Հոգեգալստյան Զ. օր։ Պահք։

Բաժին՝ Օրեր

Այսօր առաջարկում ենք ընթերցել.

ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ (Շնորհք արք. Գալուստյան),

Եղիական պահք։


 

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉՆ ԱՅՍՕՐ

(սուրբգրային ամենօրյա ընթերցանության հատվածներ «Ճաշոց» գրքից)

Թվեր, ԺԱ. 24-27

Մովսէսն ելաւ ու ժողովրդին հաղորդեց Տիրոջ ասածը։ Նա ժողովրդի ծերերի միջից հաւաքեց եօթանասուն տղամարդկանց ու նրանց կանգնեցրեց խորանի շուրջը։ Տէրն իջաւ ամպի մէջ, խօսեց Մովսէսի հետ, առաւ նրան տրուած ոգուց եւ դրեց եօթանասուն ծեր տղամարդկանց մէջ։ Երբ ոգին հանգչեց նրանց վրայ, նրանք մարգարէացան բանակատեղիում, բայց դա այլեւս չկրկնուեց։ Բանակատեղիում այդ ծերերից մնաց երկու մարդ. մէկի անունը Ելդադ էր, իսկ երկրորդինը՝ Մոդադ։ Ոգին հանգչեց նրանց վրայ էլ։ Նրանք եւս այդ եօթանասուն գրանցուածների մէջ էին, խորան չէին եկել, բայց մարգարէութիւն էին անում բանակատեղիում։ Մի պատանի, գալով Մովսէսի մօտ, այդ մասին պատմեց նրան ու ասաց. «Ելդադն ու Մոդադը մարգարէութիւն են անում բանակատեղիում»։

Իմաստութիւն Սողոմոնի, Զ. 11-17

Այն ամէնը, ինչ սուրբ է, պահեցէ՛ք սրբութեամբ, եւ դուք պիտի սրբանաք. նրանք, ովքեր սովորեն այդ բաները, պաշտպանութիւն պիտի գտնեն։ Արդ, ձգտեցէ՛ք հետեւել իմ խօսքերին, փափագեցէ՛ք եւ պիտի խրատուէ՛ք։ Լուսաւոր եւ անթառամ է իմաստութիւնը, դիւրին է յայտնւում իրեն սիրողներինեւ հեշտ է գտնւում փնտռողներից։ Նա ինքն է հասնում իրեն ցանկացողներին՝ աւելի շուտ ճանաչուելու համար։ Ով վաղ է ելնում նրան փնտռելու, նա չի չարչարուի, որովհետեւ դեգերելիս կը գտնի այն իր դռան մօտ։ Նրա մասին մտածելն արդէն կատարեալ իմաստութիւն է, եւ ով տքնում է նրա համար, շատ շուտ էլ կը թեթեւանայ հոգսից։ Արդարեւ, իմաստութիւնն ինքն է շրջում՝ գտնելու իրեն արժանի եղողներին, եւ քաղցրութեամբ յայտնուելով նրանց շաւիղների վրայ, ինքն է նրանց տալիս ամէն մի հնարագիտութիւն։

Պողոս Առաքյալի նամակը հռոմայեցիներին, Ը. 2-6

Որովհետեւ Քրիստոս Յիսուսով կեանք տուող հոգու օրէնքը ինձ փրկեց մեղքի եւ մահուան օրէնքից. քանզի, ինչ որ անհնար էր օրէնքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստուած հնարաւոր դարձրեց. առաքեց իր Որդուն մեղանչական մարմնի նմանութեամբ եւ մեղքի համար ու մարմնի մէջ դատապարտեց մեղքը, որպէսզի օրէնքի արդարութիւնը կատարուի մեր մէջ, մեր, որ ոչ թէ ըստ մարմնի ենք ընթանում, այլ՝ ըստ հոգու. արդարեւ նրանք, որ ըստ մարմնի են, մարմնինն են խորհում, իսկ նրանք, որ ըստ հոգու են, հոգունը. քանի որ մարմնաւոր խորհուրդը մահ է, իսկ հոգեւոր խորհուրդը կեանք եւ խաղաղութիւն։

Ավետարան ըստ Հովհաննեսի, Գ. 1-8

Եւ փարիսեցիների մէջ Նիկոդեմոս անունով մի մարդ կար, որ հրեաների իշխանաւոր էր։ Սա գիշերով եկաւ նրա մօտ ու նրան ասաց. «Ռաբբի՛, գիտենք, որ Աստծուց ես եկել որպէս վարդապետ, որովհետեւ ոչ ոք չի կարող կատարել այն նշանները, որ դու ես անում, եթէ Աստուած նրա հետ չլինի»։ Յիսուս պատասխանեց եւ ասաց նրան. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը վերստին չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպէ՞ս կարող է ծնուել մի մարդ, որ ծեր է. միթէ կարելի՞ է իր մօր որովայնը կրկին անգամ մտնել ու ծնուել»։ Յիսուս պատասխան տուեց եւ ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ, եթէ մէկը ջրից ու Հոգուց չծնուի, չի կարող Աստծու արքայութիւնը մտնել. որովհետեւ մարմնից ծնուածը մարմին է, իսկ Հոգուց ծնուածը՝ հոգի։ Դու մի՛ զարմացիր, որ քեզ ասացի՝ պէտք է ձեզ վերստին ծնուել. որովհետեւ քամին ուր ուզում է՝ փչում է, եւ նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում. այսպէս է եւ ամէն ոք, որ Հոգուց է ծնուած»։

Պողոս Առաքյալի նամակը հռոմայեցիներին, Բ. 25 – Գ. 9

Թլփատութիւնն օգուտ կ՚ունենայ, եթէ օրէնքը պահես, իսկ եթէ օրէնքը խախտող ես, քո թլփատութիւնը անթլփատութիւն կը լինի. ուրեմն եթէ անթլփատ մարդը օրէնքի իրաւունքները պահի, նրա անթլփատութիւնը արդեօք թլփատութիւն չի՞ համարուի։ Եւ ի բնէ անթլփատ մարդը, օրէնքը կատարելով, պիտի դատի քե՛զ, որ, գրաւոր օրէնքն ունենալով եւ թլփատուած լինելով հանդերձ, մեղանչել ես օրէնքի դէմ. որովհետեւ բուն հրեան նա չէ, որ արտաքուստ է երեւում, եւ ոչ էլ բուն թլփատութիւնը՝ արտաքուստ եղածը՝ մարմնականը։ Այլ հրեան նա է, որ ներքուստ է, եւ թլփատութիւնը սրտի թլփատութիւնն է՝ ըստ հոգու եւ ոչ թէ ըստ գրի, եւ որի գովքը մարդկանցից չէ, այլ՝ Աստծուց։

Արդ, ո՞րն է հրեայի առաւելութիւնը, կամ թլփատութիւնից ի՞նչ օգուտ. շատ բան՝ ամէն տեսակէտներով։ Նախ՝ այն, որ Աստծու պատգամները նրանց վստահուեցին։ Իսկ արդ, եթէ ոմանք հաւատարիմ չգտնուեցին, միթէ նրանց անհաւատութիւնը Աստծու հաւատարմութիւնը խափանե՞ց։ Քա՛ւ լիցի։ Արդ, թող Աստուած ճշմարիտ լինի, իսկ ամէն մարդ՝ սուտ, ինչպէս որ գրուած էլ է, թէ՝ Բայց եթէ մեր անիրաւութիւնը ցայտուն է դարձնում Աստծու արդարութիւնը, ի՞նչ ասենք. անիրա՞ւ է Աստուած, որ բարկութիւն է թափում։ Որպէս մարդ եմ խօսում։ Քա՛ւ լիցի, ապա թէ ոչ Աստուած ինչպէ՞ս կը դատի աշխարհը. արդարեւ, եթէ իմ ստով Աստծու ճշմարտութիւնը աւելանում է ի փառս նրա, էլ ինչի՞ համար եմ ես դատւում իբրեւ մեղաւոր։ Ուրեմն, ահա թէ ինչպէս են նախատում մեզ, եւ ինչպէս ոմանք մեր մասին ասում են իբր թէ ասած լինենք՝ չարի՛ք գործենք, որպէսզի բարին գայ. նրանք արժանի են իրենց դատապարտութեան։ Եւ արդ, ինչո՞վ ենք առաւել. արդարեւ եւ ոչ մի բանով. որովհետեւ աւելի վերեւ էլ հաստատեցինք հրեաների եւ հեթանոսների՝ ամենքի էլ մեղքի տակ լինելը։

Ավետարան ըստ Մատթեոսի, Թ. 1-8

Եւ նաւակ մտնելով՝ Յիսուս անցաւ ծովի միւս կողմը. եւ եկաւ իր քաղաքը։ Եւ ահա նրա մօտ բերեցին մի անդամալոյծ, որ պառկած էր մահճի մէջ։ Յիսուս նրանց հաւատը տեսնելով՝ ասաց անդամալոյծին. «Քո մեղքերը քեզ ներուած են»։ Եւ ահա օրէնսգէտներից ոմանք իրենց մտքում ասացին՝ դա հայհոյում է։ Եւ Յիսուս իմանալով նրանց մտածումները՝ նրանց ասաց. «Ինչո՞ւ դուք ձեր սրտերում չար բան էք խորհում. ի՞նչն է դիւրին. ասել՝ քեզ ներուա՞ծ են քո մեղքերը, թէ՞ ասել՝ վե՛ր կաց եւ քայլի՛ր։ Արդ, որպէսզի իմանաք, որ մարդու Որդին իշխանութիւն ունի երկրի վրայ մեղքերը ներելու, – ասաց նա այդ ժամանակ անդամալոյծին, – վե՛ր կաց, վերցրո՛ւ քո մահիճը եւ գնա՛ քո տունը»։ Եւ նա վեր կենալով՝ իր տունը գնաց։ Երբ ժողովուրդը այս տեսաւ, զարմացաւ. եւ փառաւորում էր Աստծուն՝ մարդկանց այսպիսի իշխանութիւն տուողին։

Ավետարան ըստ Հովհաննեսի, Ի. 19-23

Նոյն կիրակի օրուայ երեկոյեան աշակերտները հաւաքուած էին մի տան մէջ, որի դռները փակուած էին հրեաների վախի պատճառով։ Յիսուս եկաւ, կանգնեց նրանց մէջտեղն ու նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ»։ Այս ասելով՝ նրանց ցոյց տուեց իր ձեռքերը եւ կողը. եւ աշակերտներն ուրախացան, երբ տեսան Տիրոջը։ Նա դարձեալ նրանց ասաց. «Խաղաղութի՜ւն ձեզ. ինչպէս իմ Հայրն ինձ ուղարկեց, ես էլ ուղարկում եմ ձեզ»։ Երբ այս ասաց, նրանց վրայ փչեց եւ ասաց. «Առէ՛ք Սուրբ Հոգին։ Եթէ մէկի մեղքերը ներէք, նրանց ներուած կը լինի. եթէ մէկի մեղքերը չներէք, ներուած չի լինի»։

ՏՈՆԱՑՈՒՅՑ

Զ. օր Հոգեգալստեան։ Պահք։

Գիրք, Աւտրն., Չհանդուրժեալ, Քրզ. Խնդր., Կեցո, Աղթ. Քում ամենազօր։ Ժմտ. Վասն որոյ։ Հմբ. դկ. Ի յարաշարժ։ Աղթ. Հայր գթած, Աւտրն., Քրզ. Գոհաբանելով, Կեցո, Աղթ. Խաղաղութեամբ քով Հոգիդ Սուրբ։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

0 կարծիք

Խմբագրի ընտրանի

Քրիստոնեական բարոյականության սկզբունքների կիրառելիության մասին

Հարցազրույց Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆԻ հետ։ – Ցանկացած մարդ, եթե քիչ թե շատ ազնիվ է գոնե ինքն իր նկատմամբ, հոգու խորքում հիանալիորեն գիտի, թե ինչն է բարի, աստվածադիր բարոյականության նորմերին հարազատ, ինչը՝ ոչ։ Հոգին...

Կարդալ ավելին

Ինչպե՞ս չդառնալ երկու տիրոջ ծառա

Հարցազրույց Կյուրեղ քահանա ՏԱԼՅԱՆԻ հետ։ Երկրային բարիքներ և երկնային արժեքներ. հավերժական հակադրությո՞ւն է, թե՞ չբացահայտված ներդաշնակություն... Ինչպե՞ս ապրել կյանքը, որ հոգևորն ու մարմնավորը չհակադրվեն։ Ավելին` ինչպե՞ս համադրել...

Կարդալ ավելին

Այլ նյութեր

Հինանց ԼԸ. օր

Հինանց 38-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Հինանց ԺԶ. օր

Հինանց 16-րդ օրն ըստ Հայ Եկեղեցու Տոնացույցի։

Աշխարհամատրան (կանաչ) կիրակի

Եկեղեցական օրացույց․ Աշխարհամատրան (կանաչ) կիրակի, հինանց 3-րդ կիրակի: