ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Պողոս Առաքյալի նամակը գաղատացիներին, 6. 1-13
Եղբայրնե՛ր, եթէ ձեզնից մէկը ինչ-որ յանցանքի մէջ բռնուի յանկարծ, դուք, որ հոգեւոր էք, վերահաստատէ՛ք նրան հեզութեան ոգով. զգո՛յշ եղէք ինքներդ ձեր նկատմամբ, որպէսզի դուք էլ փորձութեան չենթարկուէք: Միմեանց բեռը կրեցէ՛ք եւ այդպիսով կատարեցէ՛ք Քրիստոսի օրէնքը: Եթէ մէկը կարծում է, թէ ինքը մի բան է, եւ սակայն չէ, ինքն իրեն է խաբում: Թող իւրաքանչիւր ոք կշռադատի իր գործը եւ ապա՝ ինքն իր վրա՛յ միայն պարծենայ եւ ոչ թէ ընկերոջ հետ համեմատուելով, որովհետեւ իւրաքանչիւր ոք իր բեռն է կրելու: Աշակերտը թող մասնակից անի ուսուցչին բոլոր բարի բաներում: Չխաբուէք. Աստուած չի ծաղրւում, որովհետեւ, ինչ որ մարդս սերմանում է, նոյնը եւ կը հնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կը հնձի ապականութիւն. իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ Հոգուց էլ կը հնձի յաւիտենական կեանք: Իսկ բարին գործելուց չձանձրանաք, որովհետեւ յարմար ժամանակին պիտի հնձենք, եթէ չթուլանանք: Ահա թէ ինչու, քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ: Տեսէք, թէ ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ այս ձեռքով, որովհետեւ նրանք, որ ցանկանում են ըստ մարմնի լաւ մարդ երեւալ, նրա՛նք են ստիպում ձեզ, որ թլփատուէք: Միայն թէ Քրիստոսի խաչի յետեւից չգնան, քանզի նրանք, որ թլփատուած են, օրէնքը չեն պահում, բայց ուզում են, որ դուք թլփատուէք, որպէսզի ձեր մարմնո՛վ պարծենան:
Ավետարան ըստ Ղուկասի, 8. 4-16
Երբ շատ ժողովուրդ եւ բազմաթիւ քաղաքներից նրա մօտ եկածներ հաւաքուեցին, առակով նրանց ասաց. «Մի սերմնացան ելաւ սերմեր ցանելու: Եւ երբ նա սերմանում էր, մի մաս սերմ ընկաւ ճանապարհի եզերքը եւ ոտնակոխ եղաւ, եւ երկնքի թռչունները այն կերան: Եւ ուրիշ մի մաս ընկաւ ապառաժի վրայ. երբ բուսաւ, չորացաւ՝ խոնաւութիւն չլինելու պատճառով: Եւ ուրիշ մի մաս ընկաւ փշերի մէջ. եւ փշերը նրա հետ բուսնելով՝ այն խեղդեցին: Եւ ուրիշ մի մաս ընկաւ լաւ ու պարարտ հողի վրայ եւ, բուսնելով, հարիւրապատիկ պտուղ տուեց»: Երբ այս խօսեց, ասաց. «Ով որ լսելու ականջ ունի, թող լսի»: Աշակերտները նրան հարցնում էին, թէ այդ առակն ի՞նչ է նշանակում: Եւ նա ասաց. «Ձեզ տրուած է գիտենալ Աստծու արքայութեան խորհուրդները, իսկ ուրիշներին՝ առակներով, որպէսզի նայեն, բայց չտեսնեն, լսեն, բայց չիմանան: Իսկ առակը այս է նշանակում. սերմը Աստծու խօսքն է: Որոնք որ ճանապարհի եզերքին են, այդ նրանք են, որ լսում են, եւ ապա սատանան գալիս հանում է խօսքը նրանց սրտից, որպէսզի չհաւատան եւ չփրկուեն: Եւ որոնք որ ապառաժի վրայ են, այդ նրանք են, որ, երբ լսեն, խնդութեամբ են ընդունում խօսքը, բայց արմատ չեն բռնում. սրանք միառժամանակ հաւատում են, իսկ փորձութեան ժամանակ՝ հեռանում: Իսկ այն, որ փշերի մէջ ընկաւ, այդ նրանք են, որ, երբ լսում են խօսքը, աշխարհի հոգսերով, հարստութեամբ եւ զուարճութեամբ զբաղուած լինելով՝ խեղդւում ու անպտուղ են լինում: Իսկ այն, որ պարարտ հողի վրայ է, նրանք են, որ բարի եւ զուարթագին սրտով լսելով խօսքը՝ ընդունում են այն եւ յարատեւելով պտուղ են տալիս: Ո՛չ ոք ճրագ չի վառի եւ կաթսայի տակ չի թաքցնի կամ մահճի տակ չի դնի, այլ կը դնի աշտանակի վրայ, որպէսզի, ովքեր մտնեն, լոյսը տեսնեն:
ՏՈՆԱՑՈՒՅՑ
ԲԿ. Պահք։
Օրհ. բկ. Յամենայն ժամ: Հրց. Հնգ. աձ. Օրհնեալ ես դու: Մնկ. Խաչի բկ. Խաչն կենարար: Ժմտ. Որ ըստ ամենայն։ Ճշ. շրկ. դկ. Որ Անսկիզբն: Հմբ. բկ. Յօգնութիւն։
0 կարծիք