Շավիղ ԺԵ.

Հարց. Ինչո՞ւ Քրիստոս տասը պատվիրաններից այս երկուսը մեծ համարեց, այսինքն՝ Աստծուն և ընկերոջը սիրելը:

Պատասխան. Եթե այս երկուսը հաստատ պահես, տասը պատվիրաններն էլ կատարած կլինես:

Հարց. Ինչպե՞ս երկու պատվիրան պահելով՝ տասը պատվիրան կատարած կլինեմ:

Պատասխան. Եթե Աստծուն ամբողջ սրտով սիրես, Նրա անունն առանց առիթի չես տա և սուտ բանի համար Աստծուն վկա չես բերի: Երկրորդ՝ կուռք չես պատրաստի, երրորդ՝ շաբաթ, այսինքն՝ կիրակին սուրբ կպահես: Մարմնավոր գործերից հրաժարվելով՝ հոգևոր գործով կզբաղվես: Չորրորդ՝ հորդ ու մորդ կհարգես: Տեսնո՞ւմ ես, որ այսպիսով հինգ պատվեր կատարեցիր:

Հարց. Փա՛ռք Աստծու, ես կռապաշտ չեմ, որ կուռք պատրաստեմ:

Պատասխան. Շատ ես պարծենում, թե կռապաշտ չես, բայց Պողոս առաքյալի խոսքերով, եթե ագահություն ունենաս, դա արդեն կռապաշտություն է. «Այս բանն իմացեք, թե ամեն պոռնիկ կամ պիղծ կամ ագահ մարդ, որ կռապաշտ է, Աստծու և Քրիստոսի թագավորության մեջ ժառանգություն չունի» (Եփես. Ե 5):

Հարց. Ապա ի՞նչ անենք, եղբա՛յր, քաղցած և մերկ զբոսնե՞նք, չվաստակե՞նք:

Պատասխան. Ինչո՞ւ պետք է քաղցած և ծարավ ման գաս: Ունեցվածք ունենալու և առևտուր անելու արգելք չկա Սուրբ Գրքի մեջ, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից» (Ա Տիմոթեոս Զ 6):

Հարց. Շատ լավ է Պողոս առաքյալի ասածը, բայց իմ ծախսը շատ կլինի, ինչպե՞ս բավականանամ քիչ վաստակով:

Պատասխան. Պողոս առաքյալը քո շռայլ լինելը և այդպես ասելը կանխապես գիտեր, որի պատճառով և ավելացնում է. «Ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել: Այլ ունենք կերակուր և հանդերձներ ու դրանցով էլ բավականանանք: Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ» (Ա Տիմոթեոս Զ 7-9):

Պողոս առաքյալի խոսքից պարզ հասկացվում է, որ եթե քաղցդ հագեցնելու և մերկությունդ ծածկելու չափ բավարարվես, շատ ծախս չես ունենա և քիչ վաստակով գոհ կլինես: Ուրեմն պետք չէ լինել ագահ և ընչասեր: Բայց, ինչպես տեսնում եմ, ծախսդ չափավոր սնունդի և հագուստի համար չէ միայն:

Հարց. Ապա ինչի՞ համար է:

Պատասխան. Լսի՛ր, քեզ ասեմ, թե ինչի համար է:

Ա. Չափից ավելի համեղ և յուղալի կերակուրների, գինետներ հաճախելու և անպարկեշտ խաղերով ժամանակ անցկացնելու:
Բ. Չափից ավելի թանկարժեք հագուստներ հագնելու, ադամանդե մատանի, թանկարժեք ժամացույց և մուշտակ ունենալու:
Գ. Գեղեցիկ տների և սենյակների, փառավոր պարտեզներ կառուցելու:
Դ. Աշխարհում մեծ անուն ու սին փառք վայելելու:
Ե. Աղքատների վրա բարկանալու, դատարաններում կաշառք տալու, խոսքդ առաջ տանելու և չար կամքդ կատարելու:
Զ. Կնոջդ, աղջկադ կամ հարսիդ ոսկով, արծաթով, ադամանդե ծաղիկներով, մատանիներով և մետաքսե հագուստներով կուռքի նման զարդարելու:

Ահա սրանց համար է քո ծախսը, ուստի հասկանալի է, որ այդ նպատակի համար մեծ գումար է պետք: Սա փոքր գումարով գլուխ գալիք գործ չէ: Եթե աշխարհի ամբողջ արծաթն ու ոսկին էլ տան, չես գոհանա, որովհետև քո ծախսի համար դա շատ քիչ կգա: Այս պատճառով էլ փոքրիկ վաստակով չես բավարարվում: Հիմա հասկացա՞ր կռապաշտ լինելդ, որի համար էլ Հովհաննես առաքյալը զգուշացնում է. «Որդյակնե՛ր, հեռո՛ւ պահեցեք դուք ձեզ կռապաշտությունից» (Ա Հովհաննես Ե 21): Չկարծես, թե այս խոսքը կռապաշտներին է ուղղել, այլ քրիստոնյաներին՝ նրանց մեջ նկատվող ընչասիրության և շռայլ ծախսումներից զգուշացնելու համար: Նաև Պողոս առաքյալն է ասում. «Ամեն տեսակ չարության արմատը արծաթասիրությունն է»: Իմանալով մարդկային բնության մեջ նկատվող արատավոր հատկությունները՝ նյութապաշտություն, փառասիրություն և այլն, առաքյալը Տիմոթեոսին գրում է. «Այս աշխարհի հարուստներին պատվիրիր, որ չհպարտանան և չապավինեն սնոտի հարստությանը, այլ Աստծուն, որ մեզ առատապես ամեն ինչ տալիս է վայելելու համար. պատվիրիր բարիք գործել, բարի գործերով հարստանալ, լինել առատաձեռն, բարեսեր, իրենց ունեցածից ուրիշին էլ բաժին հանել՝ իրենց համար բարի հիմք դնելով հանդերձյալում, որպեսզի ձեռք բերեն ճշմարիտ կյանքը» (Ա Տիմոթեոս Զ 17-20):

-------------------
Հին հղումը
Հատկորոշիչներ՝ երկնքի, ճանապարհ, շավիղ

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Շավիղ ԼԸ.

Հարց. Կարծես հասկացա, որ չորս խորհելիք նյութերից...

Շավիղ ԼԷ.

Հարց. Շատ լավ: Հասկացա, որ ամեն բանից առաջ պիտի...

Շավիղ ԼԶ.

Հարց. Եթե մեղքից հեռու պահող այլ խրատ ունես,...