Արտակ ՄԱՂԱԼՅԱՆ
———————————————
ՀԱՅՈՑ ՊԱՀԱՆՋԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՑՈԼՈՒՄԸ ՀՈԳԵՎՈՐԱԿԱՆՆԵՐԻ ԳՐԱԾ ԴԻՄՈՒՄ-ՆԱՄԱԿՆԵՐՈՒՄ
Հայ ժողովրդի բազմադարյան պատմության հիմնական ակունքներից մեկը Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին է, որը պետականության չգոյության պայմաններում միշտ էլ ստանձնել է քաղաքական իշխանության գործառնություններ, ուստի ամենևին էլ պատահական չէ, որ Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո ստեղծված անբարենպաստ պայմաններում անգամ Հայոց Եկեղեցու ազգանվեր սպասավորները չմոռացան Հայ Դատը։ Դեռևս 1926 թ. ապրիլի 1-ին՝ Լոզանի կոնֆերանսից ոչ շատ հետո, խորհրդային իշխանությունների կողմից անբարեհույս համարվող Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ Տիրայր արքեպիսկոպոսը Գևորգ Ե Սուրենյանց Կաթողիկոսին գրում էր. «Միշտ ալ շեշտած ենք որ Ռուսաց մեր երկրի մէջ լինելու պարագան մեր երկրի փրկութեան հիմն է։ Գրած ենք Տ. Գարեգին եպիսկոպոսին, որպէսզի մեր կառավարական շրջանների մէջ խօսէ մեր երկրի սահմանները ընդլայնելու խնդրի նկատմամբ (դեպի Նախիջևան, Կարս, Արտահան ևն), որպէսզի գաղթականութեան մուտքն այնտեղ հնարաւորութիւն դառնայ։ Անտարբեր եղած չենք և չէինք կարող լինիլ մեր սեփական երկրի վերաշինութեան գործի նկատմամբ, վասնզի Հայ Եկեղեցւոյ պաշտօնեայ լինելով հանդերձ, հայ մարդ ենք, այդ երկրի զաւակ և այդ երկրի շահերուն նուիրուած» («Վավերագրեր Հայ Եկեղեցու պատմության. 1921-1938 թթ.», կազմեց՝ Ս. Բեհբուդյան, Երևան, 1994, էջ 79)։ Այսպիսին էր Հայ Եկեղեցու սպասավորների հավատամքը։
Երկրորդ աշխարհամարտից անմիջապես հետո Հայ Եկեղեցու պաշտոնյաները վերսկսել են փորձերը Թուրքիային անցած հայապատկան երկրամասը Հայաստանին վերադարձնելու ուղղությամբ, մանավանդ, որ, ինչպես Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանն է գրում, «այդ իմաստով բազմաթիւ դիմումներ ենք ստացել աշխարհի ամեն կողմը ցրուած հայերի կողմից» (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 409, ց. 1, գ. 753, թ. 1)։ Ներկայացնենք այդ նամակներից ընդամենը մեկը, որը 1945 թ. հուլիսի 22-ին գրել էր նախկին թրքահայ սովետական քաղաքացի Մաղաք Փափազյանը։ Նրա նամակում մասնավորապես ասվում է. «Վեհափառ հայր, ներեցեք և թույլ տվեք հարցնելու, ամեն մի հայի շատ հուզող մի հարց, թե արդյոք Ամենայն Հայոց նորընտիր Կաթողիկոսը՝ Գևորգ 6-րդը, մտադրություն չունի՞ դիմելու երեք մեծ տերությունների ղեկավարների խորհրդակցության, Թրքահայաստանի տերիտորիաներից Սովետական Հայաստանին միացնելու և դրանով Թրքահայաստանի թրքական տեռորից փախած, օտար երկրներում պանդխտության մեջ գտնվող, հայության Հայրենիք՝ Սովետական Հայաստանի վերադարձի հնարավորություն ստեղծելու խնդիրը, երեք մեծ տերությունների ղեկավարների խորհրդակցությունում քննարկության ենթարկելու և դրական իմաստով լուծելու համար» (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 409, ց. 1, գ. 295, թ. 2)։
Էջմիածնում գումարված Ազգային-եկեղեցական ժողովի պատգամավորները 1945 թ. հունիսի 26-ին Թուրքիային անցած հայապատկան հողերը Խորհրդային Հայաստանին վերադարձնելու խնդրանքով դիմում են հղել Ի. Վ. Ստալինին. «Մեծ Ստալին, դուն պողպատէ վճռականութեամբ իրագործեցիր ուքրանացիներու, բելոռուսներու, մոլդավացիներու և բալտիկ ժողովուրդներու ազգային ամբողջացումը,- գրված է նամակում,- դուն նաև թշնամիի անարգ լուծէն ազատեցիր լեհերը, չեխոսլովաքները, աւստրիացիները, բուլղարները և եուկոսլաւները՝ իրաւամբ նուաճելով համայն ազատասէր մարդկութեան սիրտը և ժողովուրդներու ազատարարի կոչումը։
«Մեծ Ստալին, մենք ևս ձայնակցելով Ամերիկահայ Ազգային Խորհուրդի դեկլարացիային՝ ուղղուած Սան Ֆրանսիսկոյի պատգամաւորներուն և մամուլին, մէկ ու կէս միլիոն դժբախտ և հայրենազուրկ հայերու անունով կը դիմենք ձեզ-նոյնպէս իրագործել հայ ժողովրդի ազգային ամբողջացումը, կցելով Թրքահայաստանի հողերը Սովետական Հայաստանի երկրամասին և կարգադրելով աստանդական հայերու վերադարձը իրենց մայր երկիրը»։
(Գ. Լազեան, Հայաստան և Հայ Դատը հայ և ռուս յարաբերութիւններու լոյսին տակ, Երևան, 1991, էջ 349-351)։
Նամակը ստորագրել էին Ամենայն Հայոց նորընտիր Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը, Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին Ա-ն, Երուսաղեմի պատրիարք Կյուրեղ Բ Իսրայելյանը, Հունաստանի թեմի առաջնորդ Կարապետ արք. Մազլումյանը, Եվրոպայի թեմի առաջնորդ Արտավազդ արք. Սյուրմեյանը, Կալիֆորնիայի թեմի առաջնորդ Մամբրե եպս. Գալֆայանը, Եգիպտոսի թեմի առաջնորդ Մամբրե եպս. Սիրունյանը, Ամերիկայի հայոց առաջնորդ Տիրան ծ. վրդ. Ներսոյանը, Ռումինիայի թեմի առաջնորդական տեղապահ Վազգեն վրդ. Պալճյանը (հետագայում՝ 1955-1994 թթ., Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա) և այլ ականավոր հոգևորականներ, ինչպես նաև գիտության, գրականության ու արվեստի բազմաթիվ նշանավոր գործիչներ։
Սույն նամակին ԽՄԿԿ Կենտկոմի օրգան «Պրավդա» օրաթերթն արձագանքել է հետևյալ ձևով. «Արտասահմանի մէկուկէս միլիոն հայութիւնը Էջմիածնի Ամենայն Հայոց Կաթողիկոսի և ապա Հայաստանի կառավարութեան միջոցով դիմում կը կատարէ, որպէսզի իր արդար իրաւունքն եղող ծննդավայր հայրենիքը՝ Վան, Պիթլիս և Կարին կցուին Սովետ Հայաստանին։ Կասկած չկայ, որ Սովետ Հայաստանի ժողովուրդն ու կառավարութիւնը չէին կրնար տարբեր կեցուածք ցոյց տալ արտասահմանի իրենց եղբայրներուն հանդէպ, եթէ ոչ անոնց առջև լայն բանալ հայրենիքի դռները… Մեծ անարդարութիւն մըն է նոյնպէս Ռուսական Կովկասի մաս կազմող Սուրմալուի, Կարսի և Արտահանի նահանգներուն՝ թուրքերուն ձգուիլը… Կովկասահայութեան իրաւունքն է Սուրմալու, Կարս ու Արտահան, իսկ թրքահայութեան իրաւունքն է Վան, Պիթլիս ու Կարին վիլայէթները» («Պրավդա»-ից սույն հղումը կատարում ենք ըստ Գ. Լազյանի նշված աշխատության, էջ 353)։
Սակայն, այս անգամ ևս, վերահիշյալ ոգևորիչ խոսքերին չեն հաջորդել ծանրակշիռ գործերը…
Նույն թվականի հոկտեմբերի 22-ին Գևորգ Զ Հայրապետը ուղերձով դիմել է «դեմոկրատ և ազգասէր մեծ պետութիւնների»՝ ԽՍՀՄ-ի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կառավարությունների ղեկավարներին՝ Արևմտահայաստանի հողերը Խորհրդային Հայաստանին կցելու խնդրանքով։ Կաթողիկոսը, իր ուղերձում հակիրճ ներկայացնելով Հայկական Հարցի պատմությունը՝ սկսած Սան-Ստեֆանոյի դաշնադրությունից (1878 թ.), և հիշատակելով հայերի «զարհուրելի կոտորածները», նշում է. «Մենք խնդրում ենք առնել Թիւրքիայի ձեռքից այդ բռնագրավուած և այժմ համարեա ամայացված հողերը և վերադարձնել իրենց իսկական տերերին, միացնել Սովետական Հայաստանին, որով նոքա հնարաւորութիւն կունենան խաղաղ ապրելու իրենց եղբայրակիցների կողքին՝ աշխատելու և իրենց ազգային մշակոյթը զարգացնելու։
«Սա կլինի արդար գնահատականը այն հսկայական զոհաբերութիւնների և անձնուիրութեան, որ հայ ժողովուրդը բերեց հանուն միաւորեալ դեմոկրատիկ պետութիւնների գործի, հանուն դեմոկրատիայի յաղթանակի։
«Հայ ժողովուրդը բոլոր ճակատներում քաջութեամբ կռուեց հաղթանակի համար, ուստի անիրաւութիւն կլինի, եթէ այս անգամ էլ նա յուսախաբ լինի։ և աշխարհը աններելի կհամարէ, եթեէ այս անգամ էլ հայերի սրբազան իրաւունքը չհարգվի, զոհ բերուի պետութիւնների մերկանտիլ շահերին, եթէ նուիարգործուի թրքական եաթաղանի իրաւունքը և ամայացած Հայաստանը նուէր տրուի Թիւրքերին նրա համար, որ կոտորել են հայերին և վտարել նոցա հայրենի տուն ու տեղից։ Չպէտք է վարկաբեկել ևրոպական քաղաքակրթութիւնը և մեծ պետութիւնների պրէստիժը։
«Թիւրքիայի դաժան լծից ազատուեցին Յունաստանն ու Սերբիան, Ռումինիան ու Բուլղարիան, Լիբանանն ու Ալբանիան, Կրետէ կղզին ու Պաղեստինը։ Ինչո՞ւ համար, ի՞նչ իմաստուն պատճառաբանութեամբ մարդկութիւնը պիտի զլանայ տառապեալ Հայաստանին տալու իր արդարագոյն իրաւունքը։
«Պետութիւնները «յանուն իրենց հանդիսաւոր խոստումների և յայտարարած սկզբունքների» պարտաւոր են կատարելու քաղաքակրթական մի վեհ ակտ, մարդասիրական մի սուրբ գործ՝ փրկել վերջնական կորստից մի հին կուլտուրական ազգի մնացորդները. մի ազգի, որ ստեղծել է կլասիկ լեզու և գրականութիւն, տուել է արուեստի հոյակապ կոթողներ և ունի արժէքաւոր ներդրումներ համամարդկային կուլտուրայի մէջ»։
Դիմումում այսպիսի տողեր կան նաև «նոր դեմոկրատիկ» Թուրքիայի մասին. «Թուրքիան և նորա բարեկամները՝ վիժեցնելու համար հայկական դատը, յայտարարում են՝ թէ ներկայ Թուրքիան դեմոկրատիկ իրաւակարգ ունի, նա հին Թիւրքիան չէ, և հայերը, եթէ կամենան, կարող են վերադառնալ իրենց նախկին բնակավայրերը։ Սակայն հայ ժողովուրդը անցեալ անթիւ փորձերից գիտէ, որ գոյութիւն չունի հին ու նոր Թիւրքիա, նա միևնոյն անուղղելի Թիւրքիան է. և հայ ժողովուրդը, ինչպես և ևրոպական դիպլոմատիան լաւ գիտեն թիւրքական խոստումների արժէքը։
«Հայ ժողովուրդը երբէք չէր ձգտել անջատուել թիւրք պետութիւնից,- շարունակվում է ուղերձում,- նա կամենում էր միայն կեանքի, պատուի և գոյքի ապահովութիւն, սակայն այս տարրական իրաւունքներն անգամ թիւրքերը զլացան տալ հայերին։ Ուր մնացին զանազան հատտի-շերիֆների և հատտի-հումայունների 1839 և 1856 թուերի խոստումները, Անգլօ-Թիւրքական Կիպրոսի դաշնագրի և Բեռլինի 61-րդ յօդուածի յանձնառումները, նաև 1895 թուի հայկական ռէֆորմների ծրագիրը և 1914 թուի հայկական սեկտորների Կառավարութիւնը և վերջապէս Սևրի դաշնագրով ընդունուած Հայաստանի անկախութիւնը նախագահ Վիլսոնի գծած սահմաններով։
«Սոցա բոլորի արդիւնքն եղաւ աննախընթաց ջարդերը և Հայաստանի ամայութիւնը։ Հայ ժողովուրդը չի մոռացել Մեծ Գլադստոնի խօսքը՝ «Թիւրքերի խոստումներին երբեք չպէտք է հաւատալ»։
«Միակ ելքն է Թուրքահայաստանի ազատագրումը և կցումը Սովետական Հայաստանին» (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 409, ց. 1, գ. 753, թ. 1-5)։
Սակայն «քաղաքակիրթ» պետություններն այս անգամ ևս չկատարեցին քաղաքակրթական այն վեհ ակտը, որը նրանցից ակնկալում էր համայն հայությունը։
Գևորգ Զ Չորեքչյանը, 1945 թ. նոյեմբերի 29-ին ողջունելով Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման քսանհինգերորդ տարեդարձը, ՀԽՍՀ ղեկավարությանը հղված շնորհավորական ուղերձում գրում է. «Խորագոյն կերպով հաւատացած ենք նաև, որ ՍՍՌ Միութեան կառավարութեան և մեծ Ստալինի ջանքերով Հայ ժողովուրդը իրականացած կտեսնի իր Հայրենիքի ամբողջացումը և իր ժողովրդի համախմբումը Մայր Հայրենիքում՝ Սովետական Հայաստանում» (ՀՀ ՆՊԿՊԱ, ֆ. 823, ց. 1, գ. 10, թ. 1)։
Դիվանագետ Կաթողիկոսը 1946 թ. դեկտեմբերին կրկնել է իր վերոհիշյալ պահանջը՝ «արտասահմանյան հայերի հայրենադարձության վերաբերյալ ԽՍՀՄ կառավարության որոշման կապակցությամբ» («Հայկական Հարց» հանրագիտարան, Երևան, 1996, էջ 99)։
Հայրենասեր և մեծագործ Հայրապետը 1947 թ. ապրիլի 20-ին հրապարակել է ընդարձակ մի կոնդակ՝ հայ ժողովրդի արդար դատի և բռնադատված իրավունքների մասին։ «Հայ ժողովրդի դատը հին դատ է,- գրված է կոնդակում,- նախասովետական դատ։ Հայ ժողովուրդը իր բոլոր հատուածներով՝ ինքն է հարուցել ու նախաձեռնել դատը իր նոր փուլում ևս, ինչպէս և ողջ անցեալում։ Հարազատ սովետական հայ կառավարութիւնը և մենք՝ որպէս պատմական աւանդապահն ազգային իրաւանց և գերագոյն Պատրիարք-Կաթողիկոս Մայր Աթոռոյ Սուրբ Էջմիածնի՝ մեր սրբազնագոյն պարտքն ենք համարում արձագանքել բովանդակ հայ ժողովրդի արդար պահանջին և պաշտպան կանգնել հարիւր հազարների անմեղ արեամբ ու հերոսական մահով սրբագործուած մեր նուիրական Դատին։ Մեր Դատը իրաւունքի և արդարութեան դատն է։ Հայ ազգի և Հայրենիքի դատ է, դա քաղաքական խղճի, պարտքի ու բարոյականութեան խնդիր է։ և այդ Դատի յաղթանակը խնդրում և ակնկալում ենք աշխարհիս զօրեղներից, դեմոկրատական հզօր պետութիւններից, յուսալով, որ այս անգամ, հնադարեան քաղաքակիրթ ու հերոսական հայ ժողովրդի արդար ձայնը գէթ այս անգամին լսելի կդառնայ Միաւորեալ Ազգերի Մեծ ատեանում, և հայ բազմաչրչար ժողովուրդը այս անգամ գոնէ զոհ չի դառնայ մեծ պետութիւնների ընթացիկ ու ընչասէր հակամարտութիւնների» (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 454, ց. 1, գ. 157, թ. 6)։
ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Հայ Եկեղեցու գործերի խորհրդի նախագահ Ս. Հովհաննիսյանի՝ 1947 թ. ապրիլի 14-ին գրված և ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Ս. Կարապետյանին ուղղված գրությունից տեղեկանում ենք, որ նույն թվականին «Գեորգ Զ Կաթողիկոսը խնդրում է Անգլիական եկեղեցու առաջնորդին, որպես անգլիական պարլամենտի անդամ ձայն բարձրացնել ի պաշտապանություն հայերի արդարացի պահանջի՝ հայկական հողերը Խորհրդային Հայաստանին միավորելու, որի մասին նա խոսել էր երեք մեծ տերությունների՝ ԽՍՀՄ, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ, ղեկավարներին հասցեագրված իր ուղերձում» (ՀՀ ՆՊԿՊԱ, ֆ. 823, ց. 1, գ. 19, թ. 9)։
Անգլիական Եկեղեցու առաջնորդին նույն բովանդակությամբ հուշագրով դիմել է նաև Եվրոպայի թեմի առաջնորդ Արտավազդ արք. Սյուրմեյանը (1889, Ակն – 1951, Փարիզ)։ Այդ կապակցությամբ Գևորգ Զ Կաթողիկոսը գրել է. «Արտաւազդ արքեպիսկոպոսը, այցելութեան ժամանակ, իր իրաւանց սահմանից ելնելով՝ թոյլ է տուել իրեն գրաւոր յուշագրով դիմել Քէնթրբերիի արքեպիսկոպոսին և խնդրել, որ նա՝ Հայկական դատի առթիւ՝ «պատշաճ դիմումներ կատարէ իրաւասու նախարարների մօտ»։ Նորա այս քայլը իր իրաւանց սահմաններից վեր է և բնականաբար կարժանանայ նկատողութեան։ Այս առթիւ մտադիր ենք նաև ընդհանուր շրջաբերականով զգուշացնել բոլոր թեմակալներին՝ օտար եկեղեցիների Պետերին այցելելիս զգոյշ լինել և չելնել իրենց իրաւանց սահմաններից» (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 823, ց. 1, գ. 26, թ. 22)։ Բարդ ու դժվարին ժամանակներ էին և ԽՍՀՄ ղեկավարության հետ չհամաձայնեցված ցանկացած քայլ կարող էր ճակատագրական լինել։
Մեզ հասած արխիվային եզակի վավերագրերը գալիս են ապացուցելու, որ Գևորգ Զ Կաթողիկոսն իր դիվանագիտական քայլերը համաձայնեցնում էր անձամբ Ի. Վ. Ստալինի հետ։ Այսպես, պահպանվել է նրա՝ 1949 թ. գրված և Ի. Վ. Ստալինին ուղղված հույժ գաղտնի նամակը, որտեղ Կաթողիկոսը գրում է իր ծրագրերի մասին։ Նամակում մասնավորապես ասվում է. «Սկսել ենք նյութեր հավաքել ու շուտով նաև կազմել հատուկ հուշագիր ՄԱԿ Գլխավոր համաժողովի Փարիզյան նստաշրջանին նեկայացնելու համար։ Հուշագիրը կկազմվի ռուսերեն և հայերեն, կթարգմանվի ֆրանսերեն և անգլերեն և կտպագրվի Փարիզում նստաշրջանի նախօրեին, կառաքվի ոչ միայն Համաժողովի մասնակիցներին, այլև պարբերական մամուլին, հասարակական կազմակերպությունների, քաղաքական գործիչների, գրողների, եկեղեցիներ և այլն։ Հուշագիրը ծառայելու է տաճկահայ վիլայեթները Խորհրդային Հայաստանի հետ վերամիավորելու հայ ժողովրդի պահանջի պատմա-քաղաքական և միջազգային իրավական հիմնվորմանը։ Ես մասնագետին առաջարկել եմ շտապ պատրաստել գիտաքաղաքական հետազոտություն «Armenia irredenta-ն և միջազգային իրավունքը» թեմայով։ Բոլոր ձեռնարկվող քայլերը անպայման կհամաձայնեցվեն ԽՍՀՄ կառավարության հետ ինչպես հուշագրի բովանդակության ու ձևի, նույնպես պահի ընտրության և Համագումարին ներկայացնելու կանոնակարգի առումով։ Անհրաժեշտ է Ձեր համաձայնությունը, որպեսզի պահպանելով ձեռնարկվելիք քայլերի խորհրդապահությունը, այնուամենայնիվ սաստկացնենք ու աշխուժացնենք հայ և հայասեր կազմակերպությունների գործունեությունը խորհրդային իշխանությանը և հայ ժողովրդին ցանկալի ուղղությամբ։
«Միաժամանակ արդարացի ենք համարում նախապես նշավակել որպես տեղեկատվություն Անկարայի կողմից ազգային-եկեղեցական սահմանադրության վերացումը, որ հաստատել էր (XIX դ.) 60-ական թվականներին թուրքական սուլթանը և ճանաչում-պահպանում էր նույնիսկ արյունռուշտ Աբդուլ Համիդ սուլթանը։ Եթե միութենական կառավարությունը նպատակահարմար է դատում, ես ՄԱԿ-ի առջև հանդես կգամ բողոքով, մանավանդ որ Անկարայի հակահայկական գործույթը ոչ միայն ոտնահարում է Հայ եկեղեցու ավանդական իրավունքները, այլև խախտում է Լոզանի խորհրդաժողովի պայմանագրի պահանջները» (ՀՀ ՊԿՊԱ, ֆ. 409, ց. 1, գ. 807, թ. 1-7)։
Այդ բոլոր դիմում-նամակների արդյունքը եղավ այն, որ 1953 թ. մայիսի 30-ին ԽՍՀՄ արտգործնախարար Վ. Մոլոտովը Թուրքիայի դեսպան Խոզարին հայտարարեց, որ «հանուն բարիդրացիական հարաբերությունների պահպանման և խաղաղության ու անվտանգության ամրապնդման Հայաստանի և Վրաստանի կառավարությունները հնարավոր գտան հրաժարվել Թուրքիայի նկատմամբ ունեցած իրենց տարածքային պահանջներից…
«Այսպիսով, սովետական կառավարությունը հայտարարում է, որ Սովետական Միությունը ոչ մի տարածքային պահանջ չունի Թուրքիայից» (Գ. Լազյան, նշված աշխ., էջ 390)։ Հետագայում Վ. Մոլոտովի նախանշած ուղին շարունակեցին Կ. Մալենկովը և Ն. Խրուշչովը՝ 1956 թ. նոյեմբերի 4-ին արված իր համանման հայտարարությամբ։
Իսկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը վախճանվել է 1954 թ. մայիսի 9-ին Երեանի հիվանդանոցում։
Կաթողիկոսական գահին նրան հաջորդել է Վազգեն Ա Պալճյանը, որը շարունակել է իր նախորդի կիսատ թողած գործը։ Չափազանց կարևոր և շրջադարձային նշանակություն է ունեցել Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի՝ հայոց ցեղասպանության հիսնամյակի նախօրեին հրապարակված կոնդակը, որտեղ կարդում ենք. «Հայ ժողովուրդի զաւակները, որ ի Հայաստան և ի սփիւռս աշխարհի, այսօր, Մեծ Եղեռնէն հիսուն տարի յետոյ, երկիւղածութեամբ կը խոնարհին բիւրաւոր նահատակներու անյայտ գերեզմաններուն առջև ու կ’աղօթեն անոնց անմահ հոգիներու խաղաղութեան և երանութեան համար։ և կը վերանորոգեն իրենց ուխտը՝ սուրբ պահելու անոնց նուիրական յիշատակը ու մնալու հաւատարիմ անոնց լոյս հաւատքին, անոնց հերոսական ոգիին, հայոց ազգը մէկտեղուած և հայոց ամբողջ երկիրը փրկուած տեսնելու անոնց պայծառ երազին» («Էջմիածին», 1965, թիւ Բ-Գ-Դ, ներփակը)։
Վազգեն Ա Կաթողիկոսը «1988-ի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը» («Քրիստոնյա Հայաստան» հանրագիտարան, Երևան, 2002, էջ 947)։
Ամփոփելով նշենք, որ Գևորգ Զ և Վազգեն Ա Կաթողիկոսների կոնդակներն ու դիմում-նամակները նոր էջ են բացել հայկական պահանջատիրական պայքարի տարեգրության մեջ և մեծապես նպաստել հայոց ազգային զարթոնքին։
—————————————————————————————————————————————— Սույն աշխատանքը Լուսամուտին տրամադրելու համար
մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում
«Քրիստոնյա Հայաստան» թերթի խմբագրությանը,
ի մասնավորի գլխավոր խմբագիր
Տիկին Աստղիկ Ստամբոլցյանին:
0 կարծիք