ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ
(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)
Պողոս Առաքյալի առաջին նամակը Տիմոթեոսին, 2. 8 – 3. 13
Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան: Նոյնպէս եւ կանայք, համեստ զարդարանքով, ակնածութեամբ եւ պարկեշտութեամբ թող զարդարուեն. ոչ թէ մարգարտով ընդելուզուած ոսկեայ հիւսքերով կամ պճնազարդ զգեստներով, այլ՝ բարի գործերով, ինչպէս վայել է աստուածապաշտութիւնը յանձն առած կանանց: Կին արարածը թող ուսանի լռութեամբ, կատարեալ հնազանդութեամբ: Եւ ես թոյլ չեմ տալիս, որ կին արարածը ուսուցանի կամ էլ խօսքով իշխի տղամարդու վրայ, այլ թող լուռ մնայ, որովհետեւ նախ Ադամը ստեղծուեց եւ ապա՝ Եւան: Եւ Ադամը չխաբուեց, այլ կինը խաբուեց եւ յանցանք գործեց: Բայց նա պիտի ապրի որդեծնութեան համար, եթէ պարկեշտութեամբ մնայ հաւատի, սիրոյ եւ սրբութեան մէջ:
Հաւաստի է այս խօսքը, թէ՝ ով եպիսկոպոսութեան է ձգտում, ձգտում է բարի գործի: Եպիսկոպոսը պէտք է անարատ լինի, մէկ կնոջ մարդ, հեզ, խոհեմ, պարկեշտ, հիւրասէր, ուսուցանելու ընդունակ, ոչ նախատող, ոչ բռնացող, այլ՝ հանդարտաբարոյ, ոչ կռուազան, ոչ փողասէր, այլ՝ այնպիսին, որ իր իսկ տանը լաւ վերակացու լինի, ունենայ որդիներ, որոնք հնազանդութեան մէջ լինեն կատարեալ պարկեշտութեամբ (իսկ եթէ մէկն իր տունը կառավարել չիմանայ, հապա ինչպէ՞ս Աստծու եկեղեցուն խնամակալ կլինի), ոչ նորադարձ, որպէսզի, գոռոզանալով, սատանային վիճակուած դատապարտութեան մէջ չընկնի, այլ նա պէտք է ունենայ բարի վկայութիւն նաեւ դրսեցիներից, որպէսզի չլինի թէ ընկնի նախատինքի տակ եւ սատանայի որոգայթների մէջ:
Նմանապէս եւ սարկաւագները թող լինեն պարկեշտ, ոչ երկդիմի խօսող, ոչ գինեսէր, ոչ շահամոլ, այլ թող պահեն հաւատի խորհուրդը մաքուր խղճով: Նախ իրենք թող փորձի ենթարկուեն եւ եթէ անմեղադրելի գտնուեն, ապա պաշտօն կատարեն:
Նոյնպէս եւ նրանց կանայք թող լինեն պարկեշտ, ոչ չարախօս, հեզ, հաւատարիմ ամէն ինչում: Սարկաւագները թող մէկ կնոջ մարդ լինեն, իրենց որդիներին եւ իրենց տները լաւ կառավարեն, որովհետեւ այն սարկաւագները, որ լաւ են ծառայում, իրենց համար շահում են բարի աստիճան եւ մեծ համարձակութիւն կունենան ի Քրիստոս Յիսուս իրենց ունեցած հաւատի մէջ:
Ավետարան ըստ Հովհաննեսի, 2. 12-22
Որդեակնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ ձեր մեղքերը ներուած են ձեզ նրա անուան սիրուն: Հայրե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրում եմ ձեզ, որովհետեւ դուք յաղթեցիք չարին: Պատանինե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք Հօրը: Հայրե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ճանաչեցիք նրան, ով ի սկզբանէ կայ: Երիտասարդնե՛ր, գրեցի ձեզ, որովհետեւ դուք ուժեղ էք, եւ Աստծու խօսքը բնակւում է ձեր մէջ. եւ դուք յաղթեցիք չարին: Մի՛ սիրէք աշխարհը, ոչ էլ՝ ինչ որ աշխարհի մէջ կայ: Եթէ մէկը սիրում է աշխարհը, Հօր սէրը նրա մէջ չէ, քանի որ այն ամէնը, ինչ աշխարհի մէջ կայ, մարմնի ցանկութիւն է, աչքերի ցանկութիւն եւ ա՛յս կեանքի ամբարտաւանութիւն, որ Հօրից չէ, այլ՝ այս աշխարհից: Թէ՛ այս աշխարհն է անցնում, թէ՛ ցանկութիւնը: Իսկ ով կատարում է Աստծու կամքը, մնում է յաւիտեան: Որդեակնե՛ր, վերջին ժամանակն է: Եւ ինչպէս լսել էք, Նեռը գալու է, բայց արդէն իսկ եկել են բազում նեռեր. դրանից էլ կարող ենք իմանալ, որ վերջին ժամանակն է: Մե՛ր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետեւ, եթէ մեզնից լինէին, ապա մեր մէջ էլ կը մնային: Բայց մեզնից ելան, որպէսզի յայտնի լինէր, թէ նրանք ամէնքը մեզնից չեն: Իսկ դուք օծում ունէք Սրբից եւ ամէն բան գիտէք: Գրեցի ձեզ ոչ թէ որովհետեւ ճշմարտութիւնը չգիտէք, այլ որովհետեւ գիտէք այն. գիտէք նաեւ այն, որ ամենայն ստախօսութիւն ճշմարտութիւնից չէ: Իսկ ո՞վ է ստախօսը, եթէ ոչ նա, ով ուրանում է, թէ Յիսուսը Քրիստոսն է: Նա՛ է Նեռը, ով ուրանում է Հօրը եւ Որդուն:
0 կարծիք