ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Ավետարան ըստ Հովհաննեսի, 21. 1-14
Սրանից յետոյ Յիսուս դարձեալ իրեն յայտնեց իր աշակերտներին Տիբերիայի ծովեզերքի մօտ. եւ յայտնեց այսպէս. միասին էին Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ Երկուորեակ կոչուածը, Նաթանայէլը, որ Գալիլիայի Կանա քաղաքից էր, Զեբեդէոսի որդիները եւ աշակերտներից ուրիշ երկու հոգի: Սիմոն Պետրոսը նրանց ասաց. «Գնում եմ ձուկ որսալու»: Նրան ասացին. «Մենք էլ ենք գալիս քեզ հետ»: Գնացին եւ նաւակը մտան. եւ այդ գիշեր ոչինչ չբռնեցին: Երբ առաւօտ եղաւ, Յիսուս կանգնած էր ծովի եզերքին. բայց աշակերտները չիմացան, որ Յիսուսն է: Յիսուս նրանց ասաց. «Տղանե՛ր, ուտելու բան չունէ՞ք»: Նրան պատասխանեցին՝ ո՛չ: Նրանց ասաց. «Ուռկանը գցեցէ՛ք նաւակի աջ կողմը եւ կը գտնէք»: Գցեցին. եւ ձկների բազմութիւնից չէին կարողանում այն դուրս քաշել: Այն աշակերտը, որին Յիսուս սիրում էր, Պետրոսին ասաց՝ Տէրն է: Երբ Սիմոն Պետրոսը լսեց, թէ Տէրն է, հագուստը վրան գցեց, քանի որ մերկ էր, եւ իրեն նետեց ծովի մէջ: Միւս աշակերտներն էլ նաւակով եկան. եւ քանի որ ցամաքից հեռու չէին, այլ երկու հարիւր կանգունի չափ միայն, քաշում էին ուռկանը ձկներով հանդերձ: Երբ ցամաք ելան, տեսան վառուած ածուխի մի կրակատեղ՝ մի ձուկ նրա վրայ եւ հաց: Յիսուս նրանց ասաց. «Բերէ՛ք այն ձկներից, որ դուք հիմա որսացիք»: Սիմոն Պետրոսը նաւակ մտաւ եւ ցամաք քաշեց ուռկանը, որ լիքն էր հարիւր յիսուներեք մեծ-մեծ ձկներով: Թէեւ այնչափ բան կար, բայց ուռկանը չպատռուեց: Յիսուս նրանց ասաց՝ եկէք ճաշեցէ՛ք: Եւ աշակերտներից ոչ ոք չէր համարձակւում հարցնել, թէ՝ դու ո՞վ ես, որովհետեւ գիտէին, որ Տէրն է: Եկաւ Յիսուս, առաւ հացը եւ տուեց նրանց. նոյնպէս եւ ձուկը: Այս երրորդ անգամն էր, որ Յիսուս երեւաց իր աշակերտներին՝ մեռելներից յարութիւն առնելուց յետոյ:
Առաքյալների գործերը, 4. 32 – 5. 11
Եւ հաւատացեալների բազմութիւնը մէկ սիրտ ու մէկ հոգի էր: Եւ նրանցից ոչ ոք չէր ասում, թէ իր ինչքերը իրենն են, այլ ամէն ինչ նրանց համար հասարակաց էր: Եւ առաքեալները մեծ զօրութեամբ վկայութիւն էին տալիս Տէր Յիսուս Քրիստոսի յարութեան մասին: Ու նրանց բոլորի վրայ մեծամեծ շնորհներ կային: Եւ նրանց մէջ ոչ ոք մի բանի կարօտ չէր, որովհետեւ, ովքեր գիւղերի կամ ապարանքների տէր էին, վաճառում էին դրանք եւ վաճառուածի գումարը բերում ու դնում էին առաքեալների ոտքերի առաջ, եւ նրանք բաշխում էին իւրաքանչիւրին՝ ում ինչքան պէտք էր լինում: Յովսէփը, որ ղեւտացի էր, ծագումով՝ կիպրացի, որը առաքեալներից Բառնաբաս կոչուեց (որ թարգմանւում է մխիթարութեան որդի), մի արտ ունէր. նա վաճառեց այն եւ գումարը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ:
Իսկ Անանիա անունով մի մարդ, իր կնոջ՝ Սափիրայի հետ միասին, մի ագարակ վաճառեց եւ նրա գումարից մի մաս կնոջ գիտութեամբ թաքցրեց եւ միւս մասը բերեց դրեց առաքեալների ոտքերի առաջ: Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստէիր Սուրբ Հոգուն եւ ագարակի գումարից թաքցնէիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, եւ վաճառելիս՝ քո տնօրինութեան տակ էր. ինչպէ՞ս եղաւ, որ քո սրտի մէջ այս բաները դրեցիր. մարդկա՛նց չստեցիր, այլ՝ Աստծուն»: Եւ Անանիան, այս խօսքերը լսելով, ընկաւ եւ շունչը փչեց. եւ մեծ վախ ընկաւ բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին: Երիտասարդները ոտքի ելան, պատանքեցին նրան ու տարան թաղեցին: Եւ շուրջ երեք ժամ անցաւ. եւ նրա կինը, որ չգիտէր, թէ ինչ էր եղել, ներս մտաւ: Պետրոսը նրան դիմեց եւ ասաց. «Ասա՛ դու ինձ, այդչա՞փ գնով ագարակը վաճառեցիք»: Եւ նա ասաց. «Այո՛, այդչափ»: Եւ Պետրոսը նրան ասաց. «Ինչի՞ համար է, որ դուք միաբանեցիք փորձելու համար Տիրոջ Հոգին. ահա այն մարդիկ, որ թաղեցին քո ամուսնուն, դռան մօտ են. քեզ էլ դուրս կը հանեն»: Եւ նա իսկոյն ընկաւ նրա ոտքերի առաջ եւ շունչը փչեց: Երիտասարդները ներս մտան եւ նրան մեռած գտան. եւ հանեցին թաղեցին իր ամուսնու մօտ: Եւ մեծ վախ ընկաւ ամբողջ եկեղեցու ու բոլոր նրանց վրայ, որ այս բանը լսեցին:
Հակոբոս առաքյալի ընդհանրական թուղթը, 2. 1-13
Եղբայրնե՛ր իմ, աչառութեամբ մի՛ պահէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հաւատը: Եթէ ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենայ ոսկի մատանի եւ շքեղ զգեստներ, եւ այնտեղ մտնի նաեւ մի աղքատ՝ կեղտոտ զգեստներով, եւ դուք նայէք նրան, ով շքեղ զգեստներ ունի եւ ասէք՝ Դու նստի՛ր այստեղ, պատուոյ տեղը, իսկ աղքատին, թէ՝ Ոտքի՛ կանգնիր դու այդտեղ, կամ թէ՝ Եկ նստի՛ր իմ պատուանդանի մօտ, այդ դէպքում դուք ձեր մէջ աչառութիւն արած չէ՞ք լինի եւ չար խորհուրդների դատաւորներ չէ՞ք լինի: Լսեցէ՛ք ինձ, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստուած ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հաւատով եւ ժառանգորդներ այն արքայութեան, որը նա խոստացաւ իրեն սիրողներին: Իսկ դուք անարգում էք աղքատներին: Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ. հէնց նրանք էլ ձեզ դատարան են քարշ տալիս: Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն բարի անունը, որով կոչուած էք դուք: Ապա եթէ կատարէք արքայական օրէնքը Սուրբ Գրքի համաձայն, թէ՝ Պիտի սիրես քո ընկերոջը, ինչպէս ինքդ քեզ, լաւ էք անում: Իսկ եթէ աչառութիւն էք անում, մեղք էք գործում՝ դատապարտուելով օրէնքից որպէս օրինազանցներ: Նա, ով պահում է ամբողջ օրէնքը եւ միայն մէկ բանով սայ թաքում, պարտապան կը լինի ամբողջ օրէնքին. որովհետեւ նա, ով ասաց, թէ՝ Չպիտի սպանես, նաեւ ասաց, թէ՝ Եւ չպիտի շնանաս, քանզի, եթէ չսպանես, բայց շնանաս, յանցաւոր կը լինես օրէնքի առաջ: Այնպէ՛ս խօսեցէք եւ այնպէ՛ս գործեցէք, որպէս թէ ազատութեան օրէնքով էք դատուելու, քանի որ անողորմ դատաստան է լինելու նրա հանդէպ, ով ողորմած չի եղել. քանզի ողորմածութիւնը բարձրագլուխ պարծենում է դատաստանի դիմաց:
0 կարծիք