Քրիստոսի հարությունը

Ադամ քհն. ՄԱԿԱՐՅԱՆ
---------------------------------------

Քրիստոսի հարությունը

Ո՛չ Քրիստոսի հարության դրվագը, ասենք՝ հանդիպումը յուղաբեր կանանց հետ, ո՛չ էլ նման հրաշալեցուն պատմությունները երբեք չեն կարող երևակայական իրադարձություններ լինել: Երբեմն ոմանք, լինի դա հեռուստատեսությամբ ելույթ ունեցող մեկը և կամ գիտական զեկույցով հանդես եկող որևէ գիտնական, «աստվածաշնչյան պատմություն» կամ «աստվածաշնչյան ճշմարտություն» ասելու փոխարեն գործածում են «աստվածաշնչյան առասպել» արտահայտությունը: Տարբեր փաստերի անտեղյակության պատճառով, անշուշտ, կլինեն ուրիշները ևս, որոնք ավելի հակված կլինեն այդպիսի մարդկանց կարծիքին: Մինչդեռ երևակայական պատմություններ կարող ենք գտնել հենց գիտության մեջ: Գիտենք, որ գիտությունը միշտ գործ ունի հստակ փաստերի և դրանց ուսումնասիրման հետ: Բայց ահա մարդկության կամ տիեզերքի առաջացման հարցին պատասխանելիս գիտությունը շեղվում է այս սկզբունքնից և տեսություններ ստեղծելով՝ դուրս գալիս իր սահմաններից ու մուտք գործում երևակայության տիրույթներ: Բայց ահա Աստվածաշնչի ճշմարտությունները, հատկապես Քրիստոսի հարության դրվագն ու Նրա հանդիպումը յուղաբեր կանանց հետ, հիմնված են միմիայն ճշգրիտ փաստերի վրա: Խորհրդային Միության տարիներին շատ հմուտ կերպով սքողում էին աստվածաշնչյան ճշմարտությունները հաստատող բազում փաստերը: Սակայն այդ ժամանակաշրջանում ստեղծված հակակրոնական ահռելի այդ գրականության հեղինակների շարքում չկա ոչ միայն ակնառու, այլ նույնիսկ շարքային գիտնական: Բոլոր այդ գրքերն էլ պնդում են, որ Քրիստոսի հարության ժխտման համար հիմք է ծառայում հարության մասին պատմական վկայությունների բացակայությունը: Սակայն իրո՞ք դա այդպես է: Նախ՝ Քրիստոսի հարության մասին է պատմում Ավետարանում նկարագրված դեպքերի ժամանակակից, հրեա պատմիչ Հովսեփոս Փլավիոսը: Նա երբեք էլ Քրիստոսի համակիրը չի եղել, սակայն իբրև պատմիչ՝ սերունդներին հաղորդել է այս դեպքի մասին: Հաջորդ պատմիչը Հրեաստանի կառավարիչների պաշտոնական կենսագիր հույն Հերմիդիոսն է, որը նաև գրել է Պիղատոսի կենսագրությունը: Նրա շարադրանքի սկզբունքների և ոճի մասին պատմաբանները շատ լավ գիտեն. այս պատմիչն ամեն ինչ նկարագրում է լուսանկարչական ապարատի ճշգրտությամբ: Նրա վկայություններն արժեքավոր են հատկապես նրանով, որ նա, երբ ուղեկցելիս է եղել Պիղատոսի օգնականներից մեկին, Քրիստոսի հարության ժամանակ բավականին մոտ է գտնվել այդ վայրին: Քրիստոսի հարության մասին պահպանված մեկ այլ գրավոր հիշատակության հեղինակը Պիղատոսի մտերիմ բարեկամն ու անձնական բժիշկ Հեյշուն է, որն իր ժամանակի ականավոր մարդկանցից մեկն էր: Պիղատոսի հանձնարարությամբ նա իր հինգ օգնականներով հարությանը նախորդող երեկոյից ի վեր գտնվել է Քրիստոսի գերեզմանի մոտ: Իմանալով Քրիստոսի հարությանը վերաբերող մարգարեությունների մասին` բժիշկն ու իր օգնականները դրանով հետաքրքրված էին նաև որպես գիտնականներ: Բայց ահա տեսեք, թե ինչ է գրում նա. «Մենք բոլորովին չէինք հավատում, որ մեռածը կարող է հարություն առնել։ Բայց Նա, իրոք, հարություն առավ, և մենք դա տեսանք մեր սեփական աչքերով»: 20-րդ դարի սկզբի ուսումնասիրությունների համաձայն՝ Քրիստոսի հարության մասին բոլոր գիտնականների համար միանգամայն հուսալի հեղինակների վկայությունների թիվն անցնում է 230-ից: Իրեն կասկածանքով վերաբերվող փարիսեցիներին Քրիստոսն ասաց. «Քննեցեք գրքերը»: Քրիստոնեական հավատքը ոչ թե կույր, այլ գիտակցական և խոր ըմբռնված հավատք է, որովհետև Քրիստոսը երբեք դեմ չէ, որ մենք էլ թերահավատության պարագայում Թովմաս առաքյալի նման երբեմն ձեռքներս մտցնենք Իր «կողը» և շոշափենք «վերքերը»:

ՔՐԻՍՏՈՍԻ ԱՐԳԵԼՔԸ

Քրիստոսը հարությունից հետո Մարիամ Մագդաղենացուն չթողեց մոտենա Իրեն։ Այս արգելքի մասին կան տարբեր կարծիքներ։ Կարծիքներից մեկի համաձայն՝ Մարիամը չցանկացավ խոնարհորեն մոտենալ, ինչպես այլ կանայք, ովքեր Քրիստոսի ոտքերը համբուրեցին, այլ հպարտությամբ կամեցավ այտը համբուրել։ Իսկ Տերը նրան խոնարհություն ուսուցանելու նպատակով արգելեց մոտենալ Իրեն, ինչպես նաև ցույց տալու համար, որ այսուհետ միմիայն տղամարդիկ պետք է պատարագեն` դիպչելով Քրիստոսի մարմնին։ Ըստ մեկ այլ կարծիքի՝ Քրիստոսը բավարար համարեց արդեն իսկ կնոջը տված պատիվը. Նա առաջինը կնոջն էր մոտեցել՝ Իր ծննդյամբ։

Հատկորոշիչներ՝ Զատիկ, հարություն, Քրիստոս

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Սուրբ Հարություն կամ Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու...