Շավիղ ԺԶ.

Հարց. Հասկացա, որ տասը պատվիրաններից հինգը կատարվում է Աստծուն սիրելով, իսկ մնացած հինգը ինչո՞վ է կատարվում:

Պատասխան. Մնացած հինգ պատվերն էլ կատարվում է ընկերոջը սիրելով.

ա) եթե ընկերոջդ սիրես քո անձի պես, նրա կնոջը չես ցանկանա,

բ) նրա ապրանքը չես գողանա, գ) նրան չես սպանի, դ) նրա մասին սուտ վկայություն չես տա, ե) նրա ունեցվածքին աչք չես տնկի:

Հարց. Մի մարդ կարո՞ղ է այդ տասը պատվերները ամբողջը կատարել. ինձ թվում է, որքան էլ որ ջանա, մեկ-երկու պատվեր պակաս կմնա. դա վնա՞ս է:

Պատասխան. Այդ բանը ոչ թե ինձ, այլ Հակոբոս առաքյալին հարցրու, և նա քեզ կպատասխանի. «Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին» (Հակոբոս Բ 10):

Հարց. Եթե այդպես է, ապա իմ վիճակը շատ դժվար է, որովհետև թեպետ շնություն, գողություն և սպանություն չեմ գործում, սուտ չեմ վկայում, բայց փափագում եմ ոսկի, արծաթ ունենալ, աշխարհային հաճույքներ վայելել, հետևաբար պարտական եմ ամբողջ օրենքին:

Պատասխան. Աշխարհասիրությանդ վերաբերյալ պատասխանը հետո կտրվի, բայց դու պարծեցար չորս պատգամ չխախտելու մեջ: Ինձ թվում է, դու դրանք էլ չես կատարում:

Հարց. Ես սուտ չեմ ասում, հիրավի որ, այդ չորս մեղքերն ամենևին չեմ գործել:

Պատասխան. Դու գողություն, սպանություն ասելով ի՞նչ ես հասկանում. ապրանք գողանալ, մարդ սպանել, թալանել: Միայն այս չէ գողությունը, այլ մեկ դրամի չափ իսկ շորթումն էլ գողություն է, գողություն է նաև թերակշռելը, պակաս տալը, վատորակն իբրև լավորակ հրամցնելը և այլն:

Հարց. Մի՞թե այդպիսի փոքր բաները հավասար են մեծ գողության:

Պատասխան. Այո՛, Քրիստոս՝ մեր Տերը, ահա հրամայում է. «Քչի մեջ անիրավը շատի մեջ էլ անիրավ է» (Ղուկաս ԺԶ 10): Դու լավ գիտես, որ մարդ սպանելը, տուն թալանելը շատ դժվար է և մանավանդ վտանգավոր, որովհետև եթե բռնվես, մահվան կդատապարտվես կամ երկար տարիներ բանտ կնետվես: Ուստի սրանից զգուշանում ես ոչ թե Աստծուց վախենալով, այլ վերահաս պատժից: Բայց, մյուս կողմից, չես վախենում ծածուկ գողություն կատարելուց, որովհետև դիմացինդ չգիտե գողությանդ, դրամաշորթությանդ մասին, հետևաբար այդ հանցանքը գործելիս չես վախենում, որ կարող է դատի ենթարկվես և հրապարակավ խայտառակվելով՝ անպատիվ լինես: Սրանք հավասար են մեծ գողության, ինչպես որ Սողոմոնն էլ է ասում. «Թե՛ մեծ, թե՛ փոքր ծուռ կշեռքը և թե՛ երկակի չափը, երկուսն էլ պիղծ են Տիրոջ առջև» (Առակ. Ի 10):

Հարց. Եթե նայենք Սուրբ Գրքին և քո ասած խոսքին, մեկն անգամ այդպիսի գողությունից զերծ չէ, քանի որ առևտրի մեջ դյուրությամբ կարելի է սայթաքել: Եվ հիմա նոր հասկացա, որ գողություն եմ անում: Վախենամ՝ մյուս ասածներս էլ մի առ մի հաստատես: Բայց մեկ բան հստակ գիտեմ՝ ամենևին մարդ չեմ սպանել:

Պատասխան. Իմ վկաները հասարակ մարդիկ չեն, որ չընդունես ասածս. ահա լսիր Հովհաննեսին, որ ասում է. «Ով իր եղբորը ատում է, մարդասպան է» (Ա Հովհաննես Գ 15): Կարծում ես՝ մարդուն սպանում են միայն սրով, դանակով, հրացանով կամ խեղդելով: Հիրավի, օրենքից վախենալով այդ բոլորը չես անում, բայց չես վախենում եղբորդ չսիրել կամ ատել, որովհետև այս աշխարհի օրենքը դրանց համար բան չի ասում, այլ միայն Աստված է բարկանում, բայց դու ի սկզբանե Աստծուց վախ չունես: Հիմա տեսար, որ առանց գիտության, առանց այդ մասին իմանալու, կարող ես մարդասպան լինել: Սրանից բացի մարդասպանություն է նաև զրկելը:

Հարց. Բայց խնդրում եմ ինձ բացատրիր, թե ի՞նչ է զրկելը:

Պատասխան. Մարդկանց անհիմն մեղադրելը, զրպարտելը, վատաբանելը, աշխատողի վարձը կտրելը, խեղճ ու միամիտ մարդկանց տունը, ապրանքը, արտն ու այգին անիրավությամբ խլելը կամ աղքատներին տևապես ահաբեկության մեջ պահելով կեղեքելը, նեղություն, ցավ պատճառելը սպանություն է, ինչպես Հակոբոս առաքյալն է ասում. «Ուրեմն այժմ, հարուստնե՛ր, լացե՛ք ու ողբացե՛ք այն թշվառությունների համար, որ գալու են ձեր գլխին: Որովհետև ձեր հարստությունը փտած է, ձեր զգեստները՝ ցեցի կեր, և ձեր արծաթն ու ոսկին՝ ժանգոտած, և նրանց ժանգը… պիտի ուտի ձեր մարմինը…: Զրկեցիք, սպանեցիք արդարին, որը ձեզ չէր հակառակում» (Հակոբոս Ե 1-6):

--------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ, շավիղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...