քրիստոս Յիսուս» (Գաղատ. Գ:27-28): Եթե խտրություն չկա, ապա դա պետք է լինի բոլոր պարագաներում, հետեւաբար` նաեւ քահանայության հարցում: Վկայակոչումն առավել հաստատուն է դառնում Պետրոս առաքյալի կողմից քրիստոնյաներին տրվող բնորոշումով. «Բայց դուք ընտիր ցեղ էք, թագաւորութիւն, քահանայութիւն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ» (Ա Պետ. Բ:9, տե՛ս նաեւ Ելք ԺԹ:6, Յայտ. Ե: 10): Հետեւաբար, վերոհիշյալ խնդրին արգելք եղող պատճառներն ավելի շատ արգասիք են ավանդապաշտական նախապաշարումների:
Սակայն որքանո՞վ է սա համապատասխանում իրականությանը: Որպեսզի մեզ հստակորեն ներկայանան կանանց քահանայագործման արգելքները, նախ նշենք, որ քրիստոնեական եկեղեցու քահանայությունը սկզբնավորվում է հենց Քրիստոսից, եւ քահանան իր անձով խորհրդանշորեն ներկայացնում է նրան: Անժխտելի է այն փաստը, որ մարմնացյալ Աստվածորդին հանդես է գալիս տղամարդու կերպարանքով, հետեւաբար կնոջ անձը երբեք չի կարող դառնալ նրա խորհրդանշական պատկերը:
Քրիստոսի քահանայական իշխանությունն իր շարունակական ընթացքն ունեցավ առաքյալների միջոցով, իսկ Քրիստոս երբեք իր ընտրյալ 12 առաքյալների թվում որեւէ կնոջ չընդգրկեց, հակառակ, որ նրա հետեւորդների թվում կային բարեպաշտ կանայք, որոնք նրա կողքին էին անգամ այն ժամանակ, երբ առաքյալները լքել էին նրան: Կանանց քահանայության ջատագովները սա փորձում են բացատրել հետեւյալ կերպ. կինը հրեական միջավայրում ճնշված կարգավիճակում էր, եւ Քրիստոս, հարմարվելով ընդունված կարգին, ընտրեց միայն տղամարդկանց: Նախ` Քրիստոս երբեք տուրք չտվեց այդ կարգերին, այլ ընդհակառակը, վերացրեց կնոջ նկատմամբ եղած ավանդական սահմանափակումները. ուշադրության էր արժանացնում նրանց, այցելում եւ ուսուցանում ( Ղուկ. Ժ:38-40), անթաքույց զրուցում նրանց հետ (Հովհ. Դ:6-27), բժշկում եւ կատարում նրանց խնդրանքները ( Մարկ. Ա:29), ներում եւ պաշտպանում է օրենքով դատապարտելի շնացող կնոջը (Հովհ. Ը:3-11), որով ցույց է տալիս նաեւ, որ այս հարցում կնոջ պատիժն ավելի խիստ չպետք է լինի, քան տղամարդունը, վերացնում է տղամարդու` կամայականորեն կնոջն արձակելու օրենքը` հավասար իրավունքներ հաստատելով նրանց միջեւ ( Մատթ. ԺԹ:3-9, Մարկ. Ժ:2-11), իր հարությունից հետո նախ կանանց է երեւում, իսկ նրա հարության լուրը հրեշտակները կանանց են հանձնարարում հաղորդել աշակերտներին (Մատթ. ԻԸ:7-10): Կանանց այս աստիճան բարձրացնող Տերը երբեք չէր կարող զանց առնել այնպիսի կարեւոր հանգամանք, ինչպիսին քահանայությունն է, իսկ մարդկային, այն էլ սխալ օրենքների նկատմամբ հարմարվողականություն վերագրել հանուն արդարության եւ ճշմարտության խաչյալ Փրկչին` պարզապես անհանդուրժելի է:
Առաքելական շրջանում եւս կին քահանաների չենք հանդիպում, չնայած նրանք բարեսիրական գործունեություն էին ծավալում (Գործք Թ:36), սպասարկում եկեղեցուն (Հռոմ. ԺԶ:1), անգամ մարգարեանում (Գործք ԻԱ:9), բայց ոչ երբեք` քահանայագործում: Այս փաստն ընդգծվում է հատկապես նրանով, որ Հուդայի փոխարեն 12-րդ առաքյալի թեկնածուներ են առաջադրվում երկու տղամարդ աշակերտներ (Գործք Ա: 15-26), մինչդեռ կարո՞ղ էր լինեն ավելի մեծ թեկնածու, քան Տիրամայրն էր:
Հրեական միջավայրում ընդունված սովորություններն այստեղ եւս դեր խաղալ չէին կարող, քանի որ առաքյալներն իրենց քարոզչությամբ շուտով դուրս եկան հրեական շրջանակից եւ տարածվեցին դեպի շրջակա քաղաքներն ու երկրները, ուր հունահռոմեական քաղաքակրթության եւ հեթանոս քրմուհիների առկայության պայմաններում բնավ խորթ պիտի չթվար կին քահանաների գոյությունը, սակայն այստեղ եւս կին քահանաների չենք տեսնում` չնայած հրեական շատ օրենքներ ու սովորույթներ, ինչպես օրինակ` թլփատությունը, պարտադիր չհամարվեցին:
Արգելքի էությունը հասկանալու համար նշենք, որ Աստծո եւ նրան հավատացող մարդկության միջեւ կնքված ուխտը Հին կտակարանում խորհրդանշորեն նույնացվում է հարսի եւ փեսայի միջեւ եղող սիրո հետ (տե՛ս Օսէէ Բ:16, Երեմ. Բ:2, Երգ երգոց): Նոր կտակարանում եւս Քրիստոս եւ եկեղեցին հանդես են գալիս որպես փեսա եւ հարս (տե՛ս Մարկ. Բ:19, Հովհ. Գ:28-30, Բ Կորնթ. ԺԱ:2, Յայտ. ԺԹ:7-8):
Ինչպես կինն է գոյություն առել ամուսնու կողից, այնպես էլ եկեղեցին է հիմնվել Քրիստոսի կողից բխած ջրի եւ արյան` Ս. Մկրտության եւ Ս. Հաղորդության խորհուրդների վրա: Եվ եթե առաջին Ադամը մեղքի ու մահվան իշխանության տակ ընկավ կողակցի դրդումով, ապա երկրորդ Ադամը` Քրիստոս, ազատեց իր կողակցին` եկեղեցուն, այդ իշխանությունից եւ հաստատեց անարատության եւ սրբության մեջ: Ինչպես ամուսինն ու կինն են մեկ մարմին, այնպես էլ Քրիստոս եւ եկեղեցին: Քրիստոս, որ գլուխն է եկեղեցու, իրականացրեց մարդկության փրկությունն իր մարմնի խաչելությամբ ու հարությամբ եւ շարունակում է փրկագործությունը դարձյալ իր մարմնի` եկեղեցու միջոցով: Քահանան հանդես է գալիս ոչ թե սոսկ իբրեւ մարմնի անդամներից մեկը, այլ խորհրդանշում է հենց գլուխը` Քրիստոսին, ուստի նա պետք է նման լինի նրան ամեն ինչով, նաեւ սեռով:
Ինչ վերաբերում է Գաղատ. Գ:27-28 եւ Ա Պետ. Բ:9 վերոնշյալ համարներին, ասենք, որ քրիստոնեական քահանայության երկու ըմբռնում գոյություն ունի. առաջինը քրիստոնյաների համընդհանուր քահանայական կարգն է, որ տրվում է մկրտությամբ` փրկության եւ հաղթանակած եկեղեցու անդամ դառնալու համար: Սրանով իրոք վերանում են բոլոր տեսակի սեռային, ազգային, տարիքային, դասային եւ այլ տարբերությունները, եւ ամենքը հավասարվում են փրկության շնորհի առջեւ: Երկրորդը պաշտոնակատար կամ սպասարկու քահանայությունն է, որով համընդհանուր քահանայության միջից ընտրված անձինք, ձեռնադրությամբ ստանալով առաքելավանդ իշխանությունը, կոչվում են կատարելու սրբազան խորհուրդներն ու պաշտամունքային ծիսակարգերը եւ դառնալու Տիրոջ տեսանելի ու շոշափելի խորհրդանիշները: Այս երկրորդ պարագայում էլ հենց կանանց առջեւ պատնեշվում է բնական եւ աստվածադիր արգելքը:
Այսուհանդերձ հստակեցնենք, որ տղամարդու եւ կնոջ համար հաստատված այս կարգը երբեք էլ խտրականություն կամ ստորադասում մտցնել չի նշանակում, այլ Աստծո սահմանած նվիրաբաշխում: Աստված կնոջը տվել է մեկ այլ մեծագույն շնորհ` մայրությունը, որով նա կարողացավ բարձրանալ իր ճնշված դիրքից եւ հասնել Աստվածամոր փառքին: Տեղին է իբրեւ եզրափակում հիշել Գարեգին կաթողիկոս Հովսեփյանցի խոսքը, ըստ որի ընտանեկան հարկը մի եկեղեցի է, որի քահանան մայրն է:
ԳԱՐԻԿ ՍԱՐԿԱՎԱԳ ԱՍՐՅԱՆ, ՄԱՅՐ ԱԹՈՌ Ս. ԷՋՄԻԱԾՆԻ ՄԻԱԲԱՆ

Եկեղեցին Հայկական ծննդավայրն է հոգուս... (Վ. Թեքեյան)

Mariam

#18
Շատ հետաքրքիր ուսումնասիրության համար՝ շնորհակալություն: Երևի անհրաժեշտ է լրիվ թեման բանալ նրանով:
Սակայն,ցանկանում եմ հավելել, թե հուսով եմ, որ ինձ չվերագրեցիք քահանայության հասնելու ցանկությունը: Անձնապես, կբավարարվեի Հյուղաբեր Կանանց ունեցած սիրով Քրիստոսի նկատմամբ, նրանց համբերությամբ ու կույր հավատարմությամբ, պարզապես՝ յանուն սիրո, երբ նրանց չէր բացատրված ու հայտնաբերված աստվածային խորհրդները , այնպես, ինչպես Տերը այդ արեց իր տղամարդիկ աշակերտների համար - Ըստ Ալեքսանտր Շմեմանի: Կբավարարվեի Աստվածային Խորհրդների հավատարիմ այս կանանց ունեցած հատուկ ըմբռնմամբ: Կբավարարվեի Սիմոն- Պետրոսի զոքանչի կամ Մարթայի ծառայելու պատրաստակամությամբ և սուրբ Մարիամ Մագդաղենացու անհուն երախտագիտությամբ: Սուրբ Մարիամ Աստվածածնի համեստության ու խոնարհության մի մասնիկով, նրանց բոլորի աղոթասիրությամբ:
Անձնապես ցանկանում եմ միայն տեսնել սպասավոր դասի հարգանքը այս առաքինությունների նկատմամբ: Եվ ինչո՞ւ չէ հավատարիմ աղոթասեր երիտասարդների ավելի լայն մասնակցություն մը ժամերգություններին, կամ նրանց համար աղոթելու հատուկ պահերի ստեղծումը՝ նրանց հոգևոր դաստիարակության նպաստելու նպատակով:
Կանանց քահանայության հարցում, բոլորովին բացասական համոզում ունեմ: Ընդունում եմ, որ ինչպես Հիսուսը իր ընտրյալ տղամարդ աշակերտներին է միայն պատրաստել քահանայության, այսօր և մշտապես քահանայությունը վերապահված է տղամարդկանց:
Աղոթքի խորհուրդը և բարեգործությամբ ծառայությունը բաց են բոլորի համար, բայց ո'չ քահանայությունը:
Հուսով եմ, թե այս ուսումնասիրությունը կարժանանա ավելի խորիմաստ պատասխանների:

Mariam

#19
Կներեք՝ մատնանշեցիք Հռով.ԺԶ.1: Հայերեն գրաբար թարգմանությունը գործածում է «սպասավոր» արտահայտությունը, մընչդեռ ֆրանսերեն ունեցածս երկու Աստվածաշունչ մատյաններում, կարդում ենք՝ «սարկավագուհի» բառը: Հավանաբար կկարողանաք ինձ լուսաբանել. հունարեն բնագիրը ո՞ր դարձվածք է գործածում:
Ենթադրում եմ, որ  բնագրում գրված է « սարկաւագուհի»՝ diaconesse:
Կանանց՝ սարկաւագության աստիճան շնորհելու արգելք կա՞:
Ձեր մատնանշած օրինակում, կին մը շատ գովվեց սուրբ Պողոսի կողմից՝ հավատացյալների հանդեպ իր ցուցաբերած հօգատարության համար: Ուրեմն, նա չսահմանափակվեց իր ընտանիքի բերելիք խնամքով - որը առաջնահերթ է, բայց որը կարող է տեղ թողնել եկեղեցու առօրեական պարտականություններին օգտակար մասնակցության համար:
Սուրբ Մարիամ Աստվածածինը լավագույն ձևով կատարեց մայրության խորհուրդը, նույնաժամանակ աղոթքի վառ օրինակ հանդիսանալով: Եկեղեցին լռության է մատնում իր Աստծու տաճառի հանձնումն ու ընծայումը: Հոգևոր հզոր դաստիարակություն է նա ստացել, որ անհրաժեշտ էր իր Աստվածամոր դերը կատարելու համար:
Նույնպես հոգևոր հզոր դաստիարակություն ստանալը եկեղեցում մեծ օգուտ կընծայեր մեր դստրերին: Հպարտանում ենք մեր հոգևոր դասի ստացած հոգևոր բարձր դաստիարակությամբ ու իմացությամբ: Կցանկանայինք, որ հոգևոր արժեքներից անմասն չլինեն մեր աղջիկները ու նույնպես կարևորվեր նրանց օժտելը հոգևոր բարձր իմացությամբ: