Սուրբ Հարություն կամ Զատիկ

Հիսուս Քրիստոսի հրաշափառ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ Եկեղեցու մեծագույն տոներից է և արտահայտումն է Աստվածորդու տնօրինական առաքելության և մարդու փրկագործության նախախնամ խորհրդի:

Աստծու Որդու՝ խաչի վրա մահվամբ և հարությամբ մարդը վերստին հավիտենական կյանք ունենալու իր կոչմանն արժանացավ:

Քրիստոսի հարությունը մանրամասնորեն նկարագրվում է Ավետարաններում (Մատթ. ԻԸ 1-8, Մարկ. ԺԶ 1-8, Ղուկ. ԻԴ 1-12, Հովհ. Ի 1-10): Համառոտ ներկայացնենք այն:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինն իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ, որի մուտքը փակեցին մի մեծ քարով:

Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք՝ Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզմանը խնկարկելու, բայց զարմանքով տեսան, որ քարայրի մուտքից քարը հեռացված է, իսկ գերեզմանը՝ թափուր: Մինչ նրանք տարակուսանքով ու զարմանքով այս ու այն կողմ էին նայում, երևում են երկու հրեշտակներ՝ լուսավոր զգեստներով, և ասում.

«Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ հարություն առավ» (Ղուկ. 24 4-9):

Հարության լուրը կանայք ավետում են առաքյալներին, որից հետո Հիսուսը երևում է նրանց:

Հիսուս Քրիստոսի հարության ավետիսը նույն հուսադրիչ և կենսատու լուրն է, որ տարածվում է մինչև այսօր աշխարհի չորս կողմերում:

ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ տոնը հայերիս մեջ կոչվում է նաև Զ Ա Տ Ի Կ։

Զատիկ նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական իմաստով՝ վերադարձ առ Աստված: Զատիկը թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարաններում համարվում է մեծագույն տոներից մեկը: Այն կապված է ազատագրության և փրկագործության պատմական զույգ իրողությունների հետ:

Առաջինը Հին Կտակարանի այն դրվագն է, երբ հրեաները, Աստծու խնամածությամբ և Մովսեսի առաջնորդությամբ անցնելով Կարմիր ծովը, փրկվեցին եգիպտական գերությունից: Եգիպտական գերությունից ձերբազատվելը խորհրդանշում էր մեղքի և մահվան երկրից դուրս գալը, զատվելը և դեպի Ավետյաց երկիր ճանապարհվելը: Հին Ուխտի Զատիկը նախատիպն ու նախօրինակն էր Հիսուս Քրիստոսի ինքնակամ զոհաբերության:

«Այս բոլորը իբրև օրինակ պատահեց նրանց հետ, բայց մեզ համար որպես խրատ գրվեց» (Ա Կորնթ. Ժ 11):

«Քրիստոսը՝ մեր Զատիկը, մորթվեց»,- ասում է Պողոս առաքյալը (Ա Կորնթ. Ե 7):

Երկրորդը Քրիստոսի հարությունն է: Աստծու Որդին՝ իբրև Գառն Աստծու, Իր արյունը թափեց մեղավոր մարդկության համար, խաչվեց և երրորդ օրը հարություն առավ մեռելներից, որպեսզի բոլոր իրեն հավատացողներին սրբելով մեղքերից՝ մեզ արժանի դարձնի հավիտենական կյանքին:

Եգիպտոսից Իսրայելի դուրս գալը խորհրդանշում է մարմնավոր գերությունից ազատվելը, իսկ այժմ, Քրիստոսի հարության զորությամբ մարդկությունը` Նոր Իսրայելը, փրկվում է մեղքի և մահվան տիրակալությունից, խավարից դառնալով դեպի աստվածային լույսը, հավատն ու հավիտենական կյանքը:

Այսպիսով՝ Հին Կտակարանի զատկական գառը օրինակն է Հիսուս Քրիստոսի:

«Ահա գառն Աստծու, որ վերցնում է աշխարհի մեղքը» (Հովհ. Ա 29): Հովհաննես Մկրտչի այս մարգարեությունը, թե Հիսուսը պիտի քանդեր մեղքի կապանքները, կանխատեսումն էր դժոխքի ու մահվան պարտության:

Աստվածորդին մեր մեղքերի համար մեռավ և Իր սուրբ արյունով սրբեց մեզ մեղքերից, որպեսզի Նրա անունով հավիտենական կյանք ունենանք:

«Ես եմ հարություն և կյանք. ով հավատում է Ինձ, թեպետև մեռնի, կապրի» (Հովհ. ԺԱ 25):

Փրկչի խաչելությամբ և հարությամբ հաստատվում է կյանքի ու անմահության գաղափարը: Բոլոր նրանք, ովքեր Քրիստոսին ընդունում են որպես իրենց Փրկիչ և Տեր, մի օր իրենք ևս պիտի հարություն առնեն` Նրա հետ հավիտենապես թագավորելու:

«Ինչպես Ադամով բոլորը մեռնում են, նույնպես և Քրիստոսով ամենքը պիտի կենդանանան» (Ա Կորնթ. ԺԵ 22):

Քրիստոսի հարությունը դարձավ քրիստոնեական հավատքի և վարդապետության հիմքը.

«Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոսը հարություն չի առել: Եվ եթե Քրիստոսը հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. ԺԵ 13-14):

Այսօր Քրիստոսը, հարություն առնելով մեռելներից, Իր հետ հարություն տվեց նաև մեր՝ մեղքերի ու մահվան մեջ ընկած մարդկային բնությանը: Այսօր Քրիստոսը խորտակեց մահն ու խափանեց ապականությունը՝ ըստ Ավետարանի.

«Ո՞ւր է, մա՛հ, քո հաղթությունը, ո՞ւր է, դժո՛խք, քո խայթոցը» (Ա Կորնթ. ԺԵ 55):

Ավանդության համաձայն՝ Մարիամ Մագդաղենացին մեկնում է Հռոմ՝ Ավետարանը քարոզելու: Նա ներկայանում է Տիբերիոս կայսրին, վկայում իր քրիստոնեական հավատը և կայսրին է նվիրում կարմիր ներկած մի ձու՝ ողջունելով. «Քրիստոս հարություն առավ մեռելներից»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում:

Ձուն համարվում է հարության և նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշ: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մեր փրկության համար:

Սուրբ Գրիգոր Տաթևացին ձուն կարմիր ներկելու մասին ասում է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակն է աշխարհի, և ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, և սպիտակուցը՝ ջրին, դեղինն էլ երկիրն է»: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է, թե աշխարհը գնվեց Քրիստոսի արյամբ: Եվ մենք, կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով, հռչակում ենք մեր փրկությունը»:

Քրիստոսը հարություն առավ մեռելներից,

Իր մահվամբ մահը խորտակեց,

Եվ Իր հարությամբ մեզ կյանք պարգևեց.

Նրան փառք հավիտյանս: Ամեն:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Քրիստոսի հարությունը

Ադամ քհն. ՄԱԿԱՐՅԱՆ...