Տնտեսի կիրակի

Դ. Տնտեսի կիրակի

[Ղուկաս, ԺԶ. 1-8]

—————————————————-

ՆՅՈՒԹԱԿԱՆ ՀԱՐՍՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒՄԸ

Նյութական հարստությունը կարևոր դեր ունի մեր հավիտենական փրկության կամ կորստի մեջ

«Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամ արեք»

Ղուկաս ԺԶ. 9

Մեծ պահքի 4-րդ կիրակին նույնպես իր անունը ստացել է այդ օրը կարդացվող ավետարանական գլխավոր` Անիրավ տնտեսի առակից: Այս առակը դուռ է բացել թեր ու դեմ վիճաբանությունների համար: Շատերը տարակույս են հայտնել, թե Հիսուսը կարո՞ղ էր այսպիսի առակ ասել: Կարելի՞ է անհավատարիմ ու «անիրավ» կոչված ստահակի խարդախարարքը գործածել բարոյական դաս թելադրելու համար: Հուլիանոս կայսրը (+363), ով թեև քրիստոնեական դաստիարակություն էր ստացել, բայց հետագայում հեթանոսություն որդեգրեց և ջանաց վերահաստատել այն, որի պատճառով պատմության մեջ «Ուրացող» մականունը ժառանգեց, այս առակն ընդդեմ քրիստոնեության գործածեց` Հիսուսին և Նրա հետևորդներին ամբաստանելով իբրև խարդախություն և անարդարություն քաջալերողների: Տարակույսները և վերագրումները, բնականաբար, արդյունք են սխալ հասկանալու, որից դժվար է զերծ մնալ առակի առաջին և մակերեսային ընթերցումից հետո:

Տնտեսի առակը չի նմանվում, օրինակ, Բարի սամարացու կամ Անառակի առակներին, որոնցով թելադրվում է բարի գործ կատարել կամ զգուշացվում չար արարքից: Տնտեսի, ինչպես նաև հաջորդ կիրակիի Դատավորի առակը, տարբեր դասավորումների ներքո են: Այս առակների հերոսները շինարար կամ հանձնարարելի ոչինչ չունեն: Ավետարանում երկուսն էլ ծանոթ են «անիրավ» մակդիրով: Տնտեսի առակով Հիսուսը մի դրվագ է պատմում բոլորովին աշխարհիկ և բարոյական սկզբունքներից զուրկ ինչոր անձնավորության կյանքից` Իր աշակերտներին հանձնարարելու համար, որպեսզի նրանք էլ կյանքում նման եռանդ, հնարք և ուշիմություն ցույց տան` ապահովելու համար իրենց բարոյական ու հավիտենական ճակատագիրը, ինչպես «Անիրավ տնտեսն» էր արել իր երկրավոր ու ֆիզիկական կյանքն ապահովելու համար:

Ըստ այսմ, առակի բանալին հետևյալ խոսքի մեջ է. «Այս աշխարհի որդիներն ավելի հնարամիտ են իրենց շրջանակում իրենց գործերը և հետապնդած նպատակները հաջողեցնելու համար, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ» (Ղուկաս, ԺԶ. 8): Իսկ առակի խորհուրդը վերոհիշյալ խոսքին հաջորդող Հիսուսի այս պատգամն է. «Անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք»: Հիսուսը ցանկանում է ասել` ինչպես աշխարհիկ մարդիկ, օրինակ, անիրավ տնտեսը, մամոնան գործածում են վաղանցիկ և անձնասիրական նպատակներով բարեկամներ շահելու, նույնը դուք արեք հոգևոր ու հավիտենական նպատակների համար: Նախ ներկայացնենք առակն իր ավետարանական պարզության մեջ:

Հարուստ մեկը մի տնտես ունի: Տնտեսը հին աշխարհի մեծահարուստ տների բարձրագույն պաշտոնյան է: Տանտիրոջ լիազոր գործակալն է, ով տնօրինում է տան բոլոր գործերը` լինի արտում, այգում, թե առևտրի պարագայում: Նրանից պահանջվող հիմնական հատկությունները հավատարմությունը, հեղինակությունը և ուշիմությունն են, անշուշտ, տնտեսական բավարար գիտելիքներով: Տանտիրոջ ամբողջ հարստությունը և տնտեսական գործառնությունը նրա ձեռքում են: Տանտիրոջ գործերի բարվոք ընթացքը, բարգավաճումը կամ սնանկացումը կախված են տնտեսից: Արդ, առակի մեծահարուստի ականջին շշուկներ հասան, թե տնտեսը նրա ունեցվածքը վատնում է: Ճշտելուց և համոզվելուց հետո, որ ասվածները ճիշտ են, մի օր էլ հանկարծ տնտեսին կանչեց և ասաց. «Քեզ համար աննպաստ այս ի՞նչ լուրեր են, որ ստանում եմ, տնտեսությանդ առկախ հաշիվները տուր, որովհետև այլևս չես կարող տնտես մնալ»: Մարդն անակնկալի եկավ, շփոթության մատնվեց, չփորձեց ճիգ անելինքն իրեն պաշտպանելու` վախենալով, որ դուռ կբացվի քննության համար, որից, գիտեր, որ անմեղ դուրս չի գա: «Հնազանդ եմ հրամանիդ, տեր իմ, ինձ մի փոքր ժամանակ շնորհիր հաշիվս պատրաստելու»,- կարողացավ ասել ու ակնածալից խոնարհությամբ դուրս սպրդեց: Սկսեց մտածել. ի՞նչ պետք է աներ գործից ազատվելուց հետո, ինչպե՞ս պիտի շահեր իր օրապահիկը: Ուրիշ աշխատանքի վարժված չէր. ոչ կարող էր արտ հերկել, ոչ էլ` պարտեզ փորել: Դրամ էլ չէր խնայել, որ գոնե որոշ ժամանակ ապրեր: Ձեռքն ընկածը վատնել էր կերուխումի և խաղամոլության մեջ: Ընտանիք էլ չէր կազմել, որպեսզի գլուխը դնելու տեղ ունենար. նրա նման եսասեր հաճոյամոլի համար ընտանիքը բեռ էր: Սրանից, նրանից դրամ խնդրելով ապրելն էլ ամոթ էր համարում: Օգնության հասավ նրա բնական ուշիմությունը. «Գիտեմ անելիքս, որ երբ տնտեսի իմ պաշտոնից հեռացվեմ, պարապ չմնամ»: Եվ մեկիկ-մեկիկ մոտը կանչեց իր տիրոջ պարտապաններին ու նրանց պարտքերը քչացրեց: Առաջին կանչվածին հարցրեց.

– Որքա՞ն է տիրոջս քո պարտքը:

– Հարյուր մար (շուրջ 4 հազար լիտր) ձեթ,- պատասխանեց մարդը:

– Պարտամուրհակդ վերցրու և անմիջապես գրիր հիսուն:

Երկրորդին հարցրեց.

– Դո՞ւ ինչ պարտք ունես տիրոջս:

– Հարյուր քոռ (շուրջ 40 հազար լիտր) ցորեն,- ասաց պարտապանը:

– Մուրհակդ վերցրու և գրիր ութսուն,- հրահանգեց տնտեսը:

Եվ այսպես մեկիկ-մեկիկ զեղչեց իր տիրոջ պարտապանների պարտքերը, ուրիշ խոսքով` նրանց բարոյապես պարտական դարձրեց իրեն և ապահովեց նրանց բարյացակամությունը, որ երբ աշխատանքից ազատվի, գեթ որոշ ժամանակ ապրի երբեմն` սրա, երբեմն` նրա մոտ:

Տանտերն իմացավ նաև այս խարդախության մասին և, ավելացնում է Ավետարանը՝ «գովեց անիրավ տնտեսին, որովհետև իմաստությամբ գործեց», այսինքն` տանտերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև խելացի էր վարվել: Ավետարանի այս խոսքն առակի հարուցած գայթակղությունն իր գագաթնակետին է բարձրացնում: Գործված խարդախությունները կարծես բավական չէին, այդ ամենին վրադիր դրանք գործողին գովում էլ են… Այս առումով աշխարհը տնտեսի առակից այս կողմ շատ քիչ է փոխվել: Մի պահ եթե անդրադարձ ակնարկ նետենք մեր շրջանակի առօրյա կյանքին, պիտի տեսնենք, որ սա աշխարհիկ շրջանակներում ամենաբնական «ռեակցիաներից» մեկն է նման երևույթներին: «Աշխարհի» մարդիկ գիտակից կամ անգիտակից ինչ-որ հիացում ունեն ամեն կարգի հաջողությունների հանդեպ, հոգ չէ, թե այդ հաջողություններն ինչ գնով են ձեռք բերված: Մարդիկ գիտակից կամ անգիտակից ինչ-որ համակրանք ունեն ճարպիկ գողերի հանդեպ:

«Վա՛յ, սատանի ձագ, սրանից էլ հաջող դուրս եկավ» և սրա նման ավելի գունագեղ դրվատական արտահայտություններ են ուղղվում նրանց հասցեին, ովքեր ամեն ստահակություն գործում, բայց իրենց օձիքն ազատում են: Արդարև, ինքնավստահ անզգամությունն էլ իր կախարդանքն ունի:

Աշխարհիկ շրջանակներում աղվեսությունն առաքինություն է համարվում և դրվատանքի արժանանում:

ԱՇԽԱՐՀԻ ՈՐԴԻՆԵՐ, ԼՈՒՅՍԻ ՈՐԴԻՆԵՐ

Մեր Տերը, առակն այսպես օդից կախված թողնելով, ավելացնում է. «Որովհետև այս աշխարհի որդիներն ավելի իմաստուն են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ»: Ասացինք, որ առակն ուղիղ հասկանալու բանալին այս խոսքի մեջ է: Ովքե՞ր են «այս աշխարհի որդիներ» և ովքե՞ր «լույսի որդիներ» կոչվածները:

Հիսուսի քարոզությամբ մեջտեղից վերացված են դասակարգային բոլոր խտրությունները: «Ով որ մեծ է ձեր մեջ, թող լինի ինչպես կրտսերը, իսկ առաջնորդը` ինչպես սպասավորը»,- ասաց Հիսուսը (Ղուկաս, ԻԲ. 26): Իսկ Պողոս առաքյալն ավելի բացահայտեց այս տեսությունը. «Բոլորդ էլ Աստծու որդիներ եք հավատով ի Հիսուս Քրիստոս: Դուք բոլորդ, որ ի Քրիստոս մկրտվեցիք, Քրիստոսով զգեստավորվեցիք. ուրեմն խտրություն չկա ո՛չ հրեայի և ո՛չ հեթանոսի, ո՛չ ծառայի և ո՛չ ազատի, ո՛չ արուի և ո՛չ էգի. որովհետև դուք ամենքդ մեկ եք ի Քրիստոս Հիսուս» (Գաղատ., Գ. 26-28): Սակայն, միաժամանակ, Ավետարանի չափանիշներով մարդկությունը բաժանված է երկու նոր դասակարգերի, որոնք կգոյատևեն մինչև աշխարհի կատարածը (վախճանը, թարգմ.): Այդ երկու դասակարգերը զուտ բարոյական և կրոնական են: Դրանցից մեկը նրանք են, ովքեր ապրում են միայն այս աշխարհի համար, այս աշխարհի չափանիշներով և այս աշխարհի պահանջների համաձայն: Սրանց համար հանդերձյալ կյանք, երկինք, դժոխք, վարձք, պատիժ և այլն գոյություն չունեն: Եթե անգամ տիեզերքը ստեղծող ինչ-որ Աստված կա, իրենցով չի հետաքրքրվում, հետևաբար, իրենք էլ չպետք է Նրանով հետաքրքրվեն: Ինչ կա-չկա` մեր այս տեսանելի աշխարհն է և նրանում` իրենց սահմանավոր կյանքը, որը պետք է ապրեն` աշխարհից հնարավորինս համը հանելով: Օրենքներն օգտակար են այն չափով, որչափով նրանց շահին ու հաճույքին են ծառայում և որչափով ընկերության մեջ հավանական քաոսի առաջն առնում: Նրանց համար բարոյական օրենք գոյություն չունի: Իսկ մյուս դասակարգը նրանք են, ովքեր հավատում են անձնավոր Աստծո գոյությանը, Ով ոչ միայն Արարիչն է «երկնքի և երկրի», այլ նաև տվիչը կյանքի, և Ով հետաքրքրվում է այդ կյանքի ուղիղ գործածությամբ: Կյանքի բարվոք գործածությունը ենթակային օգտակար է ոչ միայն այս աշխարհում, այլ նաև, ի վերջո, հավիտենական մի ուրիշ կյանք ապահովելու պայմանն է: Հետևաբար, այս դասակարգին պատկանող մարդիկ հավատում են տեսանելի այս աշխարհից այն կողմ անտեսանելի ինչոր կարգ ու սարքի գոյությանը, որտեղ նրանց գրավելիք դիրքը համապատասխան կլինի այս աշխարհում նրանց ապրած կյանքի տեսակին և որակին` ցորենի հատիկի նման, որը որչափ առողջ ու հասուն է, այնքան առատ և առողջ հասկ կտա, և որչափ նվազ ու վտիտ է մնացել, այնքան նվազ ու նիհար հասկ կտա, իսկ եթե հատիկն այս կամ այն պատճառով հասունացած չէ, ոչ մի արդյունք, ոչ մի ցորեն չի տա, նույնիսկ եթե որպես խոտ բուսած լինի: Ուստի, սրանց համար երկրավոր կյանքը կարևոր է այնչափով, որչափով այդ կյանքն ապահովում և արդյունավորում է հավիտենական կյանքը: Նրանք ունեն բարոյական օրենքի ըմբռնում` ոչ միայն խղճի տախտակին գրված, այլ նաև Ավետարանով իրենց տրված, որին պետք է հավատարիմ մնան մինչև վերջ, մինչև իսկ իրենց կյանքի գնով:

Դժբախտությունը կամ բարեբախտությունն այն է, որ այս երկու դասակարգերը կյանքում խառն են ապրում, միմյանց վրա ազդում և ազդվում են միմյանցից, մի խմբից մյուս խումբ անցնելը ոչ միայն հնարավոր, այլ նաև ամենօրյա երևույթ է:

Ավետարանի բառերով` առաջինները կոչվում են «այս աշխարհի որդիներ», իսկ երկրորդ խումբը` «լույսի որդիներ»:

Տնտեսի առակով Հիսուսը մի օրինակ է բերում «աշխարհի որդիների» կյանքից` «լույսի որդիներին» թելադրանք տալու համար: Տնտեսը «տիպիկ» աշխարհի որդի է` ուշիմ, կարող և պաղարյուն մի մարդ, ով գիտի բոլոր պատեհություններն ի նպաստ իր անձնական շահի և օգուտի գործածելու ձևը: Նախ, չի քաշվում իր տրամադրության ներքո դրված հսկա հարստությունն անձնական հաճույքի համար կիրարկել: Եվ երբ նրա անհավատարմությունը երևան է գալիս, չի ընկճվում, վերջին` գրեթե անկարելի նկատված պատեհությունն էլ է օգտագործում իր ապագա ֆիզիկական ապահովության համար: Տնտեսի տերն էլ աշխարհի որդի է, կարող է հասկանալ և, հետևաբար, գնահատել ամեն ճարպկություն ու «աչքաբացություն», որը գործվում է դժվար կացություններում:

Այս առակով Հիսուսը ցանկանում է ասել. «Եթե աշխարհի որդիներն ի գործ են դնում իրենց տրամադրության ներքո գտնվող բոլոր միջոցները, գործածում իրենց ամբողջ խելքը` երկրավոր կյանքն ապահովելու համար, ինչո՞ւ նույնը չանեն լույսի որդիները, ինչո՞ւ նրանք էլ իրենց խելքը չգործածեն, իրենց ընձեռված բոլոր առիթները չօգտագործեն և իրենց ձեռքում եղած բոլոր միջոցները չգործածեն ապահովելու համար մի կյանք, որն անբաղդատելիորեն բարձր ու արժեքավոր է երկրավոր կյանքից, որովհետև, նախ, հավիտենական է, ապա` անսահմանորեն երանական: Եվ Հիսուսն ավելացնում է. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ» (Ղուկաս, ԺԶ. 9):

ՄԱՄՈՆԱ

Մամոնան դրամն է, նյութական հարստությունը` իր բոլոր տեսակներով, որոնցով մարդիկ վայելում են այս աշխարհը և ապահովում իրենց ֆիզիկական գոյությունը. արտ, այգի, կալվածք, տուն, ոսկի և ամենը, ինչ կարող ենք հարստություն կոչել, մամոնա է: Ավետարանը դրամի և հարստության հանդեպ ոչ միայն անտարբեր է, այլ նաև արհամարհանք ունի, և բոլոր սրբերն էլ ունեցել են: Դրամն ահավոր բան է, նման է հրացանի, որը կարող ես գործածել ընդդեմ արշավող ավազակների` հայրենիքիդ փրկության համար, կամ ուրիշ ազգերի հարստահարելու: Կարող ես գործածել անիրավված ընկերոջդ և սպառնալիքի ենթարկված անձիդ պաշտպանության կամ ոճրագործություն անելու համար:

Դրամն «անիրավ» է կոչվել, քանզի գրեթե անխուսափելիորեն առաջնորդում է անիրավության և, առհասարակ, շահվում է (մանավանդ երբ դիզված է) անիրավությամբ: Երբ ապրանքը գնվում է դրամով, նրա վրա ավելացվում են գործառնության ծախսերն ու օրինավոր մի շահաբաժին` իբրև ծառայության վարձ, և վաճառվում է շահով` օրինավոր ու արդար է: Իսկ երբ այդ շահաբաժինն անցնում է օրինավորության սահմանները, այն ժամանակ մտնում է անիրավության և վաշխառության սահմանները:

Բացի այս, դրամն ահավոր է, որովհետև բոլորովին էլ ինչ-որ չեզոք տարր չէ, իր մեջ սադայելական մի մագնիսականություն ունի, օժտված է ձգողական զորությամբ: Բնական օրենք է, որ բոլոր մարմինները ձգվում են երկրի կողմից, ձգողականության օրենքը հաղթահարելու և երկրի վրա «չընկնելու» համար հարկավոր է կիրարկել ուրիշ օրենքներ: Թռչունները և օդանավերն այդ օրենքը գտել և կիրարկում են:

Նույնքան բնական օրենք է, որ գրեթե բոլոր մարդիկ ձգվում են դրամի կողմից: Բարոյական կոչվող օրենքներն են, որ կարող են հաղթահարել դրամի ձգողականությունը, և միայն այդ օրենքները կիրարկողները գերի չեն դառնում դրան. իրենց ցանկացած ժամանակ, այսինքն` անհրաժեշտ պարագային, տեղի են տալիս այդ ձգողականությանը, ինչպես թռչունները` երկիր իջնելու ժամանակ, իսկ պետք եղած ժամանակ իրենց ձերբազատում են նրա ուժից, մի խոսքով` գերի չեն դառնում դրամի մագնիսականությանը:

Դրամը նաև օժտված է մարդու կյանքում և հոգեկան աշխարհում փոփոխություն առաջ բերելու կարողությամբ: Դրամն ինքնին կարողություն ու զորություն է և, բոլոր կարողությունների նման, կարող է վատնվել` չգործածվելով կամ սխալ, հոռի և ստորին նպատակներով գործածվելով, այսինքն` ի վնաս դրանից կախյալի և ընկերության: Կարող է նաև գործածվել բարի, ազնիվ ու օգտակար նպատակների համար: Եվ գործածության այս եղանակները կարող են փոփոխություններ առաջ բերել մարդու հոգեկան աշխարհում:

Դրամը վատնելը, մսխելը, անհաշիվ և չարաչար գործածելը մարդուն դարձնում է անառակ, այլասերում, բարի և ուրախ մարդուն վերածում մոլի ու անզգամ խլյակի: Դրամ կուտակելը խնայասեր ու աշխատասեր մարդուն դարձնում է կծծի, անբարտավան ու ագահ. երեքն էլ մահացու մեղքեր են, որոնք բարոյապես մեռցնելուց հետո կաթվածի ու մտագարության են առաջնորդում մարդուն: Դրամն ընտանիքի բնական և բանական հանգստավետության համար կիրարկելը և մանավանդ դրանից ընկերային նպատակների, հատկապես դրամ չունեցողներին, մասնավոր ու մշտական բաժին հանելը մարդուն օժտում է մտավոր ու ֆիզիկական առողջությամբ, սրտի ու մտքի խաղաղությամբ, որոնք մարդու ամբողջական երջանկության հիմնական պայմաններն են:

Աղքատին տրված յուրաքանչյուր դրամ մի միջոց է բարեկամներ ձեռք բերելու թե՛ երկրում և թե՛ երկնքում: Գանձ դիզել է հավիտենականության բանկերում: Մինչև իսկ եթե բարերարյալները ապերախտ գտնվեն կամ «դժոխք» գնան ու չկարողանան «բարեխոսել» բարիք անողի համար, հավիտենական Տերը պիտի ասի. «Անոթի էի` հաց տվեցիր, ծարավ էի` ջուր տվեցիր, նեղության մեջ էի` օգնության հասար… Քանի որ քո եղբայրների և Իմ զավակների համար արեցիր, Ինձ համար արեցիր. մտիր և մասնակից եղիր, ուրեմն, այն ուրախությանը, որը պատրաստված է նրանց համար, ովքեր արժանի կլինեն դրան` իրենց կյանքը, հարստությունը և կարողությունը ճիշտ տնօրինելով» (Հմմտ. Մատթեոս, ԻԵ. 35-40): Ուրեմն, մեկ անգամ ևս ունկնդիր լինենք Հիսուսի խոսքերին, որոնք այս առակին իբրև եզրակացություն են տրվում. «Եվ Ես ձեզ ասում եմ. անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի, հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ: Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ հավատարիմ է. իսկ քչի մեջ անիրավը, շատի մեջ էլ անիրավ է: Արդ, եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ ո՞վ կվստահի ճշմարիտը: Եվ եթե օտարինը եղող բանի մեջ հավատարիմ չեղաք, ձերը ո՞վ կտա ձեզ: Ոչ մի ծառա երկու տիրոջ ծառայել չի կարող. որովհետև եթե մեկին ատի, մյուսին կսիրի. կամ եթե մեկին մեծարի, մյուսին էլ կարհամարհի: Չեք կարող և՛ Աստծուն ծառայել, և՛ մամոնային» (Ղուկաս, ԺԶ. 9-13):

Ուրեմն, այս կիրակիի թելադրանքը նաև «անիրավ մամոնան», այսինքն` նյութական հարստությունը, մեր խելքը, մեր ժամանակը և մեզ ներկայացող բոլոր պատեհություններն ու մեր ամբողջ խնայողությունը «հավիտենական հարկեր» գնելու համար օգտագործելն է: «Անիրավ» մամոնան ճիշտ գործածելն ինքնին երաշխիք է, որ «ճշմարիտը», այսինքն` Աստծո հոգևոր և հավիտենական շնորհները, կկարողանանք ըստ արժանվույն վայելել: Եթե մեր բարոյական ու հոգեկան բնությանը «օտար» նյութը պետք եղած ձևով չենք կարող արժեցնել, «մերը», այսինքն` մարդուն վերապահված շնորհն երը, ոչ ոք մեզ չի տա:

Այս առակից բխած կենտրոնական թելադրանքը քաջալերական է նաև նրանց համար, ովքեր թեև «հեռու չեն արքայությունից» (Հմմտ. Մարկոս, ԺԲ. 34), բայց գաղջ քրիստոնյաներ լինելով` դեռ չեն մտել այնտեղ: Քրիստոնյաներ, ովքեր տարված լինելով աշխարհիկ մեծ ու փոքր հոգսերով, չեն կարող հետամուտ լինել հոգևոր գանձեր դիզելու: Նրանց տրված է գոնե բարեգործություններով երկնքում բարեկամներ շահելու կարելիությունը: Յուրաքանչյուր բարեգործություն Աստծո աթոռի առջև ինքնին բարեխոս է նվիրատուի համար: Ինչպես ճարպիկ տնտեսն իր կյանքի «ամենակրիտիկական» պահն անգամ օգտագործեց ֆիզիկական գոյության ու ապահովության համար, նույնպես և մարդիկ մահվան անկողնում անգամ կարող են իրենց հավիտենական երջանկությունն ապահովել սրտազեղ մի նվիրատվությամբ` դրան ընկերացնելով գործած մեծ կամ փոքր անիրավությունների համար անկեղծ զղջումը: Եթե ինչ-որ ավազակ մահվան գալարումներում «դրախտը» ժառանգեց` պարզապես իր կողքի անմեղ Խաչակցի հանդեպ անկեղծ համակրանք տածելով, Նրանում երկրի վրա Աստծո մարմնացումը ճանաչելով ու հայցելով նաև իրե՛ն հիշել Նրա հավիտենական փառքի մեջ, նույնն անելու հնարավորությամբ օժտված է յուրաքանչյուր «ավազակ», եթե իր խիղճը, խելքը և ունեցածը գործածի: «Հավիտենական հարկերի» մեջ ընդունվելու պայմաններից մեկն, ուրեմն, աշխարհիկ հարստության լավ տնօրինումն է, իսկ մյուսը` աղոթքը, որի մասին մեզ կհիշեցնի առաջիկա կիրակին:

ՇԱՐԱԿԱՆ ՏՆՏԵՍԻ ԿԻՐԱԿԻԻ

 

 

Որ արարեր զօրութեամբ զիմանալեացն աշխարհ վերին
Եւ ի նմա հաստատեցեր տնտես զպետս հրեղինացն,
Օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Որ տիրապէս Մեծատունդ ստեղծեր երկրորդ աշխարհ զգալի
Եւ ի դրախտն որ յադենի տնտես եդեալ զմարդ առաջին,
Օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Որ շինեցեր բարձրագոյն զեկեղեցի Քո խորհրդեամբ
Եւ ի սմա կարգեալ տնտես զքարոզս բանին ճշմարտութեան,
Օրհնեմք զանհասանելի զօրութիւնդ:
Անտանելւոյն Տաղաւար բարձող Էիցս Բարձողին.
Որ ծնար զԱստուած մարմնով զանմարմնաբար Ծնունդն Հօր.
Բարեխօսեա վասն մեր, Աստուածածի՛ն Մարիամ:

 

Թարգմանություն.
Դու, ով Տեր, ստեղծեցիր իմանալի էակների վերին աշխարհը
Եվ նրանում իբրև տնտես հաստատեցիր հրեղենների պետերին,
Օրհնում ենք անճառելի զորությունդ:
Դու, որ իբրև մեծատուն ստեղծեցիր զգալի երկրորդ աշխարհը
Եվ Եդեմի դրախտին իբրև տնտես առաջին մարդուն կարգեցիր.
Օրհնում ենք անճառելի զորությունդ:
Դու, որ բարձրագույն իմաստությամբ Եկեղեցիդ կառուցեցիր
Եվ նրանում տնտես կարգեցիր ճշմարիտ խոսքի քարոզիչներին.
Օրհնում ենք անճառելի զորությունդ:
Տաղավար Նրա, Ում անհնար է կրել, Քո մեջ կրեցիր Նրան,
Ով էակներիս մեղքը կրեց. Դու Աստծուն մարմնով ծնեցիր,
Նա, Ով Հոր ծնունդն էր անմարմնաբար.
Բարեխոսի՛ր մեզ համար, Աստվածածի՛ն Մարիամ:
Հատկորոշիչներ՝ հարստություն, տնտես

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Գալստյան կիրակի

Զ. Գալստյան կիրակի   ՔՐԻՍՏՈՍԻ ԵՐԿՐՈՐԴ...

Դատավորի կիրակի

Ե. Դատավորի կիրակի [Ղուկաս, ԺԸ. 1-8] ԱՂՈԹՔ...

Շարական անառակի կիրակիի

ՇԱՐԱԿԱՆ ԱՆԱՌԱԿԻ ԿԻՐԱԿԻԻ (Բ. պատկեր) Լոյս ի...